HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինա. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-5

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Օգոստոսի 16-ին երեկոյան Ուկրաինայի հեղինակավոր շաբաթաթերթերից մեկի՝ «Зеркало недели»-ի կայքում հրապարակվեց «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացում Ուկրաինային ներգրավելու միջոցառումների համալիր միջոցառումների մասին» վերտառությամբ սկանդալային մի փաստաթուղթ, որը, ինչպես ներկայացվեց, ձեռք էր բերվել «թերթի հետախուզության» խողովակներով: Ըստ պարբերականի՝ մինչեւ հունիսի սկիզբը Կրեմլը կարծել է, թե Յու.Տիմոշենկոն ազատ չի արձակվի, այդպիսով չի կատարվի Բրյուսելի առաջադրած ամենակարեւոր նախապայմանը, հետեւաբար «նարնջագույն» առաջնորդի բանտարկությունը Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու գրավականը կլինի: Իսկ առեւտրային պատերազմներն էլ Ուկրաինային կդրդեն հաշվել իր հնարավոր վնասները եւ մտնել Մաքսային միության (ՄՄ) մեջ: Սակայն, ինչպես թերթի անանուն աղբյուրն է հայտնել, հունիսին Մոսկվան ցնցող տեղեկություն է ստացել Բեռլինից այն մասին, որ Անգելա Մերկելը Յու.Տիմոշենկոյի բանտարկությունն այլեւս անհաղթահարելի խոչընդոտ չի դիտարկում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար... Ուստի, Մոսկվան արագ գործի է անցել. Վ.Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը Վ.Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ (թերթի բնութագրմամբ՝ Յանուկովիչի կապավորը Պուտինի հետ եւ միաժամանակ Պուտինի բազմամյա վստահված անձը Կիեւում) կարճ ժամկետում պատրաստել են այդ փաստաթուղթը եւ դրել Վ. Պուտինի սեղանին:Դրանից հետո, բնականաբար այն փոխանցվել է համապատասխան հասցեատերերին, այդ թվում՝ «եվրասիական ինտեգրացիոն աշխատանքները արգելակման փորձերից պաշտպանելու» հանձնարարությունն անձամբ Վ.Պուտինից ստացած ռուսական հատուկ ծառայություններին:

Ուկրաինական թերթը նաեւ մի ուշագրավ մանրամասն էր հայտնել. օգոստոսի 17-18-ին, այսինքն, հենց փաստաթղթի հրապարակման հաջորդող օրերին, Ղրիմում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ուղեկցությամբ պետք է հանդիպեին Վ.Յանուկովիչը եւ Վ.Պուտինը: Ի սկզբանե ռուսական կողմն ակնալել է, թե այդ պահի դրությամբ կոնկրետ արդյունք կլինի Մաքսային միությանը Ուկրաինայի միանալու վերաբերյալ. Պուտինը Յանուկովիչին«հորդորել էր» դրա մասին մտածել հուլիսի 12-ին ղրիմյան նախորդ հանդիպման ընթացքում, ապա՝ հիշեցրել հուլիսի 27-ին Կիեւյան Ռուսիայի մկրտության 1025-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակներում իրենց 15 րոպեանոց գործնական հանդիպման ժամանակ. Պուտինը մի վերջին անգամ «հուշել» էր, թե «համաշխարհային շուկաներում լարված մրցակցային պայքարում» հաջողության կարելի է հասնել միայն ռուսական եւ ուկրաինական տնտեսությունների ջանքերը միավորելով եւ դրա ապացույցներից մեկը Մաքսային միության եկրներում մշտական աճն է՝ ի հակառակ համաշխարհային տնտեսության անկման: Սակայն, քանի որ դրանից հետո էլ Կիեւը դեռեւս սպիտակ դրոշ չէր բարձրացրել ու հանձնվել, նշված օգոստոսյան հանդիպումն այդպես էլ չկայացավ: Եւ պլանավորված, սակայն չկայացած հանդիպման նախօրեին էլ հրապարակվեց փաստաթուղթը, որը հիրավի անվանվեց «Ուկրաինան զավթելու պլան»: Այդպես էլ պարզ չդարձավ՝ փաստաթուղթն իրո՞ք հայթայթվել է, թե՞ թերթին օգնել են այն «հայթայթել»: Երկու վարկածներն էլ հավասարապես հնարավոր են: Երկրորդ վարկածի պարագայում օգնողների թվում կարող էին լինել թե’ ռուսական հատուկ ծառայությունները, թե’ Ուկրաինայի իշխանություններն ու Վ.Յանուկովիչն անձամբ, ով մինչ այդ պահը խուսափում էր իր ժողովրդին բացատրել Պուտինի առաջարկը մերժելու հնարավոր հետեւանքները Ուկրաինայի համար (Բրյուսելը նրան չէր հասկանա, եթե նա ուղղակի կամ անուղղակի հանդես գար Մաքսային միության օգտին): Ուստի ծրագրի հրապարակումը հավասարապես ձեռնու էր թե’ Կրեմլին, թե’ Վ.Յանուկովիչին, քանի որ իրենց փոխարեն դա անում էր հրապարակողը՝ թերթը, միաժամանակ Բրյուսելին տեսանելի դարձնելով, թե եվրաասոցացման պատճառով ինչպիսի մեծ ճնշումների եւ վնասների տակ են ընկնում ողջ երկիրն ու նրա իշխանությունները:

Շանտաժ 1. Ուկրաինան կսննկանա որպես պետություն, եթե մերժվի Պուտինի առաջարկությունը

«Եվրասիական ինտեգրացիոն գործընթացում Ուկրաինային ներգրավելու միջոցառումների համալիր միջոցառումների մասին» գաղտնի փաստաթուղթը սկսվում է նրանից, թե ի՞նչ կտա երկրի լիարժեք եվրասիական ինտեգրացումը թե’ Մաքսային միությանը, թե’ հենց Ուկրաինային. ՄՄ անդամ երկրների համար այն մեկուկես անգամ կբազմապատկի Եվրասիական միասնական տնտեսական տարածության ձեւավորման մակրոտնտեսական էֆեկտը եւ կբերի նախկին ԽՍՀՄ միասնական ժողտնտեսության շրջանակներում ստեղծված արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման հնարավորությունների որակական ընդլայնում: Իսկ Ուկրաինային էլ կտա նրա՝ ռուսական շուկաներից ծայրաստիճան կախված եւ տնտեսության հիմքը համարվող մեքենաշինական, ագրոարդյունաբերական եւ քիմիական-մետալուրգիական համալիրների գոյատեւման ու զարգացման հնարավորություն, կստեղծի մակրոտնտեսական կայունության անհրաժեշտ պայմաններ եւ միջնաժամկետ կտրվածքով կավելացնի երկրի ՀՆԱ-ը 15-18%-ով:

Չնայած այս օգուտներին Ուկրաինան շարժվում է եվրաասոցիացման ուղղութամբ, արձանագրում էր պլանը եւ զգուշացնում, որ նոյեմբերին Բրյուսելի հետ համաձայնագրի ստորագրումից հետո նրա միացումը Մաքսային միությանն անհնար կլինի: Նկարագրելով Ուկրաինայի պարտքային, պակասուրդային, տնտեսական, ներդրումային սուր կարիքներն ու հիմնախնդիրները, ծրագիրը «վստահեցնում» էր, որ «Ռուսաստանը կարող է անմիջապես տրամադրել այդ աղբյուրները՝ նրա համար բացելով Մաքսային միության շուկաներ մուտքը, եւ տրամադրելով բյուջեի բալանսավորման համար անհրաժեշտ փոխառությունները»: Ծրագիրը, կարծես թե Ուկրաինայի հասարակության ու քաղաքական ուժերի համար (այս եւ մյուս հանգամանքները հենց խորացնում են կասկածները, որ պլանի հրապարակայնացումը ձեռնտու է եղել ռուսական կողմին) ավելի առարկայորեն ներկայացնում էր, թե ՄՄ-ին միանալու Վ.Պուտինի առաջարկությունը մերժելով ինչից է հրաժարվում Վ.Յանուկովիչը. այն է՝ առեւտրի պայմանների բարելավում, որը Ուկրաինային կբերի տարեկան 9 մլրդ դոլլարի եկամուտ, այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կվատթարացնի երկրի առանց այն էլ բացասական առեւտրային բալանսը՝ պատճառելով 1,5 մլրդ դոլլարի վնաս (համապատասխան հաշվարկները ներկայացված էին փաստաթղթի 1-ին հավելվածում):

Ծրագիրը սպառնում էր, որ եթե անգամ պահպանվեն Ռուսաստանից Ուկրաինա էներգակիրների արտահանման մաքսատուրքի եւ պայմանագրային գների ներկայիս մակարդակը, ինչպես նաեւ՝ գոյություն ունեցող առեւտրային արգելքները, ապա Ուկրաինայի տնտեսության հիմնական ճյուղերը կդատապարտվեն սննկացման, պետությունը՝ դեֆոլտի, բնակչության մեծ մասը՝ գործազրկության եւ աղքատության, իսկ քաղաքական ղեկավարությունը՝ իշխանության անմիջական կորստի: Այսինքն, ակնարկվում էր, որ անգամ ներկայիս իրողությունների պահպանումը ձեռնտու չէ Կիեւին եւ թվարկված վերահաս աղետներից փրկվելու համար պետք է ընդունել Վ.Պուտինի առաջարկությունը: Ապա պլանը «ցավով» արձանագրում էր, թե Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը չի գիտակցում երկրի համար Մաքսային միությանն անդամակցելու օգուտները, քանի որ Յանուկովիչը կարծում է, թե ՄՄ-ին միանալու դեպքում ինքը Ռուսաստանից մեծագույն կախվածության մեջ կընկնի:

Ծրագիրը Վ.Յանուկովիչի մերձավոր օլիգարխներին նաեւ մեդադրում էր նրանում, որ նրանք ավելի են սաստկացնում Ուկրաինայի նախագահի վախերը, թե ՄՄ-ին միանալուն կհաջորդեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սանկցիաները, իսկ ինքն էլ կդիմակայի արեւմտամետ բնակչության լայնամասշատաբ ընդվզմանը: Ըստ որում, պլանը ավելորդ չէր համարում Վ.Յանուկովիչին հիշեցնել, որ նրան մոտ կանգնած այդ օլիգարխները կախված են ոչ միայն իրենց արեւմտյան գործընկերներից, այլեւ, հնարավոր է՝ նրանց հատուկ ծառայություններից...

Դրա հետ մեկտեղ «իրազեկում էր», որ չնայած վերջիններիս ու նրանց կողմից վեահսկվող ԶԼՄ-ների հակառուսական գործունեությանը, նույն այդ օլիգարխներն օգտվում են ռուսական էներգակիրների մատակարարարների ու կարգավորիչ մարմինների տրամադրած անբացահայտ նախապատվություններից՝ ստանալով ծանրակշիռ մրցակցային եւ գնային առավելություններ նույնիսկ այսօր, երբ Ուկրիանան ՄՄ անդամ չէ: Ասել է թե՝ Յանուկովիչի նույն այդ հակառուսական շրջապատը կախվածության մեջ է ոչ միայն Արեւմուտքից, այլ նաեւ Ռուսաստանից... Յանուկովիչին մերձ օլիգարխների այդ նեղ շրջանակից զատ պլանն ակնարկում է ընդհանրապես ուկրաինական խոշոր բիզնեսի մեծ մասին, որը, «ըստ ունեցած տեղեկությունների, ծայրաստիճան կախվածության մեջ է ռուսական մատակարարներից, առաքիչներից, վարկատուներից, սպառողներից եւ գործընկերներից, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի ու ՄՄ տարածքում պետական կարգավորման պայմաններից»:

Ծրագիրը թե’ խոստովանում էր ռուսական քաղաքականության թերացումը, թե’ մեղադրում Յանուկովիչին նրանում, որ թեպետ «համապատասխան համակարգված աշխատանքի դեպքում դժվար չէ հասնել նրանց կողմից ՄՄ-ին Ուկրաինայի միացման գծին ուղիղ եւ եռանդուն աջակցությանը», սակայն դա չի արվել ոչ մի կողմից: Ավելին, մտահոգություն էր հայտնվում առ այն, որ «ներկայումս, այդպիսի աշխատանքի բացակայության պայմաններում, նրանք, հակառակը, միանգամայն հակառակ ուղղությամբ եմ ճնշումներ գործադրում Յանուկովիչ վրա՝ բացահայտ ու անբացահայտ հակազդելով ՄՄ Ուկրաինային ներքաշելու առումով մեր գործունեությանը»:

Այդպիսով, շանտաժ էր արվում, որ թե’ Յանուկովիչին մերձ օլիգարխները, թե’ այլոք կզրկվեն ռուսական կողմի ընձեռած նախապատվություններից եւ արտոնություններից, բացի այդ՝ ՄՄ անդամ երկրների ու հատկապես Կրեմլի կողմից կարող են փոխվել նաեւ Ռուսաստանում նրանց բիզնեսի պայմանները (նախորդ մասում անդրադարձել էինք Բելառուսի կողմից ուկրաինական հրուշակեղենի ներմուծման, ապա՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական շոկոլադ, խողովակներ, պանիր եւ կաթնամթերք ներմուծելու արգելքներին, ինչպես նաեւ՝ քարածխի, ապակու եւ շոկալադի ներմուծման վրա նոր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքին):

Շանտաժ 2. Յանուկովիչը կկորցնի իշխանությունը, եթե մերժի Պուտինի առաջարկությունը

Պլանը Յանուկովիչին «հանդիմանում» էր ՄՄ չմտնելու հետեւանքները ոչ միայն ողջ երկրի, այլեւ հենց իր պարագայում չըմբռնելու մեջ: Այս առումով ակնարկվում էր վերջին տարիներին Յանուկովիչի թիմի հեղինակության կորուստը, որը նա «ժամանակ առ ժամանակ լրացնում է ընտրական համակարգի նկատմամբ վարչական վերահսկողությամբ», ասել է թե՝ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահմամբ: Մասնավորապես, վկայակոչվել էին մի հարցման արդյունքներ, որոնց համաձայն վերջին երկու տարիների ընթացքում Ռեգիոնների կուսակցությունը եռակի չափով կորցրել էր իր առանցքային ընտրազանգվածը: Իսկ դրա ապացույց էլ բերվել էր վերջին ընտրություններում նրա կուսակցության ստացած 30 տոկոս քվեները, այն էլ՝ ինչպես ակնարկվում էր, կեղծիքների ու վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով, անառաջնորդ «նարնջագույն» էլիտայի դեմորալիզացիայի եւ ռուսական կողմնորոշմամբ կամ եվրաինտեգմանը դեմ քաղաքական ուժերի (կոմունիստներ եւ ազգայնականներ) անկազմակերպվածության շնորհիվ:

Ուկրաինայի արեւելքի ու հարավի իր վտանգված եւ առանցքային ընտրազանգվածի համակրանքը արագ վերագտնելու համար ծրագիրը Յանուկովիչին ու նրա կուսակցությանը «խորհուրդ» էր տալիս սկսել Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, որը ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեբանական էֆեկտ կբերի:

Ուկրաինայի ամենավերջին ընտրություններում ռուսամետ կոմունիստների եւ ցանկացած ինտեգրացիային դեմ ազգայնականների հարաբերական հաջողությունը ընտրազանգվածի ռադիկալացման խորացման համատեքստում անուղղակի սպառնալիք էր ցուցանվել Յանուկովիչի համար՝ եթե նա շարունակի նույն քաղաքականությունը: Այդ դեպքում, «գուժում» էր պլանը, Ուկրաինան մինչեւ 2015թ. նախագահական ընտրությունները կթեւակոխի քաղաքական, տնտեսական, պարտքային ու արժութային ճգնաժամեր՝ ի դեմս ազգային արժույթի դեվալվացիայի, բանկերի ու ձեռնարկությունների սննկացման:

Այդ իրավիճակում ժողովրդի մեծամասնության բացասական վերաբերմունքի պայմաններում Վ.Յանուկովիչի համար ծայրահեղ դժվար կլինի միայն կրիմինալ եւ վարչական ռեսուրսների հաշվին իր իշխանությունը պահելը, իսկ ցանկացած արտաքին աջակցություն կարող է գլխիվայր շրջել ամեն ինչ: Եւ եթե արեւմտամետ քաղաքական ուժերը գաղափարապես ու կազմակերպվածությամբ պատրաստ են իշխանությունը զավթելուն, ապա ռուսամետ քաղաքական ուժերը անկազմակերպ են: Ավելին, ծրագրի հեղինակների գնահատմամբ՝ հակառուսական տրամադրությունները գնալով կոնսոլիդանում են Յանուկովիչի վարած քաղաքականության արդյունքում, եւ քանի որ վերջինս հասարակության մեջ ընկալվում է իբրեւ «Ռուսաստանի պարտադրանք», ասել է թե՝ Յանուկովիչն ընկալվում է իբրեւ «Ռուսաստանի մարդ», ապա նման գործոնների պայմաններում հնարավոր զարգացումները հղի են դառնում «Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կողմից իշխանության զավթմամբ» եւ «գունավոր հեղափոխության կրկնությամբ»:

Իսկ դա կբերի Ռեգիոնների կուսակցության տրոհման, որի՝ «նարնջագույնների» ու արեւմտյան գործընկերների հետ կապված օլիգարխիկ վերնախավը անմիջապես կփախչի հաղթողների կողմը, իսկ դեմորալիզացված ակտիվն էլ կցրվի: Եւ քանի որ Յանուկովիչը Ռեգիոնների կուսակցությունում ճնշել է ցանկացած ռուսամետ շարժում, ապա նրա կուսակցության կրախը Ռուսաստանին կկանգնեցի կոտրած տաշտակի առջեւ՝ առանց փոքրիշատե ազդեցիկ քաղաքական ուժի, որի վրա կարելի կլինի հենվել: Այդ իրավիճակում արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանին կհակադրվի ազդեցության գործակալների մի ճյուղավորված ցանց, որոնք խոր ամրատներ են գցել իշխանության մեջ, ԶԼՄ-ներում, կրթական համակարգում, փորձագիտական հանրույթում եւ իրավապահ մարմիններում:

Եւ ահա զեկույցի մեխը. այսքանը բացատրելուց հետո եթե Յանուկովիչը չի ըմբռնում տեսանելի աղետը ողջ երկրի, իր քաղաքական իշխանության ու ապագայի համար, ապա Կրեմլը չի պատրաստվում ձեռքերը ծալած դիտել այդ սարսափ-դրաման ուստի՝ հարկադրված է սեփական շահերի պաշտպանության մտահոգությունից ելնելով նախագահի պաշտոնում փոխել «Ռուսաստանի մարդուն»: Պլանը շեշտում է, որ հենց այս պահից սկսած «հարկադրված» են ակտիվ աշխատել՝ ձեւավորելու համար Ռուսաստանի հետ բարեկամական հասարակական, գործարար, փորձագիտական, տեղեկատվական եւ քաղաքական կառույցների ցանց, որը, ի տարբերություն Յանուկովիչի, ըմբռնում է Ռուսաստանի հետ տնտեսական ու հումանիտար ինտեգրացիայի անհրաժեշտությունը:

Ըստ որում, շեշտվում է, որ այդ ցանցը պետք է լինի շատ հզոր, որպեսզի դրա հիմքի վրա ձեւավորվի լայն ժողովրդական զանգվածների վրա հենվող «գաղափարապես, տնտեսապես եւ արյամբ ռուս-ուկրաինական ինտեգրացիայով շահագրգռված» եւ «դեպի Ռուսաստանի հասարակական-քաղաքական ուժերը կողմնորոշված» քաղաքական ուժի ձեւավորման համար: Ծրագիրը դրա «կադրային հիմք» է դիտարկում «հարավային եւ արեւելյան Ուկրաինայի ռեգիոնալ լիդերներին, Ռուսաստանին բարեկամ հասարակական կազմակերպությունների ակտիվին եւ Մաքսային միությանը Ուկրաինայի միացման ջատագով գործարար շրջանակներին, ինչպես նաեւ՝ հեղինակությունը կորցնող Ռեգիոնների կուսակցության ռուսամետ անդամներին»:

Տրվում է նաեւ ռուսամետ հասարակական-քաղաքական շրջանակների համախմբման առանցքի ու առաջնորդի անվանումը. «Ուկրաինական ընտրություն» հասարակական շարժումը եւ դրա ղեկավար Վ.Վ.Մեդվեդչուկը, որին այս ամենում վերապահվում է «առանցքային դեր»: Այսինքն, տրվում է այն մարդու անունը, ով նախկինում Յանուկովիչի կապավորն էր Կրեմլում, բայցեւ միաժամանակ՝ Պուտինի վստահված անձը Ուկրաինայում, եւ ում հետ Վ.Պուտինի խոհրդական Սերգեյ Գլազեւը մշակել է սույն պլանը:

Ելնելով վերոգրյալից, եւ քանի դեռ չի ստորագրվել ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագիրը, որով անհնար կդառնա Ուկրաինայի անդամակցոթյունը Մաքսային միությանը, իսկ Կիեւն էլ չի հայտնվել Բրյուսելից կտրուկ մեծացած կախվածության մեջ, ինչպես նաեւ՝ քանի որ ռուսական կողմը «սպառել է հեռանկարային նպատակը», իսկ ուկրաինական ղեկավարությունն էլ «նախաձեռնությունը փոխանցում է արեւմտամետ ուժերին», որպեսզի Ռուսաստանը չնստի ու դիտի հերթական «գունավոր հեղափոխությունը», ապա ռուսական ծրագիրը դնում է 4 գլխավոր նպատակ.

1. կանխել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը,

2. ձեւավորել ռուսամետ հասարակական-քաղաքական ուժերի ազդեցիկ ցանց, որն ունակ կլինի ուկրաինական իշխանությանը զսպել Ռուսաստանի համար անբարենպաստ գործողություններից, ինչպես նաեւ՝ պարտադրել նրանց Ուկրաինան մտցնել Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական տարածություն,

3. չեզքոքացնել եվրաինտեգրատորների քաղաքական եւ թուլացնել նրանց լրատվական ազդեցությունը, 4. պայմաններ ստեղծել մինչեւ 2015թ. Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածությանը Ուկրաինայի միանալու համար:

Եւ վերջապես, պլանը սպառնում է. «դեպի Արեւմուտք Յանուկովիչի դրեյֆի շարունակման եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը ԵՄ-ին փոխանցելու դեպքում այս աշխատանքի արդյունքը պետք է դառնա 2015թ. նախագահական ընտրությունների ժամանակ մեր թեկնածուի հաղթանակը»:

Ինչպե՞ս պետք է Ուկրաինան միացվեր Մաքսային միությանը

Ռուսամետ քաղաքական բլոկի ձեւավորմանը եւ Կրեմլի «նոր մարդու» հաղթանակի համար նախապատրաստական աշխատանքներին զուգընթաց, ծրագրի վերը նշված 4 կետերն իրականացնելու նպատակով առաջարկվում էր իրականացնել հետեւյալ համալիր ծրագիրը.

Միջոցառում 1. Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու քաղաքական որոշման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ինչը պետք է իրականացվեր հետեւյալ քայլերով.

1.1. Մաքսային միությանը Ուկրաինայի միանալու հարցում շահագրգիռ ուկրաինական բիզնեսի ակտիվացում,

1.2. այդ ուղղութամբ աշխատանք Ուկրաինայի կառավարության հետ,

1.3. Գերագույն ռադայում միացման գործընթացին աջակցության կազմակերպում,

1.4. ներազդել մեդիա-տարածության վրա,

1.5. միացման աշխատանքներում նահանգապետերի եւ քաղաքապետերի ներգրավում,

1.6. միացման գործընթացի աջակցության համար գիտական հանրույթի ակտիվացում,

1.7. աշխատանք կրոնական կազմակերպությունների հետ,

1.8. միացման նպատակները կիսող ռուսամետ կազմակերպությունների ցանցի ամրապնդում եւ ընդլայնում:

Միջոցառում 2. Ռուսաստանից ուկրաինական տնտեսության կախվածության ուժեղացում, ինչը պետք է իրականացվեր հետեւյալ քայլերով.

2.1. «Ռուբլի-գրիվնա» կրեդիտային SWAP-ի (առեւտրա-ֆինանսական փոխառության օպերացիա տարբեր ակտիվների փոխանակման տեսքով, որում արժեթղթերի, արժույթի գնման-վաճառքի գործարքներն ուղեկցվում են որոշ ժամանակ անց այդ ապրանքների՝ նույն կամ այլ պայմաններով կոնտրգործարքներով) իրականացում՝ ռուբլուն ընձեռելով Ուկրաինայում առաջնակարգ արժույթի կարգավիճակ,

2.2. ռուս-ուկրաինական միջազգային դեպոզիտար կենտրոնի ստեղծում,

2.3. Ուկրաինայի միացում Մաքսային միության տեխնիկական կարգավորումների համակարգին,

2.4. միջազգային նորարարական համագործակցության ռուս-ուկրաինական-բելառուսական "Мир" կորպորացիայի հիմնադրում,

2.5. Ղրիմի զարգացման ռուս-ուկրաինական կորպորացիայի ստեղծում,

2.6. կրեդիտային վարկանիշային գործակալությունների գործունեության նկատմամբ միասնական պահանջների մշակում,

2.7. տրանսպորտային ինքնաթիռաշինության բնագավառում ռուս-ուկրաինական համատեղ կորպորացիայի ստեղծում,

2.8. ուկրաինական ԱԷԿ-երի միջուկային վառելիքի բնագավառում ռուս-ուկրաինական համատեղ ձեռնարկության ստեղծում,

2.9. ռուս-ուկրաինական գազատրանսպորտային կոնսորցիումի ստեղծում:

Միջոցառում 3. Մաքսային միությանը Ուկրաինայի միացման գործընթացի միջազգային ասպեկտի ապահովում, որի համար հարկ կլինի

3.1. Բելառուսի, Ղազախստանի եւ ԵվրԱզԷՍ-ի այլ պետությունների մասնակցություն,

3.2. Միացման հանդեպ ԵՄ, ԱՄՆ եւ ԱՀԿ գործընկերների կողմից բացասական վերաբերմունքի չեզոքացում:

Միջոցառում 4: Միացման գործընթացի ռեսուրսային ապահովում, որի համար պետք է օգտագործվեին ներազդեցության կարեւորագույն խողովակները, մասնավորապես.

4.1 տնտեսական խողովակը,

ա) որը շոշափում է ռուսական կրեդիտորներից, սպառման շուկայից, հումքի աղբյուրներից ծայրահեղ կախված եւ ուկրաինական քաղաքականությունը (գերազանցապես հակառուսական եւ արեւմտամետ ուղղությամբ) կանխորոշող կառավարող էլիտայի առավել ազդեցիկ դեմքերի՝ Ֆիրտաշի, Պինչուկի, Պորոշենկոյի եւ այլոց անձնական շահերը,

բ) քաղաքական ազդեցության մեծ ներուժ ունեցող ուկրաինական այլ գործարարների ակտիվացումը, որոնց վրա պետական կորպորացիաներին զուգընթաց ազդեցություն կարող են ունենալ այդ նպատակով աշխատանքներում ներգրավված «Ալֆա» բանկը, «Լուկոյլ», «Սիստեմա», «Ռուսալ» ընկերությունները, «ԵՎՐԱԶ» ընկերությունների խումբը եւ այլ մասնավոր կառույցներ,

գ) Յանուկովիչի անձնական տնտեսական շահերը՝ ի դեմս նրա որդու միջոցով ստեղծվող բիզնես-կառույցների որոնց զարգացման համար Ռուսաստանի կողմից կարող են ստեղծվել բարենպաստ պայմաններ,

դ) ՄՄ-ին եւ Միասնական տնտեսական տարածությանը Ուկրաինայի միացմամբ շահագրգռված ուկրաիանական բիզնեսի ակտիվացումը, եւ առաջին հերթին՝ ագրոարդյունաբերական ու մեքենաշինական համալիրների ղեկավարների ու տերերի, իբրեւ աշխատանքների համակարգող ներգրավելով այդ նպատակով ստեղծված «Մաքսային միության մատակարարների» լոբբիստական ասոցիացիան:

4.2. ԶԼՄ խողովակը,

ա) տնտեսական խողովակով վճռորոշ ազդեցություն ապահովելով առաջատար ուկրաինական հեռուստաընկերությունների ու թերթերի տերերի վրա,

բ) մեդիա պլանի մշակում եւ լրագրողների ու փորձագետների ավազանի ձեւավորում, կենտրոնացնել կառավարելի մեդիառեսուրսները, այդ թվում՝ ռուսական իշխանությունների կողմից վերահսկվող ֆեդերալ մակարդակի էլեկտրոնային ԶԼՄ-ները, ռուսական բիզնեսի կողմից վերահսկվող ուկրաինական անկախ ԶԼՄ-ները, որոնք աջակցում են Ռուսաստանի հետ համագործակցությանն ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացին, դրան համակրող հայտնի լրագրողներին, հասարակական կարծիքի լիդերներին,

4.3. ինֆորմացիոն եւ վերլուծական խողովակ, որը կապահովի Զարգացման ազգային ինստիտուտը ռուսական եւ ուկրաինական մյուս կազմակերպությունների (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտ, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսության եւ կանխատեսման ինստիտուտ) հետ միասին, 4.4 հասարակական կազմակերպությունների խողովակ, որը կիրականացվի «Ռոսգոսսոտրուդնիչեստվայի» միջոցով՝ հենվելով արդեն իսկ գոյություն ունեցող ցանցի եւ շարժումների վրա, ներգրավելով երիտասարդությանն ու հումանիտար նպատակներով նրանց տրամադրելով դրամաշնորհներ (Ուկրաինայում արեւմտյան հիմնադրամների բազմամյա գործունեության օրինակով), 4.5 կրոնական խողովակ՝ աշխատանք ուղղափառ հանրության եւ ուկրաինական հոգեւորականության հետ Ուղղափառ քաղաքացիների միության միջոցով:

Ահա եւ այն պլանը, որի իրականացումը ոչ միայն պետք է կասեցներ նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այլեւ ապահովեր ՄՄ-ին Ուկրաինայի միացումը երկրի տնտեսական շահերի ու Յանուկովիչի քաղաքական-տնտեսական շահերի շանտաժի միջոցով: Արդեն իսկ ամռանը Յանուկովիչը տեսնում էր ծրագրի իրականացումը՝ դրա տարբեր ճակատների առաջխաղացումը եւ նշված միջոցառումներից շատերի իրականացումը:

Սակայն ընդդիմադիր թերթի միջոցով հրապարակված ռուսական հատուկ ծառայությունների ծրագիրը միակ խաղաքարտը չէր, որ Կրեմլի կողմից օգտագործվելու էր Վ. Յանուկովչի դեմ. դրա հրապարակման օրերին եւ միանգամայն սինխրոն՝ օգոստոսի կեսերին մեկ այլ «վերլուծություն» հրապարակվեց ԶԼՄ-ներում, որը թեպետ շատ լայն արտատպումներ չունեցավ, սակայն իբրեւ հանցագործության մասին հաղորդում ուղարկվեց իրավապահ մարմիններին ու նաեւ Վ.Յանուկովիչին: Դժվար թե Վ. Յանուկովիչից բացի որեւէ մեկը ավելի լավ հասկանար, թե ինչ է գրված կամ ակնարկվում հոդված-հաղորդման մեջ, որը նոյեմբերի 21-ի Կիեւի որոշման (դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը) նախօրեին փոքր-ինչ ձեւափոխված ու լրամշակված հայտնվելու էր ռուսական մեկ այլ լրատվամիջոցում իբրեւ առաջնորդող նյութերից մեկը:

Տեղի ունեցողը բավական նման էր նրան, ինչ ժամանակին արվեց Ա.Լուկաշենկոյի հետ Բելառուսը Մաքսային միությանը միացնելու նպատակով եւ ռուսական 2 հեռուստաընկերությունների ընդամենը 3 «փաստավավերագրական» ֆիլմերի միջոցով...

Շարունակելի

Հետգրություն 1. Այլեւս կասկածից վեր է, որ նման մի գաղտնի ծրագիր էլ իրականացվել է Հայաստանին Մաքսային միության մեջ ներգրավելու համար: Թեպետ այն հրապարակված չէ, ինպես Ուկրաինայի պարագայում, սակայն առանձնապես դժվար չէ այն վերարտադրելը՝ հաշվի առնելով թե’ իրականության մեջ դիտարկված գործընթացներն ու թիրախները, թե’ նաեւ օգտագործելով «Ուկրաինայի ռուսական պլանի» անալոգիան: «Հայաստանի ռուսական պլանը» գործարկվել էր բավական վաղ ու արդեն սեպտեմբերի 3-ին տվեց Կրեմլի համար բաղձալի արդյունքը՝ «Հայաստանը որոշում է կայացրել միանալ Մաքսային միությանը»:

Հետգրություն 2. Թերեւս Հայաստանի եվրաինտեգրման ոդիսականն ու Ուկրաինան զավթելու պլանը լավագույնս բացատրելու են գալիս հենց այժմ Ուկրաինայում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները: Ուկրաինայի համար նախատեսված պլանի վերլուծությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ կլիներ, եթե ուկրաինական ընդդիմությունը, նրա արեւմտյան գործընկերներն ու Բրյուսելը հապաղեին ու Կրեմլին հերթական երկրի եվրասիականացումն իրականացնելու ժամանակ տային. Հայաստանի նախադեպը չափազանց խոսուն է: Եւ եթե Հայաստանի պարագայում խաղը մասամբ ավարտված է (Հայաստանը հայտարարել է առաջիկայում Մաքսային միությանը միանալու մասին), ապա Ուկրաինայի պարագայում այն անավարտ է. անորոշ ժամանակով դադարեցվել են եվրաասոցացման աշխատանքները, իսկ ՄՄ-ին միանալու հայտարարություն դեռեւս չի արվել: Հետեւաբար, Կիեւի համար պայքարը պետք է անմիջապես հաջորդեր վերջին զարգացումներին՝ կանխելու համար Կրեմլի կողմից մշակված ու գործողության մեջ դրված ծրագիրն ու թույլ չտալու Մինսկին եւ Երեւանին ծնկի բերելու օպերացիայի կրկնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter