HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍՊԸ-ի տնօրենը կառավարության դեմ դատական գործընթաց սկսելու համար աջակցություն է խնդրում

«Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմնին անվանում է «մարիոնետիկ», քանի որ վերջինիս թելադրում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նա դժգոհ է հանձաժողովի հունիսի 11-ի որոշումից, որով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող դեղերի իրացմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերությունը տուգանվեց «ընդամենը 50 միլիոն դրամով»` հակամրցակցային գործունեություն ծավալելու համար:

«Հանձնաժողովն ուղղակի մարիոնետիկ է. նախագահականից ինչ ասեն, այն էլ անելու է: Նախագահականից են որոշում, թե ընկերություններին որքան տուգանեն, կամ ինչ որոշում կայացնեն: Հանձնաժողովն իր գործը նվիրումով արել է, ես ծանոթ եմ, տեղյակ եմ, թե ինչ տիտանական գործ են արել, ինչ մեծ յուրացումներ ու միլիարդների հասնող փոշիացումներ են բացահայտել: Եթե հանձնաժողովն անկախ լիներ, 15-20 անգամ ավելի մեծ տուգանքներ կդներ «Նատալի Ֆարմի» վրա: Դա ոչ թե տուգանք կլիներ, այլ՝ ինչ անօրինական բյուջեից գողացվել է հետ կվերադարձվեր բյուջե: Այն, ինչ մրցույթներով պետք է շահեին ցածր գներով, առանց մրցույթների բյուջեից լվացվել է շատ բարձր գներով, քանի որ մրցակցություն չի եղել: Այդ ամբողջ տեղեկությունները հանձնաժողովը գիտի, եւ ես իրենց աշխատանքից գոհ եմ, բայց կայացրած որոշումը քաղաքական էր»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գառնիկ Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանից եւ Ստյոպա Սաֆարյանից ստացել էր դիմում-բողոք այն մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց հետեւանքով դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ: Հունիսի 11-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում ամփոփվել էին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները:

Բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ էր հարուցել: Վարույթի ընթացքում կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ եւ բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակամրցակցային գործողություններ, որոնց թվում նաեւ «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որի համար վերջինս տուգանվեց 50 միլիոն դրամով:

Սամվել Ալեքսանյանին 50 մլն դրամով տուգանելը Գառնիկ Սահակյանը բնորոշեց «ձեռք առնել»: ՍՊԸ-ի տնօրենը կոնկրետ օրինակով է ապացուցում, որ պետական բյուջեն զգալի վնասներ է կրել առանց մրցակցության մրցույթներ անցկացնելու հետեւանքով, սակայն պատկան մարմիններն աչք են փակում ԱԺ պատգամավորի գործունեության վրա:

«Հիմք եմ ընդունում, թե բյուջեից տարեկան որքան գումար է հատկացվում առողջապահության ոլորտի մրցույթների համար եւ եթե 80-90 տոկոսի դեպքում դեղերը ձեռք են բերվել «Նատալի Ֆարմի» կողմից, այն էլ շատ բարձր գներով, ապա առողջ տրամաբանությամբ՝ առնվազն 1 միլիարդ դրամ տույժ-տուգանք պետք է սահմանվեր, ոչ թե 50 միլիոն, կամ գոնե 500 միլիոն դրամով տուգանեին: Պարզապես այդ 50 միլիոնը պետք էր Եվրամիության աչքերը կապելու համար, որ տեսեք՝ մեր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է ազատ տնտեսական դաշտի համար: Մարդիկ պայքարում են, բայց դա այն մեխանիզմը չէ տնտեսական դաշտն ազատականացնելու համար: Հանձնաժողովին այն ազատությունը տրված չի, որ մարդիկ ազատ կարողանան գործել»,- ավելացրեց Գառնիկ Սահակյանը:

Նշենք, որ «Սզնի»-«Նատալի Ֆարմ» հակամարտությանը «Հետքն» անդրադարձել էր դեռեւս 2010 թ., սակայն դրանից հետո այդպես էլ պատկան մարմինները պատշաճ ուշադրություն չդարձրին խնդրին, ինչի հետեւանքով «Սզնին» այժմ ֆինանսական լուրջ դժվարություններ ունի:

ՍՊԸ-ի տնօրենի ասելով` Հայաստանում փոքր ու միջին բիզնես չկա, բոլորը հոգեվարքի մեջ են, եւ այս ամենի մեղավորը երկրի նախագահն է: Գառնիկ Սահակյանի խոսքերով` նախագահն է նշանակել վարչապետին, նախարարներին, այն ֆինանսների նախարարին, ով մինչեւ օրս չի կարողանում «Գնումների մասին» օրենքի սողանցքները փակել եւ կոռուպցիոն ռիսկերը վերացնել:

«Եթե ես 2010թ. մայիսին արյունաբանության հիվանդանոցում մրցույթին չմասնակցեի, որտեղ «Ցեֆտրիաքսիոն» 1գ դեղորայքի ձեռքբերման գին էի առաջարկել 198 դրամ, իսկ «Նատալի Ֆարմը» նույն դեղը առաջարկել էր 1593 դրամով, մեկ այլ ֆիրմա առաջարկել էր մոտ 1770 դրամ, ապա դեղը ձեռք էր բերվելու հենց այդ բարձր գներով: Այդ մրցույթում հաղթեց իմ ընկերությունը, սակայն մոտ մեկ ամիս անց՝ երկրորդ մրցույթի ժամանակ, Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում «Նատալի Ֆարմը» նույն դեղն առաջարկեց 190 դրամով, Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում` 170 դրամ, իսկ Արտաշատի բժշկական կենտրոնում առաջարկել էր 160 դրամ: 2010 թ. վերջից մինչեւ 2011թ. առաջին կիսամյակ իմ մասնակցած 11 մրցույթներին Սամվել Ալեքսանյանն առաջարկել  է «դեմպինգային» գին, հետո էլ հիվանդանոցներին այդ դեղը նվեր է տվել»,- ասում է Գառնիկ Սահակյանը:

Այն հարցին, թե Սամվել Ալեքսանյանի ընկերությունը գնումների ոլորտում ինչո՞ւ է միշտ արտոնյալ դիրք ունեցել, Գառնիկ Սահակյանը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը միշտ արտոնյալ դիրք է ունենում, որովհետեւ խոշոր բիզնեսն ու երկրի բարձրագույն իշխանությունը սերտաճաճ «սիամական երկվորյակներ» են:  Այդ «սիամական երկվորյակն» ունի երկու գլուխ` իշխանություն, որն իրենից ներկայացնում է ուժ, կարողություն եւ Սամվել Ալեքսանյան, որը փող է: Այդ փողն օգտագործվում է նաեւ այս իշխանության վերարտադրության համար»:

Այս ամենի մեջ Գառնիկ Սահակյանը Սամվել Ալեքսանյանին չի մեղադրում, քանի որ նրա հետ ուղղակի շփում չի ունեցել: ՍՊԸ-ի տնօրենը մեղադրում է պատկան մարմիններին, որ գործընթացները պատշաճ վերահսկողության տակ չեն պահել եւ դրանից իր ընկերությունը զգալի վնասներ է կրել:

«Սզնի» ՍՊԸ-ի տնօրենն ասում է, որ իր երբեմնի ծաղկուն ընկերությունից այսօր ոչինչ չի մնացել, քանի որ արդեն սննկացել է, քանի որ իր առաջ փակ են շուկայի բոլոր դռները:

«Ես արդեն բիզնեսում չկամ, այն տասնյակ հազարավոր գործարարներից մեկն եմ, ով կործանվել է, բայց շարունակում է խոսել: Մյուսները թողել հեռացել են երկրից, եւ ես նրանց երանի եմ տալիս, որովհետեւ սա ուղղվող պետություն չի: Եթե Հայաստանի քաղաքացին մի քիչ իրեն սիրի եւ իր երեխաների ապագան 15 000 դրամով չվաճառի, մենք այսպիսի իշխանություն չէինք ունենա: Սա բիզնեսի համար դժոխք է: Հայաստանն ավելի շատ նման է ոչ թե համակենտրոնացման ճամբարի, այլ մի գաղութի, որտեղ գողական աշխարհի օրենքներն են գործում: Վերցրեք մի ոլորտ որտեղից կարող եք գոհ լինել: Եվ այս ամենի մեջ քաղաքացիական ակտիվություն դրսեւորող ակտիվ մասսան 1 տոկոս էլ չի կազմում: Սա է ամբողջ դժբախտությունը»,-ավելացրեց Գառնիկ Սահակյանը:

Այս ընթացքում գործարարը վերլուծել է, թե որտեղ է սխալվել, ինչի պատճառով գտնվում է տնտեսական ծանր վիճակում: Գառնիկ Սահակյանն ասում, որ իր միակ սխալն ու մեղավորությունն այն է, որ հավատացել է, թե իրավական պետությունում է ապրում, եւ պաշտպանված է Սահմանադրությամբ:

«Ոչ մի գործարարի խորհուրդ չեմ տալիս անցնել նույն ճանապարհով եւ գնումների գործընթացում պաշտպանություն ակնկալել պետական կառույցներից, քանի որ նրան կօգտագործեն որպես «գործ տվողի»: Այս քրեաօլիգարխիկ միջավայրում գնումների գործակալությունում արդարություն փնտրելն անհույս է»,- հավելեց Գ. Սահակյանը:

Նա պատրաստ է իր իրավունքները պաշտպանելու, պետության անգործության հետեւանքով «Սզնի» ընկերությանը հասցված վնասի եւ իր օրինակով մյուսներին կործանումից փրկելու համար պայքարել մինչեւ վերջ, սակայն այն աստիճանի է սնանկացել, որ նույնիսկ դատական ծախսերը հոգալու համար գումար չունի:

«Եթե հնարավորություն ունենամ, մինչեւ Եվրադատարան այս գործը կհասցնեմ, սակայն լուրջ գումարներ են պետք, ես ուժ չունեմ: Եթե կգտնվի մի իրավաբանական ընկերություն, որ իր վրա կվերցնի ամբողջ ծախսերն ու իրավաբանական օգնությունը, ես պատրաստ եմ ներպետական դատարաններից սկսած մինչեւ Եվոպական դատարան տանել այս գործը»,- ասաց Գառնիկ Սահակյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, անդրադառնալով Գառնիկ Սահակյանի մեղադրանքներին, ասաց, թե ՏՄՊՊՀ-ն քաղաքական մարմին չէ, հետեւաբար չի կարող քաղաքական որոշումներ կայացնել:

«Ինչ վերաբերում է տուգանքի չափերին, ապա հանձնաժողովը հաշվի է առել մի շարք չափորոշիչներ, որոնք սահմանված են տնտեսական մրցակցության մասին օրենսդրությամբ: Տուգանքի չափը փոքր չէ եւ այն համարժեք է այն իրավախախտմանը, որը բացահայտվել է հանձնաժողովի կողմից: «Սզնի» ընկերության տնօրենին խորհուրդ ենք տալիս եւ անտեղի ինտրիգների եւ անհիմն հայտարարությունների փոխարեն ծանոթանալ տնտեսական մրցակցության մասին օրենսդրությանը»,- ավելացրեց Գայանե Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter