HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ դիվանագետի՝ առաջիկա 5 տարին հայկական կողմի համար բարդագույն շրջան է լինելու Արցախի հարցի առումով

Առաջիկա 5 տարին հայկական կողմի համար բարդագույն շրջան է լինելու Արցախի հարցի առումով, քանի որ Ադրբեջանը կձգտի իր մարտավարությունը կառուցել այնպես, որ խնդիրը լուծվի իրեն ցանկալի ձևաչափով հենց առաջիկա 5 տարվա ընթացքում: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց դիվանագետ, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Նավթի արդյունահանման կրճատում է այսօր արդեն իսկ նկատվում: Այդ տենդենցը խորանալու է: Առայժմ նրանց նավթային եկամուտները բավական շոշափելի են, բայց 5 տարի հետո այս բումը կավարտվի: Այսինքն՝ ինչ էլ որ լինի, ուժայինի մասով պետք է ձգտեն անել և ավարտել առաջիկա 5 տարիների ընթացքում»,- իր կանխատեսումը բացատրեց Արման Մելիքյանը:

Նրա կարծիքով՝ պատերազմի վերսկսմանը կարող է նպաստել նաև Հայաստանին շրջապատող արտաքին քաղաքական իրադրությունը: Բանախոսը կանխատեսեց, որ մասնավորապես ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո առաջիկա տասնամյակում աշխարհում, հատկապես Եվրասիայում խորանալու է դեզինտեգրացիոն գործընթացը՝ տարածաշրջանների տրոհում, տեղային պատերազմներ, միջէթնիկական բախումներ:

Հայաստանն այդ առումով բավական ծանր աշխարհագրական դիրքում է, քանի որ սպասվելիք բախումների և անհանգստության 2 հիմնական տարածաշրջանի (Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա) և պոտենցիալ պայթյունավտանգ 2 պետության (Ռուսաստան և Իրան) միջակայքում է: Այս տարածաշրջաններն ու պետությունները ձգտելու են պահպանել իրենց կայունությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց լուրջ մարտահրավերների պետք է դիմագրավեն:

«Ընդհանուր առմամբ Հայաստանը գտնվում է տոտալ անհանգստության տարածքում»,- ասաց Արման Մելիքյան և հավելեց, որ Հայաստանը պետք է որոշի, թե ում հետ ընկերություն անի, ում հետ՝ ոչ, ուշադրություն դարձնի այն ուղղություններին, որտեղ կա խաղաղությունն ու ներքին կայունությունն ապահովող ներուժ: Արման Մելիքյանի կարծիքով՝ առայժմ այդ ուղղություններն են Ռուսաստանը, Իրանը և մասնակիորեն Թուրքիան:

Երբ լրագրողը խնդրեց պարզաբանել, թե ինչ նկատի ունի՝ «մասնակիորեն Թուրքիան» ասելով՝ Արման Մելիքյանը նշեց, որ Թուրքիան առայժմ մասնակի կայունություն ունեցող երկիր է, որն աստիճանաբար ներքաշվում է Մերձավոր Արևելքի կոնֆլիկտային գոտու իրադարձություններում. որքանով կներքաշվի, այդքանով Հայաստանը կկարողանա որոշել Թուրքիայի կայուն լինելու հեռանկարը:

«Եթե Թուրքիան այսօր սիրիական խնդրի մեջ ներքաշված է որպես սահմանամերձ պետություն, Իրանը այս առումով թեև գուցե Սիրիայում ներկայություն ունի, այնուամենայնիվ, Սիրիային սահմանակից պետություն չէ, և նրա ներքաշվածությունը ավելի շատ կարող ենք դիտարկել որպես արտաքին քաղաքականություն վարելու արտատարածքային ձև և միջոց: Թուրքիայի պարագայում այդպես չէ»,- ասաց Արման Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter