HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը

իշխանությունների կողմից ընտրակեղծարարներին հովանավորելու փաստերի կապակցությամբ

Ինչպես եւ սպասելի էր, Սերժ Սարգսյանի խոստումները, թե իշխանությունները հետամուտ են լինելու փետրվարի 18-ին տեղ գտած ընտրախախտումների բացահայտմանն ու կեղծարարներին պատժելուն՝ հերթական շոուի մաս են կազմում:

Ապրիլի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զննվեց Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի փաստաթղթերի պարկը: Հատուկ քննչական ծառայությունը «պարզեց», որ գերազանցապես ՀՀԿ ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կեղծիքներ է թույլ տվել… Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Հիշեցնենք, որ սա այն հանձնաժողովն է, ուր կեղծարարները՝ ներխուժելով տեղամաս, բռնել էին դիտորդ Նարինե Իսմայիլի ձեռքերը, որպեսզի նա չտեսանկարահանի, եւ հարյուրավոր քվեաթերթիկներ լցոնել քվեատուփի մեջ: Նման դեպքում իրավապահ մարմինը պետք է նախեւառաջ գրաֆոլոգիական փորձաքննություն նշանակեր ընտրամատյաններում դրված ստորագրությունների համար՝ պարզելու, թե ովքեր են ստորագրել լցոնված քվեաթերթիկների թվին համապատասխան Հայաստանից բացակայող քաղաքացիների ազգանունների դիմաց: Դրա համար պետք է պարզեր, թե քվեարկությանը մասնակցած քաղաքացիներից ովքեր են իրականում բացակայել երկրից եւ ինչպես է նրանց ազգանունների կողքին ստորագրություն հայտնվել: Սակայն հասկանալի է, որ անարդարադատության նվիրյալները կաշառքով բարձրագույն իրավաբանական կրթության դիպլոմներ են գնել ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ վերադասների պատվերները կուրորեն կատարելու համար: 

Օրերս նաեւ կարճվեց Վանաձորի թիվ 29/13 ընտրատեղամասում սույն հայտարարությանը կից ներկայացված լուսանկարի փաստով զինվորական դատախազությունում բացված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: Կարելի է կարծել՝ դիտողի աչքին է երեւում, որ սպան կանգնած է քվեարկող զինվորից անթույլատրելիորեն մոտ հեռավորության վրա, ինչը քվեարկության գաղտնիության լուրջ խախտում է:

«Բավարար ապացույցների բացակայության» հիմնավորմամբ կարճվել է նաեւ մեկ այլ գործ, որը վերաբերում է Երեւանի Մալաթյա-Սեբաստիա թաղամասում գտնվող թիվ 8/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Սյուզի Ալեքսանյանի այն վկայությանը, թե իր աչքի առջեւ իրականացվել է լցոնում, ապաեւ փորձ է արվել ցուցմունք չտալու դիմաց կաշառել իրեն:

Այսպիսով՝ գործող դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տալիս հասարակությանը, որ մտադիր է հովանավորել եւ իր անձնական պաշտպանության տակ առնել անգամ ամենավերջին ընտրակեղծարարին:

Մենք խստորեն դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից ընտրական իրավախախտումները կոծկելու եւ հանցագործներին պարտակելու քրեորեն պատժելի գործելաոճը: Սրանով Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր, փաստորեն հերթական ինքնաբացարկն է տալիս իր անմիջական պարտականությունների եւ գործառույթների իրականացումից:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
3
ապրիլի 2013թ.
Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter