HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հավատում էինք, որ արդարություն կա. ինչքան միամիտ էինք»

Լուսանկարի տղաները՝ Արթուր Քոչարյանն ու Սուրեն Չոբանյանը, նրանց հետ նաև Ավետիք Թումանյանը, 2003 թ-ին զորակոչվել են բանակ, ծառայել Մարտունու զորամասում, սակայն մինչ օրս տուն չեն վերադարձել: Նրանք արդեն 10 տարի է՝ ազատազրկված են:

«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարին արձագանքելով՝ խմբագրությանն են դիմել նախկին զինծառայողների հարազատները, ում 19-ամյա որդիները՝ Արթուր Քոչարյանը, Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման (Վերաքննիչ դատարանը Արթուրի պատիժը թողել է անփոփոխ, իսկ Ավետիքինն ու Սուրենինը փոխել 15 տարվա ազատազրկման): Նրանք մեղադրվել են համածառայակցին՝ Արթուր Մեսրոպյանին կախելով սպանելու մեջ, սակայն ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ժամանակ երեք երիտասարդները հերքել են իրենց մասնակցությունը դեպքին՝ պնդելով, որ անմեղ են: Սպանության մոտիվն, ըստ մեղադրանքի, ծառայակիցների միջև ծագած վեճն է եղել:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2004 թ-ի սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը. ԼՂ Մարտունու զորամասում պարսպից կախված վիճակում հայտնաբերվել է 18-ամյա, ընդամենը 4 ամիս ծառայության անցած Արթուր Մեսրոպյանի դին: Ահա այն պարիսպը, որի վրա էլ հայտնաբերվել է դին:

Ինչպես տեսնում ենք լուսանկարներից, տեղանքը, որը հանցագործության վայրն է, առանձնացված չէ ժապավեններով: Ավելին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի մայրը՝ տիկին Ֆենյան պատմեց, որ երբ երկու օր անց ամուսինը՝ եղբոր հետ եղել է նույն տեղում, տեսել է, որ տեխնիկա է աշխատել այնտեղ, որով սրբվել են հանցագործության հետքերը:

Տիկին Ֆենյան պատմեց, որ տղան՝ Արթուր Քոչարյանը մեծացել է Էջմիածնում, հաճախել է կիրակնօրյա դպրոց: 2003-ին զորակոչվել է բանակ, ծառայել ԼՂ Մարտունիի զորամասում: «6 ամիս էր մնացել, որ տուն գար, բայց 2004 թ-ի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ այդ ողբերգությունը, մեկ օր հետո իմացանք, որ բոլոր զինվորներին տարել են ԼՂ ռազմական ոստիկանություն՝ որպես վկաներ: Բայց շուտով իմացանք, որ իրենց ծառայակից «Աղվես» մականունով Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքների վրա Արթուրին, Ավետիքին ու Սուրենին մեղադրանք են առաջադրել: Այդ օրվանից երեք ծնողներով պայքարում ենք մինչ օրս: Այս տարիներին բազմաթիվ նամակներ ենք գրել, բողոքներ՝ գործի վերաքննման խնդրանքով, ակցիաներ ենք արել, ցույցեր: Իսկ երբ գրեցինք Սեյրան Օհանյանին, ով այն ժամանակ դեռ ԼՂ պաշտպանության նախարարն էր, եկավ պատասխան, որ Ձեր տղաները Հայաստանի քաղաքացիներ են, ԼՂ-ից չեն, ուստի ինքը որևէ հարցում չի կարող միջամտել: Քննիչներից Փիլոյանին էլ երբ ասացինք, թե մի պահ պատկերացրեք, որ հանկարծ Ձեր երեխային չկատարած հանցանքի համար ցմահ դատապարտեն, պատասխանեց՝ նախ իմ երեխային ինչի պիտի բանակ ուղարկեմ, որ մի հատ էլ…»:

15 տարվա ազատազրկման դատապարտված Սուրեն Չոբանյանի մայրը՝  տիկին Սվետան «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ անընդհատ ՌՈ-ում հետաքրքրվել են, թե ով՝ ինչպես է ապրում, փող են պահանջել. «Այս մասին բացահայտ տղաս՝ Սուրենն ասաց Վերաքննիչ դատարանում, կան նաև ձայնագրությունները: Բայց մենք գումար չունեինք, որ կաշառք տայինք: Հավատում էինք, որ արդարություն կա: Ինչքա՛ն միամիտ էինք: Մեզ սկզբում ասեցին, որ մեր երեխաները վկա են, փառք տվեք Աստծուն, ճի՛շտ է, շատ դժվարությունների միջով են անցել, բայց հիմա ուղարկում ենք հետ՝ ծառայության: 10 օր անցավ, լուր ստացանք, որ մեր երեխաները Սովետաշենի բերդում են, գնացինք տեսակցության: Իմ տղան անճանաչելի էր, ես իրեն աչքերից եմ ճանաչել: ՌՈ-ում խոշտանգել էին նրանց, սիգարետների վառած տեղեր կային մարմնի վրա: Բայց ոչ մի քննություն չեղավ այդ մասով: Անգամ մարդիկ էին ուղարկում մեր տուն, համոզում, որ երեխաներն իրենց վրա վերցնեն կատարվածը՝ խոստանալով մեղմ՝ 7 տարվա պատիժ: Հետո խայտառակ դատը եղավ: Դատեցին ցմահ, Վերաքննիչը երկուսի պատիժը փոխեց 15 տարվա, քանի որ չէին կարող մեկ մարդու սպանության համար միանգամից 3 մարդու ցմահ փակել: Հետո տղայիս տարան Գորիսի բանտ: Գորիսից կիսամեռ տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց: Թոքերի խնդիր ունի, բուժվում է դեռ: Կես մարդ դարձրեցին էրեխեքին, ինչի՞ համար, չգիտեմ»,- պատմեց նախկին զինծառայողի մայրը:

«Հետքը» սկսեց ուսումնասիրել 15 հատորանոց քրեական գործը՝ պարզելու դեպքի մանրամասները: Այս գործով կատարվել են բազմապիսի փորձաքննություններ՝ մատնադրոշմային, դատահողագիտական, իրեղեն ապացույցների, դատակենսաբանական, դատաբժշկական, դատահոգեանական, սակայն որևէ փորձաքննության եզրակացությամբ չի հաստատվել դատապարտված երեք տղաների մասնակցությունը դեպքին: Արթուր Մեսրոպյանի արյան հետքերը չեն հայտնաբերվել երեք զինծառայողների՝ փորձաքննությանը ներկայացված երեք տաբատների ու զինվորական բաճկոնների վրա: Նրանց եղունգների տակից վերցած նմուշներով ևս պարզվել է, որ դրանք չկան հանգուցյալ Արթուր Մեսրոպյանի հագուստի կամ մարմնի վրա:

Մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները հենված են ծառայակիցներից մեկի՝ Անդրանիկ Կարապետյանին մոտ 6 անգամ փոփոխվող ու պարբերաբար լրացվող ցուցմունքների վրա, ըստ որոնց «ռազբորկայի» ժամանակ, որին մասնակցել է 6-7 զինծառայող, Արթուր Մեսրոպյանը ապակու կտորով նախ կտրել է իր երկու դաստակների երակները, ապա վզի երակը, հետո անշարժացած ընկել: Իսկ Արթուր Քոչարյանը առաջարկել է նրան կախել, որպեսզի ինքնասպանության իմիտացիա ստեղծվի:

Այդպիսով, ըստ գործի նյութերի, Քոչարյանն ու Չոբանյանը նրա թևերի տակից ընկած մոտ 30 մետր տղայի մարմինը քարշ են տվել պարսպի ուղղությամբ, ապա նրա իսկ տաբատի գոտիով կախել պարսպից:   

Ովքե՞ր են վարել այս գործով նախաքննությունը, ինչպե՞ս, ի՞նչ պաշտոններ են նրանք այժմ զբաղեցնում, ի՞նչ կապ կարելի է տեսնել այս և Մատաղիսի գործի հետ, «Հետքը» կներկայացնի հաջորդիվ:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter