HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի հայ համայնքը հանրային պաշտպանին է ուղարկել հայկական դպրոցներում եւ հայկական բաժիններում խտրականության վերաբերյալ փաստաթղթեր

Վրաստանի հայ համայնքը կոչ-հայտարարությամբ դիմել է Վրաստանի հանրային պաշտպանին` Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Վրաստանի հայ համայնքը Վրաստանի հանրային պաշտպանին կոչ է անում ուշադրություն դարձնել եւ ուսումնասիրել ՎՀՀ-ի արձանագրած` նշված դպրոցի հայկական բաժնում դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության բազմաթիվ փաստերին: ՎՀՀ-ն նաեւ խնդրում է ուսումնասիրել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ բաժնում տիրող իրավիճակի առնչությամբ:
2010-2011 թ.թ. Վրաստանի հայ համայնքը հետեւել է Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում տիրող իրավիճակին: ՎՀՀ-ն արձանագրել է դպրոցի տնօրինության կողմից բաժնի խտրականության բազմաթիվ փաստեր եւ մարդու իրավունքների խախտումներ:
Վրաստանի հայ համայնքը Վրաստանի հանրային պաշտպանին է ուղարկել Թբիլիսիի թիվ 103 դպրոցի հայկական բաժնում իր կողմից արձանագրած խտրականության դեպքերի փաստերը: ՎՀՀ-ն հույս ունի, որ տվյալ փաստաթղթերը կօժանդակեն Վրաստանի հանրային պաշտպանին տվյալ հարցի ուսումնասիրման ընթացքում: Հայտարարությունում ասվում է, որ Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի տնօրինությունը, բացի հայկական բաժնում խտրականությունից, թույլ է տվել բազմաթիվ վարչարարական, ֆինանսական, էթիկական եւ այլ խախտումներ:
Դիմումում նաեւ թվարկված են դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության փաստերը, այդ թվում. դասերի մեծ մասը ռուսերեն լեզվով անցկացնելը, բաժինը լուծարելու բազմաթիվ փորձերը, երեխաներին դպրոցի հայկական բաժնի առաջին դասարանում գրանցվելուն խոչընդոտելը, ծնողների նկատմամբ ճնշումը` երեխաներին վրացական բաժին տեղափոխելու նպատակով, լուծարված ռուսական բաժնից հայկական բաժին փոխադրվելը մերժելը, հայկական 3-րդ դասարան բացելը մերժելը, սպառնալիքները, որ տարրական դասարաններում միայն մեկ` հայոց լեզու առարկան կանցկացվի հայերեն, իսկ մնացածները` ռուսերեն կամ վրացերեն լեզվով, հայկական բաժնի ուսուցիչների նկատմամբ մշտական հոգեբանական ճնշումը, աշխատանքային անհավասար պայմանների ստեղծումը (ռուսական եւ վրացական բաժինների համեմատությամբ), ոչ կոմպետենտության համար մշտական մեղադրանքը, հայկական բաժնի ուսուցիչների աշխատանքային ժամերի կրճատումը, հայկական բաժնի 18 ուսուցիչներից 9-ին աշխատանքից ազատելը իրենց վճարովի արձակուրդի ժամանակ` հիմնավորելով հայոց լեզվի դասաժամերի կրճատմամբ եւ այլն:

Դիմումի պատճենն ուղարկվել է Վրաստանի նախագահին, կրթության եւ գիտության նախարարին, Վրաստանի խորհրդարանի նախագահին, Վրաստանի վարչապետին, Վրաստանում ՄԱԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցչություններին:

Անցյալում Վրաստանի հայ համայնքը բազմաթիվ անգամներ նամակներով եւ կոչերով դիմել է Վրաստանի հանրային պաշտպանին ու կրթության եւ գիտության նախարարությանը` ուշադրություն դարձնել եւ դադարեցնել Թբիլիսիի հանրային դպրոցների հայկական բաժիններում տիրող խտրականությունը: Սակայն այս գերատեսչությունների կողմից ոչ մի արձագանք չկա, եւ դպրոցներում իրավիճակը միայն վատթարանում է:

Վրաստանի հայ համայնքը հույս ունի, որ Վրաստանի հանրային պաշտպանը կուսումնասիրի Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում արձանագրված խտրականության փաստերը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին տեղեկացնում է ՎՀՀ-ի մամուլի ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter