
Գեներալը, տենդերն ու գոմեշները
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի պաշտոնանկությունը մամուլը կապեց ԶՈւ-ում տեղ գտած մի շարք չարաշահումներին:
Փայտյանը բանակի սպառազինության եւ գնումների համակարգի պատասխանատուն էր: «168 ժամ»-ը գրեց, որ բանակին տավարի միս մատակարարելու մրցույթում հաղթող է ճանաչվել գեներալի հետ համագործակցող մի ընկերություն, որն իրականում ոչ թե տավարի, այլ Բրազիլիայից ներկրված գոմեշի մսի ժամկետանց բրիկետներ է տրամադրել զինված ուժերին: Իրականությունը, ըստ թերթի, պարզվել է միայն լաբորատոր հետազոտության արդյունքում:
Փայտյանը նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեց սեպտեմբերի 6-ին: Պաշտոնապես ոչ մի պատճառ չնշվեց: Սակայն ամսի 15-ին կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձավ պետական գնումների գործընթացին՝ շեշտելով թե պատվիրատուների, թե շահած կազմակերպությունների մեծածավալ թերացումներն ու անբարեխիղճ գործելակերպը: Նախագահը զարմանք հայտնեց, թե ինչ է նշանակում, որ գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է պարտք վերցնում մատակարարից: Բնականաբար, ասվածը գեներալ Փայտյանի մասին էր, սակայն թե ինչ պարտքի մասին է խոսքը, չնշվեց:
Գոմեշի մսի վերաբերյալ աղմուկը բարձրացավ այս տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ «Բանակում անարդարություններին՝ ոչ» նախաձեռնությունը հայտարարեց ԼՂՀ պաշտպանության բանակում դեռ 2011-ին հայտնաբերված հնդկական գոմեշի մսի մասին: Հունիսին հարուցվեց քրգործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության հիմքով (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): Նախաքննությունը վարում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժինը: Ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը վերջերս «Հետքին» հայտնեց. «Քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ քննություն: Եվ ոչ միայն այն ուղղությամբ, ինչի կապակցությամբ (ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների) քրեական գործը հարուցվել էր, այլ նաեւ, օրինակ, հարկերից ու պարտադիր այլ վճարումներից խուսափելու: Համապատասխան փորձաքննություններ են նշանակված: Այս պահի դրությամբ ուրիշ տվյալներ նախաքննության մարմինը նպատակահարմար չի գտնում տրամադրել»: Մ. Սարգսյանը հրաժարվեց նշել՝ արդյոք կան գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ:
Հարկերից ու այլ պարտադիր վճարումներից խուսափելն, ըստ էության, կապ ունի Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության հետ:
Ժամանակին նամակ էինք գրել նաեւ նախարար Սեյրան Օհանյանին: Հարցրել էինք, թե վերջին 2,5 տարում ՊՆ-ին ո՞ր ընկերություններից է տավարի միս գնել, ի՞նչ քանակով եւ արժեքով, ինչպիսի՞ միս է եղել դա: Այս հարցերին նախարարությունը պատասխանել էր մեկ պարբերությամբ. «2010-2011 թթ. ՊԲ զորամասերին մատակարարվել է եւ սառեցված, եւ թարմ մսամթերք: Մատակարարված մսամթերքի քանակի եւ այլ մանրամասների մասին տեղեկություններ չենք կարող տրամադրել, քանի որ դրանք պարունակում են որոշակի գաղտնիություն»: Դեռ այն ժամանակ էինք զարմանք հայտնել, որ եթե մսի քանակն ու արժեքը ռազմական գաղտնիքի որոշակի տարրեր պարունակում են, տենդերում հաղթած կազմակերպության անունը չի կարող գաղտնիք համարվել: ՊՆ-ն բազմաթիվ մրցույթների պատվիրատու է հանդիսանում, եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը համացանցում տեղադրում է ինֆորմացիա թե գների, թե քանակի, թե ընկերությունների անունների մասին: ՊՆ-ին նամակ ուղարկելու միակ պատճառն այն էր, որ տավարի մսի մրցույթի վերաբերյալ տեղեկություն համացանցում չէինք գտել:
Հատկանշական է, որ եթե նախկինում խոսվում էր հնդկական գոմեշի մասին, ապա հիմա շրջանառվում է բրազիլական արտադրանքի անունը: Համաշխարհային շուկայում բրազիլական գոմեշի մսի մեկ տոննան 800-1000 դոլարով ավելի թանկ է, քան հնդկական գոմեշինը: Եվ եթե հայաստանյան ներկրողները հնդկական արտոնագրված ընկերություններից տոննան ձեռք են բերում 2150-2300 դոլարով, ապա պետք է ենթադրել, որ բրազիլականի տոննան կարժենա միջինը 3125 դոլար:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2011-ին Հայաստանը միս եւ մսից ենթամթերք ամենաշատը ներկրել է ԱՄՆ-ից՝ 26.204 տոննա (ավելի քան 27 մլն դոլար արժողությամբ), երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 10.404 տոննա (շուրջ 19 մլն դոլարի), երրորդը՝ Հնդկաստանը՝ 9.867 տոննա (մոտ 23 մլն դոլարի):
Ինչպես հայտնի է, գոմեշի միսն ավելի էժան է, քան տավարինը: Առաջինի մեջ ավելի քիչ են կալորիաները, ճարպերն ու խոլեստերինը, փոխարենը շատ են սպիտակուցները, հանքանյութերն ու վիտամինները (տես աղյուսակը): Միաժամանակ գոմեշի միսն ավելի պինդ է ու դժվարամարս, կարծիք կա, որ շոգ եղանակին դրա օգտագործումը մարդու մոտ կարող է ջերմության բարձրացում ու դիսկոմֆորտ առաջացնել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել