HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քանի կենսագիր եւ մեկ որբ. մաս 2

Սամվել Արմեն

Երկրաշարժից փրկվածը. մի քանի կենսագիր և մեկ որբ. մաս 1

Պատկերացրեք, որ շատ հաստ գիրք եք կարդում: Դուք սիրում եք ամեն մի էջը, եւ սա լավագույն գիրքն է, որ երբեւէ ձեզ հանդիպել է: Այս գիրքը ձեզ ստիպել է լաց լինել, ծիծաղել, ցանկանալ փրկել կյանքեր, ցանկանալ սպանել, ստիպել է ձեզ մերժել Աստծուն, երբ էջերը չափազանց անսիրտ էին, եւ ստիպել է ձեզ հայցել Նրա ներողամտությունը, երբ դուք հասկացել եք, թե ինչու: Երկխոսությունը խոսում է ուղղակիորեն ձեզ հետ, եւ դուք գլխավոր հերոսի հետ առնչվում եք շատ ավելի, քան որեւէ այլ մեկը այն աշխարհում, որտեղ ապրում եք:

Իսկ եթե այս գիրքն այն ամենն էր, ինչ դու՞ք եք, եւ դուք հասել եք միայն 22-րդ գլխին, եւ գիրքը մի ճամփորդություն էր՝ այնքան զարմանալի ու խորհրդավոր, որ իսկապես չգիտեք, թե երբ այն կավարտվի:

Հիմա պատկերացրեք, որ գրքից բացակայում էր առաջին երկու գլուխը, որ դրանք թաքնված էին ինչ-որ խորքում՝ մի տեղ, որը չեք կարող գտնել: Արդյոք չէի՞ք ցանկանա ավելի շատ բան իմանալ այս գլխավոր հերոսի մասին: Արդյոք ձեզ կհետաքրքրե՞ն նրա զգացմունքները, նրա ճանապարհորդությունը, նրա կյանքի զարգացումները եւ նրա պայքարը այդ առաջին երկու գլխում:

Իսկ եթե գլխավոր հերոսը Դուք եք, հեղինակը Աստվածն է, էջերը օրերն են, իսկ գլուխները՝ տարինե՞րը: Արդյոք ձեզ Անհրաժեշտ չէ՞ր լինի առաջին այդ երկու գլուխը:

Նկատեք, որ ես ձեզ շատ հարցեր եմ տալիս: Պատճառն այն է, որ ես ձեզ չեմ կարող ճշգրիտ ասել, թե ինչ է նշանակում լինել Երկրաշարժից փրկված կամ որբ կամ ներգաղթյալ: Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ է նշանակում, երբ քեզ տանում են մի նոր աշխարհ: Եվ ես իհարկե չեմ կարող ձեզ ասել, թե ինչ ես զգում, երբ որդեգրվում ես մի լավ ընտանիքի կողմից, բայց, այնուամենայնիվ, չես իմանում քո սեփական անցյալը: Ես միայն կարող եմ ձեզ դրդել, որ ինքներդ ձեզ տաք ճիշտ հարցերը, որոնց միջոցով գուցե կարելի է հասկանալ ոչ միայն թե ինչ է դա նշանակում ինձ համար, այլեւ առաջին հերթին՝ թե ինչու եմ ես փնտրում:

Իմ զգայարանները պատրաստակամորեն բացվեցին Երեւանի աշխույժ կանգառի առջեւ. բենզինի հոտ, ավտոբուսներին ու ավտոմեքենաներին հենված տղամարդկանց տեսարան եւ անաղմուկ սակարկումների ձայն (շշնջում էին նաեւ այնպիսի քաղաքների անուններ, ինչպիսին Գյումրին է), որոնք ընդհատում էին փողոցի վաճառողուհու կոչերը, ով բղավում էր. «Փորդ լիցքավորի, փորդ լցրու»:

Բավականին հետաքրքիր տեսարան էր երկար ճամփորդության սկզբի համար:

Ինձ հետ նույն ծրագրով Հայաստան եկած մասնակիցներից մեկի՝ Հովսեփի եւ «Հետքի» ծանոթ լրագրողներից մեկի՝ Անիի հետ մասին ես նստած էի տաքսիում, որն ինձ 1,5 ժամից հասցնելու էր Գյումրի՝ յուրաքանչյուրիցս վերցնելով 1000 դրամ:

Հենց տաքսին սլացավ, ես նայեցի, թե ինչպես հալվեցին ներքեւում մնացող կառույցները. Երեւանի հպարտ շենքերի ճակատամասերից մինչեւ աղքատ բնակելիներ, որոնք ներկայացնում էին միայնություն, այնուհետեւ հատուկենտ ռեստորաններ ու դատարկ խաղատներ, որոնք ներկայացնում էին էլ ավելի անուրախ միայնություն, այնուհետեւ լքված տներ, եւ ապա, ի վերջո, երբ տաքսին դուրս եկավ գլխավոր քաղաքից՝ անապատային սարերի ամայի դաշտ:

Երբեմն-երբեմն սարի ստորոտին երեւում էր մի փոքր քաղաք, որն ամենայն հավանականությամբ բնակեցվել է նրա համար, որ մարդիկ վայելեն խառնարանի մոտ գտնվող հովտի սառնությունը: Երբ 30 րոպե էր մնում, մենք անցանք Մաստարա կոչվող մի գյուղի մոտով: Երբ 10 րոպե էր մնում, մենք անցանք մեր աջ կողմում գտնվող մի գյուղի մոտով, որը կոչվում էր Հոռոմ:

Մինչ աչքերս փակելն ու խոր նիրհի մեջ ընկղմվելը, միտքս եկան Ուիլյամ Բլեյքի «Փոքր տղան կորած» բանաստեղծության խորհրդավոր բառերը.

«Հայրիկ, հայրիկ, ո՞ւր ես դու գնում,
Օ, մի քայլիր այդքան արագ:
Խոսիր, հայրիկ, խոսիր քո փոքրիկ տղայի հետ,
Թե չէ այլ կերպ ես կկորչեմ:

Գիշերը մութ էր, ոչ մի հայր էլ չկար այնտեղ,
Մանուկը թաց էր ցողից,
Ճահիճը խորն էր, եւ մանուկը հեկեկում էր,
Իսկ հեռվում մեգը լողում էր»:

Երբ վերջապես եկանք Գյումրի, առաջին մարդը, ով ինձ օգնություն առաջարկեց, Վաչագան անունով մի քահանա էր, որի եկեղեցին գլխավոր հրապարակում էր: Բարեբախտաբար, նա իսպաներեն խոսում էր, եւ մենք միասին գնացինք մի շենքից մյուսը: Դժբախտաբար, կիրակի էր, եւ Գյումրիում ու Հայաստանի շատ այլ քաղաքներում ոչ ոք չէր աշխատում:

Տարբեր պաշտոնական աղբյուրներից մի քանի ժամ շարունակ պատասխաններ փնտրելուց հետո ինձ ուղղորդեցին դեպի Գյումրիի «Երեխաների տուն»՝ այն մանկատունը, որտեղ ենթադրաբար ինձ բերել էին, երբ փոքր տղա էի: Անին, Հովսեփն ու ես շնորհակալություն հայտնեցինք քահանային, եւ մեր ճանապարհները բաժանվեցին:

Երբ ներս մտանք, անհարմարավետության զգացումն անմիջապես պատեց ինձ: Կապույտ վերնաշապիկ հագած մի տղամարդ քայլեց դեպի մեզ ու հարցրեց, թե ինչ ենք ուզում: Անին ու Հովսեփը թարգմանեցին, թե ինչ է ինձ պետք, եւ նա մեզ ասաց, որ տնօրենը՝ Ռուզաննա Ավագյանը, Երեւանում է: Նրան հետեւողականորեն համոզելուց հետո, ի վերջո, համաձայնեց կանչել տնօրենին: Նա գնաց մի սենյակ, որը մոտ էր մեր կանգնած տեղին, եւ սկսեց խոսել: Ես դիմեցի Հովսեփին:

«Ականջներդ սրիր միջանցքի ուղղությամբ ու ինձ համար թարգմանիր, ինչ լսում ես»,- նրան ասացի ես:

Նա սպասեց մի պահ, գլխով արեց եւ պատասխանեց. «Նա ինչ-որ մեկին քո մասին է պատմում: Նա ասում է, որ դու գեղեցիկ ես»: Եվս մի պահ անցավ: Հովսեփը ցածրաձայն ծիծաղեց: «Նա նորից է ասում, որ դու շատ գեղեցիկ ես»:

Այս անիմաստ շողոքորթությունը, որի ժամանակ «գեղեցիկ» բառն ասվեց ութ անգամ, վերջացավ, երբ մենք լսեցինք հեռախոսի չրխկոցը:

Նա վերադարձավ մեզ մոտ եւ ասաց. «Ես չեմ կարող ձեզ օգնել: Ոչինչ չեմ կարող անել: Մի ուրիշ անգամ եկեք»: Մենք փորձեցինք բանակցել, թե արդյոք որեւէ կերպ հնարավո՞ր է, որ նա օգնի մեզ, բայց նա չցանկացավ լսել:

Ահա այդքանը, Գյումրի իմ առաջին ճամփորդության դատարկ վերջաբանը: 30 րոպե փողոցներով տխուր-տրտում զբոսնելու ընթացքում Անին ու Հովսեփը թարգմանում էին ամենացավոտ նախադասությունը՝ «Դուք ճանաչու՞մ եք Դալակաշվիլիների ընտանիքին, նրանք այստե՞ղ են ապրում», եւ այդ հարցը տալիս տասնյակ անծանոթների: Ոչ ոք չճանաչեց այդ անունը, մի մարդ նույնիսկ ասաց ինձ, որ ես հավանաբար սխալ երկրում եմ: Ի վերջո, ես հայտնվեցի մի ռեստորանում, որտեղ կային առանձնասենյակներ, որոնք կարելի էր փակել վարագույրով:

Այստեղ էր, որ մտորեցի, թե որքան չպատրաստված, միամիտ ու անխելք էի ես: Սրան զուգորդվեց իմ հիասթափությունը՝ եւ արդյունքների բացակայությունից, եւ ինձանից, ինչի հետեւանքով ես գրեթե լաց եղա: Ես պետք է որ ծխած լինեի Անիի գնած ծխախոտի տուփի կեսը, մինչ դիմադրում էի ինձ լուսավոր կողմը ցույց տալու նրա ու Հովսեփի փորձերին:

Հետդարձի ողջ ճանապարհն անցկացրի տաքսու մթության մեջ՝ նիրհելու եւ անրջելու մեջտեղում:

Այս գիշերվան հաջորդած 48 ժամվա ընթացքում երեք ահռելի բան պատահեց:

Նախ, Ստելլա Գրիգորյանը 5 էջանոց էլեկտրոնային նամակ գրեց ինձ՝ հստակեցնելով իմ կյանքի ու մանկատան շրջանի իրողությունները: Երկրորդ, հայրս ի մի բերեց 35 էջ փաստաթղթեր, որոնք ներառում էին 2-ից 6 տարեկանում իմ բազմաթիվ հոգեբանական վերլուծություններ եւ նամակներ, որոնցում գրված էր, որ իրենք արդեն անվերապահորեն սիրում են ինձ՝ որպես իրենց նոր որդու: Երրորդ, ինձ հետ նույն ծրագրով Հայաստան եկած ընկերներիցս մեկը՝ Սարան, օգնեց ինձ անցնել վախի, տխրության եւ այս ողջ տեղեկատվությունը կարդալու հսկայական ծանրության միջով:

Մեկ շաբաթ անց «Հետքն» իր կայքում հրապարակեց այս հոդվածի առաջին մասը՝ թարգմանված երկու լեզվով, եւ տպագրեց իր թերթի առաջին էջում: Անհամեմատ ավելի մեծ ինքնավստահությամբ, իմ ճամփորդության ավելի խորն ընկալմամբ եւ «Հետքում» տպագրված հոդվածի 5 օրինակ ձեռքիս՝ ես վերադարձա Գյումրի:

Այս անգամ ինձ ուղեկցում էր ինձ հետ նույն ծրագրով Հայաստան եկած Լիլիթը:

Երբ մեքենայով գնում էինք, Լիլիթը հարցրեց, թե արդյոք կարո՞ղ է նկարահանել ինձ ու հարցեր տալ: Տեսնելով, թե իր տված հարցերից քանիսը կարելի է գտնել իմ նոր ձեռք բերած փաստաթղթերում, ես պատրաստակամորեն նրան տրամադրեցի այդ տեղեկատվությունը:

Մինչ նա որեւէ հարց կտար, ես կարդացի վերլուծություններից մեկի ներածությունը, որում գրված էր. «Երբ Սեմին մոտավորապես մեկ տարեկան էր, իր կենսաբանական մայրն իրեն բերեց տեղի մանկատուն, քանի որ ի վիճակի չէր խնամել Սեմիին: Հաջորդ տարի ինչ-որ մի ժամանակ մայրը վերադարձավ մանկատուն, որպեսզի Սեմիին իր հետ տուն տանի: Կարճ ժամանակ անց նա Սեմիին բերեց մեկ այլ մանկատուն, եւ այդ ժամանակից ի վեր նա այլեւս կապի մեջ չի եղել Սեմիի հետ»:

Ամենաարժեքավոր հարցը, որ Լիլիթը տվեց, հետեւյալն էր. «Ինչո՞ւ ես կարծում, որ տարբերվում ես»:

Իմ աչքերը նախ սահեցին հետեւյալ տողերի վրայով. «Նյու Ջերսիում ամուսնական զույգի հետ մնալու ժամանակ Սեմին հաճախ էր մղձավանջներ տեսնում»: Սա ասելու փոխարեն՝ ես նրան ասացի իմ մի գծի մասին, որն առանձնանում է. որ ես մշտապես վերլուծում ու գնահատում եմ մարդկանց, թեեւ դա անհարկի է եւ ոչ անհրաժեշտ:

«Քո կարծիքով՝ ինչո՞ւ է այդպես»,- հարցրեց նա:

«Թերեւս դա ուրիշների կողմից լքվելու վախից է»,- պատասխանեցի ես եւ հետո բարձրաձայն կարդացի վերլուծություններից մեկի հետեւյալ մասը, որը հաստատում էր դա. «Սեմին տագնապեց, երբ թեստ անցկացնողը ընդմիջման ժամանակ իրեն լոգասենյակ ուղեկցեց: Նա ուզում էր, որ թեստ անցկացնողը ամբողջությամբ չփակի լոգասենյակի դուռը՝ ասելով, թե «ես չեմ ուզում, որ դու թողնես ինձ ու գնաս»:

«Կամ գուցե,- շարունակեցի ես,- պատճառն այն է, որ ես զգում եմ, որ իմ կյանքում ամեն ինչ կարող է փոխվել: Որ Երկիրը հանկարծ կարող է ցնցվել, այն վայրը, որը ես տուն եմ անվանում, կարող է շարժվել, եւ մարդիկ, որոնց ես ընտանիք եմ անվանում, կարող են ունենալ տարբեր դեմքեր»:

Այնուհետեւ ես կարդացի. «Սեմին ցիրուցան եկած, չամբողջականացված փորձառություն ունի աշխարհից: Երբեմն նա բավականին ճնշված է զգում իրեն: Սա, այնուամենայնիվ, տարօրինակ չէ՝ հաշվի առնելով վաղ տարիքում Սեմիի ապրած տրավմայի չափը»: Սրան հաջորդում էր հետեւյալը. «Այս երեխան ունի մեծ վախեր ու տագնապ՝ կապված բաժանման ու կորստի հետ: Օրինակ՝ Ռորշախի թեստի 1-ին հարցաթերթիկում Սեմին միանգամից մատնացույց արեց կենգուրուի պատկերը, որը մոր ու երեխայի միասնության խորհրդանիշն է եւ ցույց է տալիս, որ նա տենչում է ապահովություն, անվտանգություն եւ պաշտպանվածություն: Երեխաների գիտակցական ըմբռնման թեստի 3-րդ հարցաթերթիկում եւս Սեմին մի պատմություն է պատմում «մի աղջկա ու տղայի մասին, ովքեր ուզում են տուն վերադառնալ, բայց վատ են զգում, քանի որ հաստատ չգիտեն, թե ուր գնան»: Ակնհայտորեն Սեմին աշխարհը տեսնում է որպես ինչ-որ քաոտիկ, վախեցնող եւ անկանխատեսելի վայր... Իր վախերի պատճառով Սեմիին թվում է, թե ինքը պայթում է»:

Երկար զրույցից հետո ես ու Լիլիթը հետ եկանք Գյումրի՝ սկսելու իմ ճամփորդության երկրորդ մասը: Լիլիթը սկսեց մարդկանց հարցնել, թե ուր պետք է գնանք: Մեր առաջին կանգառը Գյումրիի քաղաքապետարանն էր: Այնտեղի մարդիկ մեզ ուղղորդեցին դեպի Ոստիկանության անձնագրային բաժին:

շարունակելի

Նկարում՝ Սամվել Դալակաշվիլին Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը մոտ 2 տարեկանում

Անգլերենից թարգմանությունը՝ Սոնա Ավագյանի

Մեկնաբանություններ (4)

gayane
Aprum em Hayastanic durs,tejhyak em ,vor Samvel@ uner quir Kharberdi mankatan@. Ayd masin tekhyak e nayev ir vordegir bjishk@ .Dalakhashvineri masin gakhapar chunem
Arminka
Gayane dzer xoskeric yerevume vor bavakanin texekacvaceq Samveli entaniqic ete iroq giteq ogneq txain gtnel nranc yev inchpes haskaca Samvele ayd npatakove hayastanum vorpezi gtni ir cnoxnerin
Gayane
Samvel,duq k'urakhanayiq yete parzver, vor duq uneq nayev zezanic aveli tariqov mec quir,vori masin tekhyak en ekhel zer vordegirner@?
aper
isk ur e erkrord mase?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter