HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հետքի» պարզաբանումը ՊԵԿ-ի պարզաբանմանը

«Հետքն» այսօր ստացել է Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումը` հունիսի 9-ին «Հետք» շաբաթաթերում տպագրված և հունիսի 11-ին hetq.am կայքում տեղադրված «10 հատ չվաճառված սղոցի կտրիչի գինը. նախագահի ելույթից մեկ օր անց» հոդվածի վերաբերյալ:

4 պարբերությունից բաղկացած պարզաբանման առաջին 2 պարբերության մեջ ներկայացված է ՊԵԿ-ի դիրքորոշումը մայիսի 28-ին անհատ ձեռներեց Արթուր Էժդարյանին պատկանող տաղավարից հարկային տեսուչների իրականացրած հսկիչ գնման վերաբերյալ:

«Հետքը» ՊԵԿ-ի այդ դիրքորոշմանն անդրադարձել է հենց վերոնշյալ հոդվածում, որտեղ ներկայացրել է և հսկիչ գնումն իրականացրած հարկային տեսուչներ Յուրիկ Վարդանյանի ու Սարգիս Սահակյանի, և ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանի տեսակետները տեղի ունեցածի վերաբերյալ: Ուստի, ՊԵԿ-ի պարզաբանման առաջին երկու պարբերության մեջ նորություն չկա, քանի որ այդ պարզաբանումն արդեն իսկ ներառված էր հոդվածում` ապահովելով հոդվածի համակողմանիությունը:

«Հետքին» ուղարկած պարզաբանման 3-րդ պարբերության մեջ ՊԵԿ-ը նշում է. «...իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ հարկային տեսուչները, խախտելով օրենքը, ուսումնասիրությունն իրականացրել են ժամկետը սպառվելուց հետո», և տեղեկացնում, որ ուսումնասիրություն կատարելու «հանձնարարագիրը տրվել է մայիսի 10-ին, իսկ ստուգումը սկսվել է 2011 թ. մայիսի 20-ին, ուսումնասիրության 8-րդ օրը` մայիսի 28-ին, արձանագրվել է խախտումը»: «Հետքը» գրել էր, որ «Յուրիկ Վարդանյանը և Սարգիս Սահակյանը հսկիչ գնումն արել են` «համաձայն Մյասնիկյան ՀՏ պետի «10» մայիսի 2011 թ. թիվ 2604359 հանձնարարագրի»:

Իսկ մայիսի 10-ով թվագրված այդ հանձնարարագրում գրված է. «Ուսումնասիրության ժամկետը` 10 աշխատանքային օր»: Մայիսի 10-ից հաշված` 10 աշխատանքային օրը լրանում է մայիսի 23-ին: Մինչդեռ հարկային տեսուչներն ուսումնասիրությունն արել են մայիսի 28-ին` ժամկետի սպառվելուց 5 օր անց»:

Սա գրելիս «Հետքն» առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով, որով սահմանված է. «Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը:...»: Իսկ թե ինչ իրավական ակտով է առաջնորդվել ՊԵԿ-ը, պարզաբանման մեջ չի նշվում:

ՊԵԿ-ի պարզաբանման վերջին` 4-րդ պարբերության մեջ նշվում է, թե «ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011 թ. մայիսի 26-ի հրամանով, տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի համապատասխան աշխատակիցների համար 2011 թ. մայիսի 28-ը համարվել է աշխատանքային օր»:

Այնինչ «Հետքը» դեռ մինչև հոդվածի տպագրվելը ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանից հարցրել էր, թե արդյոք մայիսի 28-ը Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ-ի նախագահի հրամանով հայտարարվա՞ծ էր աշխատանքային օր: Նելլի Մանուչարյանը պատասխանել էր, որ ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ ՊԵԿ-ում մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր:

Մեկնաբանություններ (2)

rafayel
Արս, Ոչ թե կթու կով,այլ ապացուցված հանցագործ,կթու կովին գոնե հանցագործության մեջ չեն մեղադրում:Հարկեր վճարողը,եթե ուշացնում է վճարումը տուգանվում է օրը 0.15%-ի չափով,տարեկան մոտ 55%,որը ավելի քան եռակի գերազանցում է միջին բանկային տոկոսադրույթը,իսկ վճարած հարկեր գողացող չինովնիկներին վատագույն դեպքում պարտադրում են վերադարձնել իրենց գողացածը,այն էլ անորոշ ժամանակի ընթացքում կամ տվյալ պաշտոնից տեղափոխում են այլ պաշտոնի,հետո էլ գլուխ գովելով պատմում են թե գողացածից ինչքանն են վերադարձրել և ինչքան են խոստացել վերադարձնել...իսկական աբսուրդի երկիր
Արս
Ես ինքս մասնագիտությամբ հաշվապահ եմ և մասնակցել եմ շատ ստուգումների տարբեր ոլորտի կազմակերպություններում ու թե ինչպիսի անօրինականություննրով են անցկացնում ստուգումները հարկային տեսուչները դա ոչ մի հաշվապահի համար գաղտնիք չէ, ու թող բարձ ամբիոններից չխոսեն հարկայինի աշխատակիցների աբրիդրացիականությունից: Այսօրվար մեր ՊԵԿ ցանկացած հարկատուի դիտարկում է որպես կթու կով ու պետք է կթել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter