HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

«Ոսկե ծիրան». ԱՊՀ ծրագրում՝ «Տունդրայի շունչը»

Վավերագրական կինոն ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր շատ քիչ սպառում ունի. «Հետքին» ասում է կինոքննադատ  Եկատերինա Վիզգալովան, ով արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում է«Ոսկե ծիրանի» հետ:

«Բայց ես շատ ուրախ եմ, որ իմ ֆիլմին ներկա էին ոչ միայն այն մարդիկ, որոնց ես անձամբ հրավիրել էի»,- ասում է նա:

Բացի կինոքննադատ լինելուց, Վիզգալովան փորձեր է անում կինոյի աշխարհում և այս տարի արտամրցույթային՝ ԱՊՀ ծրագրերի շրջանակներում ցուցադրվում էր «Տունդրայի շունչը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որի պրոդյուսերը հենց նա է:

Վավերագրական ֆիլմերի այցելությունները մեր մոտ ամենասակավաթիվն են, սակայն Մոսկվա կինոթատրոնի վիդեոսրահում մոտ 20 մարդ կար:

Եկատերինան «Ոսկե ծիրանի» հետ սկսել է համագործակցել Սերգեյ Լոզնիցայի խորհրդով:

«Նա չգիտի, որ, ընդհանրապես ասած, կինո մուտք եմ գործել նրա ազցդեցությամբ,- ասում է նա,- իսկ «Տունդրայի շունչը» իմ առաջին աշխատանքն է որպես պրոդյուսեր: Այս ոլորտ ես մուտք եմ գործել մոտ 1.5 տարի առաջ»:

«Տունդրայի շունչը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է բնության մի կորսված անկյան մասին, որտեղ կյանք կա և մարդիկ, որոնք ապրում են իրենց կյանքով: Այն նկարահանված է ՌԴ հյուսիսում գտնվող Յամալի թերակղզու վրա և կառուցված է պատկերների հաջորդականությամբ, որոնք դիտողին են փոխանցում տունդրայի մասին տեղեկություններ:

«Մենք գնացինք տունդրա լրիվ ուրիշ ֆիլմ նկարելու համար,- պատմում է Եկատերինան,-բայց մենք ազատ ժամանակ ունեինք և ցանկություն առաջացավ նկարել ինչ-որ բան հոգու համար: Այն, ինչ պիտի նկարեինք՝ մեզ այնքան էլ հետաքրքիր չէր, սակայն մեզ հետաքրքրեց վիզուալ կինո նկարել»:

Պրոդյուսերն ասում է, որ վիզուալ կինոն չպետք է որևէ միտք պարտադրի. այն դիտողին ինչ-որ մթնոլորտի մեջ ներգրավելու հնարավորություն պետք է ընձեռի, որպեսզի  նա ինքը ստեղծի կինո իր մեջ:

«Դու նայում ես, ինչ-որ պատկեր է քո մոտ առաջանում, և կինոն արդեն ստեղծվում է քո մեջ,- ասում է նա,- Դա իմ ու ռեժիսորի մոտեցումն է, և մենք կարծում ենք, որ այդպիսի կինո պետք է լինի»:

 Ֆիլմը էտնոգրաֆիկ չէ, այն չի ներկայացնում տունդրայի այդ հատվածում ապրող մարդկանց կյանքը, պարզապես իրար հաջորդող պատկերների միջոցով ցույց է տրվում տունդրան որպես մի ամբողջություն: «Այնտեղ կարծես ամեն ինչ շնչեր. մարդիկ, կենդանիները, առարկաները»,- ասում է Եկատերինան:

«Տունդրայի շունչը» առաջին անգամ է ցուցադրվում մեծ էկրանին, և Եկատերինան ինքը առաջին անգամն էր տեսնում այն:

«Առաջին միտքը, որ եկավ ֆիլմն ավարտելուն պես այն էր, որ ուղարկենք «Ոսկե ծիրան»,- ասում է  Եկատերինանա,- որովհետև նախորդ տարի ես եղել էի այստեղ և հասկացել, որ հայերը սիրում են այն, ինչ գեղեցիկ է. նրանք զգում են գեղեցիկը»:

ԱՊՀ ծրագիրը առաջին անգամ մեկնարկել է 2011թ. և նախորդ տարվա տասը ֆիլմի փոխարեն, այս տարի ծրագրում ընդգրկաված է քսան ֆիլմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter