HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 միլիոն՝ արտասահմանյան գործուղումների համար

Ընթացիկ տարում Գորիսի ավագանին հրավիրել է 10 նիստ, որից 4-ը` արտահերթ: Արտահերթ նիստում են հաստատվել տեղական տուրքերի եւ վճարների դրույյքաչափերը, ինչպես նաեւ համայնքի 2014թ. բյուջեն: Ավելի վաղ հրավիրված ավագանու հերթական նիստը, որտեղ պետք է քննարկվեին նշված հարցերը, չէր կայացել՝ քվորումի բացակայության պատճառով: Դեկտեմբերի 19-ին հետաձգված  ավագանու նիստի օրակարգային 17 հարցերից արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել էին ընդամենը երկուսը: Օրակարգում չէին ընդգրկվել քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքին, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակին, հաստիքացուցակին եւ պաշտոնական դրույքաչափերին առնչվող հարցերը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ օրակարգի կրճատումը պայմանավորված էր քննարկվող թեմաների ծավալով, իսկ քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ նշված հաստիքացուցակներն արդեն իսկ վերահաստատվել են հուլիսին կայացած ավագանու նիստում` նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո. «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքում ամրագրված է, որ ավագանին հաստատում է վերոնշյալ դրույքաչափերը, սակայն հստակ ժամկետ չի նշվում, ուստի մենք արդեն հաստատել ենք ամռանը»,- ասում է բաժնի պետը: Այդ դեպքում, եթե ըստ բաժնի պետի, նշված օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ կետում հստակություն չկա այն մասին, որ ավագանին համայնքի ղեկավարի աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատում է բյուջեի հաստատումից առաջ եւ անհրաժեշտություն չկար նույն տարվա մեջ երկրորդ անգամ վավերացնելու այն, ապա ինչո՞ւ էր հարցը նախապես ընդգրկվել ավագանու հերթական նիստի օրակարգում:

Հավանական չէ՞ այն, որ հարցի քննարկումը օրակարգից դուրս է մնացել այն բանից հետո, երբ նախորդ նիստից առաջ ավագանու ութ անդամներ նամակով խնդրել էին համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակները` դրանք զբաղեցնող մարդկանց անուններով: Նախորդ նիստը բոյկոտած ավագանիներին հետաքրքրել են այլ հարցեր եւս, որոնց շուրջ, ըստ համայնքի ղեկավարի, նախօրեին քննարկումներ են անցկացվել, սակայն դրանց վերաբերյալ արտահերթ նիստում ոչինչ չխոսվեց, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ավագանու բարձրացրած հարցերը կամ՝ ինքնանպատակ էին, կամ այլ ենթատեքստեր ունեին:

Դրա փոխարեն արտահերթ նիստն սկսվեց լրագրողների եւ տեղական մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ  դժգոհության ալիքով, որի  հիմնական պատճառը ավագանու նախորդ նիստը «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի կողմից  “Livestream” տարբերակով հեռարձակումն էր, ինչպես նաեւ՝ ավագանու աշխատանքի մասին մամուլի մեկնաբանությունները: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրավունքների մասին, մեղմ ասած, մեղադրական ելույթներից հետո ավագանու անդամ Արծրուն Միրզաթունյանը առաջարկեց փակ նիստ անցկացնել, որին առարկեց համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը:

Ավագանին միաձայն հաստատում է տեղական նոր տուրքերը

Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերի մասին ելույթ ունեցավ քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանը: Վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետը,  «Տեղական  տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթները, բանախոսը նշեց, որ Գորիսի քաղաքային համայնքի 2014թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերում էական փոփոխություններ չեն կատարվել, որոշ դեպքերում սահմանվել է նախատեսվածի նվազագույնը, մի քանի տուրքերի առումով` առավելագույնը: Նա նաեւ ավագանուն ներկայացրեց, որ 2014թ.-ից  գործելու են տեղական նոր տուրքեր, այդ թվում համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն տրամադրելու համար (եռամսյակում՝  6 հազար դրամ):

«Նախկինում այս գործունեության դեպքում նախատեսված տուրքը վերաբերում էր միայն ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվությանը, իսկ այժմ, տուրք գանձվելու է ընդհանրապես հանրային սննդի ծառայության համար»,- մեկնաբանեց Հ. Հարությունյանը, նշելով, որ այս կերպ փոփոխվել է համայնքի տարածքում բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության տուրքի չափը: Նախկինում սահմանված օրական 350 դրամի փոխարեն այժմ տուրքը հաշվարկվելու է առեւտրի համար զբաղեցրած տարածքի չափով եւ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանվել է 100 դրամ: Փոփոխություն է կատարվել նաեւ շինարարությունների, խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության դրույքաչափերում: Որպես տեղական տուրքի նոր տեսակ սահմանել Գորիս համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության վճար` ընթացիկ տարվա համար 50 հազար դրամի չափով:

«Փոփոխությունը կատարվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի նոր պահանջներից ելնելով, սակայն ինչպես որոշ այլ տուրքերի, այս տուրքի գանձման մեխանիզմները եւս հստակ չեն: Չկան բավարար լծակներ, որպեսզի հնարավոր լինի ժամանակին գանձել տուրքերը: Այլ դեպքերում պետական տուրքերը վճարվում են նախապես, որովհետեւ, ի վերջո դրանք թույլտվության համար են, ինչպես օրինակ, հանրային սննդի, առեւտրի կազմակերպումը, բայց գործունեությունն սկսում են առանց տուրքը վճարելու եւ մինչեւ հաշվարկային եռամսյակի վերջ դժվարանում են պարտքը մարել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է բաժնի պետը:    

Վերջինս մտահոգություն է հայտնում այն մասին, որ համայնքի ֆիրմային անվանման օգտագործման համար սահմանված տուրքի գանձման գործում եւս հստակ մեխանիզմներ չկան: Նրա խոսքով, եթե նոր գրանցումների դեպքում հնարավոր լինի նախապես պահանջել վճարել, ապա Գորիս անունը մինչեւ այժմ կիրառողների պարագայում լուրջ դժվարություններ կծագեն: Հ. Հովհաննիսյանը նշում է նաեւ, որ չնայած տեղական տուրքերի գանձումների շուրջ առաջացած խնդիրներին՝ համայնքային իշխանությանը հաջողվել է հանրապետության այլ համայնքների համեմատությամբ եկամուտների հավաքագրման բավարար արդյունք ապահովել:                             

Գորիսի 2014թ. բյուջեում համայնքային խնդիրների լուծման համար միջոցներ չկան

Գորիս համայնքի 2014թվականի բյուջեն կազմում է 427 միլիոն 777,7 հազար դրամ, որի մոտ 70%-ը նախատեսված է որպես համայնքային իշխանության աշխատակազմի եւ համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձ: Մշակութային նախաձեռնությունների համար 2014 թվականին նախատեսվում է 51 մլն դրամ, արտասահմանյան գործուղումների համար՝ 2 մլն դրամ, կապի, էներգետիկ ծառայությունների դիմաց՝ համապատասխանաբար 5 եւ 16 մլն դրամ, կոմունալ սպասարկման համար՝ 34 մլն 140 հազար դրամ: Համայնքի փողոցների գիշերային լուսավորության համար պլանավորվել է 14,890 մլն դրամ, շրջակա միջավայրի պահպանության համար՝ 30 մլն 800 հազար դրամ, որից 20 մլն 500 հազարը կուղղվի աղբահանության կազմակերպմանը, ինչը 1,7 մլն-ով ավել է նախորդ տարվա բյուջեից:

«Սա հաշվարկային բյուջե է եւ ոչ թե զարգացման»,- ավագանու նիստում ասաց քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետն, ով ներկայացնում էր 2014թ. բյուջեի նախագիծը: Ավագանու անդամ Ռուզաննա Տոռոզյանին հետաքրքրեց, թե համայնքային խնդիրների լուծման համար 2014թ. բյուջեից արդյոք որոշակի հատկացումներ են նախատեսվում: Քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը պատասխանեց, որ տեղական բյուջեով կենսական  խնդիրներ լուծելու հնարավորություններ չկան եւ կոչ արեց ավագանիներին առաջիկայում համատեղ քննարկումներ կազմակերպել՝ այլ ներդրումներ ներգրավելու մասին: Գորիս համայնքի 2014թ-ի բյուջեն հաստատվեց 10 կողմ, 1 ձեռնպահ արդյունքով: 

Ավագանու նիստի արձանագրության մեջ, սակայն, ավելի ուշ նշվեց 11 կողմ, քանի որ քվեարկության պահին դահլիճում չգտնվող ավագանու անդամ Արծրուն Միրզաթունյանը վերադառնալուց հետո, պատասխանելով նիստն արձանագրող համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի հարցին, թե կո՞ղմ է բյուջեին, պատասխանեց. «Հունց ասեք, տհենց ա…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter