Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Պոչանքները ջրաքամում են միջհամայնքային ճանապարհաեզրին



Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից տարիներ շարունակ որդեգրված շրջակա միջավայրը աղտոտելու ավանդույթները այժմ էլ շարունակում է ԼՀԿ-ն կառավարող «Ապառաժ» ՍՊԸ-ն:

Ախթալա- Մեծ Այրում միջհամայնքային ճանապարհաեզրին՝ Ախթալա քաղաքի վարչական տարածքում, «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» ընկերության կողմից թափված 95.400 խմ հսկա թափոնակույտերի մոտ պոչանքների նոր կույտեր են ամեն օր հայտնվում:

«Հետքը» փորձեց ԼՀԿ-ի տնօրինությունից տեղեկանալ դրանց մասին: Ընկերության պահակային ծառայությունում մեզ հայտնեցին, որ ինչպես ԼՀԿ-ի գլխավոր տնօրենը, այնպես էլ մյուս ղեկավարները տեղում չեն: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը պարզել է, որ թափված պոչանքները հին թափոնակույտերի մոտ ԼՀԿ-ի աշխատողները թափել են Ճոճկանի պոչամբարի ճանապարհաեզրերին գտնվող ամբարներից:

«Ընկերությունից ասում են՝ դրանք ջրաքամվելուց հետո տեղափոխելու են ճանապարհին հարող լեռնալանջի վրա գտնվող երկրորդ պոչամբար»,- հայտնեց Ախթալայի քաղաքապետը: Պոչանքներից քամված ջրերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի, իսկ անձրևահոսքերի միջոցով՝ նաև Դեբեդ գետի համար:

Ախթալային քաղաքապետը  2013 թ.-ի իր 48-53 գրությամբ ԼՀԿ-ի պոչանքների վիճակի, Ախթալա-Մեծ Այրում միջհամայնքային ճանապարհաեզրին թափված 95.400 խմ և Բարիտ թաղամասի ջրագծի ջրահավաքի տարածքում թափված 16.000 խմ պոչանքների վտանգների մասին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և խնդրել է նրա աջակցությունը դրանք պոչամբարներ տեղափոխելու համար: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը քաղաքապետին պատասխանել է, թե Ախթալայի ԼՀԿ-ն ընդգրկված է նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության կողմից 2013 թ.-ի իրականացվելիք ստուգումների ցանկում, որի ընթացքում էլ կլուծվի անթույլատրելի վայրերում թափված ԼՀԿ-ի պոչանքների տեղափոխման խնդիրը: Տարվա ավարտին մնացել է 27 օր, սակայն պոչանքները թափված են նույն վայրերում:

Հ.Գ. Հոդվածը պատրաաստ էր, երբ Ախթալայի քաղաքապետը տեղեկացրեց, թե այս պահին Ախթալայի ԼՀԿ-ի տնօրինությունը միջոցներ է ձեռնարկում Ախթալա-Մեծ Այրում միջհամայնքային ճանապարհի եզրին նոր թափված պոչանքները տեղափոխելու համար: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ