HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պ.Հայրիկյանը միայն մեկ «բարձր» նպատակ է տեսնում կոալիցիայի հայտարարության մեջ

«Ես այդ համագործակցության մեջ, բացի իշխանությանը տիրելու և իշխանությունը միանձնյա (արդեն կոալիցիայի տեսքով) տիրելու «բարձր» նպատակից, ուրիշ, ազգային, մարդու իրավունքներից բխող որևէ նպատակ չտեսա»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով իշխող կոալիցիայի երեկ ընդունած հայտարարությանը: Դրա մեջ, մասնավորապես, ասվում է. «Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի»: Ըստ Պարույր Հայրիկյանի` ժողովրդին օգտակար լինելու տեսակյունից այդ կոալիցիայի հեռանկարայնության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ ամրագրված կլինեն ոչ թե հայտարարություններ, այլ որոշակի ծրագրեր, որոնք կհամախմբեն ազգի ճակատագրով մտահոգ ուժերին: «Իսկ երբ կոալիցիա կազմում են նրա համար, որ որոշվի, թե ով պիտի լինի նախագահ… Ախր, մի քիչ Սահմանադրություն է պետք իմանալ: Նախագահը զրո է, եթե չունի պառլամենտական մեծամասնություն: Էս ինչի՞ համար եք դուք կռիվ տալիս: Այսօր քաղաքական ուժերը կարող են պայքարել միայն պառլամենտական մեծամասնության համար, եթե ուզում են ինչ-որ ծրագիր իրականացնել: Իսկ նախագահը, եթե դու օրինավոր երկիր ես, ընդամենը մի հաստատություն է, որը որոշակի իրավիճակներում կարող է իրեն դրսևորել, Անգլիայի թագուհու պես»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքերով` բարեկիրթ պետություններում քաղաքական գործիչները դաշինքներ են ստեղծում են` հանուն ռազմավարական նպատակների: Իսկ Հայաստանում կոալիցիա կազմած ուժերին այդպիսի նպատակ չէ, որ ի մի է բերել: Այդպիսի ռազմավարական նպատակներ, ըստ բանախոսի, կարող էին լինել կոալիցիայի հայտարարությունից բացակայող այսպիսի դրույթներ. «վերականգնել հայ ժողովրդի միասնությունը մշակույթի և լեզվաքաղաքականության կարևոր ոլորտներում», «Հայաստանը դարձնել իսկապես ժողովրդավարական երկիր»: Հայտարարության մեջ պետք է անդրադարձ լիներ նաև Ցեղասպանության հետևանքների վերացմանը: Ռազմավարական նպատակ է այն, որ հայերն այլևս դասեր չեն ստանալու վրացիներից, այլ վրացիներն են հայերից դաս ստանալու: Կամ, հայերը դադարեցնելու են իրենց «գլադիատորի կարգավիճակը» հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: «Այդ հարցերի թվում հատկապես նշեմ մեր ժողովրդագրական վիճակը, զանգվածային արտագաղթը: Պաշտոնապես, բացահայտորեն Հայաստանից արտագաղթ է կազմակերպվում արդեն մեր «հարազատ» Ռուսաստանի կողմից: Ազգային անվտանգության ծառայությունները որևէ քայլ արե՞լ են: Կամ հայերը շարունակում են սպանվել Ռուսաստանում: Բացի նրանից, որ Հայաստանի իշխանություններն ասում են. «Դե, բոլորին են սպանում», որևէ բան պիտի արվի՞ սրանից հետո»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Անդրադառնալով ընդդիմության դաշտին` նա նշեց, որ ինչպիսին իշխանություն է, այնպիսին էլ` ընդդիմությունը: «Իշխանությունները չունեն նպատակ: Ընդդիմությունը (այդ թվում նաև` մենք), որ խոսում է որոշակի սկզբունքների մասին, դեռևս ամբողջական և նաև կազմակերպական իմաստով ասպարեզ չի իջել»,- ասաց ԱԻՄ նախագահը: Նրան հետաքրքրում է միայն այն, թե առարկայական ինչ աշխատանքային ծրագրեր կան, ինչ նպատակներով են քաղաքական ուժերը իջնում ասպարեզ, ռազմավարական առաջընթացի հնարավորություն կա, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter