Կիրակի, 23 սեպտեմբերի

Վրաստանի դատարանը վարույթ չի ընդունել Չախալյանի հայցն ընդդեմ Սահակաշվիլու և մյուսների



Վրաստանի քաղաքացիական դատարանը վարույթ չի ընդունել և վերադարձրել է Վահագն Չախալյանի հայցն ընդդեմ Վրաստանի իշխանական վերնախավի ներկա և նախկին ներկայացուցիչների: Հիշեցնենք, որ Վ. Չախալյանը դատի էր տվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ, այնուհետև նաև բնապահպանության նախարար Գոգա Խաչիձեին և պատգամավոր Դավիթ Բաքրաձեին: Պատճառը վերջիններիս՝ Վահագն Չախալյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներն էին, որոնց համար Վահագն Չախալյանին մեղադրանք չէր առաջադրվել, և այդ հանցագործությունների համար նա չէր դատապարտվել:

Վահագն Չախալյանը պահանջում էր հերքել տարածած զրպարտությունը, ներողություն խնդրել և որպես բարոյական վնաս հատուցել 22 մլն լարի: Վ. Չախալյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այդ գումարը սիմվոլիկ էին պահանջել. նախագահ Սահակաշվիլու մեկ ամսսվա ծախսն է այդքան կազմում:  

Դատարանը ծանոթացել է հայցադիմումին ու կից նյութերին, եկել է այն եզրակացության, որ հայցը չպիտի վարույթ ընդունել: Դատարանը նշել է, որ հրապարակային ներողություն խնդրելու վերաբերյալ Վ. Չախալյանի հայցապահանջը անհասկանալի է, և ներողություն խնդրելը օրենքով նախատեսված չէ: Դատարանը գտել է, որ Վահագն Չախալյանը պետք է հստակեցներ իր պահանջը և նշեր դրա օրենսդրական հիմքերը:

Վարույթ չընդունելու մեկ այլ հիմք դատարանը նշել է պետտուրքը չվճարելը: Հայցադիմումի պետական տուրքը պահանջված գումարի 3 տոկոսն է կազմում, բայց, ըստ Չախալյանի, Վրաստանի օրենսդրությունը թույլ է տալիս այն հետաձգել մինչև դատական վեճի հանգուցալուծումը, ինչից և օգտվել են իրենք:

Վահագն Չախալյանը հայցադիմումում նշել է, որ, սոցիալապես ոչ կայուն վիճակում է, քանի որ ազատազրկված էր, իսկ բանտից դուրս գալուց հետ դեռևս գործազուրկ է: Այդ հիմքով խնդրել էր պետական տուրքը հետաձգել մինչև հայցի լուծման ավարտը: Մինչդեռ դատարանը դա հաշվի չի առել և մերժման որոշման մեջ նշել է, որ պետտուրքը ամբողջությամբ վճարված չէ:

Դատավոր Անժելա Խուռոձեն նշել է, որ 12 օրվա ընթացքում Վ. Չախալյանը կարող է վիճարկել իր որոշումը: Չախալյանն այդպես էլ անելու է. նա պատրաստվում է բողոքարկել վարութը մերժելու դատարանի որոշումը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ