HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ այնպիսի կտտանքների էին ենթարկել, որ Ստեփանակերտի հոսպիտալում անգամ չընդունեցին»

Սկիզբը

Լուսանկարի տղաները 10 տարի առաջ պաշտպանում էին հայրենիքը, այսօր նրանցից երեքը, արդեն 10 տարի է, բանտում են: Նրանք մինչ օրս պնդում են, որ անմեղ են, որ անգամ խոշտանգումներով չեն կարողացել իրենցից կորզել խոստովանական ցուցմունքներ, թե կատարել են համածառայակից Արթուր Մեսրոպյանի սպանությունը:

 «Մեզ այնպիսի կտտանքների են ենթարկել Ստեփանակերտի ՌՈ-ում, որ երբ տարան Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ մեզ չընդունեցին, ստիպված տեղափոխեցին Երևանի հոսպիտալ»,-այս մասին Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում հայտնել են 2004 թ-ի սեպտեմբերի 21-ին ՌՈ տարված զինծառայողները, ովքեր հրավիրվել են պարզապես որպես վկա՝ պատմելու, թե ինչ է իրենց հայտնի 18-ամյա շարքային Արթուր Մեսրոպյանի մահվան մասին, ում դին հայտնաբերվել էր մեկ օր առաջ ԼՂ Մարտունու զորամասում՝ պարսպից կախված վիճակում: Սակայն վկաներին, ապա կասկածյալներին ծեծի, խոշտանգումների, բռնության ենթարկելու մասով որևէ քննություն չի կատարվել:

Ի՞նչ նմանություն կա այս և Մատաղիսի գործի միջև

Ծանոթանալով ԼՂ Մարտունու զորամասում 10 տարի առաջ իր իսկ տաբատի գոտիով կախված զինվոր Արթուր Մեսրոպյանի մահվանը նախորդած ու հաջորդած դեպքերին, քրեական գործի նյութերին՝ «Հետքն» արձանագրեց, որ բոլոր վկաները հարցաքննվել են Ստեփանակերտի ՌՈ շենքում, Հայաստանից ժամանած ՀՀ զինդատախազության ՀԿԳ քննիչների կողմից (20 օր անց թե՛ կասկածյալները, թե՛ գործն ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստան: Իսկ դատավարությունը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում-հեղ.): Հենց վկաների, կասկածյալների, ապա մեղադրյալների ցուցմունքներում արձանագրված է ՀՀ զինդատախազության ՀԿԳ քննիչ Արմեն Հակոբյանի անունը:

Արմեն Հակոբյան. նախկին քննիչ, ոստիկանության վարչության պետ

Քննիչ Հակոբյանի լուսանկարը տրամադրել է Մատաղիսի գործով դատապարտված ու 9 տարի անց արդարացված երեք զինվորներից Արայիկ Զալյանը, ով այսօր իրավաբան է, իրավապաշտպան, զբաղվում է հիմնականում զինվորական գործերով: Արմեն Հակոբյանը եղել է նաև  Մատաղիսի գործով քննչական խմբի ղեկավարը:

«Հետքի» հետ զրույցում Արայիկ Զալյանն ասաց, որ լավ է հիշում Ղարաբաղի Մարտունու զորամասում 2004 թ-ին տեղի ունեցած զինվորի մահվան գործը, ավելին՝ այս գործով ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի հետ նույն խցում է եղել Մուսայի հետ միասին մոտ վեց ամիս՝ մինչև իրենց ազատվելը.

«Այդ ժամանակ Արթուրն էլ, ես ու Մուսան էլ թերթում էինք մեր քրեական գործերի նյութերը, իրար փոխանցում մեկս մյուսի գործն ու փորձում հասկանալ, թե ինչպես են օդից վերցված մեղադրանքներ առաջադրել մեզ առանց ապացույցների: Հիշում եմ՝ Արթուրենց գործով էլ, մեր գործով էլ՝ հիմնականում մեկ անձի փոփոխվող ցուցմունքներ էին, ուրիշ ոչինչ:  Աբսուրդն այն է, որ մեր գործերից հետո քննիչ Արմեն Հակոբյանի պաշտոնը բարձրացվեց: Հիմա նա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն է: Այսինքն՝ ոստիկանության մեջ ոստիկանության ղեկավար: Փաստորեն, այն անձն, ում գործողությունների  հետևանքով նաև, դատական կոպիտ սխալ էր տեղի ունեցել, դատապարտվել էին անմեղ մարդիկ, ոչ թե պատասխանատվության  ենթարկվեց, այլ, ընդհակառակը, խրախուսվեց»,-ընդգծեց իրավապաշտպան, Մատաղիսի գործով արդարացված երիտասարդներից Արայիկ Զալյանը:

Արայիկ Զալյան

Զալյանը նկատեց, որ Արթուրենց գործով «Աղվես» մականունով Անդրանիկ Կարապետյանն, իր իսկ ցուցմունքի համաձայն, զինվորին կախելու համար Սուրիկ Չոբանյանի հրահանգով քարեր է բերել ու դրել զինվորի ոտքերի տակ:

Բայց նույն Անդրանիկի վրա այդպես էլ սպանությանը օժանդակողի հոդված չի դրվել, այլ տրվել է երկու տարվա ազատազրկում: Իսկ երեք տղաները՝ Արթուրը, Ավետիքը, Սուրիկը դատապարտվել են ցմահ ազատազրկման հենց այդ ցուցմունքներով (Վերաքննիչ բողոքի ժամանակ Ավետիք Թումանյանի ու Սուրեն Չոբանյանի պատժաչափը փոխարինվել է 15 տարվա ազատազրկման):

«Ամենահետաքրքիրը հենց դա է, որ զինվորական գրեթե ամեն գործով քննիչները մի «աղվես» գտնում են ու սկսում աշխատել հետը»,-շեշտեց Արայիկ Զալյանը:

Սակայն պարադոքսն էլ հենց այն է, որ Անդրանիկի՝ «Աղվեսի», ցուցմունքները հերքվել են փորձաքննություններով: Երբ նա ցուցմունք է տվել, որ Արթուր Քոչարյանն ու Սուրիկ Չոբանյանը, Մեսրոպյանի թևատակերից բռնած (երբ վերջինս վեճի հետևանքով արդեն ապակիով կտրած է եղել իր իսկ դաստակի երակներն ու վզի երակը). մոտ 30 մետր քաշել են մինչև պարիսպ, նրա վզի կտրվածքից արյունը լցվել է Քոչարյան Արթուրի վրա, սակայն փորձաքննությամբ Արթուրի հագուստի վրա առհասարակ արյան հետքեր չեն հայտանաբերվել: Արյան հետքեր չեն հայտնաբերվել նաև մյուս երկու տղաների՝ Սուրիկի ու Ավետիքի հագուստների վրա:

Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, երբ լսվել է այս գործը, ամբաստանյալներից Սուրեն Չոբանյանը կտրել է իր դաստակի երակները` ցույց տալու համար, թե ինչ տեղի կունենա, երբ մարդը կտրի իր դաստակների երակները: Արյունը հոսել է, ու շատերի վրա արյան հետքեր են եղել:

Արայիկ Զալյանն ընդգծեց, որ խաշտանգումների պահով ևս նման են Մատաղիսի ու այս գործերը: «Եթե տղաներին Ստեփանակերտի հոսպիտալում հրաժարվել են ընդունել, ապա մեզ էլ 3 ամիս պահել են ՌՈ-ում, որպեսզի մեր մարմիններից ծեծի հետևանքները վերանան, նոր տեղափոխեն մեկուսարան: Խոշտանգումների փաստով էլ այսօր բողոք ունենք Եվրադատարանում»,- նշեց նա:

Տուժողի հարազատները որդու սպանության մեջ կասկածել են զորամասի հրամանատարությանը

Քրեական գործում կարդացի նաև մեղադրյալներից 19-ամյա զինվոր (այսօր ցմահ դատապարտյալ, 10 տարի բանտում գտնվող) Արթուր Քոչարյանի պաշտպան Վալենտին Առաքելյանի ճառը, որտեղ նա նշում է մի հանգամանք, որին նախաքննությունն ընդհանրապես ուշադրություն չի դարձրել: Այսպես, պարզվել է, որ զինվոր, 18-ամյա Արթուր Մեսրոպյանի մահվան օրը, սեպտեմբերի 19-ին զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Էրիկ Աթայանը հարվածել է Արթուր Մեսրոպյանին՝ հայհոյելով, թե ինչու իր հրամանը լավ չի կատարում: Պարապունքի ավարտից հետո ոչ ոք չի տեսել Արթուրին: Հերթապահներն այդ օրը եղել են լեյտենանտ Արմեն Ալեքսանյանն ու մայոր Էրիկ Աթայանը: Սակայն նախաքննության մարմինը մերժել է նշված հիմքով Ալեքսանյանի ու Աթայանի՝ սպանության մասնակից լինելու կապակցությամբ քննություն կատարել, չեն վերցվել նրանց մատնահետքերը, նրանց հագուստները, կոշիկները, եղունգների նմուշները չեն ուղարկվել փորձագետներին, այսինքն՝ չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք կատարվել են զինվորների հետ:

Լեյտենանտ Արմեն Ալեքսանյանն այս գործով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով անփութության համար: Սակայն շուտով հանրապետության 15-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներմամբ գործի վարույթը կարճել է, ու նրա նկատմամբ դադարեցնել է քրեական հետապնդումը: Իսկ դատապարտված զինվորների հարազատները մեզ հետ զրույցում պնդում էին, որ լեյտենանտի հայրը տարբեր տեղերից արագ-արագ գումար էր հավաքում, որ որդուն ազատեր այս պատմությունից, որ նրա վրա ծանր մեղադրանք չդրվեր:

 Մինչդեռ տուժող Արթուր Մեսրոպյանի հարազատները մեկ անգամ չէ, որ դիմումներ են գրել պետական այրերին, որտեղ նշել են, որ իրենց որդու սպանության մեջ կասկածում են բանակի հրամանատարությանը: Սակայն այդ բողոքներին որևէ ընթացք չի տրվել:

Արայիկ Զալյանի լուսանկարը նրա ՖԲ էջից

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter