HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Հաղթանակցի Սլավիկը»

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի ծայրին, միջպետական ճանապարհի կողքին մի քանի վագոն-տնակ է տեղադրված: Ճանապարհից քիչ հեռու, բլրակի վրա 9 մետրանոց վագոն-տնակում բնակվում է 56-ամյա Սլավիկ Մելտոնյանը` կնոջ հետ: «Հաղթանակցի Սլավիկը» շատ փորձություններ է տեսել իր կյանքում: Ծնվել է Վրաստանի Ծալկայի շրջանի Նարդեվան գյուղում, ավարտել տեղի ութամյա դպրոցը: 1972-74 թթ. ծառայել է խորհրդային բանակում` Ուկրաինայի Մուկաչեւ քաղաքում: Ծառայության ժամանակ ճոպանի պոկվելուց վնասվել է թոքը, վիրահատության է ենթարկվել: Բանակում բժշկական հանձնաժողովի տված եզրակացությամբ նրան հիվանդության թոշակ է նշանակվել: Մի քանի ամիս թոշակ ստանալուց հետո Սլավիկն անհարմար է զգացել, որ այդ տարիքում թոշակառու է եւ հրաժարվել է թոշակից: Ծառայությունից հետո բնակություն է հաստատել Նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղում, ուր դեղձի այգիներն առատ բերք էին տալիս: Տեղի սովխոզում մեխանիզատոր էր աշխատում: Հաղթանակն այդ տարիներին խառը բնակչություն ուներ` հայեր եւ ադրբեջանցիներ: «1981 թ. թուրքի հաշվով բռնվեցի: Գյուղի վերեւի հատվածում տուն ունեի: Դրանց ոչխարները միշտ անարգել մտնում էին բանջարանոցները, վնասում: Բանջարանոց մտած մի ոչխար սպանեցի, համարեցին գողություն»,- ասում է Սլավիկը: Նրան դատապարտել են մեկ տարվա ազատազրկման: Պատիժը կրելուց հետո գնացել է Նարդեվան, որպես վարորդ աշխատել տեղի սովխոզում: Հետո սկսվեց Արցախյան շարժումը: Նա ակտիվորեն ներգրավվել է շարժմանը, հաճախ գյուղից գնում էր Երեւան, հանդիպում շարժման ակտիվիստների հետ: Ժամանակին Նարդեվանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգը հանվել, որպես գույք գյուղի դպրոցին էր հանձնվել: Սլավիկի պահանջով զանգը վերադարձվում է եկեղեցուն, եւ այն ղողանջում է աստծո տան կամարի ներքո: Սումգայիթի ջարդերն արդեն եղել էին: Նարդեվանի բնակիչները առաջվա պես ադրբեջանցիների հետ լավ հարաբերություններ ունեին: Մառնեուլի ադրբեջանցիները գործերով գյուղ էին գալիս, տեղացիները նրանց հյուրասիրում, գառներ էին մորթում: Այս ամենը դուր չէր գալիս Սլավիկին: Նա մի օր հորեղբոր թոռանն ասում է. «Ինչու՞ ես թուրքերի հետ քիրվայություն անում»: Վիճաբանություն է ծագում, հորեղբոր թոռն էլ դանակ է հանում, Սլավիկի խոսքերով` ինքը դանակը թեքում, դանակատերը թեթեւ վիրավորվում է: Սլավիկը գնում է Երեւան, որտեղ նրան ձերբակալում են: Շուրջ 1 տարի նստել է Թիֆլիսի բանտում` Օրթաճալայում: Սպիտակի երկրաշարժից հետո նա որոշում է դատի ժամանակ փախչել եւ այդ մասին բացեիբաց հայտարարում է հսկիչներին: Նա դա արեց ադրբեջանցի հսկիչի հերթապահության ժամանակ: Մետաղալարի սղոցով կտրեց մի քանի արգելաճաղ եւ փախավ: Մոտ մեկ ամիս թաքնվել է Կաթեխիայում: Հետո ջավախահայերից «Ջավախք» ջոկատն է ստեղծել, որը մասնակցել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանների պաշտպանությանը: Չնայած երիտասարդ տարիքին, ջոկատի անդամները նրան «Քեռի» էին կոչում: Սահմանագոտում զինտեխնիկայի խիստ պակաս կար, Սլավիկը Վրաստանից ինքնաձիգներ, այլ զենք էր բերում: 1990 թ. Նա Ախալքալաքի շրջանի Գորելովկա բնակավայրից գողացել է խորհրդային զորամասին պատկանող «Տ-55 Ա» տեսակի տանկ: Երկու հզոր «K-701» բեռնատարներով նա տանկը հասցրել է Հաղթանակ, իր վագոն-տնակի մոտ կանգնեցրել: Տանկը թեեւ ուսումնական էր, սակայն հեշտությամբ կարող էր մարտական վիճակի բերվել: Մարտական մեքենայից մի քանի մաս էր պակասում, Սլավիկն այդ նպատակով Լենինական գնաց, այնտեղ տեղակայված խորհրդային զորամասից պահեստամասերը ճարեց, տեղադրեց: 1991 թ. Նոյեմբերյանում տեղակայված վաշտից եկան Հաղթանակ եւ տանկը տարան: Սակայն տանկի համար նա տարիներ հետո պատասխան պիտի տար: Սլավիկը վերադարձել էր Նարդեվան: 1998 թ. հոկտեմբերին այստեղ իր համար տուն էր կառուցում: Հողամասի տարածքում քարեր կային, որ պիտի հաներ-հեռացներ: Էքսկավատորի հետեւից Ծալկայի շրջանի Կումբաթի գյուղ էր գնացել: Նրան այստեղ ձերբակալեցին` մեղադրանքի հոդվածների «ծաղկեփունջ» առաջադրելով: Սլավիկ Մելտոնյանին առաջադրված 12 հոդվածներից 4-ով նրան 6-15 տարի ազատազրկում էր սպառնում: Մեղադրանքի մեջ, բացի տանկի հափշտակելը, նաեւ վրացական բանտից փախուստը, վրաստանաբնակ ադրբեջանցուն առեւանգելը եւ այլն էր արձանագրված: 1991 թ. Վրաստանի քաղաքացի ադրբեջանցուն նա առեւանգել էր Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու նպատակով: «Ռուսթավիի վարչությունում երկուսուկես ամիս նախնական կալանքը մենախցում եմ անցկացրել` առանց լույսի, սառը բետոնի վրա, մարզվում էի, որ չմրսեմ: Օրումեջ ծեծում էին: Նախնական կալանքի ժամանակ հիվանդացա, ճաղերումս ջուր հավաքվեց»,- վերհիշում է Սլավիկը: Գործով քննիչը ադրբեջանցի էր, ով լավատեղյակ էր ադրբեջանցիների հանդեպ Սլավիկի վերաբերմունքին, ճնշում էր նրան` որպեսզի իմանա, թե ովքեր են Սլավիկին օգնել տանկ գողանալու գործում: Թբիլիսիի դատարանը նրան դատապարտել է 10 տարի ազատազրկման: Կալանքի ժամանակ ոստիկանները վերցրել են խորհրդային նմուշի նրա անձնագիրը, որը հետո պատռել են: Չնայած Վրաստանում Հայաստանի դեսպանությունը զբաղվել է Սլավիկ Մելտոնյանին պատժի կրման համար Հայաստան տեղափոխելու հարցով, սակայն ապարդյուն: «Բանտում ոմանք ելան «կրիշը», ոմանք էլ խելքը թռցրին: Ես, չնայած շատ ճնշումներին, չեմ կոտրվել,- ասում է Սլավիկը,- բանտում այնպիսի մարդկանց եմ «դուխ տվել», որ վրացիները շշկլվել են»: 2002 թ. Նարդեվանում մահացել է նրա մայրը, 2005-ին` հայրը, սակայն նրան չեն թույլատրել մասնակցել ծնողների հուղարկավորությանը: Կինը` ազգությամբ ռուս, Իրկուտսկից սերված Վալենտիան այդ տարիներին Հաղթանակում մի ֆերմերի մոտ ծխախոտ էր մշակում, որ կարողանա գոյատեւել: Բանտում նրան չեն այցելել «գործընկեր» այն 6 հոգին, ում անունները, չնայած ոստիկանների ճնշումներին, քննության ժամանակ չի տվել` մեղքը վերցելով միայն իր վրա: «Հիմա նրանք Ռուսաստանում եմ, փողատեր են դարձել: Նրանց պահվածքի համար դեռ «սպրոս» կլինի»,- ասում է Սլավիկը: Սլավիկը բանտում անընդհատ զբաղվել ֆիզիկական վարժություններով, հիմա էլ մարզվում է, կեցվածքը ձիգ է: Վագոն-տնակի հատակին մի բարձ կա, որին նա գլուխը դնելով, ոտքերն օդում` մարմնի հավասարակշռությունը երկար ժամանակ պահում է: Դժվար է վագոն-տնակում կյանքը: 20 տարվա վագոնը վաղուց է մաշվել, անձրեւների ժամանակ պատերից ջուր է թափվում: Տարիներ շարունակ խմելու ջուր չկար, կինը` Վալենտինան, 1 կմ հեռավորությունից` հարեւան Զորական գյուղից է դույլերով կրել: Վերջերս «Հայջրմուղկոյուղին» Դեղձավան տանող ջրատարից այստեղ ջրագիծ է անցկացրել, սակայն Սլավիկը թերահավատ լինելով դրա աշխատելու հանդեպ` մտադիր է վերագործարկել վագոնը սնող հին ջրագիծը, որը գյուղի գերեզմանատան ընդլայնման ժամանակ վնասվել, անգործության է մատնվել: Նա չնայած գրանցված է Հաղթանակում, սակայն դեռ ՀՀ քաղաքացիություն չունի: Ցույց է տալիս վրացական նարնջագույն անձնագիրը: Հայաստանի քաղաքացիության համար տարի ու երեք ամիս առաջ դիմել է Անձնագրերի եւ վիզաների վարչություն, հիմա հավաստիացրել են, որ շուտով կստանա: «Ես դուխս չեմ կոտրել, կգնամ Ռուսաստանում փող կաշխատեմ, կգամ տունս կսարքեմ»,- ասում է նա: Թեւեւ Նարդեվանն իր ծննդավայրն է, ուր տան շինարարությունը կիսատ է մնացել, սակայն նա մտադիր է տուն կառուցել Հաղթանակում, վագոն-տնակի ետեւում: Վագոն-տնակի մոտ բանջարանոց ունի, խաղողի նորատունկ վազեր: Նրա տնակի պատին, «մարտ առանց կանոնների» մրցման 2005 թ. Չիտայում փակցված ազդագրում ատլետիկ կազմվածքով որդու` Սամվելի նկարն է: 28-ամյա Սամվելը ժամանակին ծառայել է Ստեփանակերտում, ներկայումս բնակվում է Ամուրի մարզի Բլոգովեշչենսկ քաղաքում: Սլավիկ Մելտոնյանի միակ աղջկա` Սվետայի վագոնն էլ Սլավիկի վագոնից 100մ հեռավորությամբ է գտնվում: Սլավիկին շատ է մտահոգում թոռնուհու առողջությունը: Սվետայի աղջիկը վագոնի խոնավության հետեւանքով առաջացած մինինգիտից խլացել է: Երեք տարի առաջ Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ ամերիկացի բժիշկները Կատյային վիրահատել են, արհեստական լսողության ապարատ տեղադրել: Սակայն ապարատը վնասվել է, այն ժամերով լիցքավորման են դնում, որի ժամանակ 8-ամյա երեխան անհաղորդ է մնում կյանքի ձայներին: Թեեւ Սլավիկը վիրավորված է իր հանդեպ անուշադրությունից, սակայն ամենեւին հուսահատ չէ. «Ես իմ արածների համար չեմ փոշմանել, իմ ազգի համար եմ արել»: 2008թ. հոկտեմբերին բանտից դուրս գալուց հետո նրան ոչ ոք չի օգնել, նրանով չեն հետաքրքրվել: Տաբատը բարձրացնելով` Սլավիկը ցույց է տալիս ոտքի մեծ սպիերը եւ ասում, որ այն տարիներին Չարենցավանից ինքնաշեն նռնակներ էին բերում, որոնցից մեկը պայթել է ճանապարհին: Սլավիկի խոսքերով` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ Աստվածատուր Պետրոսյանն իրեն լավ են ճանաչում: Չնայած կրած բազում զրկանքներին` նրա հայացքում մի վճռականություն կա, որ ունենում են իրենց գործի մեջ համոզված, կամքով ուժեղ մարդիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter