HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը)

(սկիզբը)

27 հունիսի

Այսօր տրամադրությունս անհամեմատ լավ է, որովհետև կուշտ եմ: Եղանակը պայծառ է և մեր ռազմաճակատներից մխիթարական լուրեր են հասնում: Հրամանատար Սեպուհը կարգադրեց, որ բոլորս էլ պատրաստվենք Իջևան մեկնելու. մինչև Ղազախ-Շամշադինի ռազմական գործողությունների վերջնական հաշվեհարդարը՝ երևի կմնանք այնտեղ: Միօրինակություն չեմ սիրում, հարատև տեղափոխությունները և չտեսած վայրերին ծանոթանալը եռանդ ու աշխույժ է մտցնում մեջս:

Երեկոյան ժամը 6-ին մենք հասանք Իջևան: Բացի հրամանատարից և նրա թիկնապահ զինվորներից, մենք բոլորս էլ եկանք բեռնակիր ավտոմոբիլներով: Թարսա-չայ կամրջի մոտ տեղի ունեցավ զինվորական խորհուրդ, որը տևեց մի ժամ: Այնտեղ էր Շամշադինի զորամասերի հրամանատար երիտասարդ քաջ գնդապետ Մանևը, որ իջել էր նոր հրահանգներ ստանալու Սեպուհից: Այդ կամուրջի մոտ Ղազախ և Շամշադին տանող ճանապարհները բաժանվում են իրարից: Այստեղից երևում է Ղարա-Ղայլու բերանը. ներկայացնում է մի անառիկ, բնական բերդ, ուր ապրում էին թաթարները, որ այնքան շփացել ու ամբարտավանացել էին իրենց ամրություններով և, մեր հանրապետության մեջ ապրելով, չէին ճանաչում մեր կառավարությանը: Նրանք զանգիբասարցիների ու բեյուք-Վեդիցիների նման մատով էին խոսում մեր հետ, իսկ մեր անվճռական կառավարությունը ուղիղ երկու տարի առաջ չէր կարող ցույց տալ իրենց արժանի տեղը: Բոլշևիկյան վերջին խռովությունների ժամանակ, Սեպուհը նորից նվաճելով ամբողջ Հայաստանը, հասավ Ղարա-չայ կամուրջը և հրամայեց խռովարարներից մաքրել և այդ ձորը, որից այնքան վախենում էր մեր թույլ ու անվճռական կառավարությունը: Դրանով քաջարի Զորավարը ուզեց մեր Կառավարությանը հասկացնել, որ հայ բանակը ամեն ինչ կարող է անել, եթե նրա Կառավարությունը կրավորական դերից դուրս գա: Այստեղ Սեպուհը անձամբ ղեկավարելով կռիվը, անձրևի բռնվեց, մրսեց և թոքերի թեթև բորբոքում ստացավ:

Այո, այն չարաբաստիկ կամուրջի վրա, ուղիղ մի ամիս հետո Հայաստանի պահապան հրեշտակ Զորավար Սեպուհը նորից ստիպված էր ռազմական գործողություններ վարելու համար խորհրդակցության գալ:

Սրերով, ատրճանակներով, հեռադիտակներով և թղթապանակները կողքերից կախ ընկած այդ սպայակույտի մեջ Սեպուհը իր օրիգինալությամբ աչքի էր ընկնում: Ոչ մի շքանշան չէր զարդարում նրա կուրծքը. չնայած նրանք շատ-շատ են: Ուսադիրներ նույնպես չուներ, ինչպես և զորավարի սուր: Նա պարզ էր հագնված, շատ պարզ: Ամերիկյան ատենալից կարված գալիֆե շալվար, նույն կտորից անգլիական ձևի, բայց գոց կրծքով ֆրենչ, շատ լայն գրպաններով, սև հասարակ ժակետ՝ գորշ սև բծերով, մորթե գլխարկ, որ միշտ ճակատի վրա է և միշտ նույն դրության մեջ: Ֆրենչի տակից կախված էր իր հեղափոխական օրերի մաուզեր ատրճանակը՝ կարմիր կաշվից կարված փամփշտակալով, որ միաժամանակ գոտիկի դեր էր կատարում: Քայլելիս Սեպուհի աջ կողմի վրա աննշան անհարթություն էր նկատվում, որից միայն կարող է կարծեն, որ նա ատրճանակ ունի: Միայն նստելու ժամանակ ատրճանակի փողը մինչև նշանացույց բլթակը երևում է, որովհետև զորավարը սովորություն ունի աջ ոտքը տակը ծալած նստելու: Չնայած ճակատի այնքան պարզությանը, չնայած նրան, որ զինվորականություն հիշեցնող ոչ մի բան չունի իր վրա այդ մարդը, բայց այնուամենայնիվ նրան չճանաչող կամ չտեսած մեկը մազաչափ անգամ չի կասկածի, որ նա զինվորական է: Միշտ գերազանցապես հայ՝ հայկական դիմագիծ չունի, ավելի շատ ռուսական տիպ է, ունի ալեխառն շեկ մազեր, կապույտ աչքեր, որոնք թավ հոնքերի տակից սարսափ են ազդում խոսակցին: Ալեխառն մազերը և ճակատի կնճիռները մեկ-մեկ վկաներ են նրա հեղափոխական անցյալի, նրա իր ժողովրդի համար եղած ապրումների: Նրա, մշտապես դժգոհություն արտահայտող, դեմքը պատկառանք և ակնածանք է ազդում մարդուս:

Ժպիտն ու ծիծաղը նրա դեմքին հարազատ չեն: Որքան խիստ և դաժան է թվում նրա արտաքինը, այնքան բարի ու ներող է իր հակառակորդներին, եթե սրանք կանգնած են Հայաստանի և հայի անկախության տեսակետի վրա: Նրա հոգին մեծ է, բյուրեղի պես մաքուր. ճշմարտության դեմ գնացող մարդը, եթե անգամ նրա ամենամոտիկ ազգականը կամ բարեկամը լինի՝ հալածվում է նրանից: Սեպուհը լավ է ճանաչում հայ ժողովրդին և ամենակրիտիկական րոպեին կարող է ամբոխներ իր ետևից քարշ տալ. նույնքան, և գուցե ավելի նա ճանաչում է այն տեղերին ու տարրերին, որոնք պատմական խճճված հաշիվներ ունեն հայ ժողովրդի հետ, և այդ է պատճառը, որ նա պարտություն ասած բանը չգիտե: Հայ ժողովրդական հերոսների մեջ նա ամենից շատ զարգացած, ամեն բանից քիչ թե շատ ծանոթություն ունեցող մեկն է:

Տասնյակ տարիների հեղափոխական կռիվները նրան եփել են և դարձրել տաղանդավոր զորավար, որ իր ռազմական ընդունակությամբ լավագույն, կրթված զորավարներից ետ չի մնում: Նա վարպետ է և համապատասխան ձև ու լեզու ունի, երբ բանակներին է խոսում, համակող և գրավիչ լեզու ունի՝ ամբոխների առաջ կանգնած: Նա անգլիական սառնասրտություն ունի և ճապոնական վճռականություն: Հաջողությունների դեպքում նա չի ոգևորվում և անհաջողությունների ժամանակ նրա ուժեղ կամքը ավելի է զորանում:

Նա ամեն մարդու լսում է ուշադիր և այն տպավորությունն է թողնում, որ կարծես թե համոզվում է: Սակայն ամեն մի խորհուրդ, ամեն մի մտածածին գիր անցնում է նրա բնական խելքի լաբորատորիայից և սեպուհացած դուրս է գալիս:
Սեպուհը շատ համեստ է և ամեն բան սովորելու հակում ունի: Գիտնականը նրան չի ապշեցնում իր բազմակողմանի ծանոթություններում և տգետը չի արհամարվում նրանից:

Նա իր ասածը կատարում է, թեկուզ սխալ լինի: Իր բերանից թռած խոսքը ամենից առաջ ինքն է հարգում, և կյանքում կիրառում է այն՝ իր կյանքի ամբողջ թափը շարժման մեջ դնելով: Նա սուր միտք ունի և ամենաչնչին խնդիրը, լինի բերանացի, թե գրավոր, հիշում է:

Ռազմական խնդիրները հեշտությամբ է կազմում և հաղթանակը ապահովում է չնչին ջանքերի գնով: Զինվորին սիրում է, բայց երբեք չի զգացնում. նրա տանջանքի կամ սիրո մեջ կարծես խորություն կա և չափ:

Հայրենասիրությունը հայրական սիրուց միշտ բարձր է դասում և աննպաստ պարագաները երբեք չեն նսեմացնում հայրենասիրական զգացմունքները:

Այս մարդու մեջ ես չկարողացա այնպիսի խոշոր թերություններ գտնել, որոնք ցայտուն կերպով աչքի զարնվեն, գուցե այդ նրանից է, որ ես հիացած եմ նրանով և անկարող եմ դիտել նրա վատ կողմը, կամ գուցե նրանից է, որ այդ թերությունները արտահայտվելու պարագաներ չեն ներկայացել:

Երբ զինվորական խորհուրդը վերջացավ, Մանևը բաժանվեց մեզանից Շամշադին գնալու, իսկ մենք բեռնակիրը նստելով ճամփա ընկանք Իջևան: Հրամանատարը Թարսա չայ կամուրջից մեզ հետ ավտոմոբիլ նստեց:

Դիլիջան-Իջևան շրջանը իսկապես որ գեղեցիկ է և ինձ հիշեցնում է Վրաստանն ու Աբխազիան: Խճուղու երկու կողմերից խիտ կանաչազարդ անտառներ են, որոնք ծածկում են բլուրներն ու սարերը: Խճուղուն զուգընթաց հոսում է Աղստաֆա գետը, որ թափվում է Կուրը: Բեռնակիր ավտոմոբիլում խիստ մոտ եինք նստել ես, Ամիրյանն ու Ծաղիկյանը: Մենք հիացմունքով էինք դիտում բնության գեղեցկությունները և խոսում էինք Հայաստանի ապագայի մասին: Սեպուհը եվ նրա ադյուտանտ Թամրազյանը տեղավորվել էին շոֆերների մոտ, իսկ գլխավոր շտաբի պետն ու մի քանի սպաներ ավտոմոբիլի վերջին մասում: Բոլորիս տրամադրությունն էլ բարձր էր. ասում, խոսում և ծիծաղում էինք: Իջևան հասնելով՝ հրամանատարը իր շտաբի կազմով իջավ մի գյուղացու տուն, ուր հավաքվել էին Ղազախի զորասյան հրամանատար գնդապետ Իշխանյանը իր թևերի սպաների հետ: Առանց հանգստանալու, Սեպուհը անմիջապես ծանոթացավ ռազմաճակատի դրությանը և Վեքիլովի հետ միասին նոր կարգադրություններ արին վաղվա առաջխաղացությունը շարունակելու համար: Այս խորհրդակցության ժամանակ լուր բերին, որ նաուրցի հակաբոլշևիկյան ուժերի հրամանատար Սոսին, որ մոտ 40-45 տարեկան գյուղացի էր, Շամշադինը բոլշևիկ ուժերի կողմից գրավելուց հետո, այս գյուղացին առաջին իսկ օրից չհանդուրժելով այս հայրենադավ արարքին, անցնում է 140 լավ զինված երիտասարդների գլուխ և լեռներ քաշվում: Շամշադինի ապստամբապետ Բերբերյանը հրամայել է ձերբակալել Սոսիի երեք եղբայրներին, ազգականներին ու բարեկամներին և ապա վառել նրա տունը: Հայրենադավ չարագործի հրամանը իսկույն կատարվում է բացի տունը վառելուց, որ ինչ որ պատճառով հետաձգվում է: Սոսիի խմբում լինում է և մի նաուրցի կին կամավոր` Թամարա Մարտիրոսյան անունով: Այս հայրենասեր հերոսուհին դեռ օրիօրդ ժամանակ հայտնի է եղել որպես քաջ կռվող և հեղափոխական, նրա ամուսինը սպանվել էր ապրիլյան կռիվներում, երբ Ադրբեջանի կառավարությունը կամենում էր Հայաստանի դիակի վրայով կապվել քեմալականների հետ: Որբեվայրին, Ադրբեջանի վրա տարած Հայաստանի կատարյալ հաղթանակից հետո նվիրվում է իր մանչ որբերին՝ նրանց պահելու և կրթության դնելու:

Թարսա-չայ կամրջի խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էր նաև Թաուզ-Կալայի (բերդ) Հայաստանի Կառավարության հավատարիմ մնացած ուժերի պետ Լևոն Բեկը, լուր ստացանք, որ նաուրցիները հարձակվել են բոլշևիկ պաշարակիր սայլերի վրա և խուճապի մատնել Հայաստանի թշնամիներին:

Սոսին հաստատեց այդ լուրը և պատմեց Թամարայի քաջագործեւթյունների մասին, որ արցունք խլեց մեր աչքերից:

Երեկոյան ժամը 9-ին զինվորական խորհրդակցությունը վերջացավ, որի հետևանքով գնդապետ Իշխանյանը և գնդապետ Հարություն Խաչատրյանը պիտի անմիջապես մյուս օր առավոտյան մեկնեյին առաջին դիրքերը:

Փախածների ասելով՝ Ղազախում մեծամասնականների(բոլշևիկ -Գ.Ռ.) մեջ տարաձայնություններ կան. Ղազախ-Շամշադինից զոռով գաղթեցված ժողովրդի մեծ մասը զղջացել է և ուզում է վերադառնալ, բայց վախենում են պատժվելուց: Հայաստանի թշնամիները այնքան ստոր և խաբեբա են, որ լուրեր են տարածել, որպես թե մեր զորքերը անխտիր կոտորում են բոլորին, բռնաբարում են կանանց և թալանում են տները: Սակայն մնացողները տեսնելով մեր զորքերի եղբայրական վերաբերմունքը դեպի իրենց խաբված արյունակիցները, և այն կարգ ու կանոնը, որ տիրում է մեր զորքերից հետո, լուր են տալիս փախածներին:

Հենց այսօր լուր ստացվեց, որ Սև-Քարեցի փախածներից 100 ընտանիք վերադարձան:
Սեպուհը մնացյալներին կոչեր ուղարկեց, ինչպես և գաղտնի քարոզիչներ:
Մինչև օրս ես բավական ժամանակ ունեի, բայց շտաբում ծություն ստանալուց հետո գործս բավականին դժվարացավ: Աչք փակելու ժամանակ անգամ չունեմ: Սակայն խիղճս հանգիստ է, որովհետև ես մի բանով օգտակար եմ լինում նոր ազատված Հայրենիքիս:

Ես հիմա ավելի հնարավորություն ունեմ շտաբի ամեն մի գաղտնիքը իմանալու, մանավանդ, որ շտաբում հերթապահություն էլ եմ անում: Բացի այդ, Սեպուհը ինձ առանձնապես թույլատրել է ամեն մի գրության, հեռագրի, ռազմական հաղորդագրության հետ ծանոթանալու, որպեսզի կառողանամ նյութեր ունենամ մեր ապագա պատմության համար: Ես ու Սեպուհի համհարզ Թամրազյանը միասին ենք ապրում, ու չկա մի գաղտնիք, որ նախ նա ու ես չիմանանք և ապա հրամանատարը: Միայն մի բանից ես ու նա շատ ենք նեղանում, այդ այն է, որ համարյա միշտ քաղցած ենք մնում: Սեպուհի անձնական մի քանի զինվոր, որոնց հետ ենք ճաշում և պարեն ստանում, այնքան անբարեխիղճ են, որ մեր բաժնի պարենը ևս սպառում են, առանց մեր մասին մտածելու: Մենք էլ ամաչում ենք ստամոքսի համար ամեն անգամ կռիվ անել, ղալաբալաղ բարձրացնել:

Սեթյանը ու Ծաղիկյանը հեռու մի տանն են ապրում, բայց բոլորս էլ մի տանն ենք ճաշում: Չնայած հաճախակի կրկնվող անպարենությունների, այնուամենայնիվ ուրախ ենք ապրում, և ժամանակը ձանձրալի չի անցնում:

Զինվորների մեջ առհասարակ այն կարծիքն է տիրում, որ շտաբում ապրողները հրաշալի են ապրում, բայց ողորմելիները չգիտեն, որ ամենայն օր կիսաքաղց ենք մնում: Բայց պետք է խոստովանել, որ նրանց կարծիքը մասամբ սխալ չէ, ուրիշ անբարեխիղճ շտաբները, որոնք ռուսական չինովնիկական ակնարկով են նայում ռազմական այս կարևոր օրգանի վրա՝ ապրում են ավելի լավ, քան կարելի է:
Ե՞րբ պիտի, վերջապես, մենք կարողանանք ռուսական հին կարգերից մնացած այլասերված սպայությանը դուրս շպրտել մեր բանակից, և փոխարինել նրանց հայրենասեր, նոր մտքերով ու հայացքներով օժտված սպայություններով, որ կանգնած լինի հայ հեղափոխական ժողովրդի պետական դիրքի վրա:

Ցավն այն է, որ մեր սպայության ճնշող մեծամասնությունը Հայաստանի անկախությունը համարում է մի անցողական շրջան և նրանք՝ այդ ստրկամիտները, օրից-օր սպասում են, որ ռուսը գա և տիրե մեր երկրին:

Եթե սպայությունը այդպիսի տրամադրություն ունի, էլ ի՞նչ մեղադրելու բան է մնում հասարակ զինվորին, որ վեց տարվա անընդհատ կռիվներից, զրկանքներից ձանձրացել է և ուզում է «տուն» գնալ, ինչպես մի ժամանակ բոլշևիկներն էին քարոզում, երբ դեռ զինամոլ Գերմանիան վերջնականապես չէր ջախջախվել:
Ուշ գիշեր է, առանց այն էլ շատ հոգնած եմ, վեր կենամ քնեմ:

Քնել, բայց ինչպես քնեմ, քանի որ Ղազախ-Շամշադինի ամբողջ ռազմաճակատների հեռախոսների և հեռագրաթելերի ցանցը այժմ Իջևանն է և րոպե չի անցնում, որ նոր հաղորդագրություններ չբերեն և չզարթնեցնեն Թամրազյանին և ինձ:

Իջևան, 28 հունիսի

Ռազմաճակատի բոլոր ուղղություններից եկած հաղորդագրությունները զեկուցում են, որ այս գիշեր անցել է հաջող. Իջևանի զորաճակատում թշնամին երևաց Ռևազլուի հյուսիսային ժայռերի վրա: Այսօր գնդապետ Իշխանյանի զորասյունը, շարժվելով Շամշադինի վրա, գրավեց Լալա քենդ գյուղը:

Գնդապետն իր, Մանևի և Տիմչենկոյի(/կարդալ Դեմչենկո - խմբ.) զորաճակատներից տեղեկություններ չունի:

Ղազախ-Շամշադինը գրավելու համար մեր ուժերը հետևյալ կերպով են դասավորված:

Գնդապետ Իշխանյանի զորամասի մի զորասյունը, որպես ձախ թև գնդապետ Խաչատրյանի ղեկավարությամբ շարժվում է Իջևանից Սարամ-Սախլու սարի վրայով Թաուզ-կալա: Գյոլ-Բինտից, միջին թևը, գնդապետ Հակոբյանի գլխավորությամբ առաջանում է Կարաուլչի լեռան վրայով դեպի Ղարա-Ղայա և աջ թևը Գնդապետ Մանևի հրամանատարւթյամբ Կուլալիի վրա:

Տիմչենկոյին խնդիր է տրված պաշտպանել Ադրբեջանից մեր սահմանը և ապահովել մեր զորամասերի աջագույն թևը:

Համհարզ Թամրազյանը ասում է, որ ուժերի այսպիսի դասավորումն լավագույնն է թշնամուն մի քանի օրվա ընթացքում ջարդելու համար: Կեսօրից հետո Շամշադինից հաղորդում են, որ Մանևի զորամասերից մեկը երկու զորասյուն Մուրգուզ լեռից, իսկ մյուսը Խոնզուբկատ գետի հոսանքով շարժվեցին դեպի Զիմովկա-Ղարաղայա: Դեռ չհասած Զիմովկա՝ աջ զորասյունը գնդակոծվում է Ադրբեջանից մեր սահմանն անցած թափառաշրջիկ հրոսակների կողմից: Կարճ կռվից հետո, վերջիններս ցրվում են և Մանևի զորասյունը շարունակում է իր առաջխաղացությունը: Մյուս զորասյունը չհանդիպելով թշնամու դիմադրությանը հասավ իրեն ցույց տված գիծը՝ Կարաուլիչի լեռան մոտ:

Ամեն օր նորանոր վերադարձողներ կան, և մեր դեմ կռվող զինվորները, որոնք գալիս են և զինված, և անզեն, ով ինչպես կարողանա, որոնք փառավոր ապացույցներ են, որ Հայաստանի գոյությանը սպառնացող թշնամիները բարոյական և ռազմական մեծ պարտություն կրեցին, և սա առաջինը չէ:

Շտաբում առանձնապես կարևորություն են դարձնում ժողովրդի տրամադրությանը, քան թշնամու ուժերի, որվհետև տեղացի ապստամբները մեզ ավելի են վնասում, քան բուն ինքը թշնամին: Այսօր շտաբում հերթապահությունը Ամիրյանին լինելով՝ Թամրազյանը, Ծաղիկյանն ու ես ճաշից հետո գնացինք թութ ուտելու մի քանի տեղացիների հետ, որը շատ ուրախ անցավ: Իջևանցիները շատ անհյուրընկալ և անկիրթ են, նրանց դեմքերից կարծես ժահր է կաթում, աշխուժություն և եռանդ նրանց մեջ մեռել է: Տեղացիները բացատրում են նրանով, որ ժողովուրդը քաղցած է, թալանված և սարսափահար եղած «բոլշևիկ» կոմունիստներից, որոնք Իջևանից նահանջելով միայն տխուր հիշողություններ են թողել:

Իջևան, 29 հունիսի

Ռազմաճակատից երկու գերիներ բերվեցին Իջևան, որոնց հարցաքննեց ինքը՝ հրամանատարը: Նրանք կծկտուր տեղեկություններ տվին. ճնշված էին հոգեպես և դողում էին ողորմելիները՝ կարծում էին, որ մենք էլ կարմիրների պես մարդու վրա նայում ենք որպես մի անշունչ առարկայի վրա, որի հետ կարելի է խաղալ «գնդակահարի» դաժան բառով: Իմ մեջ և ափսոսանք և առհամարանք առաջացրեց դրանցից մեկը՝ ղարաբաղցին, որոնց գոյամարտի համար դատարկվեց առանց այն էլ ոչ հարուստ մեր պետական գանձարկղը և ոչնչացան մեր լավագույն ուժերը:
Մի ժամանակ մենք Ղարաբաղը համարում էինք մեր հանրապետության շեյթանը, որ շարունակ ծառայում(ընդվզում- Գ.Ռ.) էր դավադիր Ադրբեջանի դեմ, երբ վերջինս ամեն անգամ փորձ էր անում նվաճել այդ լեռնական հերոս ժողովրդին և միանալ մեր դարավոր թշնամի Տաճկաստանի հետ: Սակայն, ավաղ, մելիքների այդ դավաճան ծննդավայրը իր կաշին փրկելու համար, ապերախտորեն բաց արավ Ղարաբաղի պողպոտե դռները ռուս մի քանի հարյուրանոց զորամասի առաջ և այժմ, միացած նրանց, արշավ է սկսել իրեն սնուցող մոր՝ Հայաստանի վրա:

Երջանիկ է ռուս ժողովուրդը հայի պես կույր սիրող և կույր հետևող ունենալու համար:
Այսօր լուսաբացին Իջևանի զորաճակատում խռովարարները հարձակման դիմեցին գնդապետ Իշխանյանի զորամասի վրա Լալաքենդի մոտ, Դիտիվանքի (հավանաբար Դադիվանքն է -Գ.Ռ.) և Զիմովկայի կողմից: Երկու ժամվա կռվից հետո մեր զորամասերը հակահարձակման դիմելով, թշնամուն ետ շպրտեցին դեպի Ղազախ: Մենք ունենք մի սպանված: 12 ժամին մեր զորամասերը Կարմիր քարին մոտենալիս սկսում են հետապնդել թշնամուն, մեր ուժերը շարժվում են Օձաքար լեռան ուղղությամբ:

Իջևան, 30 հունիսի

Գնդապետ Իշխանյանը հաղորդում է, որ Կարմիր քարը գրավելուց հետո 2 ժամին մեր պահակախումբը ինքնակամ թողնելով Օձաքարը եկել է Լալաքենդ գյուղը: Օձաքարում թշնամին ունի չորս հարյուր մարդ և չորս գնդացիր:

Հակառակորդը պատկառելի ուժեր է կենտրոնացնում Դիտիվանքում, ուր կա 2 գնդացիր: Ապստամբները այդ ուղղությամբ հրացանային և գնդացրային ուժեղ կրակ են բացել մեզ վրա՝ միաժամանակ երևան հանելով հեծելազորը: Չստուգված լուրերին նայած, բոլշևիկները պատրաստվում են թաթարների հետ միասին անցնել մեր սահմանը: Գերիները պատմում են, որ Բաքվում բոլշևիկները 400 հոգուց մի զորամաս են կազմակերպել, որից մի մասը ուղարկել են մեր դեմ, իսկ մյուսը ուրիշ ճակատներ: Սարամ Սախլուի շրջանում և Թաուզ-Կալայի վրա շարժվող մեր զորամասերից հաղորդագրություն է ստացվել, որ 29 հունիսի, 3 ժամվա կռվից հետո մերոնք գրավել են Թաուզ-Կալան և Չինչինը: Թշնամին նահանջելով թողել է 25 դիակ, որոնց թվում երկու թուրք և մի փչացած հին սիստեմի թնդանոթ, որը մենք էինք թողել նահանջելիս:
Նաուրի կռիվների ժամանակ, հերոսաբար կռվելով, ծանրապես վիրավորվել է Թամար Մարտիրոսյանը: Կարգադրված է նրան տեղափոխել Իջևանի հիվանդանոց: 
Մյուս ճակատներում նշանակալից ոչինչ չկա:

 

Իջևան. 1 հուլիսի, 1920թ. – Երևան, 30 օգոստոսի, 1920թ.


Իջևան. 1 հուլիսի

Խռովարարները գնդապետ Մնացականյանի ղեկավարությամբ իրենց ուժերը կենտրոնացնում են Աչասուի և Սև քարի ուղղությամբ, որպեսզի անցնեն մեր թիկունքը, բայց նրանց չի հաջողվի այդ անել, որովհետև մեր շեշտակի հարվածները դեռ նրանց շշմեցրել է: Գնդապետ Խաչատրյանի զորասյունը շարժվում է Թաթլու գյուղի վրա: Շամշադինում մեր ձախ զորասյունը 15 ժամին գրավեց Ղարաղայան, ուր մնացել են միայն մի քանի ընտանիք:

Աջ զորամասը շարժվեց Ղարաղայայի աջ ուղղությամբ, ուր այսօր վաղ առավոտյան կռիվներ են տեղի ունենում, իսկ ձախ զորասյունը առաջանում է Չորաթան գյուղի վրա:

Նաուրցի կին կամավոր Թամար Մարտիրոսյանը, որ վերջին կռիվներում հերոսաբար կռվել էր և վիրավորվել կրծքից ծանրապես, այսօր առավոտյան դեմ մեռավ Իջևանի հիվանդանոցում:

Հրամանատար Սեպուհը կարգադրեց զինվորական մեծ շուքով թաղել Հերոսուհուն: Եվ այդպես էլ եղավ: Նրա որբերի խնամատարության, կրթության հոգսը մեր կառավարությունը վերցրեց իր վրա:

Եզակի դեպք է այս կնոջ հերոսությունը մեր երկու տարվա պետական գոյամարտի մեջ՝ բարոյական մեծ ապտակ մեր ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ թե ներքին, թե արտաքին թշնամիներին, որոնք ուզում են իրենց անարգ ոտքերով պղծել մեր Մայր երկրի անձեռնմխելի հողը:

Այստեղ կարևոր է հիշել Նաուրում կատարված մի ուրիշ դեպք, որ նույնքան կարևոր է: Նաուրը բոլշևիկների կողմից գրավելու ժամանակ տեղացի կույր աշուղը արհամարանքով է խոսում դավաճանների և հարգանքով՝ հայրենի կառավարության մասին: Ապստամբապետ Բերբերյանը սաստում է աշուղին, որ սա զգույշ լինի, բայց ժողովրդական երգիչը հանդուգն պատասխան է տալիս և մեղադրում դավաճան Բերբերյանին /«վարժապետ»/, որի հրամանով սպանվում է աշուղը:

2 հուլիսի

Այս առավոտյան ժամը 8-ին գնդապետ Իշխանյանի զորամասը հարձակման է դիմել Օձաքարի վրա: Շամշադինի առաջխաղացությունը նույնպես հաջող է ընթանում: Կոտիքենդի և Բուրանայի շրջանում բոլշևիկները ուժեղ պրոպագանդա են մղում, բայց քանի գրոշ արժի նրանց քարոզը, երբ ամեն տեղ ուժն է հաղթողը:
Հենց հիմա տեղեկություն ստացվեց, որ գնդապետ Իշխանյանը համառ կռվից հետո գրավեց Օձաքար կոչված անառիկ բարձրունքը: Թշնամին ունեցել է երկու գնդացիր, որ անդադար գործելիս են եղել:

Մեր բռնած գերիները պատմում են, որ ղարաբաղցիները թողել փախել են՝ չուզենալով կռվել Հայկական Հանրապետության դեմ: Երեք օրվա համառ և կատաղի կռվից հետո, Շամշադինի մեր զորամասերը, ջարդելով թշնամուն, քշել են նրանց Ադրբեջան: Գյուղացիները չեն փախել, իսկ հեռացողները ամեն օր ծածուկ փախչում գալիս են իրենց տները:

Ղազախ-Շամշադինի ազգաբնակչությունից Սեպուհը երկու բան է պահանջում, նախ զինաթափ լինել և ապա հանձնել բոլոր զենքի ընդունակ երիտասարդներին որպես զինակոչի ենթականեր: Թեև նրանց համար շատ ծանր են այս պայմանները, բայց անխուսափելի:

Ցարդ հայ կառավարությունը զինում էր տեղական բնակչությանը, որովհետև Ադրբեջանի վտանգ կար, սակայն այժմ այդ վախը չկար և մեր հիմար գյուղացիությունը չիմանալով իր զենքը գործածել, դարձրել է այն մեր դեմ: Ինքնապաշտպանության հարցը պետք է վերացնել և դարձնել այն պետական, որովհետև մենք հիմա այնքան ուժ ունենք, որ կարող ենք ամեն մի քաղաքացու կամ համայնքի կյանքը, գույքը ապահովել: Իմ կարծիքով, Հայ կառավարությունը մեծ սխալ է գործում, թողնելով ազգաբնակչությանը զինված մնալ: Դրանք շատ շուտով կարող են կույր գործիք դառնալ մեր երդվյալ թշնամիներին, ինչպես այդ ապացուցեց Ղազախ-Շամշադինի վերջին ապստամբությունը:

Իմ օրագրից շեղում կատարած չեմ լինի, եթե արձանագրեմ, որ հենց հիմա, երբ ես գրում եմ, Սեպուհը լսում է մի մոլոկանի գանգատը: Նա հայտնեց, որ պաշարակիր զինվորները սպանել են երեք մոլոկանի, որպեսզի ընդմիշտ «պետականացնեն» նրանց սայլերը: Վերին աստիճանի սիրտս վրդովվեց. մի՞թե մեր զինվորները կարող են այդպիսի անգթություն գործել ռուսի վերաբերմամբ, բայց մյուս կողմից բանականությանս սառը դատողությամբ գալիս եմ այն եզրակացության, որ մեր զինվորը կամաց-կամաց փորձով գալիս է այն համոզման, որ ռուսի դեմն էլ կարելի է զենք գործադրել, եթե սա թշնամանք ունի դեպի մեր անկախությունը: Սակայն այս պատճառաբանությունը չի կարող հանգստացնել խիղճս, մենք պետք է շատ զգույշ վարվենք և այնպես հեշտորեն չխաղանք ամեն մի քաղաքացու կյանքի հետ: Մոլականների ընկճվածությունն ու հալածանքը ինձ հիշեցնում է այն լուծը, որ մենք տանում էինք Տաճկաստանի տիրապետության ժամանակ: Բայց Թամրազյանի կարծիքով, այդպիսի դեպքերը անխուսափելի են պատերազմական գործողությունների ընթացքում:

3 հուլիսի

Մեր առաջխաղացությունը բոլոր ուղղությունների վրա հաջող է ընթանում: Գյուղացիները խմբերով և զինված, և անզեն գալիս հանձնվում են, խորապես ափսոսանք արտահայտելով, որ իրենք պարզապես խաբված են և գործիք են դարձել մի քանի սրիկաների ձեռքը: Նրանցից մեծագույն մասը զարմանք է հայտնում, որ հայ կառավարությունը հարկ եղած ուշադրությունը չի դարձրել այս երկու վտանգավոր շրջանների վրա:

Կառավարության ուժը, հեղինակությունը կենտրոնից դուրս գալով մինչև ծայրագավառները հասնելը այնքան է թուլացել, որ կառավարությունը մի ամիս է ինչ ստիպված կռիվ է մղում իր իսկ տերիտորիայում իր համարումը վերականգնելու: Սա պարզապես անփութության հետևանք է, սակայն յուրաքանչյուր անհոգություն, եթե մեզ վրա թե տնտեսապես, և թե մարդկային զոհերով այսքան սուղ նստի, մենք կարճ ժամանակում լուրջ վտանգների առաջ կկանգնենք: Գնդապետ Իշխանյանի զորամասը գնդապետ Խաչատրյանի զորասյան աջակցությամբ շարունակում է առաջխաղացությունը: Ըստ փախածների տված տեղեկությունների՝ խռովարարների մեծ մասը ուզում է մեր կողմն անցնել: Նրանց շատ վատ են կերակրում և նրանց շարքերում մեծ դասալքություն կա: Լալաքենդի վրա հարձակվող խռովարարներին, կռիվների ժամանակ, ղեկավարելիս է եղել փոխգնդապետ Մնացականյանը: Կռվից հետո 100 ղարաբաղցիներ փախել են Գանձակի խորհրդային գնդից, բայց հայտնի չե, թե ուր: Խռովարարների մյուս գլխավորները՝ Բերբերյանը, փոխգնդապետ Տեր-Սարգսյանը Շամշադինից փախել են Ադրբեջան:

4 հուլիսի

Գնդապետ Խաչատրյանի զորասյունը այսօր առավոտյան ժամը 9-ին գրավեց Թաթլու գյուղի հյուսիսային բարձրունքը, խռովարարները տեսնելով մեր նրանց շրջապատելու փորձը, փախան Ադրբեջան: Գյուղից փախած ազգաբնակչությունը վերադարձավ: Կլիշքենդի և Չախմախլուի կողմից բոլշևիկ կոչված տականքները թվով մոտ 100 մարդ հարձակվեցին Սև քարի վրա տեղացիների օգնությամբ և նեղեցին մեր սահմանապահ փոքրաթիվ զորախմբին, բայց մեր հակահարձակումով դրությունը վերականգնված է: Փախածների ասելով, խռովարարները հիասթափվելով բոլշևիկներից ուզում են թնդանոթով անցնել մեր կողմը: Նույն պատանդների ասելով, Աղստաֆա-Ղազախ են եկել 600 հոգի հայ և թաթար բոլշևիկներ, որոնք հայտնել են, որ իրենք հայերի դեմ չեն ուզում կռվել: Թաուզի հետ հաղորդակցությունը կտրված է, որի պատճառով Մանևի զորամասից տեղեկություն չեն ստացել: Հրամանատարը Ղազախ-Շամշադինի գյուղացիության և մեր դեմ կռվող հայ զինվորների անունով կոչեր գրել տվեց և մեր գործակալների միջոցով ուղարկեց Ղազախ: Կոչերը գրված են սրտառուչ խոսքերով և պարզ լեզվով: Նրանց մեջ ասված է, թե հայ հեղափոխական ժողովուրդը այսքան տարի միլիոնավոր զոհեր տալով և գերմարդկային ջանքեր թափելով՝ հազիվ կարողացել է ազատվել բարբարոս Տաճկաստանի և նույնքան բռնակալ Ռուսաստանի լծից և ստեղծել Հայաստանի Հանրապետությունը, որ նոր միայն սկսել է ազատ շունչ քաշել և ապահովել իր սահմանները արտաքին թշնամիներից և հանկարծ նոր վտանգների առաջ է կանգնում, շնորհիվ մի քանի դավաճան հայերի, որոնք ամեն կերպ ուզում են ոտնակոխ անել ԱԶԱՏ Եվ ԱՆԿԱԽ Հայաստանը: Կոչերը վերջանում են ներման խոստումով, որովհետև մեր ստացած ստույգ տեղեկություններին նայած, մեր դեմ գործողների մեծագույն մասը չի գալիս և չի հանձնվում նրա համար միայն, որ դավաճան ստոր հոգի հայ բոլշևիկ պարագլուխները հավատացրել են միամիտ հայ ժողովրդին նույնքան պարզամիտ զինվորներին, որ իբր թե հայ կառավարությունը կոտորում, ջարդում և բռնաբարում են անխտիր բոլորին: Սակայն ի մեծ զարմանք և ցավ այդ հայրենադավ «հայ կոմունիստներին» ժողովուդը առանց մեր կոչերը ստանալու կամաց-կամաց վերադառնում է, զինաթափ է լինում և հանձնում է զորակոչի տարիքի մեջ եղած երիտասարդությանը: Մինչ մեր գործերը Ղազախ-Շամշադինում այսպես հաջող են ընթանում, Ղարաբաղից և Զանգեզուրից տխուր, շատ տխուր լուրեր են հասնում մեզ: Ղարաբաղը արդեն վաղուց է, որ ընդունել է Սովետական իշխանությունը, որտեղ լցված են սովետական գործակալներով և քարոզիչներով: Սովետական իշխանության դավերը վերջապես ընկճեց Ղարաբաղը, որ երկու և կես տարի չսրբապղծվեց Գերմանո-Թուրքական-Ադրբեջան կանոնավոր զորքերի և խուժանի ներխուժումով:

Սակայն մեր շտաբում այն կարծիքն է տիրում, նրանք ավելի շուտ այդ միջոցով օգտագործեցին սովետական իշխանությունը, վերջնականապես հարվածելու «Մուսավաթ» դավադիր կառավարության վերջին մնացորդներին, որոնք Գանձակում և Շուշիում փորձեր արին վերականգնելու իրենց դիրքն ու իշխանությունը: Եթե մեր ենթադրությունները ճիշտ են՝ նրանց արածը ռազմական մի ճարպիկ խաղ է, իսկ եթե մենք սխալվում ենք, ապա Ղարաբաղին կարելի է ասել, «Ահա մի լեռնական ժողովուրդ, որ մեր պատմության մեջ չտեսնված ապերախտություն և անօրինակ դավաճանություն գործեց հանդեպ իր ազատասեր արյունակիցների, որոնք նորանոր հաղթանակներ են տանում և Օլթիի և Կաղզվանի և Շարուր-Նախիջևանի ուղղությամբ»: Մեր կրծքի վրա սնված այդ լեռնական օձը, որին մենք տաքացրինք մերկ մնալով, որին կերակրեցինք սոված թողնելով հայ ժողովուրդը և որի գոյության պահպանման համար հազարավոր թանկագին կյանքեր շպրտեցինք մահվան գիրկը, այսօր նա խայթում է մեզ մեր ետևից և իր ժայթող թույնը կաթեցնում է Հայաստանի սրտում, ցանականալով սրա վայրկենական մահը:

Ցավալին այն չէ, որ Ղարաբաղը առանց մի գնդակ արձակելու կամովին իր վիզը մեկնում է սովետական յուրահատուկ լծի տակ, այլ այն, որ նա խաղալիք դարձած սովետական բռնակալներին և աշխարհակալներին՝ զենքի ուժով շարժվում է Զանգեզուրի վրա, նրան ևս փաթաթելու իր չարաբաստիկ բախտը: Տեսնենք վերջինս ի՞նչ վերաբերմունք ցույց կտա սովետական «ծիծեռնակներին»: Ասենք, ի՞նչ կարելի է սպասել Զանգեզուրից, չէ՞ որ սա Ղարաբաղի քույրն է և պակաս սև էջեր չի կազմել մեր հնագույն պատմության մեջ:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter