HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

սկիզբը

9.

Ասկերանի պաշտպանության դեմ Ադրբեջանի հրամանատարությունը կենտրոնացրել էր ոչ միայն հետևակի, այլև հեծելազորի խոշոր ուժեր: Մոտ երկու հազարի հասնող հայ ռազմիկների դեմ, որոնք 8-օրյա լարված կռիվների և անքնության հետևանքով նեղվում էին արդեն հոգնածությունից, թշնամին նետել էր միայն այդ ճակատը 30 հազարից ոչ պակաս կանոնավոր և անկանոն ուժեր: Ասկերանի պաշտպանության համար օժանդակ ուժեր թիկունքից քիչ էին ստացվում, որովհետև զենք կրելու ընդունակ գրեթե բոլոր տղամարդիկ կռվում էին այս կամ այն ճակատամասում` 300 կիլոմետրից ավելի երկարություն ունեցող սահմանի ամբողջ տարածության վրա: Ջրաբերդի շրջանից Ասկերան ուղարկված 160 զինվորները շտապ վերադարձան ետ` Մարտակերտի շրջանի գյուղերի վրա «կամավորական» հորդաների նոր սկսած գրոհների պատճառով: Զանգեզուրում գտնվող երևանյան հայկական սակավաթիվ կանոնավոր զորամասից լուրջ օգնություն սպասել չէր կարելի, թեև Խծաբերդից արդեն հայտնված էր Ղարաբաղի հուսահատական վիճակի մասին զորամասի հրամանատարությանը: Զինամթերքի սուր կարիքն էր, որ առանձնապես ծանրացնում էր դրությունը: Թիկունքի գյուղերից գրեթե յուրաքանչյուր օր հատուկ մարդկանց միջոցով հավաքված և ճակատ ուղարկված փամփուշտը խիստ սակավ էր և չէր կարող բավարարել չափազանց լարված կռիվների պահանջներին: Դրությունն այդ տեսակետից մոտավոր կերպով պատկերացնելու համար բավական է ասել, որ թշնամու հրացանային հարյուր կրակոցին հազիվ հնարավոր էր լինում պատասխանել 5-10 կրակոցով: Շատ հաճախ, երբ փամփուշտներն արդեն սպառված էին, հայ մարտիկները թշնամու կատաղի գրոհները հետ էին մղում նետվելով սվինամարտի:

Այդպիսին էր ընդհանուր վիճակը Ասկերանի ճակատում, երբ մարտ 30-ի լուսաբացից սկսվեցին վճռական գրոհները հակառակորդի ուժերի կողմից:

Գեներալ Սելիմովի հրամանատարությամբ գործող զորքերի մի ուժեղ խումբ կեսօրվա մոտ շրջանցման փորձ կատարեց Ասկերանի պաշտպանության ձախ թևում, Քարագլուխ և Խրամորթ գյուղերի շրջանում, մի պահ սուր վիճակ ստեղծելով այդ մասում ամրացած հայ ռազմիկների համար: Բայց հարվածային ջոկատների կայծակնային օգնությամբ ստեղծված սպառնալիքն իսկույն վերացվեց, և շուտով հակառակորդի գործող ուժերն իրենք ընկան հայերի կողմից շրջապատման վտանգի մեջ ու ստիպեցին խուճապահար նահանջել, չդիմանալով հայ մարտիկների սվինային հարվածին և թողնելով նրանց ձեռքում երկու թեթև գնդացիր և բավականաչափ փամփուշտներ:

Ադրբեջանական կանոնավոր զորքերի այդ գործողություններին զուգընթաց թյուրք «կամավորների» հազարավոր խուժանը օսմանցի հրահանգիչների առաջնորդությամբ բարձրագոհ աղաղակներով ու անկանոն հրաձգությամբ կատաղաբար մի քանի անգամ գրոհեց ասկերանցիների աջ թևի դիրքերի վրա, բայց ամեն անգամ մեծ կորուստներ կրելով` ստիպված էր նահանջել:

Այդ օրը Ասկերանի պաշտպանության կենտրոնի դիրքերի դեմ թյուրքերը հարձակողական լուրջ գործողություններ չձեռնարկեցին:

Գիշերը Խաչենի և Վարանդայի շրջաններից օգնության եկան 80-ի չափ կռվողներ:

Հաջորդ օրը, մարտի 31-ին, վաղ արշալույսին, վերսկսվեցին կատաղի կռիվներն այս անգամ Ասկերանի ամբողջ ճակատում: Հրետանային կարճատև նախապատրաստությունից հետո հակառակորդն անցավ ընդհանուր հարձակման: Նա ապարդյուն գրոհներով ճիգ էր թափում խճուղու ուղղությամբ պատռելու ճակատը, որի պաշտպանության անմիջական ղեկավարն էր Ղազարը: Սակայն, այդ օրը ևս մեծ կորուստներ կրելով, թշնամին երեկոյան դեմ ստիպվեցավ ետ քաշվել: Ասկերանցիները տվեցին 16 սպանված և 70-ի չափ վիրավորներ, իսկ հակառակորդի մարդկային կորուստները, սպանված և վիրավոր, հասնում էին մոտ 500-ի:

Գիշերը Ասկերանի հրամանատարությանը տեղեկացրին, որ Զանգեզուրից գործողություններ են սկսված հայկական էքսպեդիցիոն գումարտակի կողմից, եւ շուտով Ղարաբաղ կմտնեն և օգնության կհասնեն Ասկերանի պաշտպաններին թարմ օժանդակ ուժեր, մեծաքանակ ռազմամթերքով: Այդ լուրը, ինչ խոսք, թռավ դիրքից դիրք և աննկարագրելի ոգևորության աղբյուր ցարձավ հայ մարտիկների շրջանում, որոնք տասներորդ տագնապալից գիշերն էր, որ լուսացնում էին անքուն, դրսից օգնություն ստանալու վարդագույն հույսերով: Իսկ ժողովուրդը թիկունքում չգիտեր` ինչպես արտահայտի իր ցնծությունը այդ լուրերի առթիվ: Գիշեր-ցերեկ հանգստությունից զրկված նա զոհաբերում էր ամեն բան` հոգալու համար կռվողների կարիքները, տալիս էր իր վերջին կտոր հացը, տան մնացած վերջին փամփուշտը, տալիս էր ամեն ինչ մոտալուտ հաղթանակի վառ հույսերով: Տասն օր անընդհատ նրա զավակները անհավասար պատերազմ էին մղում թվով և սպառազինությամբ անհամեմատ ուժեղ թշնամու դեմ, առանց, սակայն, արտաքին որևէ օգնության: բայց ժողովուրդն այս անգամ հավատացած էր, որ փրկությունը մոտ է, որ այդ օգնությունը շուտով կհասնի, և գավառը ոտից կոխան չի դառնա, ինչպես դարձավ Շուշին:

Ապրիլի 1-ին թշնամին հարձակման անցավ Ասկերանի ճակատում կրկնապատկված ուժերով: Գիշերվա ընթացքում Աղդամ էին հասել մեծաքանակ համալրումներ: Ղարաբաղի թերմոպոլիտը գրավելու համար հակառակորդը նետել էր նրա աննկուն պաշտպանների դեմ իր վերջին կենդանի ուժերը և ռազմական մեծ տեխնիկա: Ադրբեջանական զորքերի կատաղի գրոհները ճակատի  բոլոր հատվածներում ետ էին մղվում մեծ մասամբ ձեռնամերձ կռիվներով: Ադրբեջանական ասկերները, որոնք չունեին ընդհանրապես զինվորական անհրաժեշտ հմտություն և մարտական փորձ, չդիմադրելով հայերի սվինային հարվածին, սարսափահար ետ էին ընկրկում: Ապարդյուն էին անցնում նրանց հետ կողք-կողքի կռվող օսմանցի հրահանգիչների և զինվորների խրախուսանքները, սպառնալիքները: Հայ մարտիկները, հատկապես այդ օրվա կռիվներում, ցուցաբերեցին խիզախության, անձնուրաց քաջության, հերոսական աննման սխրագործությունների բազաթիվ փայլուն օրինակներ: Թյուրքական զորքերի անընդհատ մոլեգին գրոհները Ասկերանի ճակատում այդ անգամ ևս վերջացան նրանց համար ամոթալի պարտությամբ, թշնամին կորցրեց հազարից ավելի մարդ, սպանված և վիրավոր: Անկարելի է չնշել, որ Ասկերանի պաշտպանությանը մեծապես նպաստում էր մարտիների պարենավորման գործի հիանալի կազմակերպվածությունը, որին գլխավորում էր Մարտիրոս Արզումանյանը[1]:

Գեներալ Սելիմովը Ասկերանի տակ կրում էր պարտություն պարտության ետևից: Այդ հողի վրա թյուրքական բանակի շարքերում ծայր էին առել ուժեղ դժգոհություններ: Դաղստանցի սպաները մեղադրում էին հրամանատարությանը, որ նա հայերի դեմ կռվի ամենավտանգավոր տեղերն էր ուղարկում լեռնցի զինվորականներին, իսկ ադրբեջանցիներին` հովանավորում[2]:

Ադրբեջանական զորքերի կրած լուրջ պարտությունները Ասկերանի տակ ստիպեցին գլխավոր հրամանատարությանը հեռացնել գեներալ Սելիմովին և նրա փոխարեն նշանակել օսմանցի Խալիլ-փաշային[3]: Այդ փոփոխությունը հայտնի էր Ասկերանի հրամանատարությանը: Ղազարի հետախույզները գիշերը խճուղու մոտակայքում բռնել էին 1-ին թաթարական հեծյալ գնդից հետախուզության և տեղադիտումների ուղարկված մեկ սպայի և երկու ասկերների, որոնցից իմացել էին Խալիլ փաշայի նշանակման մասին: Թյուրք հետախույզները տեղեկություններ էին տվել նաև խճուղու ուղղությամբ ադրբեջանական խոշոր ուժերի, գլխավորապես հեծելազորի, կենտրոնացման մասին:

10.

1920 թ. ապրիլի 1-ին Դրոյի էքսպեդիցիոն զորամասից մի ջոկատ, մոտ 50 հոգուց բաղկացած, Ղարաբաղի Խծաբերդ գյուղի շրջանում գործող ժողովրդական զինված ուժերի ակտիվ աջակցությամբ Հարարից Խծաբերդ էր անցել` բերելով իր հետ երկու լեռնային հրանոթներ և չորս գնդացիրներ, իրենց սպասակազմերով: Միաժամանակ Խծաբերդ էին փոխադրվել Վարանդայի և Դիզակի շրջանների գյուղացիության տրամադրած ձիաներով և ջորիներով 300-ի չափ հրանոթային արկեր և բավականաչափ փամփուշտ, դժբախտաբար, մեծ մասամբ պիտանի միայն ֆրանսիական«լեբել» հրացանի համար, մինչդեռ Ղարաբաղում հայերի  մոտ գործածական հրացանները բացառապես «երեք գծանի» էին, որոնց «լեբելի» փամփուշտները հարմարվել չէին կարող: Այդ նշանակում էր, որ կռիվների միայն տասներորդ օրը Ղարաբաղ ուղարկված փամփուշտի շատ չնչին մասը միայն իրական արժեք ուներ կռվողների համար, որոնք Ադրբեջանի մինչև ատամները զինված մեծաքանակ ուժերի դեմ կյանքի ու մահվան պատերազմ էին մղում:

Երբ արդեն գրեթե բոլորովին դատարկվել էին փամփուշտակալները և թշնամու կողմից շարունակվող կատաղի գրոհները ետ մղելու համար թիկունքից անգամ մի հատ փամփուշտ ստանալու այլևս հույս չմնաց, հայ ռազմիկը դարձյալ չհուսահատվեց. նա այս անգամ ևս անսասանորեն կառչեց իր հրացանի սվինին, իր դաշյունին, որոնք քիչ չէին օգնել նրան հաղթանակելու վերջին օրերի արյունահեղ մարտերում: Ասկերանի հերոս պաշտպանները թույլ էին տալիս թշնամու զորասյուներին մոտենալ իրենց դիրքերին 15-20 քայլերի վրա և ապա հրացաններին ամրացված սվիններով և մերկացրած սրերով դուրս էին թռչում դիրքերից, խուժում թշնամու շարքերի մեջ և սկսում կատաղորեն հարվածել աջ ու ձախ: Ադրբեջանցի ասկերները հենց առաջին  վայրկյանից լքում էին շարքերը և սարսափահար փախչում: Մնում էին սակավաթիվ օսմանցի և դաղստանցի կռվողները, որոնց իսկույն շրջապատում էին հայ մարտիկները և տեղն ու տեղը ոչնչացնում:

Ապրիլի 2-ի վաղ լուսաբացին, երբ դեռ չէին վերսկսվել կռիվները Ասկերանի ճակատում, Քյաթուկ գյուղի վրայով ճակատ մեկնեցին էքսպեդիցիոն զորամասից ուղարկված գնդացրորդներն իրենց հրամանատարով և չորս գնդացիրներով: Նրանց տեղավորեցին խճուղին պաշտպանող ջոկատների դասավորության երկրորդ գծի վրա, Խնաբերդի և Ղլիչբաղի լեռնալանջերի խրամատներում: Գնդացրորդների ներկայությունը ոգեշնչեց Ասկերանի անվեհեր պաշտպաններին հակառակորդի նորանոր գրոհները կրկին հաղթականորեն ետ մղելու աներեր հավատով: Ոգևորությունն այնչափ մեծ էր, որ հայ մարտիկները նույնիսկ մտածում էին հակառակորդի ուժերը մղել դեպի Աղդամ և այնտեղ շրջապատելով` ոչնչացնել: Բայց դա, դժբախտաբար, անիրագործելի մի պատրանք էր: Դրա համար սակավաթիվ էին ոչ միայն կենդանի ուժերը, այլև բացակայում էին տեխնիկական և այլ տեսակի ռազմական անհրաժեշտ ռեսուրսներ, իսկ ամենակարևորը` զինամթերք:

Ապրիլի 2-ի կռիվները Ասկերանի ճակատում իրենց թափով և կատաղությամբ գերազանցեցին նախորդ օրերի կռիվներին: Թշնամին վճռել էր` ինչ գնով էլ լինի գրավել Ասկերանը: Խալիլ-փաշան թե հրետանավորների կազմի մեջ և թե հետևակի և հեծելազորի զորամասերն էր մտցրել փորձված օսմանցի սպաներ և ասկերներ: Բացի դրանից, Ասկերանի դեմ գործող զորքերի խմբավորումը ավելի էր ուժեղացվել ճակատի այլ հատվածներից բերած համալրումներով: Կրկնապատկվել էր ծանր հրետանիի թիվը: Չնայելով, սակայն, այդ բոլոր ձեռնարկումներին, ապրիլի 2-ի կռիվները Խալիլ-փաշային հաջողություն չբերեցին: Չորս իրար հաջորդող ահեղ գրոհները մեծաքանակ ասկերներից բաղկացած զորասյուներով, ետ մղվեցին թշնամու համար ծանր կորուստներով: Ասկերանի պաշտպանների կենտրոնի դիրքերի դեմ ուղղված գիշերային ուժգին գրոհները ևս ետ մղվեցին հաջողությամբ:

Միայն հաջորդ օրը, 1920 թ. ապրիլի 3-ը, դարձավ ապստամբ Ղարաբաղի համար անհաջողության սև օր: Այդ օրը Ասկերանի ճակատը ճեղքելու համար Խալիլ-փաշան կարողացավ հմտորեն օգտագործել Ասկերանի լեռնային և դաշտային ամբողջ տարածությունը թևակոխած գարնանային անթափանց մառախուղը, որ սովորական երևույթ էր Ղարաբաղում գարնան և աշնան ամիսներին:

Ապրիլի 3-ի լուսաբացից թշնամին սկսեց հայկական խրամատների և թիկունքի ուժեղ և անընդհատ ռմբակոծություն հաուբիցային մարտկոցներից: Ապա օգտվելով մառախուղի ստեղծած թույլ տեսանելիությունից, հակառակորդն աննկատելիորեն մոտեցավ մեծ ուժերով Ասկերանի պաշտպանության ձախ թևի դիրքերին և երկարատև կատաղի ձեռնամարտից հետո հաջողեցավ գրավել Խրամորթ գյուղը և շրջանցել հայ կռվողների ձախ թևը: Դա ստիպեց խճուղին պաշտպանող ճակատի ուժերին հապճեպ նահանջել: Օգտվելով դրանից, թշնամին իսկույն առաջ նետեց խճուղով իր հեծյալ գնդերը դեպի Շուշի:

***

Կենտրոնի դիրքերից դեպի Խնաբադ և Քյաթուկ նահանջող խմբերի հետ չէր նրանց անվեհեր հրամանատարը: Ստեղծված իրադրության անհուսալիությունը ստիպել էր Ղազարին նահանջի հրաման տալ իր մարտիկներին: Նա նույնիսկ սպառնաց ատրճանակով իր օգնական գնդապետ Զախար Մեսյանին և նահանջել չկամեցող մյուս մարտիկներին` անմիջապես թողնել դիրքերը, բայց ինքը չհետևեց նրանց: Եվ երբ թշնամու զորասյուները վարանոտ երթով և անկանոն հրաձգությամբ մոտեցան հայ մարտիկների առաջին գծի դիրքերին, նրանց դիմավորեց «մաուզեր» ատրճանակի կրակոցներով միայն Ղազարը, նա գնդակների անվրեպ հարվածներով տապալեց առաջից ընթացող օսմանյան սպային և երեք ասկերների, իսկ վերջին գնդակը ուղղեց իր քունքին ...

Թուրքական հորդաներին հատուկ փոքրոգությամբ և դաժանությամբ ադրբեջանական հեծյալ գնդերի առաջապահ նիզակակիր «թաթարական հեծյալ գունդը» կտրեց մեռած հերոսի գլուխը և նիզակի ծայրին տարավ դեպի Շուշի:

11.

Ասկերանի անկմանը նպաստեցին, նրա տասներկուօրյա հերոսական հաղթական պաշտպանությունից հետո, ոչ միայն եղանակի աննպաստ փոփոխությունը, թանձրամած մառախուղը, այլև մարտիկների գերհոգնածությունը և զինամթերքի բացակայությունը: Ասկերանի գրավումը հնարավորություն տվեց թշնամուն, կրկին ներթափանցելով Ղարաբաղի սիրտը, տիրելու խճուղին մինչև Զաբուղ, փրկելու պաշարման վիճակի մեջ գտնվող Շուշու մուսուլմանական բնակչությանը, քաղաքի և Խանքենդի կայազորներին, ամրանալու Շուշում և այդպիսով, ճեղքելով պաշտպանության միասնական ճակատնիր վճռական կետու, տրոհելւ հայկական Ղարաբաղի տերիտորիան երկու մասերի` մեկում Վարանդան և Դիզակը, իսկ մյուսում` Խաչենը, Ջրաբերդը և Գյուլիստանը:

Ադրբեջանի զորքերի հրամանատարությունը կարծեց, որ այլևս հեշտանում էր իրարից բաժանված հայկական շրջանների զինված ուժերի զատ-զատ ջախջախումը, և նա որոշեց օգտագործել բարենպաստ առիթը` իրագործելու Ղարաբաղի հայության բնաջնջման կամ դեպորտացիայի իր փայփայած ծրագիրը և այդ միջոցով լուծելու ընդմիշտ Ղարաբաղի թյուրքացման հարցը: Բացի դրանից, մուսավաթական ղեկավարները մտորում էին, որ Ղարաբաղի նվաճումը հնարավորություն կտա իրենց հետագայում զավթելու նաև Զանգեզուրը, իսկ Կարմիր բանակի արշավանքի դեպքում` ամրանալու Ղարաբաղում և հայկական լեռնաստանի այլ մասերում ու վրացական զինված ուժերի հետ համատեղ պաշտպանվելու բոլշևիկներից: բայց, ինչպես շուտով կտեսնենք, Ադրբեջանի կալվածատերերը չարաչար սխալվեցին իրենց հաշիվներում:

12.

Ասկերանն ընկնելուց հետո Ադրբեջանի ռազմական մինիստր և գլխավոր հրամանատար գեներալ Մեհմանդարովը հրամայեց զորքին` չխնայել ոչ հայկական գյուղերը և ոչ էլ նրա բնակիչներին[4]:

Խաչենը հիմնահատակ կործանելու և նրա հայ բնակիչներին ոչնչացնելու համար այդ շրջանի դեմ Ադրբեջանը մեծ ուժերով ձեռնարկեց հարձակողական գործողությունների, բայց հարձակվողներն ընկան խաչենցի ռազմիկների ծուղակը, շրջապատվեցին և ցաքուցրիվ արվեցին:

 Լեռնային պայմաններում հայերի փոքրաթիվ ուժերը կարողանում էին հաջողությամբ դիմադրել հակառակորդի խոշոր ուժերին և հաղթանակել: Պիտի ասել, որ լեռնային կռիվների ղեկավարության համար Ադրբեջանը գրեթե չուներ հմուտ և հուսալի սպաներ: Եղածն էլ կամ օսմանցիներ էին (թուրքեր) և կամ Դաղստանի լեռնաբնակներ, որոնց ենթակա տեղացի ասկերները կամ «կամավորները» անհուսալի էին, կռվի վճռական րոպեներին կորցնում էին իրենց գլուխները և հարմար առիթից օգտվելով, լքում դիրքերը:

Թյուրքական «կամավորական» ուժերը փորձեցին հարձակվել նաև Վարանդայի սահմանամերձ Նորշեն գյուղի վրա, բայց ուժեղ դիմադրության համդիպելով և զգալի կորուստներ կրելով, ստիպված եղան ետ քաշվել:

Ադրբեջանի հորդաներին, այնուամենայնիվ, հաջողվեց ավերել Գյուլիստանի դաշտային և նոխալեռնային շրջանների մի շարք գյուղեր, որոնց բնակիչների մեծ մասը կարողացել էր ժամանակին քաշվել անտառները կամ թիկունքի հայկական գյուղերը: Օսմանցի Քյազիմ-բեկի հրամանատարությամբ գործող ադրբեջանական բանդաների ձեռքով թալանվեցին և հրդեհվեցին Գյուլիստան, Ազատ, Արմավիր, Ղարաչինար, Սուլուկ, Մանաշեն, Խարխապուտ, Վերին և Ներքին Աղջաղալաներ, Էրքեջ, Արջախ, Ղարաբուլաղ, Ղարադաղլու, Պարիս, Մանասբեկ գյուղերը: Թալիշ գյուղը մի քանի օր քաջաբար պաշտպանվելուց հետո, թյուրքական մեծաթիվ ուժերի ճնշման տակ, բայց գլխավորապես փամփուշտի սակավության պատճառով ստիպվեցավ քաշվել լեռները:

Գետաշենից դեպի արևմուտք ընկած հայկական գյուղերին ադրբեջանական զորքերը վնասել չկարողացան, շնորհիվ այն ծանր պարտության, որ կրեցին նրանք ապրիլի 11-ին և 12-ին Գետաշենի տակ:

Գանձակի հայությունը հայտարարվեց ռազմագերի: Մահվան սպառնալիքի տակ արգելվեց հայերին բացել խանութները, առևտուր անել, հարաբերություն ունենալ մոտակա հայկական գյուղերի հետ: Հայկական մասը շրջապատվեց զորքերով և բոլորվին կտրվեց արտաքին աշխարհից[5]:

Նուխու և Արեշի գավառների 36 հայկական գյուղերի 49.200 շունչ հայ բնակիչներից ինչքան կենդանի էին մնացել 1916 թվին տեղի ունեցած կոտորածից, գրեթե գլխովին ջարդվեցին: Նիժը, Վարդաշենը և Ջալուտը կոտորածի մատնվեցին և հրդեհվեցին:

Նուխում մարտի 26-ի գիշերը սպանվեցին շատ հայեր և թալանվեցին հայերի տներն ու խանութները: Կազմակերպվեց կառավարական հանձնաժողով, որն սկսեց բռնագրավել հայերի մի քանի տասնյակ միլիոնների հասնող գույքը[6]:

Բաքվի հայությունը ևս զերծ չմնաց մարդկային զոհերից: Ճիշտ է, 1918 թվի սեպտեմբերյան համատարած կոտարածները այնտեղ չկրկնվեցին, բայց օր չէր անցնում, որ հայերից, գլխավորապես գիշերները, 5-10 մարդ չսպանվեին:

Հայերի սպանություններ և թալան տեղի ունեցան նաև Ադրբեջանի այն փոքր ու մեծ վայրերում, ուր ապրում էին ոչ մեծաթիվ հայ արհեստավորներ, ատևտրականներ և այլ զբաղմունքի տեր մարդիկ:

Այդպիսով, Ղարաբաղի 1920 թ. մարտ-ապրիլյան դեպքերի ժամանակ թուրք ադրբեջանական մարդասպանները ամեն կերպ աշխատեցին իրագործել իրենց վաղեմի հրեշային ծրագիրը - ոչնչացնել հայ տարրը այնտեղ, որտեղ այդ հնարավոր էր, կամ հայերին այնպես քայքայել տնտեսապես, որ նրանք ստիպված լինեն հեռանալու Ադրբեջանի սահմաններից: 

13.

Ղարաբաղի կռիվները մեծ վրդովմունք առաջ բերեցին Վրաստանի կառավարության և դաշնակիցների շրջանում: Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող դեպքերը շարունակում էին երկյուղ ներևշնչել, որ Կարմիր բանակը զարգացնելով իր հաջողությունները, շուտով կարող է արշավել դեպի Ադրբեջան և գրավել բաքուն: Դաշնակիցները մեծ հույսեր ունեին, որ անդրկովկասյան հանրապետությունների միացյալ զինված ուժերը նրանք կարող են ուղղել Կարմիր բանակի դեմ` կասեցնելու նրա հարձակումը Ադրբեջանի վրա, մինչդեռ Ղարաբաղի դեպքերը տակնուվրա էին անում նրանց պլանները: Ոմանք նույնիսկ կապ էին գտնում Ղարաբաղի հայերի ազատագրական պայքարի և Հյուսիսային Կովկասի բոլշևիկյան զինված ուժերի առաջխաղացման միջև[7]:

Ապրիլի 1-ին Թիֆլիսում գտնվող «դաշնակից երկրների բարձր կոմիսարները» դիմեցին անդրկովկասյան երեք հանրապետությունների արտաքին գործերի մինիստրներին, հորդորելով խաղաղություն պահպանել Անդրկովկասում և անհապաղ լուծել Ղարաբաղի և այլ մարզերի հարցերը, այլապես, հայտնում էին նրանք, բախումները կարող են ծատ ծանր հետևանքներ ունենալ բոլոր հանրապետությունների համար:

Իսկ դրանից առաջ 1920 թ. մարտի 27-ին, վրաց կառավարության նախագահ Ժորդանիան հրավիրել էր իր մոտ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի «բարձր կոմիսարներին» և, ծանոթացնելով Ղարաբաղում տեղի ունեցող անցքերին, խնդրել նրանց միջամտել և վերջ դնել արյունահեղությանը, որովհետև «ներկայիս պայմաններում, - հայտնել էր Ժորդանիան, - առանձնապես, երբ հյուսիսից սպառնաիլիք է ստեղծված անդրկովկասյան հանրապետությունների անկախության նկատմամբ, Ղարաբաղի դեպքերը կարող են կործանարար ազդեցություն ունենալ երեք նորաստեղծ հանրապետություների ճակատագրի համար»[8]:

Թիֆլիսում ապրիլի 5-ին «դաշնակից կոմիսարների» պահանջով տեղի ունեցավ երեք անդրկովկասյան հանրապետությունների կոնֆերանս խաղաղությունը Ղարաբաղում վերականգնելու համար, բայց ապարդյուն: Կռիվները նույն կատաղությամբ շարունակվեցին ընդհուպ մինչև 1920 թ. ապրիլի 13-ը:

14.

Ադրբեջանի հրամանատարությունն իր զորամասերը Հայաստանի սահմանակից շրջաններից նույնպես քաշել բերել էր Ղարաբաղի դեմ, ուստի վախեցավ, որ Հայաստանը կարող է օգտագործել իր նպաստավոր դրությունը և Դիլիջանի կողմից գործողություններ սկսել Ղազախի ուղղությամբ: Հնարավորություն չունենալով այդ շրջանը հայերի հավանական հարձակումից իր կանոնավոր ուժերով քիչ թե շատ հուսալի կերպով ապահովելու, Ադրբեջանը դիմեց խորամանկության: Նա Ղազախի շրջանի մուսուլմանների զինված ուժերով կազմակերպեց դեմոնստրատիվ հարձակում Կոթի գյուղի և Շամշադինի շրջանի մի քանի հայկական գյուղերի վրա: Եվ երբ հայերի տեղական ուժերը, ետ մղելով մուսուլմանների հարձակումը, տեղ-տեղ անցան սահմանը, Ադրբեջանի կառավարությունը մեղադրեց Հայաստանին «դաշնակից երկրների կովկասյան բարձր կոմիսարներ» առաջ` ադրբեջանական գյուղերի վրա հարձակում կատարելու մեջ: Հայաստանի կառավարությունն իր հերթին աշխատեց ամեն կերպ հավատացնել դաշնակից պետությունների ներկայացուցիչներին, որոնք առանց այն էլ խիստ դժգոհ էին հայերից Ղարաբաղում տեղի ունեցող կռիվների համար, որ Հայաստանը երբեք ցանկություն չի ունեցել և չունի հարձակվելու Ադրբեջանի տերիտորիայի վրա: Անշուշտ, եթե Ռուբեն Տեր-Մինասյանը Ղարաբաղի պաշտպանության համար ձեռնարկեր այդպիսի հարձակման, Ադրբեջանը ստիպված պիտի լիներ Ղարաբաղի դեմ գործող իր կանոնավոր ուժերի մի զգալի մասը նետել Ղազախի ճակատը, որով կթեթևանար Ասկերանի վրա կատարվող ճնշումը:

Ի դեպ է ասել, որ Ղարաբաղի կռիվների ընթացքում Հայաստանի զինված ուժերի հիմնական մասը զբաղված էր Նախիջևանը գրավելու գործողություններով: Վեդին վերցնելուց հետո, հայկական զորամասերը մտել էին Նախիջևանի տերիտորիան և կարճ ժամանակամիջոցում գրավել ամբողջ շրջանը Նախիջևան քաղաքով: Մուսուլման բնակչությունը փախել էր Պարսկաստան: Պարսկաստան էին փախել Արաքսի վրայով նաև Ագարա գետի հովտի ավերված մուսուլմանական գյուղերի բնակիչները: Նրանք դիմել էին Թեհրան` դեսպաններին, կառավարության և Ռզա շահին, խնդրելով պաշտպանել իրենց հայերից: Թավրիզում գտնվող թագաժառանգը խոստացավ նույնիսկ զինված ուժ անցկացնել Արաքսի ձախ ափը` պայքարելու հայերի դեմ, սակայն Ռզա շահը խստորեն կարգադրեց թույլ չտալ հայերի նկատմամբ որևէ թշնամական գործողություն և հրամայեց զինաթափ անել Պարսկաստան անցած բոլոր փախստական մուսուլմաններին[9]:

15.

Ասկերանը գրավելուց հետո, ադրբեջանական հեծելազորի առաջապահը, «թաթարական հեծյալ գունդը», մտավ Շուշի: Նրա առաջին «սխարգործությունն» այն եղավ, որ հարձակվեց բանտի կամերաներում արգելափակված մի քանի հարյուր շուշեցի հայերի վրա, մեծ մասամբ արհեստավորներ և մտավորականներ, ու թրերի հարվածներով ջարդեց ամենքին: Մուսավաթական Ադրբեջանի ասկերները, իրենց ցեղակից օսմացիների նման, «անպարտելի» էին, երբ գործ ունեին անզեն և անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների հետ:

Ապրիլի 5-ից սկսվեցին ուժեղ կռիվներ Վարանդայի ներքին բնագծերում, Դաշուշեն և Շուշու գյուղերի մատույցներում: Խանքենդու զորամասը, որ բանականաչափ ուժեղացված էր Աղդամից նոր եկած հետևակի համալրումներով, ձեռնարկեց ուժեղ գրոհների հիշյալ գյուղերի վրա: Թշնամին ամեն ջանք գործ էր դնում թափանցելու Վարանդայի թիկունքը, կազմալուծելու Ղարաբաղի այդ մեծ և բազմամարդ շրջանի պաշտպանությունը, խուճապ առաջ բերելու և ոչնչացնելու Վարանդան, որից հետո, հակառակորդի կարծիքով, կհեշտանար նաև Դիզակի գրավումը և ոչնչացումը: Բայց այդպիսի ծրագրի իրագործման համար Ադրբեջանի ուժերն անբավարար էին և անհուսալի: Դաշուշեն և Շոշ գյուղերի մատույցներում տեղի ունեցող գրոհները հետ էին մղվում հաջողությամբ: Թշնամին կրում էր սգալի կորուստներ: Ապրիլի 12-ին այդ երկու գյուղերի տակ հայերի ձեռնարկած եռանդուն հակագրոհին չդիմացան ադրբեջանական վաշտերը և խուճապահար նահանջեցին դեպի Պանքենդի: Նախիջևանիկ-Փիրջամալ-Վարազաբույն-Աղբուլաղ գծի վրա «կամավորական» բազմաթիվ ջոկատների համառ գրոհները շարունակվեցին մինչև ապրիլի 13-ը ներառյալ, բայց հակառակորդի համար առանց որևէ դրական արդյունքի: Ձախողվեց նաև ադրբեջանական ուժերի Խանքենդու խմբավորման նոր գրոհները Դաշուշենի և Շոշու գյուղերի ուղղությամբ: Այդ խմբավորման հրետանին ապրիլի 12-ի գիշերվանից սկսել էր ուժեղ ռմբակոծության ենթարկել երկու գյուղերի մատույցները պաշտպանող մարտիկների դիրքերը: Բայց Զանգեզուրից փոխգնդապետ Թարվերդյանի հետ անցած հրետանու դասակը Տռնավարզ գյուղի մոտից սկսեց պատասխանել և մոտ երկու ժամ տևող հրետանային կատաղի մենամարտում ստիպեց լռել հակառակորդի մարտկոցները:

Ապրիլի 12-ի գիշերը Ադրբեջանի զորքերի հրամանատարությունը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս անգամ Վարանդաի Սղնախ գյուղի մատույցներում, հաջորդ օրը, ապրիլի 13-ի լուսաբացին, սկսեց վճռական հարձակում, քաղաքի բարձունքներից տեղացող հրետանային ուժեղ կրակի պաշտպանության տակ:

Հակառակորդը Խանքենդու ուժերի մի զգալի մասը նույնպես նետել էր Սղնախի ճակատը: Նա մտադիր էր ինչ գնով էլ լինի գրավել Սղնախը, Վարանդայի և Դիզակի թկունքային պաշտպանության համար այդ խիստ կարևոր ռազմագիտական կետը: Կռիվը Սղնախի տակ տևեց մինչև մութն ընկնելը: Այդ կռիվն իր լարվածությամբ կարող էր համեմատվել միայն Ասկերանի վերջին օրերի կռիվներին, թեև Սղնախի կռիվը տևեց ընդամենը մի ամբողջ օր: Թշնամուն, երեկոյան դեմ, մեծ զոհերի գնով հաջողվեց մտնել գյուղի հյուսիսային ծայրամասը և հրդեհել մարագները, բայց այդտեղից նա այլևս առաջանալ չկարողացավ:

***

Կռիվը Սղնախի տակ և նրա գրավման հավանականությունը խուճապ առաջ բերեց շատերի մեջ, որոնք սկսեցին պատրաստություններ տեսնել անցնելու Զանգեզուր:

Սղնախի ճակատամարտը ահաբեկեց նաև փոխգնդապետ Թարվերդյանին: Վախենալով, որ այդ գյուղը գրավելուց հետո թշնամին կարող է բռնել Քիրսի բարձունքները և Ղարաբաղի լեռնաշղթայի այդ մասով շրջանցել Վարանդան և Դիզակը ու խզել նրանց կապը Խծաբերդի վրայով Զանգեզուրի հետ, Թարիվերդյանն ապրիլի 13-ի գիշերն առավ իր հետ հրետանու դասակը, գնդացրորդներին և իր փոքրաթիվ ջոկատը ու հապճեպ ուղևորվեց դեպի Խծաբերդ, Զանգեզուր անցնելու մտադրությամբ: Թարվերդյանի «նահանջը» տագնապ առաջացրեց Վարանդայի թիկունքային գյուղերի բնակչության մի մասի շրջանում: Ապրիլի 13-ի գիշերը բնակչության այդ մասը հավաքվել էր Խծաբերդ տանող ճանապարհի վրա գտնված գյուղերում, մտադիր լինելով հաջորդ օրը, ապրիլի 14-ին, անցնել Զանգեզուր: Խուճապի չենթարկվեց և չշարժվեց իր տեղից Վարանդայի գյուղերի մեծագույն մասը, իսկ սահմանամերձ գյուղերից և ոչ մեկը, որոնց տղամարդիկ շարունակում էին նույն համառությամբ և անձնվիրությամբ պաշտպանվել մուսուլմանական խուժանի հարձակումներից:

Սղնախի օրհասական վիճակը երկյուղ չառաջացրեց նաև Դիզակում, Խծաբերդում և նրա մոտակա գյուղերում: Տումեցի, խծաբերդցի կռվողներին հաջողվեց համոզել Թարվերդյանին` հրաժարվելու Ղարաբաղը լքելու մտադրությունից: Նրան հավաստացրին, որ Վարանդան և Դիզակը թշնամին հեշտությամբ հաղթահարել չի կարող և Ադրբեջանի զորքերին չի հաջողվի, անգամ Սղնախը գրավելու դեպքում, առաջանակ դեպի վարանդայի խորքերը կամ այն շրջապատել և կամ գրավել ու ամրանալ Քիրսի բարձունքներում, որոնք պաշտպանվում էին հուսալի ուժերով:

16.

1920 թ. ապրիլի 14-ի լուսադեմին, երբ հարվածային ջոկատների երկու մեծ խումբ փորձեց սևընթաց գրոհով դուրս վանել Սղնախի հյուսիսային ծայրամասում ամրացած ասկերներին, հայ մարտիկները զարմանքով տեսան, որ թյուրքերի դիրքերը բոլորովին դատարկ են: Փութով կազմակերպված հետախուզությունը բոլոր ուղղություններով պարզեց, որ նախորդ օրը ադրբեջանական զորքերով բռնված ամբողջ տարածությունը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը բոլորովին դատարկվել է թշնամու զինված ուժերից: Դա աներևակայելի և ապշեցուցիչ իրողություն էր: Նախորդ օրվա կռիվներում գերի վերցված ասկերների մանրակրկիտ հարցաքննությունից պարզվեց, որ գլխավորապես գյուղերից հավաքագրած ասկերները, որոնք ադրբեջանական զորքի բացարձակ մեծամասնությունն էին կազմում, հայերի դեմ կռվում էին ակամա և հարմար վայրկյան փնտրում խույս տալու կռվից. «Եթե ասկերները համոզված լինեն, - ասում էին գերիները, - որ հայերը գերիներին չեն սպանի, շատ գերի կհանձնվեն: Ապրիլի 13-ի կռվում, Սղնախի տակ, մենք շատ սպանվածներ ունեցանք, առանձնապես շատ էր վիրավորների թիվը, որոնցից շատերը մեռան վատ կազմակերպված բուժօգնության պատճառով: Բայց, հավանորեն, զարկ են տվել խուճապին և նպաստել ճակատի վերջնական կազմալուծման մեր զորքերի շրջանում պտտվող համառ լուրերը, թե Զանգեզուրից հայկական մեծաթիվ զինված ուժեր են անցել Ղարաբաղ և շուտով ընդհանուր հարձակում պիտի կատարվի հայերի կողմից բոլոր ճակատներում»: Գերիները համոզված էին, որ ամբողջ զորքը ցրվել է, և ասկերները փախել են իրենց գյուղերը:

Քսաներկու օրվա անընդհատ լարված կռիվներից հետո, ապրիլի 14-ին, առաջին անգամ, Ղարաբաղի ճակատներում խոր լռություն էր տիրում, չէր լսվում հրացանի և ոչ մի կրակոց: Միայն Շուշում գտնվող ասկերների փոքրաթիվ զորամասը դաշտային հրանոթներից երբեմնակի կրակ էր բացում քաղաքի բարձունքներից Վարանդայի հայկական գյուղերի ուղղությամբ, երևի նախազգուշացնելու հայ մարտիկներին, որ դեռևս քաղաքում են գտնվում Խալիլ փաշան և հայկական մասի ավերածության հեղինակ Սուլթանովը, ադրբեջանական քայքայված բանակի մնացորդներով:

***

Ղարաբաղի դեմ գործող ադրբեջանական զորքերի անակնկալ բարոյալքումը, ճակատի կատարյալ մերկացումը, որ տեղի ունեցավ զարմանալի կերպով մեկ գիշերվա ընթացքում, կտրուկ շրջադարձ առաջ բերին ստեղծված ծանր ճգնաժամային  իրադրության մեջ: Վարանդայի և Դիզակի շրջանցման սպառնալիքը բոլորվին վերացավ, միանգամից դադարեցին կռիվները երկրի գրեթե բոլոր ճակատներում: Խուճապի մատնված գյուղերի բնակիչները վերադարձան իրենց տները: Տեղ-տեղ սկսվեցին նույնիսկ դաշտային աշխատանքները: Ստեղծվեց կառավարչական մի փոքր մարմին, որի առաջին գործն եղավ Շուշու 15 հազարից ավելի փախստականների օգնության կազմակերպումը: Այդ մարմնի տրամադրության տակ դրվեց Հայաստանի կառավարության ուղարկած մեծաքանակ մի գումար, բաղկացած հայկական չեքերից, որոնք արագ շրջանառության մեջ մտան ամբողջ Ղարաբաղում: Ժողովուրդը մի առանձին բավականության և սիրով էր ընդունում «Հայաստանի փողը»` համարելով այն խորհրդանիշ Ղարաբաղի վերամիավորման իր մայր հայրենիքի` Հայաստանի հետ:

17.

Հայաստանի ղեկավար շրջաններում Ղարաբաղի ծանր վիճակը մեծ վրդովմունք էր առաջ բերել Ռուբեն Տեր-Մինասյանի ինքնագլուխ գործողությունների դեմ: Այդ շրջանների պահանջով Դրոն շտապ մեկնեց Երևանից դեպի Ղարաբաղ: Նա Նոր-Բայազետի և Վայոց - Ձորի զորամասերով դուրս եկավ Քիշիշքենդից և արագացրած երթվ հասավ Գորիս ապրիլի 14-ին: Ապրիլի 18-ին նա անցավ հաջողությամբ Արագա գետը և Խծաբերդ գյուսի վրայով մտավ Ղարաբաղ: Գրեթե միաժամանակ Ղափանից Դիզակ անցավ Նժդեհը` Ղափանի զինված ուժերի երկու գումարտակով: Հայկական Ղարաբաղը այդպիսով փաստորեն գրավվեց Հայաստանի կանոնավոր ուժերի կողմից: Հայտարարվեց Ղարաբաղում թե հետևակի և թե այրուձիի շտապ զորահավաք:

***

Թիֆլիսում գումարված երեք անդրկովկասյան հանրապետությունների կոնֆերանսը որոշել էր դադարեցնել կռիվները Ղարաբաղում: Այդ նպատակով կազմվել էր երեք հոգուց բաղկացած մի հանձնաժողով, որ պիտի մեկներ Ղարաբաղ դադարեցնելու թշնամական գործողությունները[10]: Ադրբեջանի կառավարությունը, սակայն, ձգձգում էր և թույլ չէր տալիս հանձնաժողովին մուտք գործել Ղարաբաղ: Այդ առթիվ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Ադրբեջանում ապրիլի 15-ին տեսակցություն է ունենում արտաքին գործերի մինիստր Խոյսկու հետ և ցանկանում է իմանալ, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի կառավարությունը անդրկովկասյան հանրապետությունների կոնֆերանսի որոշումներին և արդյոք մտադիր չէ՞ Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղից ետ կանչելու իր զորքերը, «Խոյսկին, - գրում է դիվանագիտական ներկայացուցիչը Հայաստանի արտաքին գործերի մինիստրին, - բավական հուսահատ և դառնությամբ պատասխանեց ինձ, թե ցավն էլ հենց դրանումն է, որ մենք, այժմ Ղարաբաղից զորքեր դուրս բերել չենք կարող, որովհետև վսստահություն չունենք, թե հայերի կողմից հարձակում չի լինի: Մեր պետության համար, - ասում է Խոյսկին, - ստեղծվել է այժմ մի շատ տագնապալի մոմենտ. այս վայրկյանին մենք մեր բոլոր զորքերն ուղարկել ենք Ղարաբաղ և ձեռներս ծալած նստել: Ղարաբաղի անցքերը սոսկալի դաշյունի հարված էր մեր այսպես ծանր կացության ժամանակ»: Ապա Խոսյկին խնդրում է հայտնել Հայաստանի կառավարությանը, որ նա իր բոլոր ազդեցությունը գործ դնի, մարդիկ ուղարկի Զանգեզուր և հրահանգներ տա, որ Ադրբեջանի վրա հարձակումներ տեղի չունենան[11]

Հայակեր Խոյսկու վախը հայերի հարձակումից բնական էր, նկատի ունենալով ապրիլի 13-ից հետո Ղարաբաղում հայերի համար ստեղծված նպաստավոր ռազմական իրադրությունը: Հասկանալի էր նաև այն, թե ինչու էր Խոյսկին խնամքով թաքցնում Հայաստանի ներկայացուցչից ադրբեջանական զորքերի բարոյալքման և ճակատի մերկացման փաստը: Հետաքրքրականն այստեղ Խոյսկու խոստովանությունն էր, որ «Ղարաբաղի անցքերը մի մահացու դաշույնի հարված էր» նրանց համար, որովհետև այդ անցքերը ստիպել էին ադրբեջանական բոլոր զինված ուժերն ուղարկելու Ղարաբաղի դեմ և «ձեռքերը ծալած նստելու», ստեղծված «ծանր կացության ժամանակ», այսինքն, երբ Ադրբեջանի վրա կախված էր բոլշևիկյան զինված ներթափանցման սպառնալիքը»: Մինչդեռ, եթե չլինեին Ղարաբաղի անցքերը, Վրաստանի և Ադրբեջանի միջև նախապես կնքված համաձայնությամբ` երկու կողմերը միացյալ ճակատ պիտի կազմեին պայքարելու համար Հյուսիսային Կովկասից շարժվող Կարմիր բանակի ուժերի դեմ[12]: Եվ բացառություն չէր, որ այդ դեպքում կարող էին հանդես գալ նաև Անտանտի իմպերիալիստական գիշատիչները (և հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Ամերիկան) գործուն աջակցություն ցույց տալու կոալիցիային` խափանելու համար Կարմիր բանակի մուտքը Անդրկովկաս: 

 (շարունակելի)


[1] Ներկայիս գրական-հասարակական Աշոտ Արզումանյանի հայրը:

[2] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 158:

[3] Նույն տեղում: Տե´ս նաև Իսմայիլ Ալմարդանբեկովի վերոհիշյալ նամակի հետևյալ տողերը, որ մենք նամակից կատարված նախորդ քաղվածքում մեջ չենք բերել. «Այս ժամիս զորքը, թնդանոթները, գնդացիրները, Խալիլը բոլորն այստեղ են»: (ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թերթ 135): Նամակի հեղինակը փաշա տիտղոսը չի գործածել հավանորեն գիտակցելով, որ Բաքվում ապրող ադրբեջանցիներին արդեն հայտնի էր Խալիլի ով լինելը, կամ, թերևս, չի կամեցել գաղտնիքը երևան հանել:

[4] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 71:

[5] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 73:

[6] Նույն տեղում, էջ 69:

[7] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 14, 62, 99:

[8] նույն տեղում, էջ 67:

[9] ՀՊՊԿԱ, ֆ. 223, գ. 72, թ. 38:

Երբ 1920 թ. ապրիլի 28-ին Կարմիր բանակը, առանց դիմադրությունը հադիպելու, գրավեց Բաքուն, նրա հրամանատարությունը զորք մտցրեց Նախիջևան և պահանջեց հայկական զորքերի հրամանատարից քաշվել Երևան, հայտարարելով Նախիջևանն իր շրջանով Ադրբեջանի սեփականություն: Դա կատարվեց հավանորեն այն պահանջի հիման վրա, որ Աթաթյուրքի պատվիրակ Պեքիր Սամին ներկայացրել էր Լենինին մոսկվայում:

(Տե´ս «Զարթոնք», նո. 78, 28 դեկտ., 1968 թ. «Մոսկվայի թուրք-խորհրդային բանակցությունները» հոդվածը, էջ 2):

[10] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 113, 116:

[11] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 155:

[12] Նույն տեղում, թ. 99:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter