ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Գառնի» արգելոցում սրճարան չի կառուցվի



Մշակույթի նախարարությունում այսօր քննարկվել է «Գառնի»  արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, եւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին: Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ մարտի 1-ին Արեւ Սամուելյանը նախարարության աշխատակիցների հետ այցելել էր տաճար, եւ նրանք Գառնիի համայնքապետի, քրմերի եւ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են սրճարան կառուցելու հետ կապված հանրային ընդվզումների հետեւանքով ստեղծված իրավիճակը : Որոշվել էր 5 օրով դադարեցնել աշխատանքները եւ ոստիկանությանը հնարավորություն տալ պարզելու կառույցի օրինականության հարցը:

Չնայած դրան, մարտի 2-ին «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն ակտիվ գործողությունների դիմեցին եւ տարածքից տեղափոխեցին շինանյութը: Հանրության ընդվզումը Կառավարությանը հարկադրեց քննության առնել սրճարան կառուցելու մշակույթի նախարարության նախաձեռնությունը:

Մարտի 3-ին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ մշակույթի, քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարությունների  ներկայացուցիչների, Գառնիի համայնքապետի եւ այլոց մասնակցությամբ քննարկվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքների հարցը: Քննարկումների արդյունքում որոշվել էր, որ բոլոր գործընթացները կիրականացվեն «Հողային օրենսգրքով» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին:

Տաճարի տարածքում սրճարան կառուցելու օրինականության հարցը միեւնույն ժամանակ քննարկվում էր տարբեր հարթակներում, այդ թվում նաեւ լրատվամիջոցներում եւ իրավաբանները միանշանակ հիմնավորում էին, որ իրավական առումով նախարարությունը պարտված է՝ արգելոցի տարածքում շինարարություն իրականացնելն արգելված է մի շարք օրենքներով: Իրականում սրճարանի շինարարությունը նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն սկսել էր բանավոր համաձայնություններով, եւ երբ հարցը կամայականությունների տիրույթից տեղափոխվեց իրավական հարթություն,  մշակույթի նախարարությունն իր սահմանած հինգօրյա ժամկետում հայտարարեց սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին:

Հիշեցնենք, որ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարները քանդել են հենապատը եւ հիմա այն պետք է բերվի նախկին վիճակի:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. հայի մենտալիտետ09:29 - 9 մարտի, 2014
Հայկական յուրահատուկ, ,,բարձր,, մենտալիտետի մի ցցուն օրինակ: Մեկը մյուսին հրելով, բրթելով, թե իրենց, թե ուրիշներին բթամիտ-գմո ներկայացնելով, օրը ցերեկով, ,,թաքուն-թաքուն,, սեփական գործն ու գաղափարն առաջ են մղում ամեն գնով: Մեկ-մեկ ,,քաշվում,, էլ են իհարկե, բայց դաս ոչ մի դեպքում չեն առնում!
2. Արուսյակ12:47 - 9 մարտի, 2014
Մեղավորը մենք ենք, որ անտեղի բզկտում ենք մեր պրկված նյարդերը: Ինչո՞ւ ենք թույլ տալիս տգետ, որկրամոլներին զբաղեցնելու պատասխանատու բարձր պաշտոններ, ովքեր իրենց արդեն իսկ կատարած վայրագ, բարբարոսաբարո գործողությունների համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Օրինակ` Գառնիի կիրճում 11-րդ դարում կառուցված պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող կամրջի վայրագորեն, նողկալի, թրքաբարո բարբարոսությամբ անդառնալի պղծումը և այլ պատմական, մշակութային բարձր արժեք ներկայացնող կառույցների պղծումն ու ընհուպ մինչև լրիվ ոչնչացումը:
3. drizzlebrain18:51 - 9 մարտի, 2014
Սարքել-սարքել է; էլ ինչի տաճարի տարածքում? Տաճարի ներսում ավելի ճիշտ կլինի... իննովատոր և գիտելիքահեն կառավարության քաղաքականության իրականացման ևա մի օրինակ, բիոզուգարանի օրինակով
4. Մանե20:15 - 9 մարտի, 2014
դրսից վեզ վրա թցածունեցողների թիվը ավելի քիչ ե քան ներսից ժողովրդի վրա թքած ունեցողներինը
5. Արսեն10:35 - 10 մարտի, 2014
Քանի անգամ ա սենց բան էղել, մինչեւ մեղավորներին խստորեն չպատժեն, նույնը կկրկնվի
6. ավարտին հասցնել09:54 - 12 մարտի, 2014
Հմ, դժվար թե էդպես հեշտ! Երեկ ինչ-որ մշակույթային տեղակալ TV-ով հարցը ներկայացրեց, որ շինարարությունն առկախված է միայն - ,,որպիսզի լսեն շահագռգիռ կողմերին ու վերջնական որոշում կայացնեն,, (իմա՝ ալիքն անցնի, մարդիկ հոգնեն-զզվեն սրճից էլ գառնուց էլ )... էդ ժամանակ մի քանի քար էլ կդնեն իրար վրա ու կնայեն ձեն-ձուն հանող դեռ կա թե չէ: Թե էլի համը հանեցին, էլի ,,ստոպ,, կտան, ինչ ա եղել ... Տո, անհապաղ քանդել-մաքրել է պետք կառույցը, մեղավորներին էլ մատնացույց անել ու պատժել, որ գոնե մի պստիկ դաս (նախադեպ) ունենանք հետագայի համար! Գործի կեսն է արված, հարկավոր է անպայման ավարտին հասցնել:
7. David14:26 - 18 մարտի, 2014
Ահա այս հարցի շուրջ իմ գրառումը , որ կատարել եմ Ֆեյսբուքի էջեիրց մեկում. Գրիգոր Խավարիչի ավերումներից Գառնիի տաճարը փրկվել է միայն այն պատճառով, որ նրան թվացել է, թե դա հունական հուշարձան է, այլապես ամեն հայկականն ու ազգայինը ոչնչացնող խավարիչը վաղուց ավերած ու տեղում մի եկեղեցի կառուցած կլիներ… Հիմա մեր օրերի խավարիչներն են ձեռնարկել այդ “սուրբ” գործը, իսկ դո’ւք, հասարակ մահկանացուներդ խանգարում եք նրանց: Ականջդ կանչի Գետադարձ կաթողիկոս, թե ինչո՞ւ ժամանակին Գառնին էլ Անիի ու Թագավորիտ գլխի հետ միասին չվաճառեցիր թշնամուն, որ հիմա մեջներս կռիվ է ընկել` սրճարան սարքե՞լ թե` թանգարան: Գառնին չլիներ` էս կռիվն էլ չէր լինի … Խելքի եկե’ք, մարդը 2 աշխատատեղ է ուզում ավելացնել ու սուրճ վաճառելով(պիտի ասելի այցելուներին կողոպտելով) հարստանալ, իսկ Դուք` չի կարելի հա չի կարելի …
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ