HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդմոն Մարուքյան. «Հայաստանում պետք է անել հնարավորը, որպեսզի բացառվեն դատավորների եւ դատախազների շփումը»

Ազգային ժողովում է գտնվում «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկման փուլում է: Կառավարության ներկայացրած նախագծով նախատեսվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները եւ ստեղծել մեկ ընդհանուր դպրոց` Արդարադատության ակադեմիա: Այս թեմայով «Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Պարոն Մարուքյան, դեռեւս խնդիրներ ունեցող դատական համակարգի համար վտանգավոր չէ՞ նման միավորումը, ինչը կարող է ստվեր գցել դատարանի իրական անկախության վրա:

Իմ մտահոգությունը կապված է դատարանի նկատմամբ անվստահության բարձր աստիճանով, որի նվազեցման դեմ պայքարում շատ կարևոր է այնպիսի քայլեր անել, որ մեր ժողովրդի մոտ վստահությունը գնալով բարձրանա, այլ ոչ թե նոր կասկածների և անվստահության տեղիք տա: Մյուս կողմից, ցանկացած լավ բարեփոխում կամ գաղափար կարելի է այնպես իրականացնել, որ դրանից բոլորը դժգոհ լինեն, ինչին մենք ականատեսն ենք լինում արդեն 20 տարի, երբ միջազգային հաջողված օրինակները, մեզանում ներդրվելով, դառնում են անհաջող բարեփոխում: Ասվածի վկան վերջին 15 տարում դատական համակարգում կատարված բարեփոխումներն են, որոնք փուլ առ փուլ ետ ու առաջ արվեցին, եւ այդպես էլ չհասկացանք, եթե վատն էին այդ բարեփոխումները ինչու՞ ժամանակին արվեցին, իսկ եթե լավն էին` ինչու՞ կրկին վերադարձ կատարվեց հին համակարգին: Գալով Արդարադատության ակադեմիային` պետք է ասեմ, որ նույն տպավորությունն ունեմ, որ ինչ-որ ժամանակ անց դպրոցները ստիպված ենք լինելու կրկին առանձնացնել, որովհետև այս քայլը բնավ չի նպաստելու դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը:

Կոնկրետ ի՞նչ մտավախություն ունեք, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը չի բարձրանա եւ Ակադեմիայի ստեղծումով հակառակ արդյունքը կստացվի:

Օրենքի նախագծի հետ կապված, ընդհանուր առմամբ, խնդիր չունեմ, խնդիր ունեմ գաղափարի հետ, որ դատավորների եւ դատախազների թեկնածուները միասին մեկ հարկի տակ են սովորելու, միասին ընդմիջումների, էքսկուրսիաների են գնալու, ավարտական երեկոներ են անելու եւ այլն: Հայաստանում պետք է անել հնարավորը, որպեսզի բացառեն դատավորների եւ դատախազների շփումը, այլ ոչ թե միասնականացնեն: Պատկերն ավելի հստակեցնելու համար փաստաբանական իմ գործունեության տարիներից մեկ օրինակ բերեմ: Վերաքննիչ դատարանում պետք է քննվեր իմ բողոքը, դատական կարգադրիչները ներս մտնելիս դատախազներին չէին ստուգում, իսկ երբ հերթը ինձ հասավ, ուզում էին ստուգել, նույնիսկ պահանջեցին, որ պայուսակս դնեմ սարքի մեջ, որպեսզի պարունակությունը տեսնեն:

Դա ապացույցն է այն բանի, որ առանց միասին սովորելու են իրենց այդպես պահում և ցույց տալիս, որ փաստաբանից բարձր են և դատավորին հավասար, եթե դատավորներն ու դատախազները միասին սովորեն, մեր քաղաքացիներն ի՞նչ են մտածելու, ավելի շա՞տ են վստահելու իրենց: Այո, դատավորը բարձր է դատախազից եւ փաստաբանից, բայց դատախազը պետք է փաստաբանի հետ նույն պայմաններում աշխատի:

Հիմնական մտավախությունս այդ երկու կարգավիճակների հավասարեցումն է, քանի որ նույն հաստատությունը պետք է զբաղվի և դատավորների և դատախազների կրթությամբ:

Բազմաթիվ են նաեւ դեպքերը, երբ փաստաբանները նիստերի դահլիճում սպասում են նիստի սկսվելուն, եւ դատավորն ու դատախազը դատավորի մուտքից ներս են մտնում: Այսինք` մինչեւ նիստի սկսվելը միասին թեյ, սուրճ կամ կոնյակ են խմել, և միասին դատավորի մուտքով ներս մտնելով՝ հանրության մոտ կարծիք են ստեղծում, որ իրենք բարձր են փաստաբանից և ավելին` կարող են բան պայմանավորվել մինչև նիստը սկսելը: Դատախազը պետք է փաստաբանի նման սպասի դահլիճում մինչև դատավորը դահլիճ կմտնի, ոչ թե դատավորի հետ դատավորի մուտքով ներկայանա նիստին և ներկաների վրա ազդեցություն թողնի:

Այս դեպքում ի՞նչ վիճակում կհայտնվեն փաստաբանները:

Փաստաբանները կշարունակեն իրենց անհավասար պայմաններում զգալ դատախազների նկատմամբ, քանի որ դատախազների և դատավորների կարգավիճակների միջև Արդարադատության ակադեմիայի ստեղծմամբ հավասարության նշան է դրվում: Ավելին, ես միշտ դեմ եմ եղել դատախազների տեղափոխմանը դատական համակարգ և դատախազ աշխատած դատավորը հիմնականում չի կարողանում մեղադրողի իր հոգեբանությունը փոխել դեպի արբիտրի և արդարադատություն իրականացնողի հոգեբանություն, ինչի արդյունքում լինում են իրավիճակներ, երբ դատարանում երկու դատախազ ենք ունենում` մեկը մեղադրողը, իսկ մյուսը՝ դատավորը, ով երկար տարիներ մեղադրել է:  

Կառավարությունը պատճառաբանում է, որ դպրոցների միավորումով ռեսուրսներ է խնայում, և այն ավելի արդյունավետ կարող է օգտագործել ունկնդիրներին կրթելու եւ վերապատրաստելու գործում: Այս մոտեցումը բավարա՞ր է դպրոցների միավորման համար:

Գիտեք՝ մենք ռեսուրս չենք խնայել նրա համար, որ դատավորները և դատախազները բարձր աշխատավարձ և թոշակ ստանան, որը հանդիսանում է կարևոր երաշխիք համակարգի անկախության ապահովման համար: Հիմա, եթե ռեսուրս խնայենք, որ դատավորները և դատախազները միասին կրթվեն,  դրանով կվնասենք հետագա բարեփոխումներին, և մինչ օրս ծախսված ռեսուրսները  ջուրն ենք լցնելու: Տվյալ պարագայում ինչո՞վ է արդարացված այս խնայողությունը, եթե այն կարող է վտանգել նախկինում արված և արվելիք ծախսերը: Կարծում եմ, որ այդ խնայողություն անելու փաստարկը շատ թույլ է, և միայն այդ փաստարկով գոնե ես չհամոզվեցի, որ դպրոցների միացումը ճիշտ քայլ է:

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
Հայաստանի դատարաններն անկախ չեն, կամակոր են, որովհետև գտնվում են մի համակարգում, որտեղ իրենք են իրենց գործառույթները ''վերահսկում''։ Պետության դատաիրավական համակարգը ճահճային տիղմի մեջ վայրկյան առ վայրկյան է խրվում դեպի անտակություն Երկրի նախագահի և ժողովրդի միջև գտնվող չինովնիկներն են դրա հեղինակները, որոնք հաշվի չեն նստում, ոչ նախագահի, ոչ ժողովրդի և ոչ էլ՝ իրենց երեխաների ապագայի, առավել ևս, խղճի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter