HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայաստանին օտարերկրացիներ պետք չեն

Հնդկաստանի քաղաքացի Պանկաջ Ջոշին առաջին անգամ Հայաստան է այցելել

2003թ. դեկտեմբերին: Նա այն ժամանակ ստացել է երեք ամսվա մուտքի թույլտվություն, սակայն Հայաստանում մնացել է ուղիղ մեկ տարի: Ամիսներ շարունակ Պանկաջը մնացել է առանց թույլտվության: «2004-ի դեկտեմբերին երբ որոշեցի գնալ Հնդկաստան, ՕՎԻՐ-ում Աղաջանյանը ինձնից պահանջեց 900 դոլար, ինձ տվեցին երեք օրվա վիզա ու ես առանց որեւէ խնդրի մեկնեցի Հայաստանից»,- պատմում է Ջոշին: Անձնագրի կնիքները հաստատում են նրա պատմածները: Սամվել Աղաջանյանը Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալն է, նրա գործառույթը օտարերկրացիներին մուտքի թույլտվություն տալն է:

2005-ի ապրիլին Ջոշին նորից եկավ Հայաստան: Նա օդակայանում ստացավ 21 օրվա մուտքի թույլտվություն: Ժամկետը լրանալուց հետո նա առանց որեւէ խնդրի ստացավ երեք ամսվա թույլտվություն: Հետո եւս մեկ անգամ Հայաստանում օրինական մնալու թույլտվություն է ստացանում մինչեւ 2006թ. հունվարը: Պանկաջ Ջոշին աշխատանքի հրավեր ուներ եւ առայսօր աշխատում է Երեւանի «Նյու Դելի» ռեստորանում: Նա պայմանագիր ունի «Ջորջ ընդ Բրանդոն» ՍՊԸ-ի հետ, որին պատկանում է ռեստորանը, եւ վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը:

Նման վիզաներ ունեին նաեւ Նեպալի քաղաքացիներ Օմ Բահադուր Խատրին, Ման Բահադուր Սահանին եւ Յամ Լալ Կանդելը: Նրանք նույնպես աշխատում են «Նյու Դելի» ռեստորանում: Ռեստորանի այս չորս աշխատակիցները ամիսներ շարունակ չեն կարողանում մուտքի թույլտվություն ստանալ, եւ նրանք բոլորն էլ արդեն անօրինական են գտնվում Հայաստանում:

«... Ժամանելու նպատակն է եղել «Ջորջ ընդ Բրանդոն» ՍՊԸ-ին պատկանող «Նյու Դելի» հնդկական ռեստորանում աշխատելու ցանկությունը: 21.10.2005թ. «Ջորջ ընդ Բրանդոն» ՍՊԸ-ի նախագահ Կարեն Ղեւոնդյանի կողմից միջնորդագիր է ներկայացվել Անձնագրերի եւ վիզաների վարչություն վերոհիշյալ օտարերկրացիներին ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ տալու վերաբերյալ, որը մերժվել է»,- մեր հարցերին գրավոր պատասխանելով' նշել է Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը:

Մերժման մասին տեղեկացվել է ՍՊԸ-ի տնօրենը' Կարեն Ղեւոնդյանը: Նա այդ որոշումը բողոքարկել է ՀՀ Վարչապետին : «...Սակայն այն թողնվել է անփոփոխ: Նրանք կրկին չեն լքել ՀՀ տարածքը եւ շարունակել են անօրինական կարգով բնակվել ՀՀ-ում»,- գրել է Ա. Զաքարյանը:

Օտարեկրացիներին կացության ժամանակավոր կարգավիճակ չտալը տկն Զաքարյանը մեզ ուղղված գրության մեջ հետեւյալ կերպ է բացատրում. «ՀՀ Ոստիկանության վարչական կարգով օտարեկրյա քաղաքացիներին ՀՀ-ից վտարելու հարցերով հանձնաժողովը, ղեկավարվելով «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքի 32 եւ 33 հոդվածների պահանջներով, որոշում է կայացրել նշված քաղաքացիներին ՀՀ-ից վարչական կարգով վտարելու վերաբերյալ: 20.06.2006թ. որոշումը հաստատվել է ՀՀ Ոստիկանության պետի կողմից: Սակայն մինչեւ այսօր նրանք չեն լքել ՀՀ տարածքը ուղետոմսեր գնելու համար համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ» (Տես օրենքը):

«Կարեն Ղեւոնդյանն ասաց, որ սա իր գործն է, մենք հանգիստ աշխատենք, ինքը կլուծի մեր հարցերը: Հետո Կարենը ասաց, որ Աղաջանյանը փող է ուզում, իսկ ինքը չի ուզում վճարի: Ասաց' պետք է փորձեմ ուրիշ մարդու միջոցով լուծել հարցերը»,- պատմում է Ջոշին:

Սակայն առանց «հարցերը լուծելու» այս տարվա հուլիսին Կարեն Ղեւոնդյանը ռեստորանը վաճառեց ազգությամբ հնդիկ գործարար Սահանի Ռավինդերին:

«Եթե աշխատողներիս վիզաների հարցը չլուծվի, ապա ռեստորանը կփակվի, քանզի ազգային կերակուրներ պատրաստողներ չեն լինի, նրանք են իմ հիմնական աշխատողները»,- մեր հանդիպման ժամանակ ասաց Սահանի Ռավինդերը: Ի դեպ, նա էլ Հայաստանում մնալու իրավունք այս պահին չունի:

«Նյու Դելի» ռեստորանը Երեւանի կենտրոնում' Թումանյան փողոցի վրա նկուղային հարկում գողտրիկ մի անկյուն է: Այստեղի հաճախորդներ են նաեւ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Այստեղ երբեմն հյուրերի հետ ճաշում է արտգործնախարար Վարդան Օսկանյանի կինը' Նանե Օսկանյանը: Ջոշին իրենց խնդիրների մասին տեղեկացրել է նաեւ արտգործնախարարի տիկնոջը: Սակայն վերջինս որոշ ժամանակ անց ասել է, որ ոչնչով չի կարող օգնել:

Հնդկաստանի քաղաքացին դիմել է նաեւ Հայաստանում իր երկրի դեսպանատուն, սակայն նրանք նույնպես չեն կարողանում կոտրել հայկական բյուրոկրատիայի դարպասները: Հնդկաստանի դեսպանությանը պարզապես չեն պատասխանում արտգործնախարարությունից, իրենք էլ իրենց քաղաքացիներին չեն իմանում ինչ պատասխան տալ:

«Մենք այստեղ ներդրում ենք արել, գործ ենք դրել, պարտաճանաչ հարկատու ենք, մի քանի աշխատատեղ ենք ստեղծել, իֆչու՞ են այս խնդիրները առաջ բերում, չենք հասկանում»,- տարակուսում է ռեստորանի հնդիկ սեփականատերը:

«Ես իրենց ասում եմ' որքա՞ն հայ կա տարբեր երկրներում, մենք այստեղ թող լինենք մի տասը հոգի աշխատող: Պատկերցնու՞մ եք, եթե հայերի հետ այդպես վարվեն էդ բոլոր երկրներւմ, ի՞նչ կլինի: Այս տղաները երբեք ոստիկանությունում չեն եղել: Նրանք մաքուր են, իսկ հիմա գրել են, թե 132 եւ 133 հոդվածներն ենք խախտել, գիտե՞ք դա ինչ է, ահա՛, կարդացեք»,- ցույց տալով ՀՀ օրենսդրությունից պատճենահանած հոդվածը' ասում է Սահանի Ռավինդերը:

«Վերջին անգամ երբ գնացինք ՕՎԻՐ, Աղաջանյանը ասաց' ամեն մեկդ 1500 դոլար կտաք, կանենք: Չորս հոգով պետք է տայինք 6 հազար դոլար: Մենք հրաժարվեցինք, որտեղի՞ց եւ իֆչու՞ տանք էդքան փող»,- ասում է Ջոշին:

«Քանի որ նշված քաղաքացիների վերաբերյալ կայացվել է վարչական վտարման որոշում, հետեւաբար, նրանց կացության կարգավիճակներ տալու կամ վիզաների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ որեւէ գործողություն չի կատարվել, այսինքն' Ձեր կողմից նշված գումարները նրանցից չէին կարող պահանջվել»,- մեր հարցմանը պատասխանել է Ալվինա Զախարյանը:

Իսկ ի՞նչ են սահմանում «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքի 32 եւ 33 հոդվածները, ըստ որոնց կայացվել է վերոնշյալ օտարերկրացիների վարչական վտարման որոշումը:

«Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ից կարող է վտարվել վարչական կարգով, եթե նրա գործունեությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը, հասարակական կարգին ու բարքերին, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում». ահա 32 հոդվածի պահանջը:

Թե ինչպես կամ ինչով են այս օտարերկրացիները սպառնում մեր հանրապետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին, Ալվինա Զաքարյանը չի նշել: Իսկ եթե այդպիսի վտանգ կա, ինչու՞ մինչեւ հիմա չեն արտաքսվել, կամ ինչու՞ չեն տեղեկացրել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը:

Ըստ վերոհիշյալ օրենքի 33 հոդվածի' վարչական կարգով օտարերկրյա քաղաքացու վտարման մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանապետը՝ իր կողմից կազմված հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունի օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցիչը:

Նշենք, որ նման նիստի մասին տեղեկացված չէին ոչ միայն այս օտարերկրյա քաղաքացիները, այլ նաեւ նրանց շահերը պաշտպանող պետության ներկայացուցիչը: Ավելին, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան' Արտաքին գործերի նախարարությանն այս տարվա փետրվարին եւ սեպտեմբերին ուղղված նամակներն առայսօր մնացել են անպատասխան:

Հնդկաստանի քաղաքացի Պանկաջ Ջոշին չի ուզում լքել Հայաստանը, չի ուզում կորցնել աշխատանքը: Սակայն նա երկար ժամանակ ոչ օրինական կերպով չի կարող մնալ Հայաստանում: Իսկ «Նյու Դելի» ռեստորանը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կփակվի, քանի որ այդպես է որոշել Հայաստանի Հանրապետության անձնագրերի եւ վիզաների վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter