HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը (վիդեո)

Մոտկորի ձորը կարող է չորանալ

Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհեկ): Այս փոքր հէկի կառուցմանը թե գյուղացիները, թե բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորը` Սեյրան Դարբինյանին, սակայն Լոռիում բոլորը գիտեն, որ ընկերությունը քաղաքապետինն է: Նա ժամանակ առ ժամանակ նույնիսկ այցելում է հէկ և հետևում աշխատանքներին:   

Աշխատակիցները թույլ չեն տալիս հէկի տարածքում նկարահանել կամ ներս մտնել, պետք է տնօրենին սպասել: Փհեկի անմիջական հարևանությամբ Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանի գազալցակայանն է: Քանի դեռ սպասում ենք տնօրենին, զրուցում ենք Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանի հետ, ով այդ պահին այցելել էր իր լցակայան: Հարցնում ենք, թե արդյոք վտանգավոր չէ էլեկտրաէներգիա արտադրող կայանի կողքին գազալցակայանի կառուցումը, քաղաքապետը պատասխանում է, որ եթե թույլատրվել է հեկը կառուցել լցակայանի կողքին, ուրեմն ոչ մի վտանգ էլ չկա: 

Հէկ-ն ու լցակայանը Գետում մնացած ջուրը

Քիչ հետո մոտենում է փոքր հէկի տնօրեն Գեորգի Ավետյանը: «Էս վերջերս, որ կարող էինք ասել, որ վերջացնում էինք, խնդիրներ առաջացան տուրբինների հետ կապված, էլի մոտ մի ամիս շատ լուրջ` առավոտ, գիշեր, իրիկուն ծանրաբեռնված էինք»,- փորձարկման երկար ընթացքը հիմնավորում է տնօրենը: Այս օրերին շարժանիվների (տուրբինների)  կարգավորման աշխատանքները շարունակվում են: 

Փոքր հեկը պետք է լինի 5 մգվտ հզորության (5000 կվտ): Այս պահին այն 12 աշխատատեղ է ապահովում` 8 օպերատոր և 4 աշխատակից հիդրոհանգույցում: Թեև փոքր հէկը ավտոմատ համակարգով չի աշխատելու, տնօրենը վստահեցնում է, որ ժամանակի ընթացքում համակարգը կավտոմատացվի, որպեսզի և' օպերատորների գործը հեշտ լինի, և' ընդհանուր համակարգը ավելի ճիշտ ու լավ աշխատի: 

Գեորգի Ավետյանը ժխտում է բնակիչների կողմից որևէ բացասական արձագանք հէկի կառուցման վերաբերյալ. «Ոչ մեկ բացարձակ իրա դժգոհությունը չի արտահայտել բնակիչներից, մարդիկ շատ ուրախ են, որ իրենց շրջապատում, իրենց տան մոտ ինչ-որ աշխատատեղ է բացվում: Կոնկրետ մեր դեպքում օպերատորների 8-ից 7-ը կողքի գյուղի բնակիչներ են, որոնք որ մինչ էդ անգործ էին, էս պահին իրենք իրենց տնից դուրս են գալիս, մտնում են աշխատանքի տեղը»,- ասում է Գեորգի Ավետյանը: 

էլեկտրաէներգիա արտադրելուց հետո աշխատատեղ ստեղծելու հիմնավորումը առաջնայիններից է փոքր հէկ կառուցելու բիզնես-ծրագրերում: Հավանաբար այդ հիմնավորումը պետք է ունենան նաև մյուս հէկերը, որոնք նախատեսում են կառուցել նույն Մարցիգետի վրա, որից տնօրեն Գ. Ավետյանը տեղյակ չէր: Այդ մասին ավելի ուշ պատմեց Մարցի համայնքապետը: Հէկի տնօրենն ասում է, որ բնապահպանական խնդիրներ իրենց հէկը չի առաջացրել: «Մենք ջուրը չենք կտրել, ոնց որ նախատեսված է նման կառույցների համար, լրիվ պաշտպանվել է: Ձկնուղին լրիվ աշխատում է, այսինքն` ձկներն իրենց ձվադրման շրջանում անարգել բարձրանում, իջնում են»,- վստահեցնում է տնօրենը: 

Տնօրենին հրաժեշտ ենք տալիս և գետի երկայնքով շարժվում  դեպի վերև` Մարց գյուղ: Առջևում Մոտկորի ձորն է, ճանապարհի եզրին մեծ խողովակներ են շարված: Իսկ գետի երկայնքով նկատվում են հողի մեջ թաղված՝ փորք հէկը սնուցող խողովակները, որոնք հէկի գլխամասային կայանից 5800 մետր երկարությամբ ձգվում են մինչև հիդրոհանգույց: Նշանակում է` այդ երկարությամբ գետից ջուրը խողովակներով է հոսում, ոչ թե իր բնականոն հունով, իսկ գետի հունից պետք է հոսի առանցքային թողունակության համար նախատեսված ջուրը, որը հաշվարկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը` ջրթույլտվությունը տալու ժամանակ: 

Մարցիգետի հունից այնքան քիչ ջուր էր հոսում, որ գետաբերանի ծառերն ու բույսերը չորացել էին: Մարտ-ապրիլ ամիսները գետերի վարարման շրջան է համարվում, սակայն գետի հունի և գետաբերանի չորությունից նկատելի էր առատ ջրի երկարատև բացակայությունը: 

Հիդրոհանգույցում, որտեղից սկիզբ են առնում խողովակները, երկու աշխատակից կա: Այստեղ ջուրը հավաքվել է այնքան, որ տեղանքը ջրամբարի է նմանվել: Իսկ ձկնուղուց կաթիլներով է ջուրը հոսում: Աշխատակից Գևորգ Մադոյանն ասում է, որ ջուրն այդ օրն է սակավացել, իսկ ձկնուղուց ջուր չհոսելը հիմնավորում է նրանով, որ ներքևի կայանում աշխատանքներ են տարվում, և 30 րոպե առաջ ներքևի կայանից հրահանգել են քիչ բաց թողնել գետից: Իսկ ընդհանրապես գարնանը, երբ գետը վարարում է, ջուրը ծածկում է կառուցված պատնեշը և ձուկն անարգել անցնում է մյուս կողմ: Հիշեցնենք, որ մեր այցելությունը հենց գարնանն էր (ապրիլի 23-ին), և պատնեշի վրայից ջուր չէր հոսում:

Ձկնուղին

Գևորգին խնդրեցի ցույց տալ, թե ինչպես է ձուկն անցնում ձկնուղով: Տեսականորեն պատմեց, բայց ասաց, որ 20 օր է աշխատում և «տեսած էլ չէ», որ ձուկը որևէ կողմից անցնի մյուս կողմ: 


Հիդրոհանգույցի տարածքի որոշ հատվածներ հարթեցված են, հատված կամ արմատախիլ արված ծառեր կան շուրջբոլորը: Գևորգին հարցնում եմ` ինչու են կտրել ծառերը, ասում է, «որ սարքել են, երևի կտրել են»: Գևորգից հետաքրքրվում եմ նաև՝ հաճա՞խ է Վանաձորի քաղաքապետն այցելում իր հէկ, պատասխանում է. «Հա, երեկ էլ էր ստեղ: Եղբայրն էլ է գալիս, ավելի շուտ-շուտ»: 

Հիդրոհանգույցի կայանից վերև արդեն Մարցիգետն իր բնականոն հունով է հոսում: Ջուրն առատ է:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ: Վերջինս, պատասխանելով հեռախոսազանգին, ասաց, որ խորհրդակցության է, զանգահարենք 40 րոպեից: 40 րոպե անց մեր զանգին քաղաքապետը չպատասխանեց, ավելի ուշ նրա հեռախոսահամարն այլևս անհասանելի էր: 

Գետում մնացած ջուրը՝ բնապահպանական թողքը Գետի բնականոն հոսքը

Մարցեցիներին Մարցիգետն այլևս անհասանելի է 

Մարցում առաջինը Քյարիմ Աղաջանյանի հետ ենք զրուցում, իր դժգոհությունն է հայտնում փոքր հէկի վերաբերյալ: Հետո հանդիպում ենք ավագանու անդամներից մեկին (խնդրեց անունը չհրապարակել):  «Գետը բնության մի մասն է, որտեղ մարդը կարողանում է իր հանգստի մի մասն անցկացնել, որ հիմա չունենք,- ասում է ավագանին,- գոնե էնքան մարդ գտնվեն, որ էս երկուսով սահմանափակվեն, որովհետև ես լսել եմ, որ երրորդն էլ են ուզում կառուցել»: Ավագանու անդամն ասում է, որ փոքր հէկի կառուցման համար հանրային քննարկում չի եղել, ինքը` որպես ավագանի, այդ մասին երբևէ չի լսել, իսկ եթե ձևական քննարկում արել են, ապա գյուղապետը՝ իր մտերիմներով: Գյուղապետ Ռոբերտ Գալստյանը վստահեցնում է, որ հանրային քննարկում արել են, և մասնակիցները կողմ են եղել: 

«Մեր անասունը կարողացել էինք իջացնել գետի մոտ պահել, կաթ բերեինք ուտեինք, որ հիմա զրկված ենք: Ձկներ ունեինք, նախկինում եղել են, բայց հիմա էլ չի լինի` մուրծի ու բեղլու: Գյուղացիները կարթերով օգտվել են, հաճույքի ու սննդի աղբյուր է եղել»,- ասում է ավագանու անդամը: -Մենք ոչ մի տարածք չունենք գետին հասնելու համար, որ գոնե ոտքերս թրջենք, ասում են` հենց այդ տարածքում են նոր հէկ սարքելու: Կարո՞ղ է իմ հոսանքը էժանացնի, ընդամենը ինձ խանգարող միջոց է, իմ անասունը չեմ կարող անցկացնել գետի մյուս ափը, որովհետև լիճ է կապել, դա մեր արոտավայրն է եղել: Ամուսիններով աշխատող ենք, մենք չենք կարող ամառը հանենք սարը: Որտե՞ղ պահեմ, էսօր մոլորվել եմ, ուրիշ գյուղի հետ պայմանագիր եմ կապում, որ իմ մի կովը 5000 դրամով տամ մեկին, որ ինքը տանի կթի ուտի, ես էլ բերանս չոր նստեմ: Գյուղացին կովով ու հողով է ապրում, հող չունենք էնքանով, որ ջուր չունենք ոռոգելու, հիմա ես բերանս բաց սպասում եմ, թե երբ պիտի մի կաթիլ անձրև գա, որ կարտոլը ծլի»: 

Ռոբերտ Գալստյան Հրաչիկ Հովհաննիսյան

Մարցը ոռոգման ջուր չունի, սակայն գյուղացիներն ասում են, որ հնարավոր էր գյուղում ոռոգման ջուր անցկացնել Մարցիգետից, բայց հիմա այլևս անհնար է, փոքր հէկերն են օգտագործում ջուրը: Գյուղապետ Գալստյանը Մարցիգետից ոռոգման ջուր ստանալը իրատեսական չի համարում: Նրա հետ զրույցից տպավորություն է ստեղծվում, որ չեն էլ մտածել ոռոգման ջուրը Մարցիգետից հասցնել վարելահողեր: Գյուղապետը մեղքը ռելիեֆի վրա է գցում, որը դժվարացնում է պոմպակայաններով ջուրը գյուղ հասցնելը: Մինչդեռ նախկին գյուղապետ Հրաչիկ Հովհաննիսյանը կարծում է, որ հնարավոր է Մարցիգետից ոոգման ջուր վերցնել, դժվարությունը կազմակերպելը, հովանավոր-դոնորներ գտնելն է:

«Եթե ձեռնարկող լինի, առանց պոմպերի էլ կգա, ինքնահոս: Տարիներ առաջ առանց խողովակների Մարցից եկել է ինքնահոս ջուր, մենք ծխախոտ ենք աճեցրել, կոլխոզը հեկտարներով ծխախոտ ուներ ասյտեղ, ոչ թե խողովակներով էր գալիս, այլ կանալներով` մինչև 60 թիվը»: Ծխախոտի այգիները վերանալուց ի վեր ջուրն էլ չի հասցվել գյուղ: 

Լոքյանների հէկ-ը Գետում մնացած ջուրը

Քարինջ գյուղից ոչ հեռու` Իքատակ կոչվող հանդամասում, Մարցիգետին է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում է մեկ այլ նոր փոքր հէկ: Ըստ գյուղացիների` այն դաշնակցական, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանին է պատկանում: Փոքր հէկը պաշտոնապես շահագործում է «Այուդի-Լոս» ՍՊԸ-ն: Ընկերությունը գրանցված է Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի անվամբ: Այստեղ էլ մեզ թույլ չտվեցին մտնել և տեսանկարահանումներ կատարել: Աշխղեկն էլ մեր հարցերին պատասխանելուց հրաժարվեց: Հէկի համար նախատեսված տարածքը հարթեցվել և ազատվել էր բուսականությունից, բնության երբեմնի հարուստ տեսքի մասին վկայում էր ճանապարհին արմատախիլ արված հսկայական ծառը:  

Կառուցված հէկերը, Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանի ասելով, չեն խանգարել համայնքին: Սակայն նա հաստատում է գյուղացիների մտահոգությունն այն մասին, որ երրորդ ու նույնիսկ 4-րդ փոքր հէկերն են ուզում կառուցել Մարցիգետի վրա, երրորդը՝ գյուղի տակ, իսկ չորրորդը` Իքատակ կոչվող հանդամասում, որոնք միանշանակ գետին մեծ վնաս կհասցնեն: Բայց գյուղացիները տրամադրվել են, որ թույլ չտան:

«Էսքան տեղն է, որ մեր էս գետը մարդիկ են գալու հանգստանալու, եթե ջուրը չլինի, զբոսաշրջիկները չեն գա, հետաքրքրություն չի լինի»,- ասում է Ռ. Գալստյանը և անցնում բնապահպանական խնդրին,-լավից-վատից՝ ձուկ կա, կվերանա: Ասել են, որ 30 տոկոս ջուըը պիտի թողեն, բայց կասկածում եմ»: Նախկին գյուղապետը նույնպես կարծում է, որ մեկ փոքր հէկը Մարցիգետի վրա բավական է, իսկ 3 կամ 4 հէկ կառուցելը մեկ գետի վրա՝ սխալ է: 

Քարինջի գյուղամիջում հավաքված բնակիչների հետ զրույցից ևս ակնհայտ էր, որ դժգոհ են 2 հէկերի կառուցումից, նորերի կառուցումն առավել ևս չեն ողջունում: 


Մարցիգետի վրա նոր փոքր հէկի կառուցման համար արդեն իսկ ճանապարհի երկայնքով խողովակներ անցկացնելու սերվիտուտի պայմանագիր է կնքվել Մարցի գյուղապետարանի հետ: «Արցախ» ՍՊԸ-ն է կառուցելու այն: 

Վերականգնվող էներգետիկան ընդդեմ բնության 

Հայաստանում փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացը համարվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Այն պետք է նպաստի Հայաստանում էներգետիկ անկախության հաստատմանը: Փոքր հէկեր են համարվում մինչև 10 ՄՎտ ընդհանուր հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլեկտրակայանները: Փոքր հէկերը մաքուր էներգիայի ստեղծման աղբյուր են համարվում, որի դեպքում վնասակար նյութեր և ջերմոցային գազեր չեն արտանետվում մթնոլորտ, այլ օգտագործվում են էներգիայի ստեղծման տեղական, բնական աղբյուրները, ներգրավվում է փոքր և միջին բիզնեսը:  

Հայաստանում հիդրոէլեկտրակայանների պատմությունը սկսվում է 1903-ից, երբ Ողջի գետի վրա կառուցվեց 75 կՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան` Կապան քաղաքի պղնձարտադրության էլեկտրամատակարարման նպատակով: Խորհրդային Միության տարիներին Հայաստանի տարածքում գործել է 25 փոքր հէկ, որից անկախ Հայաստանում գործունեությունը շարունակել է 17-ը: 1992-95 թթ. էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից անմիջապես հետո սկսվել է փոքր հէկերի սեփականաշնորհման գործընթացը: Կառուցվել են նոր փոքր հէկեր:   

2000 թվականից սկսած՝ մեծ թափ է ստացել փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, իսկ վերջին տարիներին գործող փոքր հէկերի թիվը կրկնապատկվել է, գումարային արտադրանքը` գրեթե եռապատկվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգի վերջին տվյալների համաձայն` 1998-2003 թթ., այսինքն` 6 տարվա ընթացքում 17 փոքր հէկ է կառուցվել, հաջորդող 8 տարիների ընթացքում (2004-2011 թթ.) կառուցվել է 90 փոքր հէկ: Այսօր Հայաստանում գործում է 118 փոքր հէկ: 2012-ի հունվար ամսվա դրությամբ կառուցման փուլում է 87 փոքր հէկ: Նպատակ է դրվել մինչև 2015-ի հունվար փոքր հէկերի թիվը հասցնել 207-ի: Ամենամեծ թվով փոքր հէկ-եր կառուցվում են Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզերում: Կառուցվելիքների գերակշիռ մասը նույն մարզերում է: Ամենամեծ հզորությունը և արտադրության մեծ ծավալը ապահովում է Լոռու մարզը: 

Փոքր  հէկերի մեծամասնությունը բնական ջրահոսքերի, այն է` գետերի վրա է տեղակայված: Առավել փոքր հատվածը` ոռոգման ջրանցքների և խմելու ջրի խողովակաշարերի վրա: 2012-14թթ. Հայաստանում գործարկման ենթակա 87 փոքր հէկերից 73-ը կկառուցվեն բնական ջրահոսքերի վրա` մատակարարելով առաքվող էներգիայի 77%-ը: 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վերականգնող էներգետիկայի բաժնի նախկին պետ Ալեքսանդր Քոչարյանը փոքր հէկերի կառուցումը ողջունում է, եթե դրանք բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում: Վերջինս ասում է, որ Հայաստանն ունի պաշարներ ու հիդրոէներգետիկայի պոտենցիալ և ջրի համար չի վճարում, հանցագործություն է չօգտվել այդ ջրերից և թողնել, որ գնա Ադրբեջան: Ավելին, այն նաև էներգետիկ անկախություն կապահովի երկրի համար: Եթե գազատարներից որևէ մեկը վնասվի, կամ ինչ-ինչ պատճառներով ատոմակայանը դադարեցնի իր աշխատանքը թեկուզ ժամանակավորապես, Հայաստանը կունենա էներգիայի պակաս:

«Եթե մենք ընկնենք ճգնաժամի մեջ, մեզ կփրկի հիդրոէներգետիկան,- ասում է Ալ. Քոչարյանը և շարունակում,- պետք է հիդրոէներգիան օգտագործել` չվնասելով բնությունը: Մենք հիմա կարող ենք այդ շռայլությունը թույլ տալ, որ մտածենք էկոլոգիայի մասին, քանի որ արդեն ապահովված ենք էլեկտրաէներգիայով: Եթե նախկինում` ճգնաժամային տարիներին մեզ համար կարևորը էլեկտրաէներգիա ունենալն էր, դրա համար Սևանի մակարդակի խիստ իջեցում եղավ, ապա հիմա մենք արդեն ունենք էլեկտրաէներգիա, հիմա գերակայությունը պետք է բնությանը տալ»,- համոզված է Ալ. Քոչարյանը: 

Նա նաև ասում է, որ փոքր հէկը շահավետ բիզնես է, որովհետև արտադրած էներգիան պետությունը պարտավոր է գնել: Դա սահմանվում է նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի` «տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման»: Իսկ գնողը` «Հայկական էլեկտրացանցեր»-ն է (ՀԷՑ): էլեկտրաէներգիայի գնման շուկայական կանոնները և սակագները սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀՀ ՀԾԿՀ)։

Փոքր հէկ կառուցելու շահավետությունը, թերևս, զգացել են նաև հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները և պատգամավորները, որոնք մեծ արագությամբ սկսել են կառուցել փոքր հէկեր: Մինչդեռ եվրոպական երկրներում, օրինակ՝ Նորվեգիայում, որտեղ վերականգնողական էներգիան իր զարգացման ուղին արդեն անցել է, հէկերի սեփականատերերը հենց համայնքի բնակիչներն են: Նորվեգական «Նորսկ էներջի» (Norsik Energi) ընկերությունը Նորվեգիայի ԱԳՆ-ի աջակցությամբ Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման եռամյա ծրագիր է իրականացնում: Ընկերության էներգետիկայի  և կլիմայի ոլորտում ծրագրերի  առաջատար մասնագետ Էն Իռեն Գլիմսդալը պատմում է, որ Նորվեգիան հայաստանյան այսօրվա իրավիճակում էր 1970-ականներին: Սակայն այնտեղ ոլորտն ավելի ճկուն է. փոքր հէկը շահագործող ընկերության բաժնետերեր են նաև տվյալ համայնքի բնակիչները, և համայնքը իր տարածքում աշխատող հէկից ստացած շահույթը օգտագործում է համայնքի կարիքները հոգալու և այն զարգացնելու համար: 

«Փոքր հէկ-երի 90 տոկոսից ավելին խախտում է բնապահպանական սահմանված նորմերը» 

Հայաստանյան բնապահպանների ահազանգում կարմիր թելի պես անցնում է այն մտահոգությունը, որ հէկերը բնությունը շահագործում են անխնա կերպով՝ զարգացնելով վերականգնվող էներգետիկայի ճյուղը եւ միաժամանակ անդարձ ոչնչացնելով հայրենի բնությունը: Փոքր հէկերի շահագործման արդյունքում բնությանը հասցված վնասը մի քանի տեսանկյունից են դիտարկում, այն է՝ գետերի ջրային հաշվեկշռի խախտում, գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների ոչնչացում, գյուղական համայնքներին ոռոգման ջրի մատակարարման նվազում, փոքր հէկերի կառուցումը հատուկ պահպանվող տարածքներում, արգելոցներում: 

«Հիդրոէներգետիկա» ընկերության տնօրեն Գրիգոր Գաբայանը, որի ընկերությունը մասնագիտացել է փոքր հէկերի նախագծման և այդ ոլորտում խորհրդատվության մեջ, ասում է, որ Հայաստանում կառուցված փոքր հէկերի 90 տոկոսից ավելին խախտում է բնապահպանական սահմանված նորմերը, ճիշտ տեղերում չէ կառուցված, սխալ են կառուցված ձկնուղիները, բնապահպանական թողքը սահմանվածից շատ ավելի քիչ է: 

«Միանշանակ կարող եմ ասել, որ մեր նախագծողների հիմնական մասը պատկերացում չունի, թե ինչ ձուկ կա էդ գետում: Եվ նույնիսկ եթե գնամ բնապահպանական փորձաքննության ու ասեմ՝ այ էս գետի այս առվում ի՞նչ ձուկ է գնալու իմ ձկնուղով, չեն կարող ասել»,- ասում է Գ. Գաբայանը և նշում, որ նախ պետք է պարզել, թե որ գետում ինչ ձուկ կա և որտեղ չի կարելի կառուցել փոքր հէկ:

«Մեր հանրապետությունն ունի հաստատված գետերի ցանկ, որտեղ մենք ձկնային պաշարներ ունենք, և ձկնային տեսակետից հետաքրքիր են այդ գետերը: Պարզապես մի քարտեզ տպագրվեր, որտեղ նշվեր և կարմիր գծերով ցույց տրվեին գետերը, որտեղ կա ձկան հարց և ասեին, որ այստեղ դուք պետք է պարտադիր ձկնուղիներ կառուցեք: Չգիտես ինչու՝ այդ էլեմենտար հարցը ծեծվում է, ծեծվում է, բայց ոչ ոք չի ուզում այդ քարտեզը տպագրել ու հարցը փակել»,- ասում է Գ. Գաբայանը: Իսկ բնական թողքը չխախտելու լավագույն լուծումը համարում է հէկ-ը ավտոմատացված համակարգով կառուցելը, ինչ թույլ կտա ջրի սակավ կամ մեծ հոսքի դեպքում քիչ կորուստներով առավելագույն արտադրանք ապահովել:  

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter