HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Անհատ ձեռներեցը պաշտպանեց իր իրավունքը. նա չի վճարելու ՊԵԿ-ի նշանակած տուգանքը

Գնունու շինանյութերի շուկայի անհատ ձեռներեց և վաճառող Արթուր Էժդարյանը ստացել է Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումը, ըստ որի` Մյասնիկյանի հարկային տեսչության (ՀՏ) մայիսի 31-ի ստուգման ակտը չեղյալ է համարվում: Այսինքն` անհատ ձեռներեցը չի վճարելու 150 հազար դրամ տուգանքը, որն իրեն նշանակվել էր Մյասնիկյանի ՀՏ պետի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման հանձնարարագրով:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Մասնիկյանի ՀՏ տեսուչներ Յուրիկ Վարդանյանը և Սարգիս Սահակյանը հսկիչ գնում էին կատարել անհատ ձեռներեցից. նրան վճարել էին 40 հազար դրամ, և մինչ վաճառողը կհասցներ տալ ապրանքը` 10 հատ սղոցի կտրիչը (որի մեկ հատն արժե 4000 դրամ), գումարը թողած հարկային տեսուչն արագ հեռացել էր: Սրա հետևանքով Արթուր Էժդարյանը չէր հասցրել նրան տալ ոչ 10 հատ սղոցի կտրիչը, ոչ էլ ՀԴՄ կտրոնը, ինչի արդյունքում, ՀԴՄ չտալու հիմնավորմամբ, Արթուր Էժդարյանին նշանակվել էր տուգանք` 150 հազար դրամի չափով:

Յուրիկ Վարդանյանը և Սարգիս Սահակյանը հսկիչ գնումն արել էին` «համաձայն Մյասնիկյան ՀՏ պետի «10» մայիսի 2011թ. թիվ 2604359 հանձնարարագրի»: Իսկ մայիսի 10-ով թվագրված այդ հանձնարարագրում գրված է. «Ուսումնասիրության ժամկետը` 10 աշխատանքային օր»: Մայիսի 10-ից հաշված` 10 աշխատանքային օրը լրանում է մայիսի 23-ին: Մինչդեռ հարկային տեսուչներն ուսումնասիրությունն արել էին մայիսի 28-ին` ժամկետի սպառվելուց 5 օր անց:

Բացի սրանից` հսկիչ գնումն իրականացվել էր ոչ աշխատանքային օր` մայիսի 28-ին:

Արթուր Էժդարյանը հունիսի 6-ին գանգատ էր ներկայացրել ՊԵԿ-ի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին, որն էլ հունիսի 28-ի նիստում որոշել է չեղյալ համարել Մյասնիկյանի ՀՏ-ի վերոնշյալ ստուգման ակտը:

«Այս դիմումով Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մյասնիկյան ՀՏ աշխատակիցներն, առանց հիմքի, սադրանքի և շանտաժի միջոցով, ուզում են տուգանք կիրառել իմ նկատմամբ: Ավելին, նրանք այսպես կոչված ստուգում են իրականացրել ոչ աշխատանքային տոնական օր և մի հրամանի հիման վրա, որով սահմանված ժամկետն անցել էր առնվազն 8 օր»,- իր բողոքում գրել էր Արթուր Էժդարյանը:

Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը վաճառողի գանգատը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի` «Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում...»:

Գանգատարկման հանձնաժողովի որոշման մեջ նշված է նաև, որ Մյասնիկյան ՀՏ պետի մայիսի 10-ի հանձնարարագրով ուսումնասիրության ժամկետը սահմանվել է 10 աշխատանքային օր, ինչով հաստատվում է, որ ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրը:

Ըստ Գանգատարկման հանձնաժողովի որոշման` ընդ որում, բացակայում է որևէ իրավական հիմք, որն իրավունք կտար ուսումնասիրությունն իրականացնել ոչ աշխատանքային օրը: Իր հերթին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

Ուստի, հանձնաժողովը եզրակացրել է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ 31.05.2011թ.-ի թիվ 2104104 ստուգման ակտի կազմման համար հիմք են հանդիսացել ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ պետի 10.05.2011թ. թիվ 2604359 հանձնարարագրով ոչ աշխատանքային օրը ձեռք բերված տվյալները, ինչը հանդիսանում է ՀՀ օրենսդրության պահանջների խախտում և չի կարող հիմք հանդիսանալ խախտման փաստի առկայության հիմնավորման և պարտավորությունների առաջադրման համար»:

Հիշեցնենք, որ «10 հատ չվաճառված սղոցի կտրիչի գինը. նախագահի ելույթից մեկ օր անց» հոդվածի առթիվ ՊԵԿ-ը հունիսի 16-ին «Հետքին» ուղարկել էր պարզաբանում, որում, մասնավորապես, նշված է. «...իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ հարկային տեսուչները, խախտելով օրենքը, ուսումնասիրությունն իրականացրել են ժամկետը սպառվելուց հետո: Ինչ վերաբերում է այն հավաստիացումներին, որ հսկիչ գնումն իրականացվել է ոչ աշխատանքային օր` մայիսի 28-ին, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011թ-ի մայիսի 26-ի հրամանով, տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի համապատասխան աշխատակիցների համար 2011թ-ի մայիսի 28-ը համարվել է աշխատանքային օր»:

Մեկնաբանություններ (2)

karen
Ete PEK @ cankana stugumner anckacnel, u nra npatak@ lini hskoghutyun@, ayl woch te plan katarel@, ayspisi kapikutyunner el 4en lini! In4 e nshanakum stugumn irakanacnel miayn nshvats jamanakahatvatsum? Nuynn e te wostikan@ linelov qaghaqaciakan hagustov (tsarayutyun 4irakanacnelu pahin) a4qer@ paki nra nerkayutyamb katarvogh hancanqi nkatmamb! Ete harkayini tesu4n iskapes ayd stugumn arel e, ayl wo4 te arel e gumar shortelu npatakov, apa nran petq e xraxusel angam, qanzi na hangsti hashvin ashxatel e! Sakayn datelov nra hap4ep ararqic (gumar@ gcel u heranal, angam apranq@ 4vercnelov), nra npatak@ eghel e wo4 ardar!
Արթուր Պետրոսյան
Պետք է յուրաքանչյուր քաղաքացի տեր կանգնի իր իրավունքներին և պաշտպանի իր օրինական շահերը: Միայն այդ դեպքում կարող է մեր հասարակության իվագիտակցությունն առաջընթաց գրանցել: Եթե Արթուր Էժդարյանը ակնհայտ խուսափում է հարկերից, ապա ինչ-որ տեղ ՊԵԿ-ի գործողությունները կարող են արդարացված լինել (իհարկե օրենքի շրջանակներում), իսկ եթե Ա.Աժդարյանը գոնե 90%-ով ազնիվ ԱՁ է, ապա ՊԵԿ այս գործելաոճը արդարացում չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter