HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հուշարձան-շենքի բնակիչներ. «Այս տոն օրով Աբովյան 32-ում վերսկսվեց ապօրինի շինարարությունը» (լուսանկարներ)

Այսօր՝ առավոտյան, վերսկսվել է Աբովյան 32 հուշարձան-շենքի կիսանկուղային հարկի շինարարությունը: Բնակիչները տարածել են նամակ, որում գրում են, որ «օբյեկտի տերը հրահանգել է շարունակել փորել շենքի տակ՝ թուլացնելով բնակելի շենքի հիմքերը: Վտանգի է ենթարկվում նաև հարակից ծառը»:

Շինարարության վերսկսվելուց հետո բնակիչները զանգահարել են քաղաքապետարանի և այլ թեժ գծեր, բայց քանի որ ոչ աշխատանքային օրն է, որևէ թեժ գիծ չի պատասխանել:

Շենքի բնակիչ Սեդրակ Առաքելյանը «Հետքին» ասաց, որ դեպի մայթ տարածվող շինարարության տարածքը շրջապատած ցելոֆանի վրա փակցված է նախագիծ, ըստ որի՝ նկուղի առջևի ծառը գոյություն չունի: Մինչդեռ կառուցապատող Աշոտ Սիմոնյանն ասաց, որ ծառին որևէ վտանգ չի սպառնում: «Ծառը մնացել է դրսում: Երբեք իմ մտքով չի անցել ծառին ձեռք տալ»,- հավելեց կառուցապատողը:

Նա նաև հերքեց բնակիչների այն մտավախությունը, որ շինարարությունը կատարվելու է նաև մայթում: Ասաց, որ շինարարությունը կատարվելու է ցելոֆանով փակված տարածքում և ոչ դրանից դուրս: «Հին սալիկները բոլորը հանում եմ, փոխում եմ, էդտեղ բարեկարգում եմ, որ գեղեցիկ մուտք ունենա շենքն էլ, Աբովյան փողոցն էլ, մեր քաղաքն էլ»,- նշեց Աշոտ Սիմոնյանը:

Կառուցապատողը հավաստիացնում է, որ շինարարությունն իրականացնում է՝ բացարձակապես չշեղվելով իրեն տրված շինթույլտվությունից և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծից: Իսկ շենքի բնակիչները հենց սկզբից պնդում էին, որ շինարարությունը կատարվում է մի շարք խախտումներով, այդ թվում նաև՝ սեյսմիկ անվտանգությունն անտեսելով:

Քաղաքաշինական պետական տեսչությունը շենքում կատարել էր ուսումնասիրություններ ու պարզել, որ կիսանկուղային հարկում շինարարությունից հետո բնակարաններում առաջացել են բազմաթիվ ճաքեր, կան դժվար բացվող դռներ: Տեսչությունը կառուցապատողին ցուցում էր տվել դադարեցնել շինարարությունը և անցկացնել շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազոտություն:

Սեդրակ Առաքելյանն ասաց, որ բնակիչները չեն ստացել հետազոտության արդյունքները: Իսկ Աշոտ Սիմոյանը հայտնեց, որ այդ հետազոտությունն արդեն կատարվել է, ինչն էլ իրեն հնարավորություն է տալիս շարունակել շինարարությունը: «Պարզվել է, որ ամեն ինչը շատ ճիշտ, ամուր է արված»,- հավելեց նա:

«Հետքի» այն դիտարկմանը, որ Քաղաքաշինական պետական տեսչությունը 9 թերություն էր գտել շինարարության մեջ, արդյոք դրանք բոլորն էլ արդեն վերացրե՞լ է՝ Աշոտ Սիմոնյանն ասաց. «9 հատ թերություն չի: Բոլոր նախագծերն էլ ամեն մի ճարտարապետ յուրովի է ընկալում: Էդտեղ մեծ թերություն չկա»:

Երբ նշեցինք, որ շինարարության հետևանքով շենքի բնակարաններում ճաքեր են առաջացել, Աշոտ Սիմոնյանն ասաց, որ շենքը 78 տարվա է, և ճաքերն իր մեղքով չեն առաջացել: «Էդ ճաքերի համար էլ կա փորձաքննություն»,- ասաց կառուցապատողը, բայց չհիշեց, թե ստույգ որ կազմակերպությունը կամ մարմինն է անցկացրել փորձաքննությունը:

Սկզբում Աշոտ Սիմոնյանն ուզում էր սրճարան կամ ռեստորան բացել հուշարձան-շենքի կիսանկուղային հարկում, բայց հետո, երբ շենքի բնակիչները սկսեցին  գանգատվել շինարարությունից, նա ասաց, որ այդ տարածքում խանութ կբացի: «Ես կարող եմ գրել, ստորագրել, որ ռեստորան չի լինելու»,- հավելեց կառուցապատողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter