HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«31»-ի գործի մեծ մասը պետությունը ոչնչացրել է

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Տիգրան Ավետիսյանը լուսանկարում 25 տարեկան է, այսօր՝ 45: Քսան տարի նա գտնվում է «Նուբարաշենի» բանտում: 1995 թ-ին ձերբակալվել է՝ ինքնակամ ներկայանալով ոստիկանություն: Տիգրանը մեղադրվել է «Վահան Հովհաննիսյան+30» գործով (Այս գործով մեղադրվել է ևս մեկ Տիգրան Ավետիսյան, շփոթմունք չլինելու համար նշենք, որ հոդվածում խոսքը Տիգրան Վարդգեսի Ավետիսյանի մասին է-հեղ.): Բոլոր 30 անձինք վաղուց ազատության մեջ են: Տիգրան Ավետիսյանը միակն է 31 մեղադրյալներից, ով այս գործով 1997 թ-ին դատապարտվել է մահապատժի (2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում)՝ մեղադրվելով 1961 թ.-ի խորհրդային ժամանակաշրջանի քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ 65 հոդվածի 2-րդ մասով, 65 պրիմ հոդվածով, 232 հոդվածի 1-ին մասով և 209 պրիմ հոդվածով (երկու ոստիկանների սպանություն, ի վնաս պետական անվտանգության գործողությունների կատարում, հանցավոր ահաբեկչական խմբում հավաքագրում, ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում ու կրում): Թերևս շատերն են հիշում 1995 թ-ի օգոստոսի 1-ին Երևանի Լենինգրադյան-Շինարարների փողոցների հատման մասում երկու ոստիկանների սպանության դեպքը, որին դեռ կանդրադառնանք: 

Տիգրանը ծառայել է սովետական բանակում, վերադարձել 1989 թ-ին, իսկ մեկ տարի անց սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով 20 տարեկանում անդամագրվել մահապարտների ջոկատին: Չորս տարի մասնակցել է մարտական գործողություններին՝ Երասխավանի, Հորադիզի, Ղարադաղլուի ազատագրմանը: Եղել է «Արաբո», «Կոռնիձոր», «Արծիվ-28» կամավորական  ջոկատներում: Երկու անգամ կանտուզիա է ստացել Կապանում: ՀՅԴ-ի անդամ չի եղել, այժմ էլ կուսակցական չէ: Ահա այն վկայությունները՝ Տիգրանի մարտական ճանապարհի մասին, որոնք կարողացել է հավաքել նրա քույրը:

Դատարանների կենտրոնական արխիվում կարդացի այն, ինչ պահպանվել էր «Վահան Հովհաննիսյան+30» գործից: Բազմահատորանոց քրեական գործից մնացել են միայն 16-20 հատորները: Այդ հատորներում, սակայն, Տիգրան Ավետիսյանի մասին միայն թռուցիկ հիշատակումներ կան: 5 հատորներում հայտնաբերեցի Տիգրանի միայն մեկ ցուցմունք: «Վահան Հովհաննիսյան+30» գործով դատարանների կենտրոնական արխիվում պահպանվել են միայն 31 անձանց մեղադրական եզրակացությունները, մոտ 150 էջանոց դատավճիռը և 5 հատոր (16-20):

Ըստ Դատական դեպարտամենտի ներկայացրած պատասխանի, այս քրեական գործը ոչնչացվել է օրենքով սահմանած կարգով: Փնտրեցի  Կառավարության 351-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ցանկում, սակայն քրեական գործեր բաժնում հայտնաբերեցի, որ թե՛ կյանքի և առողջության, թե՛ հասարակության ու պետության անվտանգության դեմ ուղղված առավելապես ծանր հանցագործություններով քրեական գործերը ենթակա են մշտական պահպանման: Միայն պետական ծառայության դեմ ուղղված առավելապես ծանր հանցագործություններով գործերը ենթակա են պահպանության 20 տարի ժամկետով: Կառավարության այս որոշումը շուրջ 8 տարվա պատմություն ունի, ստորագրվել է 2006 թ-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Սակայն 2011 թ-ին ՔՕ փոփոխություններով որոշակի տարիների տեսքով առավելագույն պատժաչափը 15 տարուց փոխվել է 20 տարվա, համակցության դեպքում նաև՝ 25 տարվա: Սա ևս հիմք է, որպեսզի Կառավարությունը վերանայի իր որոշումը: Վերանայման կարիք ունեն քրեական գործերի պահպանման ժամկետները:     

Մինչ այժմ «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարում բարձրաձայնում էինք, որ քրեական գործերով չեն պահպանվել իրեղեն ապացույցները, ու գիտության զարգացմամբ այսօր հնարավոր չէ կատարել ԴՆԹ թեսթ՝ գործի վերաբացման համար: Սակայն այս գործով չեն պահպանվել նույնիսկ հատորները: Հետևաբար հարց է առաջանում. եթե պետությունը պահպանել է դատապարտյալի կյանքը, ապա ինչպե՞ս է վերացրել նրա գործի վերաբացման հիմքերը: Եվ եթե այսօր այդ գործով նոր երևան եկած հանգամանքներ լինեն, ինչպե՞ս է հնարավոր դառնալու գործի վերանայումը: 

Այդուհանդերձ, ի՞նչ է հնարավոր վերականգնել հիմնականում ոչնչացված քրեական գործից, ինչպե՞ս գտնել նյութեր ու ապացույցներ 20 տարի անց: «Հետքը» փորձել է գտնել 20 տարվա պատմություն ունեցող նյութեր, մարդկանց, ում մոտ պահպանվել են դրանք: Այս ամենը հաջորդիվ:    

(շարունակություն)

Մեկնաբանություններ (1)

Իրավաբան
Վայ ԱՄՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԹ արխիվներ ոչնչացնողներին։ Ուրեմն թաքցնելու բան ունեն, որ ոչնչացրել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter