HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդացրից արձակել է մեկ կրակոց, սակայն դատապարտվել է 2-ի սպանության հիմքով

Սկիզբը

Գործի նյութեր գտա Տիգրան Ավետիսյանի քրոջ մոտ

20 տարի անազատության մեջ գտնվող Տիգրան Ավետիսյանի («Վահան Հովհաննիսյան+30») քրեական գործով նյութեր, տեղեկություններ ձեռք բերելու նպատակով «Հետքը» հանդիպեց ու զրուցեց Տիգրանի քրոջ՝ Սոնյա Ավետիսյանի հետ: Պարզվում է` տիկին Սոնյայի մոտ ավելի շատ պահպանված փաստաթղթեր ու նյութեր կան եղբոր և 30 այլ անձանց վերաբերյալ քրեական գործից, քան պետությունն է պահել: Նա ցույց էր տալիս 20 տարվա պատմություն ունեցող, հազար անգամ թերթված ու թերթվելուց մաշված թղթերն ու փաստաթղթերը, հին թերթերն ու ձեռագրերը: Սոնյան՝ Տիգրանի քույրը, մասնակցել է դատական ողջ պրոցեսին, փաստաբան Ռոզա Պողոսովայի տրամադրած նյութերից ժամանակին քաղվածքներ արել: Նրա մոտ կային անգամ 11-րդ, 12-րդ, 13-րդ հատորներից նյութեր, որոնք, սակայն, այսօր ոչնչացված են պետության կողմից:

Մահապատժի դատապարտված ազատամարտիկ Տիգրանի քույրը ամենևին էլ չզարմացավ, երբ իմացավ, որ «Վահան Հովհաննիսյան+30» քրեական գործից պետությունը պահպանել է 5 հատորը միայն. «Ինձ ոչնչով չեք զարմացնի, քանի որ Տիգրանը, լինելով ԵԿՄ անդամ, ԵԿՄ-ում անգամ  ոչնչացվել էին եղբորս մարտական ճանապարհի մասին վկայող նյութերը: Սակայն այնտեղ մարդիկ գտնվեցին, ովքեր ինձ աջակցեցին: Մի կերպ դրանք պատառիկներով հավաքել եմ, որպեսզի չկորչի պատմությունը կռվող տղայի մասին»,- պատմեց Սոնյա Ավետիսյանը:

Մահապատժի դատապարտված, 20 տարի ազատազրկման վայրում գտնվող Տիգրան Ավետիսյանի գործով դատարանների արխիվում և նրա քրոջ մոտ պահպանված նյութերից երկու ոստիկանների սպանության դրվագը վերծանելիս հետևյալ պատկերը պարզվեց: Ըստ մեղադրական եզրակացության, լինելով հանցավոր խմբի անդամ, նա 1995թ. օգոստոսի 1-ին` 23:30-ի սահմաններում, խմբի մի շարք այլ անդամների հետ ավտոմեքենայով անցնելով Լենինգրադյան փողոցով, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին՝ այնուհետև կրակելով 2 ոստիկանների վրա: Այս դրվագը հիմնավորվել է Տիգրան Ավետիսյանի՝ նախաքննության ժամանակ տված ինքնախոստովանական ցուցմունքի վրա:

Ինչի՞ց հետո է տրվել ինքնախոստովանական ցուցմունք

«1995թ. օգոստոսի 23-ին նա ինքնակամ ներկայացել է Շենգավիթի քաղմաս, երբ թերթերում կարդացել է, որ գետնին արձակած իր կրակոցի ռեկաշետից ոստիկան է մահացել: Այդ օրվանից հետո մենք որևէ լուր չենք ունեցել նրանից, հոկտեմբերին նոր լուր ենք ստացել, որ Տիգրանը ԿԳԲ-ում է: Փաստաբանի ճառում էլ կա, թե ինչ ծեծուջարդից հետո են իրեն ստիպել պատրաստի գրված ցուցմունքի տակ ստորագրել, որ, իբր, երկու ոստիկանին էլ ինքն է սպանել: Վահան Հովհաննիսյանն անգամ դատարանում ասաց, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ տասը ոստիկան էլ սպանվեր, կասեին՝ բոլորին դուք եք սպանել»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց մահապատժի դատապարտվածի քույրը:

Փաստաբան Պողոսովայի ճառը պահպանվել է Տիգրան Ավետիսյանի քրոջ մոտ, որտեղ գրված է. «Իմ պաշտպանյալի ինքնախոստովանական ցուցմունքը կազմվել է նրա գլուխը ջարդելուց ու ծնոտը կոտրելուց հետո: Գիշերը քննիչը հարցաքննել է նրան առանց փաստաբանի ներկայության: Կազմվել է ձևական արձանագրություն փաստաբանի մասնակցության հրաժարման մասին» (հատոր 13, որն այսօր ոչնչացված է պետության կողմից):

Ըստ Տիգրանի՝ պահպանված միակ դատաքննական ցուցմունքի՝ երբ դեպքի օրը վիճաբանություն է սկսվել իր հետ մեքենայում եղած տղաների ու մեքենան ստուգման նպատակով կանգնեցրած ոստիկանների միջև, ինքը դուրս չի եկել, մտածել է, որ շուտով մյուսներն ամեն բան կհարթեն, ու իրենք կշարունակեն ճանապարհը, բայց երբ լսել է, որ տղաներից մեկը՝ Գնելը, վիրավորված է, իջել է մեքենայից, ապա տեսել ատրճանակը ձեռքին դեպի իր կողմը վազող ոստիկաններից մեկին: Այդ պահին РПК (գնդացիր) տեսակի զենքով մեկ անգամ կրակել է գետնին, որից հետո ոստիկանը կքանստել է ու վազել տրամվայի գծերի կողմը (ապացուցվել է, որ գետնին կրակված փամփուշտը ռեկաշետով դիպել է ոստիկան Հունանյանին): Հետո բոլորն էլ նստել են մեքենաներն ու հեռացել: Տիգրանը չի էլ նկատել սպանված մյուս ոստիկանին՝ Խաչատրյանին (կրակված փամփուշտներից 2-ը անհետացել են): Ըստ գործի նյութերի՝ նա բոլորովին այլ տեղում է կանգնած եղել: Ոստիկաններից կենդանի է մնացել միայն Արսեն Պետրոսյանը:

Այն, որ РПК-ից մեկ անգամ է կրակվել, ապացուցված է կրակված մեկ փամփուշտի առկայությամբ: Սակայն Տիգրանի վրա դրվել է 2 ոստիկանների դիտավորությամբ սպանելու հոդված: Մինչդեռ պաշտպանական կողմի պնդմամբ՝ գործով ձեռքբերված ապացույցները վկայում են, որ Տիգրանի՝ գետնին արձակված մեկ կրակոցից ոստիկաններից Հունանյանին անզգուշաբար է պատճառվել վնասվածք, ոչ թե դիտավորությամբ: Դատարանը դատավոր Դավիթ Ավետիսյանի գլխավորությամբ (ներկայումս Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ) թեպետ հաստատված է համարել ռեկաշետի փաստը, այդուհանդերձ, կայացրել է մահապատժի դատավճիռ՝ մեղադրելով 25-ամյա ազատամարտիկ Տիգրան Ավետիսյանին երկու ոստիկանի սպանության մեջ:

Տուժողներից Խաչատրյանները մինչ օրս էլ չեն հավատում դատավճռին 

Տիկին Սոնյան քաղաքացիական հայցի գումարը վճարելու նպատակով վերջերս հանդիպել է սպանված ոստիկաններից Խաչատրյանի ընտանիքին Նորամարգ գյուղում, զրուցել ոստիկանի հոր հետ: «Երբ իմացավ, որ ես Տիգրանի քույրն եմ, ասաց՝ այդ տղային թող բաց թողնեն, իմ որդուն նա չի սպանել, իմ որդին սպանվել է  «Մակարովի» կրակոցից: Մեզ հետ էր նաև Նորամարգի գյուղապետը, գյուղից ևս մի քանի հոգի, ովքեր կարող են վկայել սա»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց մահապատժի դատապարտվածի քույրը:

Մեր զրույցի վերջում Սոնյա Ավետիսյանն ասաց. «Մենք, մեր ընտանիքը ցավում ենք մահացած ոստիկանների համար, 20 տարի նրանք այդ վիշտը տանում են: Բայց խնդիրը ո՛չ մեղադրվողն է, ո՛չ էլ տուժողը, այլ դատարանը, որ պիտի ճիշտ գնահատի ապացույցները: Բայց դատարանը քաղաքական հրահանգի էր սպասում, չէ՞ որ գաղտնիք չէ, որ այս գործը հենց քաղաքական պատվերով էր: Երբ վերևից զանգեին, նիստը ընդմիջվում էր, անգամ 55 օրով ընդմիջում եղավ: Իսկ վերջում էլ 2 տարի տևած դատավարությունն ավարտվեց քաղաքական դատավճռով, հիմա էլ հետքերը ոչնչացրել է պետությունը, որ ոչինչ ջրի երես դուրս չգա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter