Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գնդապետ Հայկ Ստեփանյանն ու բնակիչների կորցրած 3 բնակարանները



Գնդապետ Հայկ (Հայկարամ) Ստեփանյանը մեկն է այն բարձրաստիճան պաշտոնյաներից, ում անունը եւս շրջանառվում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի քրեական գործի շրջանակներում: Միանգամից նշենք, որ, ըստ գործի, նա ոչ թե մեղադրյալ է, այլ տուժող:

Սա այն նույն անձն է, ում մասին փետրվարի 19-ին մամուլը գրեց, թե ձերբակալվել է հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո հատվածում: Չնայած Ստեփանյանը շտապեց հերքել իր ձերբակալման մասին լուրերը, բայց հետո ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ Ստեփանյանը փորձել է հատել սահմանը, սակայն իրավապահները թույլ չեն տվել, որովհետեւ գործող կարգի համաձայն՝ նա այդ մասին պետք է գրավոր իրազեկեր: Հայկ Ստեփանյանը համարվում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ամենամոտ անձանցից մեկը: Գասպարյանի՝ ռազմական ոստիկանության պետ աշխատած տարիներին նա նրա տեղակալն էր, հետո ստանձնեց արդեն պաշտպանության փոխնախարար դարձած Գասպարյանի խորհրդականի պաշտոնը: Երբ Գասպարյանը դարձավ ոստիկանապետ, Ստեփանյանը դարձավ նրա գլխավոր խորհրդականը, որից հետո ժամանակավոր գործուղվեց պետական պահպանության վարչություն որպես պետի տեղակալ: Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նշված դեպքը:

Մամուլը գրեց, որ Ստեփանյանը վերջին շրջանում եղել է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ, ըստ տեղեկությունների, ՊՆ համակարգում աշխատելու տարիներին կլորիկ գումարներով «լավություն» է արել զինծառայությունից ազատվել ցանկացող քաղաքացիներին, ինչը պարզվել է հետագա ստուգումների ժամանակ:     

Ստեփանյանը «Նորաշեն 2007»-ի գործով նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ 2010-ին ԱՄՆ-ում սովորող թոռան խնդրանքով ցանկացել է վաճառել վերջինիս «Մերսեդես S 600» մակնիշի մեքենան: Այդ մասին իմացել է նրա ծանոթ Ցոլակը (Ցոլակ Պետրոսյան՝ ներկայումս դատարանում գտնվող գործով անցնող 6 մեղադրյալներից մեկն է- հեղ.), որն ասել է, թե ճանաչում է Լյովա (Լուսաբեկ Սամվելյան՝ «Նորաշեն 2007» ՍԿ-ի ղեկավարներից է, գործող նույնպես մեղադրյալ է- հեղ.) անունով մեկին, ով մեքենաներ է գնում եւ գումարը մի քանի ամսում փակում: Ցոլակի միջոցով Լյովան ու Հայկը ծանոթացել են, համաձայնության են եկել եւ պայմանավորվել մեքենայի գինը՝ 75.000 դոլար: Ըստ Ստեփանյանի՝ Լյովան պիտի մաս-մաս վճարեր գումարը, բայց վճարել է միայն 18.000-ը: Հետո, սակայն, վերջինս Հայկին ասել է, թե գնորդ է ճարել, ու, եթե Հայկը մեքենան գրանցի այդ մարդու անունով, ինքը որպես գումարի վերադարձնելիության երաշխիք պատրաստ է Չաուշի 14/3 հասցեում իր կողմից կառուցվող շենքից երկու բնակարան գրանցել Հայկի ասած անձանց անուններով: Եվ երբ Ստեփանյանը ստանար իր գումարը, պայմանագրերը պիտի չեղյալ համարվեին: Հայկը համաձայնել է, այդպես էլ արել են, բայց հետո տեսել է, որ միեւնույնն է՝ Լյովան չի տալիս իր 57.000 դոլարը, ու պահանջել է վերադարձնել գումարը:

Այս անգամ Լյովան այլ բան է առաջարկել պարտատիրոջը. իրենից գնել երեք բնակարան՝ 1 քառ.մ-ը՝ 460 դոլար արժեքով: Գնի մեջ ներառվելու էր նաեւ նշված 57.000-ը, այլ կերպ ասած՝ Հայկը պիտի վճարեր միայն 69.000 դոլար, ինչից հետո հարցը կհամարվեր փակված: Սամվելյանն ու Ստեփանյանը կրկին համաձայնության են եկել, բայց ինչպես ցուցմունքում նշել է վերջինս, ինքն այդ պահին գումար չուներ եւ իր երեք բարեկամներին՝ Միհրան Գրիգորյանին, Գեղամ Հարությունյանին ու Արսեն Բաղդասարյանին, առաջարկել է գնել դրանք: Այս երեքն էլ 69.000 վճարել են Լյովային, իսկ 57.000՝ Հայկին:

Բնակարանների առքուվաճառքի պայմանագրերում որպես վաճառող ոչ թե Լյովան է հանդես եկել, այլ ոմն Սաշա՝ Ալեքսանդր Ռուստամյան: Բանն այն է, որ Սաշան պարտքով գումար է տված եղել Լյովային, իսկ վերջինս էլ կրկին որպես դրա վերադարձնելիության երաշխիք, այլ կերպ ասած՝ գրավ, առքուվաճառքի ձեւական պայմանագրեր էր կնքել Ռուստամյանի հետ: Այնինչ այդ բնակարանները ամենասկզբից էլ ունեցել են ապագա տերեր՝ կոորպերատիվի շահառուներ (Սոֆյա Սարգսյան, Կարեն Գեւորգյան, Բենիամին Խաչատրյան), որոնք «Նորաշեն 2007»-ի հետ նախավճարի պայմանագրեր էին ստորագրել եւ վճարումներ էին կատարում: Այսինքն՝ այս մարդկանց բնակարանները ձեռքից ձեռք են փոխանցվել ու վերջնարդյունքում հայտնվել Հայկ Ստեփանյանի բարեկամների մոտ:

Գնդապետը հետագա ցուցմունքում պատմել է, թե նախկինում չի իմացել, որ բնակարանները տերեր ունեն, այլապես չէր ներքաշվի գործարքի մեջ: Նշել է նաեւ, թե երբ բարեկամներն իմացել են, որ 3 բնակարանի վերաբերյալ շահառուները պայմանագրեր ունեն, այդ մասին հայտնել են իրեն ու նաեւ հրաժարվել են տներից՝ իրենից պահանջելով հետ տալ դրանց համար ծախսած 126.000 դոլարը, ինչն ինքը ստիպված արել է: Ընթացքում տեղեկացել է նաեւ, որ իրեն պատճառված վնասից 57.000-ի համար պատասխանատու է Ցոլակ Պետրոսյանը, «ով, իրականում Լյովա Սամվելյանին գցելով նյութական ծանր կացության մեջ, ստիպել է իր ուզած գնով ձեռք բերել մեր ավտոմեքենան»: Ստեփանյանը հանդիպել է այդ ժամանակ կալանքի մեջ գտնվող Ցոլակի հարազատներին, որոնք, նրա հավաստմամբ, վերադարձրել են 57.000 դոլարը: «Ես ներկայումս Ցոլակ Պետրոսյանի նկատմամբ որեւէ գումարային պարտք ու պահանջ չունեմ,- նշել է Հայկ Ստեփանյանն ու հավելել,- ինչ վերաբերում է մնացած՝ 69.000 ԱՄՆ դոլար գումարին, ապա այն դատական կարգով կպահանջեմ այն անձից (Լյովա Սամվելյանից, ոմն Սաշայից կամ այլ անձից), ում պատճառով ինձ պատճառվել է այդ վնասը»:              

Շահառուներն այս պատմությունն այլ կերպ են ներկայացնում: Ըստ այդմ՝ այս 3 բնակարանները եւս, ինչպես «Նորաշեն 2007»-ի գործում առկա բազմաթիվ այլ դրվագներում, կոոպերատիվի ղեկավարները գիտակցաբար գրավ են դրել իրենց պարտատերերի մոտ, որպեսզի նրանց տված գումարներով ավարտին հասցնեն շինարարությունը: Ընթացքում վերցրել են նորանոր պարտքեր, առաջ են եկել նոր պարտատերեր, որոնց աչքին համոզիչ երեւալու համար պետք էր ինչ-որ երաշխիք ներկայացնել: Իսկ հսկայական գումարների պարագայում բնակարանից լավ երաշխիք դժվար է գտնել:

Ստացվում է, որ բնակարանները Ստեփանյանի շրջապատի մոտ հայտնվել են որպես գրավ եւ հետ էին վերադարձվելու կոոպերատիվին միայն պարտքերը փակելուց հետո: Իսկ գնդապետին ու նրա շրջապատին ունեցած պարտքերը, ըստ տեղեկությունների, միայն 126.000-ով չեն սահմանափակվել:

Հետաքրքիր է նաեւ, որ Լյովային իրենց մեքենան վաճառելուց հետո Ստեփանյանը ցուցմունք է տվել, թե Ցոլակն է պատասխանատու դրանից մնացած 57.000 դոլար պարտքի համար: Շահառուները պատմում են, որ այս մութ պատմության մեջ գլխավոր գործող անձը պարզապես հենց Ցոլակն է եղել: Որպես ասվածի հիմնավորում՝ նրանք նշում են, որ վերը նշված 69.000-ը Հայկը կրկին հենց Ցոլակից էր պատրաստվում ստանալ:

Այսպես՝ բնակիչներից մեկը պատմում է, որ նախկինում հանդիպել է Հայկին, վերջինս էլ ասել է, թե տները կտա իրենց, երբ Ցոլակը կփակի մնացած գումարը՝ 69.000-ը (այնինչ ցուցմունքում գնդապետն ուրիշ մարդկանց անուններ էր տվել): Իսկ դրա համար, ըստ բնակչի, վերջնաժակետ էր սահմանվել փետրվարի 10-ը: Բնակիչները նշում են, որ Ցոլակը ձեւական առքուվաճառքի պայմանագիր է կնքել Հայկի հետ իր բավականին թանկ տան վերաբերյալ: Եվ փետրվարի 10-ից հետո Հայկը, ըստ այդմ, կարող էր վաճառել Ցոլակի տունն ու դրա գնից վերցնել իր ստանալիքը: Տուժած քաղաքացիներն ասում են, որ այժմ Հայկն իր հաշիվները, ըստ էության, փակել է Ցոլակի հետ, սակայն 3 բնակարանները շարունակում են մնալ նրա մոտ:

Հետաքրքիր է՝ իսկ համապատասխան մարմինները, որոնց ուշադրության կենտրոնում, ըստ լուրերի, հայտնվել է Հայկ Ստեփանյանը, տեղյա՞կ են գնդապետի այս գործունեության մասին: Ասում են, թե նախագահականում են նյութեր պատրաստվում գնդապետի՝ ՊՆ-ում ծառայած տարիների վերաբերյալ: Այդ նույն նախագահականի դիմաց անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին տուժած շահառուները բողոքի ակցիա անցկացրին՝ ներկայացնելով նաեւ Ստեփանյանի գործողությունները: Նրանց ձայնը լսե՞լ են Բաղրամյան 26-ում…


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ