HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու և ինչպես եղան ապրիլի 9-ի բախումները

Գերլարված այն իրավիճակը, որն առաջացավ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի շրջակայքում, որի արդյունքում մի քանի երիտասարդներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բառի բուն իմաստով ծեծվեց ներքին զորքերի զինծառայողների կողմից, հասունացվել էր Ազատության հրապարակում` ապրիլի 9-ի ճակատագրականության գաղափարախոսության հենքի վրա:

Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց Րաֆֆիի այլընտրանքային ինագուրացիայի կազմակերպման գաղափարը, «Բարևի շարժումը» ծավալվում էր բացառապես այդ օրվան ընդառաջ, կարելի է ասել` հանուն միայն այդ օրվա: Թե՛ հասարակությանը մոբիլիզացնելուն և թե՛ իշխանության հետ երկխոսության եզրեր գտնելուն ուղղված բոլոր գործընթացների գեներատորի հիմքում միմիայն ապրիլի 9-ի գաղափարն էր: Ապրիլի 9-ը վերջնական նպատակակետն էր, իսկ թե ինչ էր լինելու դրանից հետո, մինչև վերջին պահը ոչ ոք նկարագրել, ձևակերպել չէր ցանկանում:

Մյուս կողմից` ինքնին երդմնակալությունը ենթադրում է քաղաքացիական անհնազանդություն: Առանց դրա այն կորցնում է իր քաղաքական նշանակությունը, և դա հրաշալի հասկանում էր նաև Հովհաննիսյանը: Հենց դա էր պատճառը, որ երդվելուց հետո նա հայտարարեց, թե չի ճանաչում Սերժ Սարգսյանի և նրա վարչակարգի իշխանությունը: Ակնհայտ է, որ եթե անհնազանդությանը միտված այս հայտարարությունը գործնական որևէ դրսևորում չունենար, հենց այդ պահին Հովհաննիսյանը, ուղղակի թե անուղղակի, հասկանալի էր դարձնելու, որ այդ ամենն ընդամենը քաղաքական-քարոզչական շոու է: Ահա թե ինչու նա որոշեց իր փաստացի նախագահ լինելը, Սերժ Սարգսյանի իշխանությունը չճանաչելը ապացուցել գործնականում` դեպի Բաղրամյան պողոտա մի քանի անգամ կազմակերպված «գրոհի» միջոցով:

Սակայն դրանք, մեծ հաշվով, ուղղակի փակուղի էին մտցնում շարժումն ընդհանրապես, որովհետև չնայած քաղաքացիական անհնազանդության տարրերի կիրառմանը, որը անկասելիորեն ենթադրում է բախում գործող իշխանության հետ, Հովհաննիսյանը պատրաստ չէր դրան և չէր կարող նման զարգացումների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնել` հաշվի առնելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դասերը և բնավորության առանձնահատկությունները: Այսինքն՝ Հովհաննիսյանը հայտնվել էր փակուղային մի իրավիճակում, որից դուրս գալու միակ ելքը մնում էր հերթական ինքնազոհողության գնալը: Քանի որ հացադուլը, որպես ինքնազոհողության մեթոդ, այլևս կիրառելի չէր կարող լինել, մնում էր միայն մեկ միջոց՝ հասնել ոստիկանության կողմից ձերբակալությանը:

Դա երկու զուգակցված նպատակ էր հետապնդում. մի կողմից՝ այդ ձերբակալությունը վերածվելու էր «մարտիրոսացման»: Հովհաննիսյանը փորձում էր կիրառել այն մեթոդը, որ ժամանակին հաջողություն բերեց Մահաթմա Գանդիին: Այդպիսով նա ձգտում էր վերածվել լեգենդի և դրանով նոր թափ հաղորդել շարժմանը և ապահովել դրա երկարակեցությունը: Երկրորդ` սա նշանակելու էր, որ Հովհաննիսյանը, կամա թե ակամա, մեկուսանալու էր իրադարձություններից, հետևաբար նաև խուսափելու էր հետագա իսկապես խիստ անկանխատեսելի զարգացումների համար պատասխանատվությունից` «ես իմ անելիքն արեցի, մնացածը ձեր գործն է» սկզբունքով: Սա կարող էր անձամբ իրեն` Հովհաննիսյանին, դուրս բերել փակուղուց, սակայն դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ, եթե ոստիկանությունը նրան ձերբակալելու որոշում ընդուներ, այսինքն՝ աներ այն, ինչ ուզում էր հենց Հովհաննիսյանը:

Բայց քանի որ դա տեղի չունեցավ, ամեն ագամ Հովհաննիսյանը ստիպված էր գնալ զիջումների: Դա տեղի ունեցավ թե՛ Պռոշյան փողոցում` ոստիկանության կառուցած պատնեշը հաղթահարել չկարողանալու և թե՛ երեկոյան հանրահավաքից հետո դեպի Բաղրամյան պողոտա կայացած և չարտոնված երթի ժամանակ, երբ կրկին բախվելով ոստիկանության ուժերի կառուցած պատնեշին՝ նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններից հետո, ի վերջո, առանց տաքացած զանգվածին տրամադրելու, մի քանի հոգու ուղեկցությամբ առանձնացավ երթից ու, չգիտես ինչ տրամաբանությամբ, գնաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` փաստացի այդ պահին ամեն ինչի պատրաստ զանգվածին մեն-մենակ, առանց ղեկավարության թողնելով ոստիկանության ուժերի առջև:

Դժվար է ասել` եթե այնտեղ մնացած նրա կողմնակիցների զգուշավորությունը և ոստիկանական պատնեշից մարդկանց մի քանի մետր չհեռացնելու` տվյալ պահին չափազանց կարևոր որոշումը չլիներ, ինչ կարող էր տեղի ունենալ, և ինչպես էր կարողանալու Հովհաննիսյանն արդարացնել իր` որևէ տրամաբանության չենթարկվող քայլը: Ուշ երեկոյան Հովհաննիսյանին, ի վերջո, հաջողվեց հասնել ցանկալի Բաղրամյան 26 հասցե և վերադառնալ Ազատության հրապարակ: Սակայն ի՞նչ տվեց դա նրան և շարժմանը՝ դժվար է ասել: Որովհետև ինչպես դրանից առաջ ոչ ոք չգիտեր` ինչ է լինելու հետո, այնպես էլ հիմա՝ նման բախումների ֆոնին, չգիտի այդ հարցի պատասխանը:

Փաստացի այն պլանը, որը դրել էր իր առջև Հովհաննիսյանը երեկ տապալվեց և կարելի է ասել` տապալվեց գրեթե վերջնականապես: Եթե անգամ շարժումը շարունակի ծավալվել իներցիայի ուժով, ինչն առավել քան անհրաժեշտ է հանրային տրամադրությունները գեներացնելու և սկսված վերարթնացման պրոցեսի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ապա այն Հովհաննիսյան-գործոնի հետ այլևս կապ ունենալ չի կարող, որովհետև Հովհաննիսյանն ինքը կարծես թե համառորեն փորձում է կտրել այդ կապը: Այս մեկ օրվա ընթացքում խտացված կերպով դրսևորվեցին Հովհաննիսյան քաղաքական գործչի և առաջնորդի բոլոր բացասական հատկանիշները. անկանխատեսելիությունը, պահի տակ որոշումներ կայացնելու հակումը և դրանց համար պատասխանատվությունը չափազանց ուշ գիտակցելը, խիստ զգացմունքայնությունը, զանգվածներին կառավարելու փոխարեն զանգվածի, ավելի ճիշտ՝ իր շրջապատի ազդեցություններին տրվելը, պլանավորված չգործելը և այլն: Դեռ առավոտյան նա հայտարարել էր, թե երեկոյան կայանալիք հանրահավաքին ունենալու է ծրագրային ելույթ` հետագա անելիքների վերաբերյալ: Բայց պարզվեց, որ այդ ծրագրի ողջ էությունը միայն դեպի Բաղրամյան պողոտա երթ անցկացնելն էր, ընդ որում՝ հրապարակում «հիմա, հիմա» վանկարկումների ազդեցության ներքո:

Հ.Գ. Կեսօրից հետո Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում երիտասարդ ակտիվիստների, ապա երեկոյան արդեն հանրահավաքի մասնակիցների հետ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած միջադեպերը բոլոր դեպքերում ի հայտ բերեցին մի կարևոր իրողություն. ոստիկանության ձեռագիրը, հատկապես ակնհայտ սադրիչներին հանրահավաքի մասնակիցներից, ակտիվիստներից տարբերակելու հարցում, լուրջ փոփոխություններ չի կրել: Այն վայրենի վերաբերմունքը, որին արժանանում էին բերման ենթարկվող քաղաքացիները, բնորոշում է ոստիկանության կողմից իր առաքելությունը` քաղաքացիների կյանքի, անվտանգության ապահովումը և իրավունքների պաշտպանությունը դեռևս խորապես չգիտակցելու իրողությունը: Սա ուժի հերթական և ցինիկ ցուցադրություն էր: 

Մեկնաբանություններ (10)

Nelli
Очень глупый анализ, совершенно не соответствующий действительности.
Աշոտ
Առնվազն տարօրինկ է շատ լրատվամիջոցների ոչ օբյեկտիվ գնահատականը Արմեն Մարտիրոսյանի դեպքի կապակցությամբ...ինչ բռնություն Արմենի նկատմամբ,եթե նույն կայքերի տեսանյութերից տեսնում ենք որ հենց ինքն է առաջինը հարվածում ոստիկանին,հետո փորձում խույս տալ... իսկ ինչ է ոստիկանը մարդ չէ և պատասխան տալու իրավունք չունի? ...էլ չեմ ասում որ նույն ոստիկանները նրան փրկեցին ավելի համարժեք հաշվեհարդարից
sam
ashot ete qo morn u erexayin el viravorein du el nuyn kerp kvarveir.ev tsankatsats shalvar hagnox
Աշոտ
նախ այդ պահին լավ երևում է որ ոչ մայրը կար ոչ աղջիկը,երկրորդն էլ մյուս տեսանյութում երևում է թէ ինչ անպատասխանատու ձևով վտանգում է նրանց կյանքը ստիպողաբար նրանց տանելով Բաղրամյան պողոտայի միջնամասով հոծ երթևեկության պահին
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես,անկեղծ ասած,արդեն լուրջ չեմ ընդունում այսպիսի հոդվածներ,որովհետև հոդվածում վերլուծություն ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ: Վերլուծություն անել նշանակում է տալ երևույթի ՊԱՏՃԱՌԱ-ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ անալիզը և (ըստ այդմ)առաջարկել ԱՎԵԼԻ ԼԱՎ ՏԱՐԲԵՐԱԿ: Սա է վերլուծությունը: Հայաստանում վերլուծաբանների մեծ մասը ՍՊԱՍՈՒՄ են,որ մի բան ուղիղ չգնա,որ սկսեն ՑԵԽ շպրտել.այսինքն` character killing : Ներող կլինեք,բայց սա դասական քաղաքական դեմագոգիա է: Ախր ի՞նչ կա չհասկանալու. Հայաստանը այսօր իշխում է ՔՐԵԱ-ՕԼԻԳԱՐԽԻԿ մի կլանային խումբ ,որոնք թալանել են երկրի հարստությունը ու գերհարստացել:Ու այս փողով ԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ` սկսած ընտրություններից մինչև փլանփստան: Րաֆֆին արեց/անում է, ԻՆՉ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ է. այդ մարդը ի՞նչ անի- դեմը ԽՈՒԺԱՆ ՄԱՖԻԱ է: Ես հոդվածի հեղինակին առաջարկում են հենց այս հոդվածի տակ գրել կոմենտ ու ասել,թե եթե ինքը լիներ Րաֆֆու տեղը,ապա ի՞նչը ՈՒՐԻՇ կերպ կաներ: Սպասում եմ այդ կոմենտին:
Azniv Hay
Ashot----------Yete Duq nuynisk vostikanin harvazel eq, vostikan@ Dzez harvazelu iravunq chuni, na miayn iravunq uni Dzez dzerbakalel dzerqert volorelov, bayz voch te demqd jaxjaxel, aravel yevs yerb du menak es isk nranq 10-@. ---------Heto, parz e vor Duq HHK-akan eq; bazmativ brnutyunnerov, kasharqov u ahabekutyunnerov kexzel eq @ntrutyun@, Duq da normal eq hamarum, isk ayn vor mardkanz hoginerum nman nengutyunnerov noxkanq eq arajaznum, vor@ inqnabux durs e zaytqum anhnazandutyan artahaytmamb, da normal che?------- Imazeq naev ays yerkir@ pul e galis u Duq chzmvelu eq ayd platakneri tak, vorovhetev HHKn ayd shinutyuniz durs e shprtel ardarutyan baxadrich@. ----------Yes SSin haskanum em u gitem te inchu e na uzum amen gnov mnal naxagah. Dzer nman Bozashunch HHKakanerin xorhurd ktam heru mnal ayd krakiz.
azniv hay
Yes korzrezi vstahutyuns @ndimutyan Karkarun demqeri yev LTP-i handep. Nranq bolor@ OEK-i virusov varaqvezin u tapalezin RH-i haxtanak@. ......RH-n Hayastani patmutyan mej mnalu e Nzdehi u Montei koxqin. LTP-n hivandagin paramolutyamb e tarapum u ir isk xosqerov uzum e Sharl D@ Goli araqelutyamb noriz veradarnal qaxaqakanutyun, vorpeszi ir torner@ parzenan hancharex papikov.
Աշոտ
azniv hay սխալվում էս միշտ ընդիմադիր եմ եղել,շատերը նույնիսկ ճանաչում են ինձ և գիտեն իմ ազնիվ պայքարը,հատկապես բոլոր ընտրություններում,բայց Ռաֆֆին գերազանցեց խեղկատակության չափանիշները և իմ անկեղծ ռեակցիան գուցէ և ձեր մոտ այդ տպավորությունն է թողել
amb
Let’s face it, Hovanissian is capable of leading the opposition movement to the point and extend that we witness him do during the recent election and not further. He is not a serious contender for presidency; at best he could be a member of the National Assembly. But one thing his campaign proved was that campaigning at the grass-root level works. That going from town to town, from village to village, meeting people and being in touch with their concerns and issues, will result in substantial number of votes for the candidate who is willing to do that. That not relying on traditional means of campaigning such as the mass media that includes TV and the newspapers ( which are controlled by the establishment and the regime has the advantage there), the internet and speeches in the capital only - with busing people from the provinces to the capitol instead of the candidate visiting the provinces - is a viable means of presenting a real challenger to the establishment while working within the system without violence and bloodshed.
zartnir lao ...
Րաֆֆին նոր լուսավոր էջ գրեց Հայոց պատմության մեջ և ես համոզված եմ, որ նա կշարունակի իր գաղափարական հաղթարշավը, որի ընթացքում կծնվեն նոր Րաֆֆիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter