HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքն ու ջավախքցիները` ՀՀ խորհրդարանական ընտրություններում ու նախընտրական ծրագրերում

Խորհրդարանական այս տարվա ընտրությունների մասնակից կուսակցություններից ու դաշինքից ընդամենը երկու կուսակցություն է Ջավախքին անդրադարձել նախընտրական իր ծրագրում: Մնացյալներն ընդհանրապես չեն հիշատակել Ջավախքը` ոչ արտաքին քաղաքականության, ոչ էլ սփյուռքի հետ փոխհարաբերությունների համատեքստում:   

«Ժառանգության» ծրագրում, որը կուսակցությունն անվանել է «Նոր Հայաստանի ծրագիր»,  ազգային շահին հետամուտ արտաքին քաղաքականության համատեքստում նշվում է, որ կուսակցության հետապնդած նպատակներից է Վրաստանի հետ հարևանության վերածումը կայուն զարգացող գործընկերության: «Ժառանգությունը» Ջավախքը համարում է ազգային անվտանգության գործոն, և երկկողմ,  բազմաշերտ համագործակցությունը տեսնում է այնտեղ առկա ազգային-քաղաքացիական խնդիրների լուծման ճանապարհով: 

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Ջավախքը դիտարկում է ազգային-պետական ուղեգծի հաստատմանն ուղղված քաղաքականության համատեքստում: «Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրությունն ու հետագա զարգացումը մեծապես կպայմանավորվի Վրաստանում (հատկապես հայաբնակ Ջավախքում) բնակվող մեր հայրենակիցների` որպես այդ երկրի լիարժեք քաղաքացիների անվտանգության, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների հարգմամբ և ապահովմամբ»,- ասված է ՀՅԴ նախընտրական ծրագրում: 

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր հակիրճ նախընտրական ծրագրում ընդհանրապես չի անդրադառնում Վրաստանի հետ հարաբերություններին և որևէ կերպ չի արծարծում Ջավախքը: Դիրքորոշում չի հայտնել նաև Հայ ազգային կոնգրեսը: 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը նպատակ է դրել խորացնել գործընկերային վստահելի հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Սակայն Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից հայ-վրացական հարաբերությունների բարելավման համատեքստում Ջավախքի օգտին որևէ բան ակնկալելը միամտություն կլինի, քանի որ կուսակցությունն արտաքին քաղաքականությունում առաջնորդվելու է ավելի շատ Ռուսաստանի շահերից ելնելով, ինչը չի կարող տեղավորվել Հայաստան-Վրաստան բարիդրացության տիրույթում` վրաց-ռուսական հակամարտության պատճառով: «Հայաստանի  հարաբերությունները Ռուսաստանի  հետ  զարգանում  են  առավելագույնս  և  փոխշահավետության սկզբունքով,  այլ  երկրների  հետ`  այնքանով,  որքանով  դրանք  չեն  խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-իրենց ծրագրում արձանագրել են դեմոկրատները: 

«Միավորված հայեր» կուսակցությունը հետևելու է «մեր նախնիների վարած կոմպլիմենտար մոտեցմանը» և բարիդրացիական հարաբերություններ է հաստատելու հարևան և շահագրգիռ պետությունների հետ, լայնածավալ գործունեություն է ծավալելու սփյուռքում`  ստեղծելով «սերտ համագործակցություն մեր նախնիների  բազմահազարամյա  «Սրբազան ծեսերի» երկրի` Արատտա-Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների հոգևոր, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, գիտության, մշակույթի միջև, ինչպես նաև հայրենիքի և Սփյուռքի միասնական ազգային գաղափարախոսություն և մշտական գործող մեխանիզմ` հայրենիքի և Սփյուռքի միասնության խորհուրդ:  

«Օրինաց երկիր»  կուսակցությունն առաջարկում է ակտիվ,  դինամիկ և նախաձեռնողական ճկուն արտաքին քաղաքականության իրականացում, .... հայ-ամերիկյան,  հայ-վրացական,  հայ-իրանական հարաբերությունների վերընթացի շարունակականության ապահովում: Հայրենիք-սփյուռք հարաբերություններում ՕԵԿ-ն առաջարկում է դիվանագիտական,  մշակութային օժանդակություն ցուցաբերել արտերկրում բնակվող էթնիկ հայերին, աջակցել նրանց շահերի պաշտպանությանը, աջակցել համասփյուռ հայությանը լեզվի պահպանման և ուսուցման,  հայոց լեզվի և պատմության սփյուռքահայ մասնագետների պատրաստման և վերապատրաստման, Հայաստանի բուհերում սփյուռքահայ ուսանողների քանակի ավելացման հարցերում, ստեղծել «Համահայկական էլեկտրոնային համալսարան»,  որը կարող է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա դառնալ Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման կարևորագույն մեխանիզմ: 

Հանրապետական կուսակցությունն էլ չի հիշել Ջավախքը, չնայած այն հանգամանքին, որ նախորդ ընտրությունների ժամանակ Երևանում կազմակերպված հանրահավաքին ջավախահայության զանգվածային տեղափոխում եղավ հենց Ջավախքից, իսկ Հայաստանում բնակվող ջավախքցիների քվեները ստանալու նպատակով կազմակերպվեցին տարաբնույթ «արշավներ»:

ՀՀԿ-ն ընդհանրացնում է իր ասելիքը «Ազգային միասնություն, ամուր սփյուռք» խորագրի ներքո և նշում է, որ աջակցելու են հայապահպանության, մայրենի լեզվի, հայկական ինքնության շուրջ սփյուռքի համայնքների միավորմանն ու համախմբմանը, համայնքային ինքնակառավարման մարմինների հզորացմանը, միջհամայնքային հորիզոնական կապերի հաստատմանը և Հայաստանի Հանրապետության հետ այդ կառույցների կապերի ամրապնդմանը: 

Փոխարենը ՀՀԿ-ի ցուցակներում ջավախքցի պատգամավորների մի ամբողջ աստղաբույլ կա, հատկապես «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունից. առաջնային հորիզոնականում` 27-րդում` պատգամավոր Վարդան Այվազյանն է, ում ավելի շատ Հայաստանի ընդերքն է հետաքրքրում և անձնական տնտեսական շահերը, քան Ջավախքը, և այս հարցում ջավախքցիները երբևէ հույսեր չեն կապել նրա հետ: 37-րդ հորիզոնականում «Վիրահայերի միասնության» համանախագահ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հովհաննես Սոֆոյանն է: Ի դեպ, ճիշտ այս հորիզոնականն անցյալ ընտրություններին բաժին էր հասել «Վիրահայերի միասնության» ՀԿ համանախագահ, պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, ով այս ընտրություններում զիջել է դիրքերը և հայտնվել ցուցակի 109 տեղում, փոխարենը ՀՀԿ ցուցակից ընդհանրապես դուրս է մնացել պատգամավոր Հայկ Սանոսյանը

ՀՀԿ համամասնական ցուցակի 39-րդ տեղում «Հզոր հայերնիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանն է:  

Հանրապետականների մեծամասնական ցուցակով թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն համայնք) առաջադրվել է ՀՀԿ անդամ Արթուր Ստեփանյանը (մականունը` Չախկալ)` «Քեթրին» բարեգործական ՀԿ-ի նախագահը: Ըստ ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալության տվյալների, Արթուր Ստեփանյանը նաև «Քեթրին» սուպերմարկետի փայատեր է` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ, ով ստանձնել է Արթուր Ստեփանյանին պատգամավոր դարձնելու «առաքելությունը»: Արթուր Ստեփանյանին աջակցում է նաև «Հզոր հայրենիք» կուսակցությունը: Թեկնածուի կողմնակիցներն այս օրերին Քանաքեռ-Զեյթուն համայնքում լայն քարոզարշավ են ծավալում և ծնունդով ջավախքցի բնակիչներ են փնտրում, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանում, որպեսզի ձայն տան Ա. Ստեփանյանի օգտին:

ՀՀԿ մեծամասնական ցուցակով Գյումրում առաջադրվել է ջավախքյան արմատներ ունեցող, «Սովռանո» ՍՊԸ հիմնադիր և տնօրեն Արման Սահակյանը: Նա ծնունդով Դամալա գյուղից` գործարար Սոս Սահկյանի որդին է: Արման Սահակյանին փնտրելիս` ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստիում նրան պատկանող տարբեր ընկերություններ կարելի է գտնել: Օրինակ` Արման Սահակյանը հիմնադիր-սեփականատեր է նաև «Վիդիս դիսթրիբյուշն», «ՖՖԱ Ինվեստմենտ», www.tert.am լրատվական կայքի թողարկող «Մեդիա սթայլ», մամուլի տարածմամբ զբաղվող «Պրես սդենտ» ՍՊԸ-ներին և «Շիրակ» ֆուտբոլային ակումբին: 

ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն, նա ունի արտադրական տարածք Երեւանում, Արշակունյաց 9/4 հասցեում (ընդհանուր բաժնային սեփականություն՝ 6455.6 քմ.), Տ. Մեծ 27/43 հասցեում՝ 112.8 քմ,  Տ.Մեծ 27/46 հասցեում՝  251.7 քմ, արտադրական հանգույց՝ Երեւան, Ջրվեժ, Միկոյան 17/2՝ հասցեում: Հասարակական տարածք՝  Երեւան, Թումանյան 20/20՝ ընդհանուր բաժնային սեփականություն՝ 0.069022 հա:  Ունի բնակելի տուն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, ընդհանուր սեփականություն Ազատության 14/3՝ 0.1000 հա:  Աշխատավարձի չափը «Սովռանո» ՍՊԸ-ում կազմում է 6.000.000 դրամ, շահաբաժինը «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից՝ 800.000.000 դրամ: Ստացված փոխառությունը՝ 2.215.340.000 դրամ, «Ռադիո Ավռոռա» ՊԸ  վարձակալությունից՝  3.600.000 դրամ, շահաբաժինը՝  322.272 դրամ,  «ՖՖԱ  Ինվեստմենտ» ՍՊԸ-ից շահաբաժինը  կազմում է 13.553.150 դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում նույնպես Ջավախքը տեսանելի չէ: Կուսակցությունն անդրադառնում է ԼՂՀ կարգավորման գործընթացին, Թուրքիայի հետ հարաբերություններին և կարևորում է հայրենիք-սփյուռք կապերի  զարգացումն ու ընդլայնունը` որպես հայապահպանության և աշխարհասփյուռ հայության համախմբման գործում արտաքին քաղաքականության գերակա ուղղություն: Սակայն այս կուսակցության համամասնական ընտրացուցակի անցողիկ հորիզոնականում` 13-րդ տեղում, Ստեփան Մարգարյանն է` «Ջավախք» հիմնադրամի նախագահը: Հիշեցնենք, որ Ս. Մարգարյանը 2000-2008 թթ. եղել է Մերձավոր սփյուռքի և տարածաշրջանային ինտեգրացիայի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդականը: ԲՀԿ-ի ցուցակում ընգրկվել է որպես «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ:

Ստեփան Մարգարյանը մեծ իմաստ չի տեսնում` ԲՀԿ-ի ծրագրում առանձին տողով գրել, թե ինչ պետք է անել Ջավախքում, քանի որ, ըստ նրա, «ինչ անելը» կախված չէ Հայաստանից, այլ կախված է Վրաստանում և Ջավախքում տիրող իրավիճակից: «Նախապես ենթադրել և որոշակի բան գրել այլ պետության տարածքի համար, դա մի քիչ, կարծում եմ, կիսատ և թերի կլինի միշտ»,- ասում է պատգամավորության թեկնածուն: Ավելին, Ս. Մարգարյանն ասում է, որ Ջավախքի շուրջ իր տեսակետը կիսում են նաև ԲՀԿ-ում: Իսկ իր տեսակետը հետևյալն է. եթե որևէ բան պիտի արվի Ջավախքում, դա պիտի անի պետությունը. «Խոսքը ոչ թե չգիտեմ ինչ-ինչ ծրագրերի մասին է, այլ հումանիտար օգնության, և պետք է Վրաստանի հետ ունեցած հարաբերություններում Վրաստանի իշխանությունների հետ որոշակի խնդիրներ բարձրացնել, քննարկել, լուծել»:

Ստեփան Մարգարյանի ասելով` հիմնական նպատակը պետք է լինի այն, որ ջավախքցին կարողանա իր երկրում, իր հողի վրա, իր տանը նորմալ ապրել: «Եթե մենք Հայաստանի վերաբերյալ ծրագիր ենք ներկայացնում, և Հայաստանը դառնում է ուժեղ և լուրջ պետություն, բարգավաճած պետություն, բնականաբար, այդ պետությունը նույնիսկ Սահմանադրությամբ պարտավորություններ ունի սփյուռքի վերաբերյալ` տեր կանգնելու նրանց, որոշակի խնդիրների, ազգապահպանությանը, ինչը պետությունը պիտի անի` ելնելով դրանից»,- համոզված է Ստեփան Մարգարյանը:  

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Առաջիկա 1-2 տարում ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱՅԻՆ (նաև պետության օգնությամբ) ու ԼԱՅՆԱԾԱՎԱԼ Հայկական կապիտալ պիտի ներդնվի Ջավախքում: Որովհետև Թուրքիան ռազմավարորեն սկսում է ներդնել նաև Ջավախքում ու վերջինիս շուրջը: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջանին ձեռք է տալիս ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ Ջավախք: Իսկ Վրաստանը բավականին արագ տեմպերով կուլ է գնում Թուրք-Ադրբեջանական կապիտալին: Ես գտնում եմ,ու ռազմավարական ՍԽԱԼ է Ջավախքը փեշքեշ անել Վրաստանին -հանուն բարեկամության,ասել է թե ՃԱՆԱՊԱՐՀԻ: Այս «բարեկամությունը» պիտի միայն երեսից ԽԱՂԱԼ,իսկ տակից անել ազգի շահը: Ջավախքի հայաթափումը լինելու է ՀՀ-ի ՎԵՐՋԻ սկիզբը: Ես,ինչպես գրել եմ, գտնում եմ, որ առաջիկա մի քանի տարում Վրաստանը ԷԼԻ են ՄԱՍՆԱՏԵԼՈՒ. ուստի Հայաստանը պիտի պատրաստ լինի իր պատառը խլելու: Ինչքան էլ տարօրինակ հնչի, Ղարաբաղի հարցը ամենաշատը վնասեց հենց Վրաստանին. այն հայտնվեց առնվազն 4 գիշատիչների ճանկերում- իսկական ՀՈՇՈՏՈՒՄԸ դեռ չի սկսել: ՀԳ 1- Ջավախքցի մեկը բանտում, մյուսը- ընդհատակում, իսկ վերևիներն էլ կազինոներում: ՀԳ2 - Հայ-թուրքական պրոտոկոլիստներից ես կոնկրետ բաներ ՉԵՄ սպասում Ջավախքի հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter