HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ապտակ բուլղարներին. Հայաստանը ռեւանշ վերցրեց

Որքան էլ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Բուլղարիա խաղից առաջ ասեր, որ պետք չէ ռեւանշիստորեն մոտենալ այս հանդիպմանը՝ հիշելով Սոֆիայում տեղի ունեցած խաղը, այդուհանդերձ, թե երկրպագուները, թե հենց իրենք՝ ֆուտբոլիստները, լավ էին հիշում առաջին մրցավեճը: Եվ դա չէր կարող հերթական խթան չդառնալ մեր թիմի համար, որը մոտիվացիայի պակաս երեկվա խաղում չուներ: Իսկ ամենակարեւոր խթանն այն էր, որ թիմը տեսականորեն դեռ չէր կորցրել երկրորդ տեղ գրավելու հնարավորությունը, եւ 2-1 հաշվով այս հաղթանակը պահպանեց այն:

Բուլղարներն իրենք իրենց կեղտոտ խաղի մասին պիտի մտածեն

Առաջին կեսը մեր թիմն անցկացրեց բարձր մակարդակով, չնայած երկուստեք իրական պահերը շատ քիչ էին: Առաջինը հիշատակվեց Արասի հարվածը, որից հետո դարպասապահ Ստոյանովը դժվարությամբ շեղեց գնդակի ճանապարհը: Մեկ անգամ էլ Պոպովի հարվածից հետո մերոնց փրկեց Բերեզովսկին: Ցավոք, առաջին կեսում վնասվածքի պատճառով դաշտը թողեց կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը հավանաբար առաջիկայում կվիրահատվի, քանի որ վաղուց վնասվածք ունի: Մինասյանը կենտրոնում Մկոյանին իբրեւ զույգ դուրս բերեց Վալերի Ալեքսանյանին, որը երկար ժամանակ չէր խաղում իրանական «Ռահ Ահանում» վնասվածքի պատճառով, սակայն պրակտիկայի պակասը Ալեքսանյանին մեծ հաշվով չխանգարեց. միայն հաշված դրվագներում որոշակի անվստահություն էր զգացվում նրա գործողություններում:

Ամբողջ խաղի ընթացքում շատ ակտիվ էր Մխիթարյանը, որը, չնայած հենակետայինի դիրքում փոխարինում էր Եդիգարյանին, սակայն «հերկում» էր դաշտը ամբողջ երկայնքով եւ լայնքով: Զգացվում է Հենոյի ակնհայտ առաջընթացը «Բորուսիայում» խաղալու շնորհիվ: Առաջին խաղակեսում փայլեց նաեւ Արասը, որը գլխացավանք էր դարձել բուլղարների համար: Հենց նրա դեմ վերջին հույսի խախտման համար էլ անմիջապես դաշտից հեռացվեց Բոդուրովը: Զարմանալի է խաղից հետո հյուրերի մարզիչ Լյուբոսլավ Պենեւի դժգոհությունը, թե իբր մրցավարները գործում են իր թիմի դեմ: Ինքնասիրահարված Պենեւը պարզապես չի կարողանում տղամարդավարի ընդունել պարտությունը եւ խոստովանել, որ իր դաստիարակած թիմը կեղտոտ ու կոպիտ ֆուտբոլ է խաղում, ինչը գոնե մենք՝ հայերս, շատ լավ գիտենք: Առաջին կեսի վերջին վայրկյաններին տուգանայինից Արասի գոլը հրաշալի էր. Ստոյանովը հայտնի անեկդոտի դարպասապահի պես զուտ դիտողի դերում էր:

Խաղը տեւում է 90 րոպե

Երկրորդ կեսի սկզբնահատվածում մեր թիմը թուլացրեց տեմպը. տղաները կարծես մտածում էին, որ կարող են 10 հոգուն հեշտությամբ հաղթել, առավել եւս, որ հաշիվը 1-0 էր: Սակայն բուլղարները նույնպես խնդիր ունեին. Երեւանում նրանց պարտությունը հարցականի տակ էր դնում ուղեգիր նվաճելու հարցը, հետեւաբար անհրաժեշտ էր հասնել դրական արդյունքի: Երկրորդ կեսում լավ հնարավորություններ ունեին Մովսիսյանը, Արասին փոխարինած Մարկոսը, Մկրտչյանը: Մինասյանը նախորդ անգամ էլ նշել է, որ պրակտիկա չունեցող Մարկոսին դաշտ դուրս բերելը պայմանավորված է գնդակ պահելու նրա կարողությամբ, սակայն այս ֆուտբոլիստը գրոհների ժամանակ երբեմն հապաղում էր, գցում տեմպը, երկու անգամ էլ գրեթե նույն դիրքից շեղ հարված կատարեց ձախ ոտքով: Դե իսկ խաղի վերջնահատվածում Յուրայի գերազանց փոխանցումը անհաջող ձեւով եզրափակելը միայն դժգոհություն կարող էր առաջացնել. գրեթե 11-մետրանոց նշակետի մոտից Մարկոսը ուղղակի օդ «կրակեց» գնդակը: Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Մանոյանը նման իրավիճակում թերեւս ավելի լավ կգործի կիսապաշտպանական տվյալ օղակում:

Աջ եզրում նկատվում էին պաշտպան Կամո Հովհաննիսյանի պարբերական «հորանջոցները». արագությամբ աչքի ընկնող այս ֆուտբոլիստը չէր հասցնում բուլղար գրոհայինների հետեւից: Մինասյանը հետո նշեց, որ դա պայմանավորված էր Սարկիսովի փոխօգնության պակասով: Ինչեւէ: 61-րդ րոպեին հյուրերի ավագ Իվելին Պոպովը գերազանց իրացրեց տուգանային հարվածը, որը նրանք վաստակել էին Կառլեն Մկրտչյանի խախտումից հետո՝ 1-1: Սա ազդանշան էր մերոնց համար, որ բուլղարները չեն հանձնվելու, ու մերոնք նորից մեծացրին տեմպը, ինչը արդյունք տվեց: Դյակովը 64-րդ րոպեին «հնձեց» Մխիթարյանին ու արժանիորեն ստացավ երկրորդ դեղինը եւ ապա կարմիրը (մինչ այդ գցել էր Մովսիսյանին):

Բուլղարների համար այս ոչ-ոքին էլ կարող էր նվաճում համարվել, քանի որ նրանք 9 հոգով էին, եւ դեռ հայտնի չէր, թե ինչպես էր ավարտվելու Դանիա-Իտալիա խաղը: Այդուհանդերձ, թեկուզ 9 հոգով նրանք մեկ-երկու փորձ արեցին՝ առաջ անցնելու հաշվի մեջ: Ինչպես արդեն նշեցինք, մերոնք մի շարք հիանալի պահեր ունեցան երկրորդ կեսում, սակայն չէին կարողանում եզրափակիչ լավ հարված կատարել: Թվում էր, թե թիմը չի կարողանալու կոտրել նվազ ուժերով խաղացող մրցակցի դիմադրությունը: Սակայն Չեխիայի հետ արտագնա խաղում վերջին վայրկյաններին ձեռք բերած հաղթանակը մեր ֆուտբոլիստների համար հարուստ փորձ էր դարձել. գնդակը կլոր է, դաշտը՝ հարթ, իսկ խաղը տեւում է 90 րոպե: 87-րդ րոպեին Մխիթարյանի գրագետ փոխանցումից հետո Մովսիսյանը գերազանցեց պաշտպանին եւ, Ստոյանովի դեմ մեն-մենակ մնալով, գնդակը նետեց նրա վրայով: Խոստովանենք, որ մեր հարձակվողին օգնեց նաեւ հյուրերի պաշտպանի ոտնաթաթից անդրադարձը:

Բոլորը հավատացին, երկրպագուները սատարեցին, տղաները խաղացին, մենք հաղթեցինք:

Հույսը վերջինն է մեռնում

Նախավերջին տուրից հետո աշխարհի 2014 թ. առաջնության ուղեգիր ձեռք բերեցին Բելգիան, Շվեյցարիան, Գերմանիան: Մինչ այդ Բրազիլիա մեկնելու հնարավորություն էին ստացել Իտալիան եւ Հոլանդիան: Եվ չնայած ընտրական երկրորդ խմբում առաջին տեղի հարցը լուծված է, դաժան պայքար է գնում երկրորդ տեղի համար. Դանիան իր դաշտում 2-2 խաղաց իտալացիների հետ, ընդ որում՝ Պրանդելիի սաները միայն խաղավերջում փրկվեցին պարտությունից, իսկ Չեխիան արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց Մալթային: Ամսի 15-ին կկայանան Դանիա-Մալթա, Բուլղարիա-Չեխիա, Իտալիա-Հայաստան հանդիպումները:

Երկրորդ տեղ գրավելու լավագույն հնարավորությունն ունի Դանիան, որը դժվար թե ձեռքից բաց թողնի մալթացիների դեմ հաղթանակը: Շեշտենք՝ Դանիայի առաջ կանաչ լույս վառեց Հայաստանը՝ յուրօրինակ ապտակ հասցնելով բուլղարներին: Սակայն նույն Հայաստանն էլ կարող է խափանել դանիացիների ծրագրերը: Բանն այն է, որ թե Դանիան, թե Բուլղարիան եթե հաղթեն, հաշվի կառնվեն նրանց խփած եւ բաց թողած գոլերը (թիմերն իրար հետ երկու անգամ 1-1 են խաղացել): Բուլղարիան այս պահին ունի 14-8 (+6), իսկ Դանիան՝ 11-12 (-1): Հիշենք, որ դանիացիների բաց թողած 12-ից 4-ը մեր «ձեռքի գործն» է: Այնպես որ հիմա սկանդինավներն իրենք պիտի փորձեն որքան հնարավոր է շատ գոլ խփել մալթացիներին, չնայած նրանց գործը կարող են հեշտացնել չեխերը, եթե միավոր խլեն բուլղարներից:

Մեզ եւ չեխերի համար գրեթե ոչ մի հնարավորություն չկա. պետք է ուղղակի հրաշք լինի, որ Մալթան Կոպենհագենում միավոր խլի դանիացիներից, բուլղարներն ու չեխերը ոչ-ոքի խաղան, իսկ մերոնք Նեապոլում հաղթեն իտալացիներին: Բայց զուգադիպություններ երբեմն լինում են: Ամեն դեպքում, մեր հավաքականը այս վերջին հաղթանակով հովացրեց թե իր, թե երկրպագուների ծանրացած սրտերը:                 

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գնդակներ

Միավոր

1.Իտալիա

9

6

3

0

17-7

21

2.Բուլղարիա

9

3

4

2

14-8

13

3.Դանիա

9

3

4

2

11-12

13

4.Չեխիա

9

3

3

3

12-9

12

5. Հայաստան

9

3

3

2

10-11

12

6.Մալթա

9

1

0

8

5-22

3

Լուսանկարը՝ AFP/Getty Images-ի (uefa.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter