HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի գործով 3 նոր մեղադրյալ կա. 2-ը կալանավորված են

ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը «Հետքին» փոխանցեց, որ գոմեշի մսի գործով, բացի կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանից, կա եւս 3 մեղադրյալ: Այս վերջինները, սակայն, ՊՆ աշխատակիցներ են:

Հիշեցնենք, որ Օհանջանյանին 2012-ի սեպտեմբերի 1-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»): Նույն օրը նա կալանավորվել էր: Գործարարը շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ հայտնվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով. կալանավորման օրը Օհանջանյանը, որը նախկինում սրտի վիրահատության էր ենթարկվել, կաթված էր տարել, եւ բժիշկները անոթների լայնացում էին կատարել:

ՊՆ աշխատակիցներին ներկայացված մեղադրանքը ՀՀ Քր.օր.-ի 376 հոդվածի 2-րդ մասով է. «Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով»:

Այս 3-ից 2-ը կալանավորված են, իսկ մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Խափանման միջոցները կիրառվել են փետրվարի 23-ից: Թե որ ՔԿՀ-ում են պահվում կալանավորվածները, ՊՆ-ն չի հայտնում: 

Մ. Սարգսյանը դժվարացավ պատասխանել մեր հարցին, թե արդյոք կարելի է սպասել նոր ձերբակալությունների. ամեն ինչ ցույց կտա ժամանակը:  

Հիշեցնենք, որ գոմեշի մսի պատմության գլխավոր դերակատարներից մեկը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, սեպտեմբերի 6-ին երկրի նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից, սակայն մնաց վկայի կարգավիճակում, ինչը շատերի մոտ զարմանք առաջացրեց: Իսկ նոյեմբերին հաստիքի կրճատման պատճառով աշխատանքից ազատվեց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի (ՆԱԴ) տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վարդան Թունյանը, որին մամուլը շտապեց ներկայացնել իբրեւ այս գործով նոր մեղադրյալ: Իր հերթին ՊՆ-ն պնդեց, որ օպտիմալացումը ՊՆ-ում ընթացող բարեփոխումների մի մաս է եղել ընդամենը: 

ՊՆ քննչական ծառայությունը չի հայտնում նոր մեղադրյալների անունները, եւ թե արդյոք դրանց մեջ կա Վարդան Թունյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter