HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ինձ ծեծելով են էդ զեկուցագիրը գրել տվել». նախկին ոստիկանը հացադուլ է հայտարարում

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը ինքնահրկիզման փորձից հետո որոշել է այսօր հացադուլ հայտարարել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: «Հետքի» հետ զրույցում նա նշեց, որ ոստիկանությունից արդեն ծանուցագիր է ստացել՝ իր՝ ՀՀ նախագահին հասցեագրված դիմումի հիման վրա քրեկան գործ հարուցելու մերժման մասին:

Ըստ ծանուցագրին՝ Մխիթար Ալումյանի՝ ՀՀ նախագահին հասցեագրված դիմումը ստացվել և քննարկվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կատարվել է ծառայողական քննություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է, որի համար հիմք է ընդունվել Ալումյանի՝ 2011թ. սեպտեմբերի 27-ին ՊՊԳՎ-ում գրած զեկուցագիրը, համաձայն որի՝ ինքը «պարք ու պահանջ չունի»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ջէկ-ի առանձին վաշտի արդեն նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը աշխատանքից ազատվել էր 2011թ. հեկտեմբերին, երբ սկսել էր բարձրաձայնել իր արտաժամյա ծառայության հավելավճարները չստանալու մասին և պահանջել իրեն հասանելիք 4,5 միլիոն դրամը: Գումարը ստանալու պահանջով սեպտեմբերի 16-ին դիմում էր գրել Պետական պահպանության գլխավոր վարչություն, որից հետո՝ սեպտեմբերի 27-ին, կանչվել էր ՊՊԳՎ և «վախի ու ճնշման մթնոլորտում» գրել էր երկրերդ դիմումը, համաձայն որի՝ «պարտք ու պահանջ չունի և նախորդ դիմումը գրել էր հոգեճնշված վիճակում»:

«Հետքի» հետ նախորդ զրույցում Մխիթարը չցանկացավ մանրամասնել, թե իրեն ինչպես ստիպեցին գրել սեպտեմբերի 27-ի զեկուցագիրը՝ ասելով, թե «ամոթ է, պատմելու բան չի», սակայն իմանալով, որ քննչական ծառայությունում քրգործի հարուցումը մերժելու համար հիմք է եղել հենց սեպտեմբերի 27-ին գրած զեկուցագիրը, ասաց, որ իրեն «ծեծելով են գրել տվել»:

«Էդ օրը ես գործի էի գնացել, սեպտեմբերի 27-ն էր: Քանի որ ամսի 16-ին հավելավճարներս ստանալու պահաջնով դիմում էի ՊՊԳՎ, սպասում էի պատասխանի: Առավոտյան ընդունեցի հերթափոխը, աշխատանքի մեջ էի: Եկան ՊՊԳՎ-ից մի փոխգնդապետ և մի մայոր, ասացին, որ պետը ուզում է ինձ տեսնել: Գնացինք վարչություն: Սկզբում հանգիստ նստած խոսում էինք, համոզում էին ինձ սուսուփուս աշխատել, էդ հավելավճարների մասին էլ չխոսել: Ես էլ իրենց հակառակվեցի, ասեցի, որ օրենքով էդ փողը իմն է, ինչու չպիտի ստանամ: Էդ ժամանակ մենակ էն եմ հիշում, որ չորս-հինգ հոգով հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին խփել: Ես էդ ծեծի ազդեցության տակ եմ նոր զեկուցագիր գրել, որ «պարտք ու պահանջ չունեմ»: Հենց էդ օրվա զեկուցագիրն են հիմք ընդունել, որ գործը փակել են»,- պատմում է Մխիթար Ալումյանը:

Սեպտեմբերի 27-ից հետո, իր խոսքով, մի քանի անգամ Հատուկ քննչական ծառայությունում գրավոր տեղեկացրել է, որ իրեն ճնշման ու վախի մթնոլորտում են գրել տվել այդ օրվա զեկուցագիրը: «Բայց էսօր պարզվում է, որ ամսի 27-ից հետո գրածներիցս ոչ մեկը հաշվի չեն առել: Որովհետև իրենց ձեռք չի տալիս: Իսկ եթե քննչական ծառայությունում պրոֆեսիոնալ մասնագետներ են աշխատում, բա չհարցրի՞ն, թե էս մարդը ոնց է մի բան գրում, հաջորդ օրը լրիվ ուրիշ բան: Ուրեմն իրենք էլ են տեղյակ, որ ինձ վախեցրել են ու գրել տվել»,- ասում է նա:

Ըստ Մխիթարին՝ սեպտեմբերի 27-ին «իրենց ուզած» զեկուցագիրը գրել տալուց հետո ՊՊԳՎ պետ Ռոման Մկրտումյանը կանչել է տվել Հրազդանի ջեկի առանձին վաշտի հրամանատար Սերգեյ Հարությունյանին և պատվիրել իրեն փոխանցել 4,5 միլիոն դրամից 5000 դոլարը՝ ցանկանալով գործն այդկերպ փակել: Մխիթարը վերցրել է գումարը՝ միաժամանակ տեղեկացնելով քննչական ծառայությանը, որ գումարն իրեն տրվել է առանց ստորագրության ու ստացականի և ոչ ամբողջությամբ: Նրա խոսքով՝ քննչական ծառայությունում տեղյակ են, որ ինքը այդ 5000 դոլարը վերցրել է:

«Ինչի՞ բա չէին հարցնում՝ ինչի հիման վրա ես էդ գումարը վերցնում: Էդ փողը ես վերցրի, որովհետև ինձ շատ պետք էր, էրեխու բժշկի համար ընդհանրապես ոչ մի տեղից փող չունեի, բայց ես իրենց տեղյակ պահել եմ, որ վերցրել եմ առանց ստացականի, իրենք ձեն չհանեցին, որովհետև ուզում էին էդ 5000 դոլարով պրծնել: Բայց չեն պրծնի, օրենքով էդ ամբողջ գումարը հասնում է ինձ: Ամեն ծայրահեղ քայլի գնալու եմ»,- ասում է Մխիթար Ալումյանը:

Նրա խոսքով՝ օրերս ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնից զանգել, կանչել են իրեն, թե «արի, մի բան կանենք»: «Երևի ուզում են էրեխու վիրահատության համար փող տան, լռեցնեն ինձ, բայց ես հո ողորմություն չեմ ուզում, ինձ օրենքով հասանելիք փողն եմ ուզում: Չեմ գնալու, վախենում եմ՝ գլխիս մի բան սարքեն»,- ասում է Մխիթարը:

Այսօր՝ ժամը 11:30, նա պատրաստվում է հացադուլ հայտարարել՝ հույս ունենալով, որ իր բողոքի ձայնը կհասնի ՀՀ նախագահին, իսկ լրատվամիջոցները կտեղեկանան, թե ինչպես են ՊՊԳՎ-ում «զեկուցագրերը գրել տալիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter