HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Եվրոպայի երկաթե ճանապարհներին-2

Սկիզբը 

(22.06.2000թ.) Գերմանական ժամանակով հինգն է, մոտենում ենք Մալբորկին, անցնում` կանաչ, անմշակ Լեհաստանով: Հորդ անձրև է գալիս, գնացքի երկու կողմերի պատուհաններից լցվում է ներս: Ինչքան խորանում ենք, գյուղերը դառնում են մերոնց նման` խարխուլ, անպաշտպան: Հեռու մի տեղից անձրևը թախիծ բերեց: Այդ կաթիլը, այդ ջուրը, այդ երաժշտությունը, այդ մեծ քաղաքակրթությունը, որ մի անգամ Կոլումբոսը նավը կանգնեցրեց Ամերիկայի ափերին: Պետական և մասնավոր ճանապարհորդական ընկերությունները իրենց գերժամանակակից ալեհավաքների, համակարգիչների հովանավորությամբ` թիանավերով, հածանավերով, սուզանավերով, ինքնաթիռներով, տիեզերանավերով, ատոմանավերով, մոտորանավակներով օվկիանոսների անհայտությունները դարձրին ճանաչելի տարածքներ: Ծովերի նշանակությունը անհետացավ մարդու հոգուց, երբ ջրերը հիմն են անհասանելի մշտնջենավորի: Օվկիանոսների ամեն մի հատվածը բովանդակավորված է անձրևի կաթիլով, գետերով, ջրանցքներով, լճերով, կամուրջներով, ծովերով, և նրա ամեն մի դրվագը առաջարկում է մեզ` կանգ առնել իր մեջ: Ոչ ոք էլ ոչ մեկին ոչինչ չի սովորեցնում, ամեն մեկը գիտե այն, ինչը վերապահված է իրեն: Իմ ճանապարհը պիտի գնամ միայնակ` իմ ունեցածով, այն, ինչը` կա: Զզվելի և տխուր պայքար: Տիեզերազարկ ունայնություն, թախիծ:

Երեկ Հաննովերում, «Էքսպո – 2000» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարում եղա:

Ո՞վ էր Նոյը:

Ջրհեղեղը քշել նրա տապանը, բերել-կանգնեցրել է Արարատի գագաթին: Ի՞նչ է Արարատը: Մեր Սուրբ լեռը, որ մեզ ցեղասպանության ենթարկելով` վերցրին:

Ահա այս երկու սիմվոլների ֆոնի վրա, ցուցահանդեսով` Հայաստանն է ներկայացված, դիմացի պատին էլ` այն վեց վիլայեթների մանրակերտ քարտեզը, որ կորցրել ենք:

Ցուցահանդեսի բովանդակությունը, այսպիսի վկայություններով, շատ նման է դյուցազներգության պատմությանը, երբ Դավթի անեծքով Մհերը փակվեց քարայրում:

Այս իմաստուն ուսուցանության միտքը հասկանալի ասում է, որ երկրագնդի վրա մարդու համար ամենամեծ պատիժներից և խոշոր դժբախտություններից մեկը ակնթարթը հավերժություն դարձնելն է` մարդուն պոկել, դուրս հանել իր ապրած ժամանակի միջից և իր շարժման մեջ, որ ընթանում էր, արգելակել` ահա քարայրը մութ:  Սա այն կախարդական քարանձավն է, որտեղից չենք կարողանում դուրս գալ: Տարիներ շարունակ մեր մշտական պտույտն է Ագռավաքարի ներսում: Անցյալի հիշատակները անդադար կանչում են այնտեղից, իսկ մենք, միստիկ հավատով կանգ առել դարերի մեջ, սպասում ենք, թե երբ պիտի աշխարհում ցորենը լինի ալոճի, գարին` մասուրի չափ:

Չէ՞ որ համամարդկային քաղաքակրթության գանձարանում պահ տված արժեքներ ունենք. իրավունք չի վերապահված` մեր ճանապարհը, մեր խոյանքն ընդհատելու:

Համաշխարհային քաղաքակրթության առաջընթացը և մեր անցյալի  հիշատակները` ահա երկու ծայրահեղ, իրար հակասող ափեր, որոնց միջև, փոստատար աղավնու նման թպրտում է մեր տեսակը: Պետք է մտքի զորություն ունենանք` այս երկու ափերը միացնելու  և զգոնություն` համաշխարհային մշակույթից դուրս չմնալու համար:

Ամբողջ իմ գիտակցական կյանքի ընթացքում սպասել եմ կարմրածուփ նշանը ճակատին ԿԱՆՉՎԱԾԻՆ, որ համազգային ծրագիր կբերեր:

Ուրիշ պատճառներ էլ կան տխուր լինելու, ես շատ տխուր էի:

Կենտրոնական փողոցներից մեկում քրդերի նստացույցին հանդիպեցինք: Մի պարախումբ էլ, ուս-ուսի տված պարում էր նրանց շուրջը` հազվադեպ գոռալով «Ազատություն ափո Օջալանին»: Սրանք էլ իմ պատմական հայրենիքի անվանը ուրիշ  հնչեղություն տալով, Եվրոպայի հրապարակներում Մեզոպոտամիա ասելով` համարում են իրենցը: Մարդը մահապատժի դեմ էր կանգնած, նրանց հետ գոռացի. «Ազատություն Օջալանին»:

Մեր խմբից գեղեցկուհի մի աղջիկ` կապույտ, տխուր աչքերով, ինձ էր նայում, իմ գոռալուն հետևում: Տխուրը  կիսատ բառ է, ավելի ճիշտ կլինի ասեմ թախծոտ աչքերով, որովհետև այդ աչքերին` նույն արտահայտությամբ, շաբաթներ հետո  կհանդիպեմ Բեռլինում, կտեսնեմ նրանց, գլխի կընկնեմ, որ թախիծը ամբողջական զգացողություն է, ներսում նաև բանականություն է կրում: Բեռլինի սրճարաններից մեկում  մի քանի գրողներով` իսլանդացի, գերմանացի, սուրճ և գարեջուր կխմենք, ինքն էլ մեզ հետ կլինի, նրան կհարցնեն` որտեղի՞ց ես, կպատասխանի. «Թուրքիա, Էրզրումում եմ ծնվել»: Ինձ էլ կհարցնեն, կասեմ. «Պապիս հայրը թաղված է Էրզրումում, պապս  թաղված է Ջավախքում, հայրս` Հայաստանում»: Կասեմ մտքիս մեջ. «Պտտվել եմ Էրզրումի շուրջը, ինչպես ցանկապատ քաշած խնձորի այգու բոլորն են շրջում»: Կապույտ, թախծոտ աչքերով թուրք բանաստեղծուհին կհարցնի. «Մանկությունդ որտե՞ղ անցավ»: Կպատմեմ իմ Ախալքալաքի մասին, թե այնտեղ անձրևներն այնքան պաղ են, որ նրա վրայով թռչող կռունկները ոչ մի անգամ վայրէջք չեն կատարում, մեզ` երեխաներիս  հուսահատությունը ցրելու համար, ինչքան էլ մեր պապերը  համոզում էին, թե գլխարկներս թարս դնենք: Մեր երկրում այդպիսի ավանդապատում կա, թե երկնքով անցնող կռունկներին տեսնելիս, եթե գլխարկդ հակառակ դնես, երամը կիջնի մարգագետնում:

Սակայն մեր ջանքերն իզուր էին անցնում:

Սեղանի հակառակ կողմից գեղեցկուհի մի աղջիկ, կապույտ, թախծոտ աչքերով, ինձ կնայի, թախիծը ամբողջական զգացողություն է, ներսում նաև բանականություն է տանում:

(25.06.2000թ.) Կալինինգրադ, պետական համալսարան, կլոր սեղան: Հավաքվել է դասախոսական կազմը. բոլորին` պրոֆեսորներ և դոցենտներ, տիտղոսներով են ներկայացնում: Մենք էլ` հրավիրված գրողներս, նրանց հետ վաթսուն-յոթանասուն հոգի  կլինենք: Բանավեճային թեմաներ են:

Սա իմ` Մադրիդից հետո երկրորդ ծրագրային` «Գրականությունը և պատերազմը» վաղօրոք, դեռևս Հայաստանում պատրաստած ելույթն էր: Եվ սառը լռությամբ, և լավ ընդունվեց: Կողքիս ադրբեջանցին է նըստած, ասում է` մտածում եմ կարդացածիդ շուրջ:

Խոսում է ֆրանսիացին` ընդհանուր գծերով, իր գործն է, իր բառը, իր նախադասությունը:

Միտքս հեռանում է նրանցից:

Մեր լեզվի անկրկնելի խորքում է ժողովրդի հիշողությունը պահպանվում: Կպահպանվի՞ խորքը և հիշողությունը: Երբ Եվրոպան քառասունհինգ երկրների միասնությամբ և քառասունհինգ խոսակցական լեզուներով հասնի Կովկաս, արդյո՞ք չի ճզմի մեր անցյալի սիմվոլներն ու մշակույթը: Թեև աշխարհի պատմության մեջ կան օրինակներ, երբ քաղաքակրթությունն ու մշակույթն իրարից առանձին էլ կարող են գոյատևել, ինչպես Հարավային Կորեայում` կա մեծ քաղաքակրթություն, չկա մշակույթ: Մենք ունենք խոշոր մշակույթ, չունենք քաղաքակրթություն: Իսկ Եվրոպան ունի այս երկուսի համադրությունը:

Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`

Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,

Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան...

Չարենցի տողերի հիշողությունը պահից ծնվեց, սակայն այս պահը մեկ ուրիշ կողմ էլ ունի. Հանճարը չունի ազգություն: ՆԱ և Հայրենիքը հակադրություններ են... Պարզապես, Հանճարը նաև սիրում է այն հողը, որտեղ ծնվել է, իսկ Հայրենիքը և սիրում, և իր մեջ  սպանում է Հանճարին: Հավերժական հակադրություն` արարման և ոչընչացնող ոգու: Չարենցի և հայրենիքի մենամարտը` իր Հանճարին իր հողում սպանելու, զնդան դնելու ձգտումը և նրա սերը անսահմանության նկատմամբ, այս սիրո դրդումով էլ ՆԱ թույլ տվեց իրեն մեռցընել...

Ադրբեջանցին երկրորդ անգամ ելույթի իրավունք է խնդրում, բարի ու գովասանական խոսքեր է ասում «Գրական էքսպրես» միջոցառման կազմակերպիչների հասցեին, գուցե Եվրոպայի միասնության համար դա է՞լ  է կարևոր:  Նստելուց հետո իմ ելույթի տեքստն է խընդրում իրենց մամուլում հրատարակելու համար, բայց այնպես է խոսակցությունը վարում, որ ներկաները լսեն: Սա փորձություն է, եթե իմ տեսակետների մեջ անկեղծ եմ, պիտի որ համաձայնեմ, բայց չգիտեմ` ինչո՞ւ խուսափում եմ: Վերջում պայմանավորվում ենք, որ պատճեն տամ: Նույն օրը, երեկոյան, «Ազատություն» ռադիոկայանը այդ ելույթը` «Պատերազմը և գրականությունը» վերնագրով, եթեր տվեց.

Ահա տիեզերքի հավերժ խաղաղության մեջ փքված, կլոր փորի նման երկրագունդը, նրա պորտը` բիբլիական Անդրկովկասը ցնցվում, թպրտում է, այդ պորտի բաց վերքի վրա է մշտապես ցանվում աղը:

Չոր հողի երեսը առատորեն թրջած, պղպջացող արյունը Կովկասի բնակչի համար բնաջնջման սարսափ սփռող անասնական վախ է դարձել:

Հիմա, այստեղ, պատերազմները և դիպվածները այնպես չեն, երբ գալիս էին արգոնավորդները` ոսկե գեղմը տանելու: Եթե պատահեր, որ զինվորը նետից կամ սրից խոցված ընկնում էր, պատահականորեն այդ կողմերով թռչող մի հրեշտակ տեսնելով նրան` իջնում էր երկնքից, խոտի տերև կամ փետուր քսելով վերքին` փրկության լույսն էր վառում:

Հայկական ավանդապատումներում պահպանված տեղեկություններն էլ ասում են, թե վիրավոր մարտիկը, երբ հայրենի հողից մի պըտղունց բերանում ծամելով` շաղախ դարձրած, դնում էր կտրվածի վրա, դադարում էր արյունահոսությունը, վերքի բացվածքից հեռանում էր մահը:

Բիբլիական աշխարհը կողմնակից էր մարդու ապրելուն:

Հիմա այլ են պատերազմները Անդրկովկասում: Այստեղի կապույտ, պսպղուն երկնքով անցնող հրեշտակներն այլևս չեն կարողանում իջնել այրվող հողին  կամ եթե իջնում են, իրենք էլ զինվորի հետ մեռնում են  անօգնական:

Ես ինքս, որպես այդ պատերազմի ականատես, գիտեմ և շատ անգամ եմ լսել Աստծո ձայնը, և թիկունքիցս, և դեմիցս, թե ինչպես էր կանչում երկրագնդի երեսից գիշերվա մի ակնթարթում կորած իր լեռանը, իր լճին, իր քաղաքին, խնձորի այգուն, իր մարդուն, կորած իր հրեշտակին:

Այս մղձավանջի, մենության ու քաոսի խորքից ամեն մի պետության և ցեղի առաջնորդ իր երաժշտությունն է հնչեցնում, ժողովուրդներ են նետում հրդեհների մեջ և պարեցնում են իրենց իսկ հորինած մեղեդու տակ:

Մարդկային միտքն այսպես մոլոր, կույր, թափառական, դարեր շարունակ հանձնված կարմրածուփ սատանայի ճշտապահ խաղի օրենքին, նորից ու նորից վերադառնում է և իր վերադարձով դարձյալ ետ է գալիս  և կանգնում իր սկզբի վրա. դարեր շարունակ պատահած  նույն  պատերազմներն ու նույն խաղաղությունը, այս կրկնությունից, ինքն իրենից չի փրկվում այս մարդը...

Անդրկովկասը, աշխարհագրական դիրքի պատճառով, հազարամյակներ է արդեն իսկ, որ դեպի ճրագակրակը նետվող գիշերային թիթեռի նման թռչկոտում է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ այս հանգամանքով է, որ չստեղծվեց Անդրկովկասի միաբանությունը:

Տակավին դեռ այդպես չէ:

Բերանում ծամված, շախաղ դարձրած, վերքին դրվող հայրենի հողն էլ այլևս չի փրկում այս պատերազմներից:

Հիմա գրողի խնդիրը, հայրենիքի կառույցը անառիկ պահելու համար, ոչ թե պաթետիկ ոճով հերոսական վեպեր գրելով` զինվոր դաստիարակելու գործն է լինելու, այլ մեկ ազգի, մեկ պետություն  ոչնչանալը երկրագնդի կործանում համարելը: Գրականությունը կարողանալու հնարավորություն  է` պատերազմը ատել տալու առանց նշանակության, թե ու՞մ, ո՞ր երկրի, ո՞ր գերտերության պատերազմն է: Այս մոլորակի, այս մարդու փրկության ճանապարհն անցնում է այն երկրի միջով, որտեղ նրա բնակիչը տուն է կառուցում, որտեղ պահում է իր արվեստագետին, իր գործարանները, իր կնոջը, իր զավակներին, որտեղ բազմանում են բանկերը, ծաղկում է առաքինությունը, որտեղ բորբ արևի տակ ծփում են ցորենի դաշտերը, լճերում խայտում են ձըկները, առատությունից շունը կտուրին` խոտի դեզի տակ, կատուն պատուհանի գոգին է մեջքը ուռեցնելով ուրախանում, երբ զավակները ուսանում են ցնծությամբ, կույսը հրճվում է, գազօջախի կրակը չի մարում և կյանքի օրհնությունն է թափվում մշտապես...»:

Երբ վերադառնում եմ հյուրանոց, գլխի եմ ընկնում, որ այս ամենի  մեջ քաղաքականությունն ավելի շատ է, քան գրականությունը:

(26.06.2000թ.)  Գնում ենք Լիտվա: Մտածում եմ` իրականում ոչ մի օտար լեզու, անգամ կարգին հայերենի խոսակցականն էլ չգիտեմ: Մի քանի տարի առաջ շատ էի նեղվում այս վիճակից: Գիտենալով, որ զգայական եղելության հոսքը երբեք հնարավոր չէ բառի կաղապարով արտահայտել:

Հետո գտա մարդկանց, որոնք երբևէ անապատ  էին գնացել` «Լռության երդում» տալով: Նրանք աշխարհից բաժան էին ապրում, բայց կիսում էին նրա դատապարտվածությունը և երջանկությունը, մեկը` գույնով, մյուսը` բառով, ուրիշը` խորագիտությամբ: Գրիչը, ծաղկողը, իմաստունը, մինչև արարվող գործի ավարտը` դա լիներ մեկ, երկու, տասը տարի, տված «Լռության երդման» համաձայն` պապանձվում էին` իրադարձության (ձևը)` բառը, գույնը, խորագիտությունը որոնելով իրենց ներսում:

Բայց այս նվաճումների, պարտությունների դարը, որ ամեն տեսակ կուսակցությունների, դավանանքների, հասարակական կազմակերպությունների, անհատների համար օրենքներ և մանիֆեստներ է ստեղծել, չի ճանաչում  այն մարդկանց իրավունքները, որոնք ցանկանում են դարից բաժան, աշխարհից դուրս ապրել: Նրանց հետախույզները գտել են բոլոր անապատների  ճանապարհները, նրանց մուտքերին երկաթե դարպասներ են կանգնեցրել` փակ կողպեքներով: Մնում է միայն լեռը` իր քարանձավով, լեռն իմ ներսում, միայն ներսն է մնացել...

Փառք տալ Աստծուն` մի ամբողջ կյանք լալկված լինելու համար, չկարողանալ բանավոր ասել խորքինը, որ մենության մեջ է, միայնակի ճանապարհին... Եվ լավ է... ջլատող, զզվելի մշտնջենավորի շինարարություն...

Կազմակերպիչները` միակողմանի գործելակերպով, կասկած են հարուցում: Մտածում եմ` Մոսկվայից տուն չվերադառնա՞մ... գլխիս մեջ շարժվում  են էծերը, իսկ ես նրանց քանակը և նույնիսկ գույներն էլ գիտեմ: Դեռ  Վիլնյուս չենք հասել, արդեն հոգնել եմ, կարծես արևը կանգնած է անապատի վրա: Ադրբեջանցու, այսօր, մեր վագոնի մեջ լինելը փորձություն է, անընդհատ նույնը...

Լիտվայից գնում ենք Լատվիա: (28.06.2000թ.): Անձրև է գալիս: Մութ լույս է: Մեր Եվրոպառլամենտին անդամակցելը կամ Նոր եվրոպական տան լիիրավ անդամ դառնալը լավ է: Բայց գլոբալիզացիան առաջին հերթին ենթադրում է փոխկապակցված նոր աշխարհ, որը հաղորդակցությունների և տեղեկատվության ոլորտում կատարած հեղափոխության շնորհիվ կփոխի աշխարհի զարգացման ընթացքը: Հենց դա էլ ամենից շատ է վախեցնում` առաջին հերթին ավերելու է փոքրաքանակ ազգերի մշակույթն ու լեզուն: Նրանք, բավականաչափ թարգմանիչներ չունենալու պատճառով, չեն կարողանալու ոչ ծանոթանալ մյուս մշակույթներին, ոչ էլ հնարավորություն կունենան իրենց մշակույթը պահպանել: Ի վերջո ընդունելու են իրենց երկիրը ներհոսող խոշոր տերությունների լեզուն` որպես առաջնային և տրորվելու են նրանց մշակութային հեղեղի տակ: Նաև անժխտելի է, որ փոքր և թույլ զարգացած երկրների աշխատավորության համար ստեղծվելու են նոր աշխատատեղերի և բարձր աշխատավարձի հնարավորություններ: Լինելու է բնակչության մասսայական բռնությունների (գուլագների) բացառում, իրավունքների և հնարավորությունների ընդլայնում` նրանց ընդգրկելով համաեվրոպական հասարակական կյանքի մեջ:

Իհարկե, կլինեն նաև միջազգային  ֆինանսական ճգնաժամեր, ինչպիսիք եղան Արևելյան Ասիայի երկրներում, մի երկրի ֆինանսական անկայունությունը ցնցումների մեջ գցեց մյուս երկրներին:

Կտեսնենք մահացու հիվանդությունների` շատ կարճ ժամանակահատվածում ազգերի բնաջնջելը, ինչպիսին ՍՊԻԴ-ը, խոլերան է: Անհատականությունների սպանություններն ու ահաբեկչությունը կշրջեն տիրոջ իրավունքով: Հարց է առաջանում` ինչպե՞ս է լինում, նաև դարեր շարունակ այդպես է պատահել, որ իրենք են մեզ ջոկում, ընդունում, հեռացնում, ինչի՞ց է, որ միշտ հայտնվում ենք ուրիշների խաչմերուկում: Լավ, եթե Աստծո կամոք պիտի մշտապես այդտեղ հայտնըվենք, խաչմերուկի տակ գոնե անցում պիտի փորած լինեինք...

Ես չեմ ուզում` իմ տան պատուհանները բացել, իսկ սրանք զոռով փեղկերը բացում են դեպի Եվրոպա:

Մեր Եվրոտանը լինելը միանշանակ չէ` ռիսկերի և հնարավորությունների ժամանակաշրջանն է գալու: Եթե համաշխարհային ճընշումներն ու քաղաքականությունը, այս ժամանակահատվածում նաև մեր ազգային անվտանգությունը, պահանջում է, որ այնտեղ լինենք, ուրեմն հարկավոր է ՄԵԾ դիվանագիտական նախապատրաստական աշխատանքներ սկսել հենց այսօրվանից:

Բայց մեր վարած արտաքին քաղաքականությունը թույլ է և անզոր-նպատակամետ` իր տկար դեսպանատներով, նվազ նյութատեխնիկական բազաներով, մարդկային` քիչ պրոֆեսիոնալ, շատ սիրողական քանակով, երբեմն տարբեր քաղաքներում  լուսանկարչական ներկայություն ապահովելու նման ներկայությամբ...

Վագոնի պատուհանների քիվերից ջուր է կաթկթում... մութ անձրև է... Միտքս չի կտրվում. մի դուռ է բացվել, մեզ մի տեղ պիտի խցկեն... միշտ պատահել է, դարձյալ պատահում է... Վագոնի լուսամուտի ապակու վրայով անձրևի կաթիլ է իջնում վերից վար... տան  մի դեղին դուռ է  բռնկվում... մի սպիտակ կով է երևում... թրջված մարդիկ...

Ամսի 30-ն է, վեցերորդ ամսի, 2000 թվականի: Գնում ենք Էստոնիա: Անտառ է, մայրու ծառեր: Ծառը ծառի ետևից... ծառը ծառի ետևից... կետեր, թռչող կետեր, հոսում են կետերը, օքրայագույն բներով` մայրիներ: Դարձյալ պատմվածքի սյուժեն` կրկին նույն առեղծվածը, այն կա՞, թե` ոչ...

Կարծեմ` ոչ, այս մոտեցումով զննելիս, իմ առաջին գրքի պատմըվածքներն անիմաստ են դառնում...

Այս պահին, երբ գնացքի սլացքի հետ, պատուհանից դուրս, ծառը ծառի մեջ հոսք է դառնում, հասկանում եմ, որ մարդկային միտքը մոռացվում է իրար ետևից, քիչ առաջվա ինչ-որ բանի պատմությունը ենթակա է ինքնաոչնչացման: Ինձ վիճակված է կորչել ինձ արարողի մեջ: Ներքին` երրորդ աչքի տեսողությամբ պետք է ճանաչել մարդկային կյանքի ակնթարթային տևողությունը և նրա էության հավերժական լինելը ու նրանց մեջ որոնել զգացական խորությունը, որը դուրս է գիտակցական աշխարհից, սակայն գիտենալով, որ միշտ առաջին ընկալման սկիզբը հեշտ է կողմնորոշվում հնարավորին և ներկային որոնելիս:

Մեր ժամանակների Եվրոպական նորակերպ մտածողությունը քամահրում է մարդկության պատմության երբևէ ստեղծած արժեքները: Առևտրա-բիզնեսային հարաբերությունները ստիպում են անլուրջ վերաբերմունքով շուկա հանել գեղանկարչությունը, երաժշտությունը, գրականությունը և այն ամենը ինչ ձեռք է բերվել սերունդների լավագույն մտքի փայլատակումով: Նրանցից վերաստեղծում են թեթև ժանրի` կատակային ծրագրեր, դարձնում են հեռուստատեսային ֆիլմեր, շոուներ, մուլտֆիլմեր: Երաժշտության ոսկե ֆոնդն օգտագործում են նորաձևության սալոնների համար: Այս ամենի մեջ վտանգավորը հարմարեցումն է, երբ մտքի ամենախոշոր նվաճումը հարմարեցվում է ծիծաղին, նրանից դուրս է թողնվում ամենաէականը:

Մեր օրերում գրելու համար պիտի խելագար լինել, իսկ եթե անբուժելի է այդ հիվանդությունը, ուրեմն պետք է այնպես գրել, որ այն չհարմարվի  որևէ ծրագրի: Վեպը չպիտի վերապատմվի, պետք է դուրս գա սյուժետային միասնական գործողության օրենքներից` զգացական ներկայի խորքում որոնելով գոյին և նրա անիմաստին, ձևին և նրա անձևին, զգացականի իրադարձությունը...

Այս ճանապարհորդության ընթացքում լինելով մամուլի ասուլիսներում, մասնակցելով տարբեր համալսարանների կլոր սեղաններին  և հասարակական հանդիպումներին, ծանոթանալով Եվրոպայի գրողների գրավոր և բանավոր խոսքին` ակնառու երևում է, որ մեր` թե հին, թե ժամանակակից բանաստեղծությունը, եթե նրանցից առավել չէ, ուրեմն չի զիջում դույզն-ինչ:

(05.07.2000թ.)  Հայտնվել ենք նախկին Սովետական Միության կցմըցված երկաթե պաստառներին, մեր Բաբելոնյան աշտարակը Էստոնիայից, կանաչածածկ ծավալների միջով, հոսում է դեպի  Սանկտ-Պետերբուրգ: Անձրևի ջուրը ճյուղավորումներով իջնում է ապակու վրայով, դեռ Կալինինգրադից սկսվել է անձնագրային ռեժիմը, սահմանապահները` վարժեցված-քաղաքավարի, մեր փաստաթղթերն են ստուգում:

Նախադասություններն առանց ավիշի անզոր են գրվում, մտքերը` տխուր: Թվում է, թե էլ ի՞նչ եմ ուզում, այսպիսի ճանապարհորդություն, այսքան երկրներ, էլ ի՞նչ եմ ցանկանում... մի բան, միայն թե չտեսնել այս մահկանացու մարդու խարխափումները` ծննդից մահ, երջանկությունից դժբախտություն, ժամանակից անժամանակ` այս մարդու թավալվելը... Ինչու՞ չեմ կարողանում ուրախանալ, Տեր Աստված... Գուցե, որ ներսում խոսու՞մ եմ իմ լռության հետ... Կամ գուցե ես գնում եմ գնացքով, իսկ իմ ոգին ոտքով գալի՞ս է գնացքի ետևից: Այսօր, հենց առավոտյան, մի քանի րոպե քնել էի բազկաթոռին, այդ երազն էի տեսել, արթնացա, զարմացել, տրտմել էի... Մենք ետ մնացած մեր ոգիներին չենք սպասում... Հոսում է ժամանակը, ծորում է ավազի նման գնացքի միջով` այս Բաբելոնյան աշտարակի ներսով... Կարելի է և երջանիկ լինել և տխուր... Դուռը բաց է`...

(06.07.2000թ.)  Մոսկվա:

Տան պատերը: Տունը մարդուն մղում է խելացի տառապանքի: Տղամարդու կյանքում մի տարիք է գալիս, երբ տան պատեր տեսնելը ամենակարևորն է դառնում: Տունը խելացի տառապանքի սիմվոլն է: Հողագնդի վրա մի ժամանակ կա, որ մարդը միայն այդ տարիքում է բահ վերցնում, հիմքերի համար հող փորում, տուն շինում: Դա նշանակում է, որ նա արդեն պատրաստ է տառապանքի, այսինքն` մերձավորի մահվան, որդու կորստյան, այսինքն` որ նաև իր մահվան հերթն է: Տունն այնտեղ է, ուր իմաստավորն ու անիմաստը հասունացնում են մեզ խելացի տառապանքի համար: Տան պատը, և մենք, և մեր մահը...

(07.07.2000թ.)  Մոսկվա գետ, նավի վրա:

Ջրի գույնը աբսենթի պղտոր կանաչ է: Նավին փոքրիկ մոտորանավակներով ուղեկցում էին բոլոր` գաղտնի և տեսանելի ծառայությունները: Տախտակամածին նվագախումբը ջազ է նվագում, խորտիկներն առատ են: Ռուսաստանը զգացմունքների երկիր է ու ծիսական:

Ինչքան էլ ասենք թե Փարիզը մի գեղեցկուհի աղջիկ է, ամենուր իր կլոր կամարների ճարտարապետությամբ, կոնքերը շորորող շվայտ կնոջ նման է, իսկ Բեռլինը իր հրապարակներում և քաղաքի մուտքերում կանգնեցրած պինդ ֆալլոս հիշեցնող բարձրասլաց, հաստատուն սյուներով, ազգային խստակյաց բնավորության նշաններով որձ է, այնուամենայնիվ Եվրոպան իր հավասարակշռությունը պահպանում է երկու հակադիր, բայց զգազմունքային մշակույթով, մշտապես իրար ձգտող երկրների` Ֆրանսիայի և Ռուսաստանի շնորհիվ:

Այսօր Ֆրանսիան հոգնած, ալեհեր աշխարհ է. ամեն քայլափոխի հանդիպող նրա խոշոր մշակույթը վկայում է երբեմնի` մարդկության պատմությունն առաջ մղող զգացմունքների խառնարանում արարված արվեստի մասին, մի արվեստ, որ հիմա, այն զգացմունքային ապրելակերպերից մնացած, լոկ ձև է դարձել:

Մի ծառի բուն է լողում` հաստ, ճյուղավոր բուն, մեր նավը լողում է նրան հակառակ: Ջուրը` աբսենթի կանաչով, ջրի հոսքը, պիտի կարողանալ լողալ նրա նման` հոսել ամբողջությամբ...

(12.07.2000թ.) Վարշավա, «Պոլինա» հյուրանոց: Բելոռուս-Մինսկը մնացել է ետևում, ինչպես ամայությունը, ինչպես գիշերվա մութի միջից` հեռվում բռնկվող միայնակ մի ծխախոտի կրակ:

Մի երկիր, ուր անձրևոտ գիշերը մի տան մեջ թողեցի վերնաշապիկս, որ մշտապես հավատամ  երբևէ  վերադարձիս... ինչպես ամայությանը...

 Չեմ հասկանում` այս ինչ բան է` բազմության օրենքը, ինչ որ եկել է առաջին օրերին, կրկնվում է նորից, հիմա էլ նույն իրադարձությունը` անբացատրելի իր եղելությամբ, գաղտնիքն ինչու՞մն է...

Մի անգամ քարը, մյուս անգամ բռունցքը, մի ուրիշ դեպքում գնդակը, դիպվածով դանակը, մի անգամ մոծակը` բոլորն ինձանից արյուն են տարել... Տարածը ետ չեմ պահանջում... Ինչու՞ խոսքիս իմաստը ծավալվեց անվերջության լուռ-աղմկոտ բառերի մեջ, դու գիտես:

Դու-ն ես եմ, որ փախչում է անդունդի եզրից, և իմ գոյությունը հոսում է ամենահետաքրքիր սայրին:

Կաթում է սևը... Կայենի ճանաչած երերման նշանն այս էր: Սրանից բացի կա խելացի սևը` բանականի տառապանքը...:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter