HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Առողջապահական տուրիզմ. Հայաստանի ու Հարավային Կորեայի տարբերությունները

Վերջին շրջանում շատ են խոսում առողջապահական զբոսաշրջության մասին: Դրան նպաստեցին Սերժ Սարգսյանի այցը Հարավային Կորեա ու կորեական մամուլի արձագանքները: Իրականում առողջապահական զբոսաշրջությունը հազարամյակների պատմություն ունի ու զբոսաշրջության տեսակների մեջ հնագույնն է: Առողջարանային զբոսաշրջության նախակարապետը հռոմեական բաղնիքներն են: Բաղնիքը, բուժիչ ցեխերը, հանքային աղբյուրները մեր թվարկությունից առաջ էլ համարվել են առողջարանային գոտիներ: Գառնիի արքունական բաղնիքը՝ կառուցված երրորդ դարում, նույնպես հավակնում է այդ դերին: Եվրոպայում 1900-ական թվականներին բոլոր առողջարաններն էլ ձևավորվել են հիդրոթերապիայի ու լոգանքային ծառայությունների շուրջ, այսինքն` առողջարան հիմնելու առաջին պայմանը բուժիչ աղբյուրների առկայությունն էր: Այնուհետ սկսեցին առողջարաններ ի հայտ գալ ծովափերին կամ լեռնային այնպիսի գոտիներում, որտեղ բուժիչ աղբյուրներ չկային, սակայն հանգստացողը կարող էր որոշակի թերապևտիկ ծառայություններ ստանալ: Ընդլայնվել է նաև առողջարանային ռեսուրսը` այն կարող է լինել ոչ միայն բուժիչ աղբյուրը, այլև լեռնային մարգագետինը, գեղեցիկ անտառային լանդշաֆտը, քարանձավների որոշակի տեսակներ և այլն: Եվրոպայում առողջարանային զբոսաշրջության առաջատարը Չեխիան է՝ Կառլովի Վարի կուրորտային կենտրոնով: Սակայն զբոսաշրջության այս տեսակը զարգացած է բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա և այլն:

Վերջին շրջանում զարգանում է նաև «վիրահատական զբոսաշրջությունը», երբ այցելուի համար կարևորը ոչ թե տեղանքն է, այլ կոնկրետ բուժհաստատությունն ու նրա մատուցած ծառայությունը: Այս հարցում էապես առաջադիմել է Իսրայելը՝ ստեղծելով ուռուցքաբանական մի քանի կենտրոն:

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 20 տարիների ընթացքում առողջարանային զբոսաշրջության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ամբողջ աշխարհում: Սա զգալի հեռանկարներ է բացում նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով և՛ ավանդույթները, և՛ առողջարանային բնական գոտիների առկայությունը: Համարվում է, որ միայն ԱՄՆ-ում 110 մլն-ից ավելի խրոնիկ հիվանդ կա, որոնց առողջապահական պոլիսը չի ծածկում բուժման բոլոր ծախսերը: Իսկ քանի որ ԱՄՆ-ում բուժումը շատ թանկ է, շատ ամերիկացիներ նախընտրում են բուժվել արտասահմանյան առողջարաններում: Հարավային Կորեայի իշխանությունները հատուկ սուբսիդիա են տրամադրում առողջապահական կենտրոններին՝ արտասահմացի հիվանդներին գնային ավելի մրցունակ առաջարկներ անելու համար:

Հայաստանում առողջապահական տուրիզմը զարգացած էր հատկապես խորհրդային շրջանում, երբ ստեղծվեցին Ջերմուկի ու Արզնու առողջարանային գոտիները: Ընդհանրապես, Խորհրդային Միությունը մեծ տեղ էր հատկացնում առողջարանային զբոսաշրջությանը՝ որպես առողջ ապրելակերպի միջոց:

Արզնու առողջարանային գոտին վաղուց է դադարել այդպիսին լինելուց՝ վերածվելով քեֆչիների սիրելի վայրի: Իսկ Ջերմուկն այս պահին Հայաստանի ամենաթանկ հանգստյան գոտին է՝ շատ փոքր չափով օգտագործելով իր հսկայական առողջապահական ռեսուրսը: Սակայն Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը լուրջ խոչընդոտ է առողջարանային ծրագրի համար: Հայաստանում միայն 3 վայրերի համար են կազմված զբոսաշրջությա զարգացման ծրագրեր` Ջերմուկ, Ծաղկաձոր և Տաթեւ, ու դրանցից միայն Ջերմուկն ունի առողջարանային ուղղվածություն:

Առողջարանային զբոսաշրջության լուրջ պոտենցիալ ունեն նաև Արզնին եւ Աղվերանի գոտին: Արզնու նախկին ենթակառուցվածքները քայքայվել են, այնինչ այն շատ հարմար է Երևանին մոտ լինելու առումով: Աղվերանի գոտին զարգանում է ինքնաբերաբար ու որպես ոչ առողջարանային գոտի: Այնինչ Աղվերանի ձորն ունի եզակի միկրոկլիմա, ինչն անգնահատելի է նյարդային ու մի շարք հիվանդությունների դեպքում: Ցավոք, այս ռեսուրսը թերի է օգտագործվում, Աղվերանի ձորում տեղակայված հանգստյան տներից ու հյուրանոցներից ոչ մեկը չի առաջարկում թերապևտիկ ու առողջարանային ծառայություններ:

Հայաստան այցելում են նաև որոշ վիրահատությունների համար, հատկապես՝ պլաստիկ: Գալիս են և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ անգամ Ասիայից: Քչերը գիտեն, հավանաբար, որ Հարավային Կորեայի քաղաքացիները Հայաստանում նախընտրում են հասակի երկարացման վիրահատություն անցկացնել: Երևանի Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում նման վիրահատություններն արժեն 30-40 հազ. դոլար, այնինչ Եվրոպայում դրա համար հարկ կլինի մի քանի անգամ ավելի բարձր գին վճարել: Երևանը հայտնի է նաև որպես քթի պլաստիկ վիրահատման համեմատաբար էժան կենտրոն:

Սակայն, զբոսաշրջության առողջարանային ուղղվածությունը Հայաստանում առայժմ լուրջ բիզնես հետաքրքրություն չէ, իսկ պետական հատկացումներ չեն արվում (ինչպես Հարավային Կորեայում): Սակայն, ակնհայտորեն, առողջարանային բիզնեսը հայկական զբոսաշրջային համակարգի մրցունակության բարձրացման կարևոր գործոն կարող է դառնալ:

Մեկնաբանություններ (3)

Մանե
Երևանում բոյովացնում են կորեացիներին? մեղա, մեղա
Արմանյակ
Թե որ Սերժը գնա ընդե ջահելնալու, իրանք էլ թող գան բոյովնալու, քվիտ ենք ըլնում
Աշոտ
Արզնին հաշվից դուրս ա, ռազմական օդանավակայանը հենց այդ առողջարանի կողքն ա: չի ստացվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter