
Վ. Չախալյանը դատի է տալիս Վրաստանի նախագահին, նախկին վարչապետին, նախարարին և պատգամավորին
Վահագն Չախալյանը դատի է տալիս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ, այնուհետև նաև բնապահպանության նախարար Գոգա Խաչիձեին և պատգամավոր Դավիթ Բաքրաձեին: Պատճառը վերջիններիս՝ Վահագն Չախալյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներն էին, որոնց համար Վահագն Չախալյանին մեղադրանք չէր առաջադրվել, և այդ հանցագործությունների համար նա չէր դատապարտվել:
Հիշեցնենք, օրինակ, որ դեկտեմբերի 2-ին Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, երբ խոսել էր քաղբանտարկյալների ցուցակի մասին, անդրադարձել էր Սամցխե-Ջավախքից ցուցակում ընդգրկված մի անձի, ով իբրև թե ահաբեկել է վրացական եկեղեցու թեմի ներկայացուցչին, կատարել է նաև այլ հանցագործություններ, այդ թվում՝ հարձակվել և ֆիզիկական բռնություն է կիրառել վրացի կրոնավորի նկատմամբ:
Վերջինիս վիճակն այնքան վատ է եղել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց: Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը», որի ներկայացուցիչն է նաև Վ. Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին, դիմել էր գլխավոր դատախազին՝ Դ. Բաքրաձեի անպատասխանատու հայտարարությունն ուսումնասիրելու և զրպարտության փաստի վերաբերյալ նրան հարցաքննելու, Բաքրաձեի հայտարարության իսկությունը չապացուցվելու դեպքում՝ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Սակայն, ինչպես «Հետքին» հայտնեց Վահագն Չախալյանը, դատախազությունն այս դիմումը վարույթ չի ընդունել, և այժմ իրենք դատական ճանապարհով են փորձում պատասխանատվության ենթարկել վերոնշյալ անձանց, ովքեր անհիմն հայտարարություններ են արել՝ իրենց այլ հանցագործություններում մեղադրելով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել