HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան 

սկիզբը

Երրորդ մաս

1920 թ. մարտ-ապրիլյան կռիվները Ղարաբաղում

1. Զանգեզուրում կրած պարտությունից հետո[1], ինչպես տեսանք, իրադրությունը Ղարաբաղում կրկին ծանրացավ նրանով, որ Ադրբեջանը վերջնականապես պատռեց 1919 թ. օգոստոսի 22-ի համաձայնությունը և սպանությունների, տնտեսական բոյկոտի և այլ բռնությունների դիմելով, կամեցավ ահաբեկել Ղարաբաղի հայ բնակչության, երկիրը վերջնականապես իրեն ենթարկելու համար:

Լուրջ տվյալներ կային, որ Ադրբեջանը մտադիր էր, երթե հանգամանքները բարենպաստ դասավորվեին, ընդարձակ ռազմական գործողություններ ձեռնարկել Ղարաբաղի դեմ` նրան զինաթափելու և ապա կոտորածների և բռնի տեղահանումների միջոցով երկիրը պարպելու հայ տարրից, այն համատարած թյուրքացման ենթարկելու նպատակով: Դրա համար մուսավաթականներին խրախուսողը Արևմտյան Հայաստանի հայ բնակչության անարգել ֆիզիկական բնաջնջման օսմանյան հաջողված փորձն էր:

Հայաստանի կառավարությունը, որ արդեն կարողացել էր ամրանալ Զանգեզուրում, բնականաբար, անտարբեր նայել չէր կարող Ադրբեջանի այդ ոճրամիտ ձգտումներին:

Կառավարության հանձնարարությամբ Ղարաբաղի հարցով սկսեց զբաղվել ռազմական մինիստր Ռուբեն Տեր-Մինասյանը, որին դիրեկտիվներ էին տրված` ամենից առաջ լրջորեն ուսումնասիրել իրադրությունը Ղարաբաղում և զբաղվել ժողովրդի ինքնապաշտպանության գործի կազմակերպման հարցերով, պահպանելով խիստ զգուշավորություն: Տեր-Մինասյանն այդ աշխատանքների համար Ղարաբաղ պիտի ուղարկեր լուրջ, շրջահայաց, փորձված գործիչներ: Նա պարտավոր էր նույնպես բոլոր անհրաժեշտ նախապատրաստական միջոցները ձեռք առնել, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վրա ընդհանուր հարձակում տեղի ունենալու դեպքում, անհապաղ զինված օգնություն ցույց տալ Ղարաբաղին Զանգեզուրի վրայով և նրա զինված ուժերի մասնակցությամբ: Սակայն, հետագայում միայն պարզվեց, որ Տեր-Մինասյանն ունեցել է գործողությունների իր կործանարար ծրագիրը, որը նա աշխատել էր թաքցնել ղեկավար մարմիններից:

Տեր-Մինասյանի անմիջական նպատակների մեջ չէր մտնում Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա ծրագրել էր 1920 թվի գարնանը գրավել Նախիջևանը: Բայց Տեր-Մինասյանը գիտեր, որ Ադրբեջանը, որի քաղաքaկանության ղեկը գտնվում էր Նուրի, Խալիլ և Քյազիմ փաշաների ձեռքում, չէր կարող անտարբեր հանդիսատես լինել, թույլ տալով, որ թուրք-ադրբեջանական նվաճողական նպատակների համար կարևոր ռազմագիտական նշանակություն ձեռքը: Եվ, Նախիջևանի ուղղությամբ իր առաջիկա  գործողությունների ազատությունը Ադրբեջանի անխուսափելի ռազմական միջամտությունից ապահովելու համար` Հայաստանի ռազմական մինիստրը  մտածեց օգտագործել Ադրբեջանի և Հայկական Ղարաբաղի միջև ստեղծված լարված հարաբերությունները և Ղարաբաղի հայության զինված ուժերը նետել Ադրբեջանի դեմ, առանց նախապես ապահովելու այդ ուժերը զինամթերքով և պարենով:

Տեր-Մինասյանը կարևորություն չէր տվել նույնիսկ խորհրդակցելու Ղարաբաղի վիճակին քաջատեղյակ նրա արտաքսված գործիչների հետ, որոնք այդ ժամանակ գտնվում էին Երևանում: Ընդհակառակը, նա ամեն կերպ արգելքներ էր հարուցում, որ այդ գործիչները չկարողացան Ղարաբաղ վերադառնալ, լավ գիտենալով, որ նրանք պիտի վճռականորեն դեմ կանգնեին նրա գործակալների արկածախնդրական ձեռնարկումներին: 1919 թ. վերջերքին Զանգեզուրի և Բասարգեչարի վրայով Ղարաբաղ անցան սպաները եւ քաղաքացիական աշխատողները, որոնց հանձնարարված էր կազմակերպել տեղական ուժերը, ամենքը Տեր-Մինասյանի ընտրած և նրանից նշանակված մարդիկ էին: Տեր-Մինասյանն էր նշանակել նաև Արսեն Միքայելյանին (Տեր-Հովհաննիսյան) ղեկավարելու աշխատանքները Ղարաբաղում: Նրան էր հրահանգված իրագործելու այն ծրագիրը, որ Տեր-Մինասյանն իբրև գաղտնիք վստահեցրել էր նրան և առաջարկել անպայման գլուխ բերել գարնանը Ղարաբաղում, որին հետևելու էր հայկական կանոնավոր ուժերի հարձակումը Նախիջևանի ուղղությամբ: Ռազմական մինիստր Տեր-Մինասյանն իր հախուռն, լրջորեն չկշռադատված ծրագրի իրագործման ղեկավարությամբ Ղարաբաղում հանձնարարել էր այդպիսով Հյուսիսային Ամերիկայից նոր վերադարձած մի մարդու, որը ոչ միայն բան չէր հասկանում զինվորական գործերից, այլև լուրջ անձ չէր: Նա թեթև էր բնավորությամբ, մակերեսային էր, մեծամիտ և ինքնահավան: Հետևապես որևէ երաշխիք լինել չէր կարող, որ այդպիսի մեկն իր արկածախնդրական-թեթևամիտ գործողություններով ծանր փորձությունների պատճառ չէր դառնա դժբախտ Ղարաբաղի համար:

2. Ղարաբաղի շուրջը տարվող աշխատանքները Երևանում պահվում էին խստորեն գաղտնի: Այդուամենայնիվ, կարծեմ, 1919 թ. դեկտեմբերի սկզբներին էր, որ «Հառաջ» թերթում լույս տեսավ մի զգուշավոր հաղորդում, բաղկացած ընդամենը մի քանի տողից, որով հայտնվում էր, թե Հայաստանի կառավարությունը զբաղվում է Ղարաբաղի հարցով և որ այդ ուղղությամբ որոշ նախապատրաստական գործնական քայլեր արդեն կատարված են: Հաղորդումը հավանորեն հրապարակվել էր հանգստացնելու համար հայկական շրջաններում ամենուրեք տիրող վրդովմունքը Ղարաբաղում տեղի ունեցող բռնության դեպքերի առթիվ:

Որ Հայաստանի պաշտոնական շրջաններում իրոք սկսել էին զբաղվել «Ղարաբաղի հարցով», ոչ ոք այլևս չէր տարակուսում: Եվ տարօրինակ էլ ոչինչ չկար, որ Հայաստանը մտադիր էր գործնական քայլեր անել հոծ հայությամբ բնակեցված և իր անկապտելի սեփականությունը կազմող երկրամասի փրկության համար: Գիտակցելով, սակայն, որ Արսեն Միքայելյանի գործունեությունը Ղարաբաղում կարող է աղետաբեր լինել նրա ժողովրդի համար, «Հառաջում» զետեղված հիշյալ հաղորդման վրա հիմնվելով, Ղարաբաղի երկու նախկին գործիչները` Աշոտ Մելիք-Հովսեփյանն և տողերիս հեղինակը 1919 թ. դեկտեմբերին մի պատճառաբանված գրությամբ դիմեցին Հայաստանի պառլամենտի բոլոր ֆրակցիաներին, խնդրելով պահանջել ռազմական մինիստրից` անմիջապես հետ կանչել Ղարաբաղից Միքայելյանին և վարել Ղարաբաղում շատ զգուշավոր և մտածված քաղաքականություն: Բայց, դժբախտաբար, Միքայելյանին հետ կանչելու այդ և մի շարք այլ փորձերը հաջողություն չունեցան, և նա շարունակեց մնալ Ղարաբաղում` Տեր-Մինասյանի դիրեկտիվները իրագործելու համար:

Ինչպես գիտենք, 1919 թ. նոյեմբերին Դրոն Զանգեզուր էր գործուղվել հատուկ էքսպեդիցիոն զորամասով, որը «պիտի կազմեր Զարգեզուրի զինված ուժերի կորիզը»: Այդ ուժերով Դրոն պիտի օգնության գնար Ղարաբաղին, եթե սկսվեին այնտեղ ընդհարումներ Ադրբեջանի զինված ուժերի հետ: Տեղեկանալով, սակայն, որ Ղարաբաղում և Զանգեզուրում կարիք է զգացվում հացի և զինամթերքի, Դրոն դեկտեմբերին մեկնում է Երևան` «Ղարաբաղի և Զանգեզուրի զորքի և բնակչության համար փամփուշտ և հաց ուղարկելու»[2], հանձնելով էքսպեդիցիոն զորամասը իր օգնականին` փոխգնդապետ Թարվերդյանին: Բայց փոխադրական և այլ դժվարությունների պատճառով Դրոն ստիպված էր նստել Երևանում ամբողջ չորս ամիս և վերադառնալ Զանգեզուր մոտավորապես ապրիլի 10-ին, այ ժամանակ, երբ 12-օրյա հերոսական պաշտպանությունից հետո ընկել էր Ասկերանը, և Ղարաբաղը օրհասական կռիվ էր մղում նաև երկրի ներքին մատույցներում: Ոմմ վրա է ծանրանում դրա մեղքը, իհարկե, Տեր-Մինասյանի և նրա դրածու Արսեն Միքայելյանի վրա, որոնք արագացրին դեպքերը և այդպիսով զրկեցին Ղարաբաղին հնարավորությունից գեթ նվազագույն չափով նախապատրաստվելու:

3. Ղարաբաղից ստացվող լուրերը հուզում էին առաջ բերում Հայաստանում,  առանձնապես ղարաբաղցիների շրջանում: Երկրորդ գնդի ղարաբաղցի զինվորները խնդրեցին կառավարությանը` թույլատրելու իրենց գնալ Ղարաբաղ` օգնելու հայրենակիցներին: Բայց նրանց հանգստացրին, հայտնելով, որ «ամեն ինչ կարվի Ղարաբաղի փրկության համար»:

Ղարաբաղում ամենուրեք սկսված էին ինքնապաշտպանության բացահայտ նախապատրաստական աշխատանքներ: Կազմակերպվել էր «Ղարաբաղի պաշտպանական կենտրոնական մարմին»: Նույնպիսի մարմինների կային նաև յուրաքանչյուր շրջանում: Այդ մարմինների ծրագրով և ղեկավարությամբ կատարվում էին զորախաղեր, վարժական հրաձգություններ: Իսկ այդ ամենին լավ տեղյակ էին ադրբեջանական իշխանությունները: Նրանք իրենք էլ անգործ չէին նստած: Աննկատելիորեն զորամասեր և զինամթերք էին կենտրոնացվում Աղդամում, Թարթարում, Կարիագինոյում, «Քուրդիստանում» և Ղարաբաղի սահմանակից այլ ռազմագիտական կետերում:

Սուլթանովը ճնշում էր գործում Ղարաբաղի Ազգային խորհրդի, նահանգապետին կից խորհրդի հայ մտավորականության ներկայացուցիչների վրա, պահանջելով վերջ դնել «Հայաստանից ուղարկված էմիսարների» գործունեությանը` սպառնալով հակառակ դեպքում լուրջ միջոցների դիմել:

Ամպերն արդեն բավականաչափ խտացել էին Ղարաբաղի երկնակամարում, երբ տողերիս հեղինակը Ղարաքիլիսայից (ներկայիս Կիրովական) մեկնեց Թիֆլիս, իսկ այնտեղից ծպտյալ անցավ Ղարաբաղ: Դա 1920 թ. մարտ ամսի սկզբին էր, Ղարաբաղի 8-րդ համագումարից հետո: Շուշում նա հանդիպում ունեցավ Ալեքսանդր Ռուբենու և բժիշկ Սաքո Համբարձումյանի հետ, որոնք խիստ դժգոհ էին Արսեն Միքայելյանի գործունեությունից: Նրանք տեղեկություններ ունեին, որ մոտ ժամանակներում Կարմիր բանակը շարժվելու է դեպի Անդրկովկաս և գրավելու է Բաքուն, ուստի գտնում էին, որ անմտություն է բախումը Ադրբեջանի զինված ուժերի հետ, որը կարող է ավելորդ արյունահեղության և ավերածությունների պատճառ դառնալ: Բայց երբ Ռուբենուն և Ս. Համբարձումյանին առաջարկվեց դուրս գալ շրջան և այդ ամենի մասին խոսել և իրազեկ անել ժողովրդին ու ղեկավար աշխատողներին, նրանք հրաժարվեցին դրանից: Այդպես վարվել էին նրանք մի քանի օր առաջ, 8-րդ համագումարի ժամանակ: Երբ համագումարի պատգամավորների բացարձակ մեծամասնությունը որոշել էր նիստերը գումարել շրջանում, Սուլթանովի ազդեցության ոլորտից հեռու, քաղաքում բազմած էսէռներից ու բոլշևիկներից և ոչ մեկն արիությունը չունեցավ գնալու շրջան ու այնտեղ հանդիպելու ու խոսելու ժողովրդի պատգամավորների հետ երես առ երես, ծանոթացնելու նրան Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող ռազմական իրադրության լուրջ փոփոխություններին և զգուշացնելու համագումարին հախուռն, կորստաբեր, անիմաստ գործողություններից: Նրանք բավականացան միայն նրանով, որ պահեցին գավառից Շուշի եկած 8-10 բոլշևիկ և ոչ-բոլշևիկ պատգամավորների ու կազմեցին և հրապարակեցին նրանց անունից փքուն լեզվով կազմված մի ճապաղ, հակասություններով լի անմիտ «բանաձև», որը արևէ իրական ազդեցություն չունեցավ կանխելու Ղարաբաղի հետագա արյունալի դեպքերը:

Կարմիր բանակի մոտալուտ արշավանքի լուրերը համառորեն շրջում էին նաև Թիֆլիսում: Աղբյուրը, ինչպես մատնանշում էին, վրացական հետախուզության և «դաշնակից միսիաների» ունեցած տեղեկություններն էին:

Երևանում ևս անտեղյակ չէին Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող ռազմա-քաղաքական տեղաշարժերին: Ղեկավար շրջաններում շատերն էին գիտակցում, որ այդ տեղաշարժերին անխուսափելիորեն հետևելու է Ադրբեջանի և վերջին հաշվով նաև ամբողջ Անդրկովկասի գրավումը Կրամիր բանակի կողմից:

4. Արսեն Միքայելյանի շուրջը խմբված տեղական մի քանի աշխատողների գաղտնի խորհրդակցություն հրավիրվեց Շուշում: Խմբակցության հրավիրվածներն ասում էին, որ ժողովուրդը ծայրահեղորեն զայրացած է Ադրբեջանի անվերջ բռնություններից ու սպանություններից և վճռել է պատերազմել, հույսը դնելով Հայաստանի օգնության վրա: Նրանք գտնում էին, որ, միևնույնն է, Ղարաբաղը կամա թե ակամա պիտի պատերազմի Ադրբեջանի դեմ, որովհետև «հաստատուն» տեղեկություններ կան, որ Ադրբեջանի զինված ուժերը, կանոնավոր թե անկանոն, պատրաստվում են «նովրուզ-բայրամի» գիշերը (մարտ ամսի 23-ին) ընդհանուր հարձակում գործել Ղարաբաղի վրա, ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ:

Այդտեղ ապարդյուն փորձ կատարվեց մեր կողմից համոզելու շրջանի աշխատողներին` ամեն կերպ խուսափել Ադրբեջանի զինված ուժերի հետ բախվելուց: Նրանց հիշեցվեց, որ մոտակա անցյալում եղել են ավելի վտանգավոր պահեր, երբ ժողովուրդը խելահեղորեն կամեցել է նետվել պատերազմի հորձանուտի մեջ, բայց այն ժամանակ նրա գործիչները ետ են պահել ժողովրդին կորստաբեր քայլերից: Եվ հետագա դեպքերը հաստատեցին, որ դա եղել է միակ ճիշտ և խելացի քաղաքականությունը: Ադրբեջանի անլուր կամայականությունները հուսահատության աստիճանին են հասցրել ժողովրդին, այդ տեսնում են ամենքը: Բայց կռվելու համար Ղարաբաղը դարձյալ չունի ոչ հաց և ոչ էլ զինամթերք, իսկ եթե Հայաստանից սպասվող օգնությունն էլ ուշանա, որ միանգամայն հնարավոր է, դրան նպաստող բազմաթիվ դժվարությունները նկատի առնելով, այն ժամանակ պատերազմը կարող է անհաջող վախճան ունենալ Ղարաբաղի համար, պատճառ դառնալով մեծամեծ աղետների: «Անժխտելի է, - ասացի ես, - որ Ադրբեջանը ձգտում է ամբողջ Ղարաբաղը նվաճել զենքի ուժով, զինաթափել ու ապա աստիճանաբար թյուրքացման ենթարկել այն: Բայց դրա համար ներկայումս Ադրբեջանի ներքին, ինչպես և արտաքին քաղաքական իրադրությունը նպաստավոր չէ: Ամենից առաջ պիտի նկատի ունենալ մի կարևոր հանգամանք, որը չի կարող չհորդորել Ադրբեջանի կալվածատերերին զգուշանալու ներկայումս հայկական Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու մտադրությունից: Զանգեզուրում կրած զգալի մարդկային կորուստները, կառավարության անվերջ բռնագրավումների և ճնշումների քաղաքականությունը ստիպում են թյուրք գյուղացիությանն այս կամ այն կերպ դիմադրել Ադրբջանի կալվածատերերի ռազմական ձեռնարկումներին: Մասնավորապես դասալքությունը բանակից դարձել է առօրյա երևույթ: Զորակոչը չի տալիս սպասած արդյունքը. գյուղացի երիտասարդներից շատերը խուսափում են ներկայանալ զորակոչին, նրանք թաքնվում են, փախչում կան բանդիտական խմբեր կազմելով` անիշխանություն ստեղծում երկրի այլ և այլ շրջաններում: Չպիտի մոռանալ մի հանգամանք ևս. դա դաշնակից պետությունների միսիաների ներկայությունն է Թիֆլիսում և առանձին հանրապետություններում, որն այս կամ այն չափով զսպող ազդեցություն է գործում այդ հանրապետությունների կառավարությունների վրա, ստիպելով նրանց խուսափել ագրեսիվ բնույթի մասսայական հարձակողական գործողություններից: Վերջապես չի կարող սանձահարող ազդեցություն չգործել Ադրբեջանի կառավարող կիլիկի վրա Կարմիր բանակի հաջողությունները հարավային Ռուսաստանում` Ուկրաինայում և Հյուսիսային Կովկասում, որ, անկասկած, լավ հայտնի են Ադրբեջանի ղեկավարներին և չեն կարող չթելադրել նրանց զգուշանալու մոտավոր ապագայում ռուսների կողմից առաջին հերթին Ադրբեջանը վերագրավելու անխուսափելի փորձերից: Երբ այդպիսի իրական վտանգ է կախված Ադրբեջանի վրա, նա կարող է իր թիկունքում վտանգավոր ընհարումների և խժդժությունների օջախ ստեղծել, մանավանդ Զանգեզուրում կրած ծանր և ամոթալի պարտությունից հետո: Բայց մեր կողմից տրված առիթը Ադրբեջանը կարող է ամեն կերպ օգտագործել և, եթե հանգամանքները թույլ տան, կոտորածի ենթարկել և ավերել հայկական Ղարաբաղը:

Դժբախտաբար, այդ և հետագա հորդորներն անցան ապարդյուն: Եվ հայկական Ղարաբաղը շարունակեց պատրաստվել «մահացու թռիչքի»:

51920 թ. մարտ ամսվա առաջին կեսում ինձ մոտ` Վարանդայի Աշան գյուղը եկավ Երևանից Ղարաբաղ գործուղված Ղազար (Միքայել) Բադալքյոխյանը: Նա հարցրեց. «Ինչո՞ւ ես քաշվել մի կողմ Ղարաբաղի համար լուրջ վտանգներով հղի այս ծանր պահին»: «Ես դրա համար էլ վերադարձել եմ Ղարաբաղ: Իմ ցանկությունն է կանխել արյունահեղությունը, - պատասխանեցի ես: - Մենք չունենք ոչ փամփուշտ և ոչ էլ հաց: Ասում են, որ կռիվների դեպքում օգնության կգան Հայաստանի և Զանգեզուրի միացյալ ուժերը: Ես գալիս եմ Հայաստանից, և դրական չեն իմ ստացած տպավորությունները: Օգնել Ղարաբաղին այժմ Հայաստանը չի կարող ոչ զինամթերքով և ոչ էլ մանավանդ հացով: Իսկ Զանգեզուրի օգնությունը ֆիկցիա է, դրանում մեզ համոզում է ոչ հեռավոր անցյալի դառն փորձը»: - «Ես էլ նույն կարծիքի եմ, - ասեց Ղազարը, - ինքս էլ անժամանակ և վտանգավոր եմ համարում պատերազմ սկսել ներկայումս Ադրբեջանի դեմ: Բայց ես եկա, որովհետև պահանջեցին գալ: Իմ մասին ես կարող եմ միայն ասել` որտեղ էլ ինձ վիճակվի կռվել, ես կկռվեմ մինչև վերջին շունչս: Համոզված եղեք, որ թշնամին իմ դիակի վրայով միայն կարող է ոտք դնել Ղարաբաղ»:  «Բայց դու քո հերոսական մահով չես կարող փրկել Ղարաբաղը, և ժողովուրդը կարող է կոտորածի մատնվել», - նկատեցի ես:  «Ի´նչ կարող եմ անել ... Ասում են, որ Նախիջևանը այս գարնանը պիտի գրավվի, և Ղարաբաղը պիտի օգնի օպերացիայի հաջողությանը: Նախիջևանը հարկավոր է սոված Հայաստանին ամենից առաջ ներկայիս թշնամի շրջապատումից դուրս գալու համար: Արտաքին աշխարհի հետ կապ ստեղծելու, հաց ու այլ կենսամթերքներ ստանալու միակ ապահով և կարճ ճամապարհը Ջուլֆա - Թավրիզ երկաթգիծն է, որ կարող է կապել Հայաստանը բարեկամ Պարսկաստանի հետ: Բացի դրանից, Նախիջևանի գրավումը ռազմագիտական անհրաժեշտություն է հենց Ղարաբաղի ազատագրման համար: Բայց Ղարաբաղի հայությունը անպատրաստ է նետվելու այժմ պատերազմի հրդեհի մեջ, ես այդ տեսնում եմ, թեև Ադրբեջանի անվերջ բռնությունները, եկվոր հայերի անընդհատ սպանությունները Եվլախ - Շուշի խճուղու վրա, տնտեսական բոյկոտը, առօրյա երևույթների շարքն անցած բանդիտական հարձակումները սահմանակից հայկական գյուղերի և դաշտերում աշխատող հայ գյուղացիների վրա, այդ ամենը ժողովրդին հասցրել են հուսահատության աստիճանի»:  «Այնուամենայնիվ, - ասացի ես, - խիստ կարևոր է հաշվի առնել ժողովրդի անպատրաստ վիճակը և այս անցողիկ ժամանակաշրջանում բարդություններ չստեղծել: Լրջորեն պիտի նայել Հայուսիսային Կովկասում տեղի ունեցող տեղաշարժերին: Դժբախտաբար ժողովրդի մեջ կռվի հակառակորդ գործուն ուժերը սակավ են և ցրված, իսկ քաղաքում շաղակրատող վախկոտները չեն ուզում գավառ դուրս գալ: Իհարկե, ներքին կռիվների ցնցումներին ենթարկել երկիրը կլիներ մի այլ ճակատագրական սխալ, դրանից կարող էր օգտվել միայ նթշնամին»:  «Հավատացեք, արդեն ուշ է, - ասաց խոսակիցս անսքող ափսոսանքով: - Ամեն ինչ վերջացած է, մնում է ընդամենը մի քանի օր: Անօգուտ է այլևս փորձ անել կանխելու բախումը: Իսկ այս վճռական օրերին մեր չեզոք մնալը չի կարող օգտակար լինել ժողովրդին»:

Ղազարը մեկնեց:

6. 1920 թ. մարտի 23-ի գիշերը կատարվեցին զինված հարձակումներ թյուրքական պահականոցի վրա Ասկերանում և զորանոցների վրա` Խանքենդում և Շուշում: Ղարաբաղի ժողովրդական զինված ուժերը այդպիսով «անցան Ռուբիկոնը»: Սկսվեց կյանքի ու մահվան պատերազմ Ադրբեջանի դեմ:

Այդ նույն գիշերը, լուսադեմին, երկու հեծելակներ նամակ բերին ինձ Ասկերանից: Ղազարը հայտնում էր, որ կռիվներն սկսված են և խնդրում էր Ասկերանի պաշտպանների անունից գնալ Ասկերան և ստանձնել շտաբի պետի պարտականությունները:

Երբ դարանակալ թշնամին առիթ էր փնտրում ոչնչացնելու Լեռնային Ղարաբաղի հայությունը, այդ օրհասական պահին հրաժարվել գործել, նշանակում էր փոքրոգություն հանդես բերել, դավաճանել ժողովրդին և նպաստել թշնամու դժոխային մտադրությունների իրագործմանը: «Ով հրաժարվում է գործել ցնցումների օրերին, նա հեշտացնում է գործն այն հանցավոր տարրերի, որոնք ձգտում են ավերածությունների», - ասել է մի նշանավոր ֆրանսիական քաղաքական գործիչ:

***

1920 թ. մարտ ամսի 24-ից սկսվեցին ուժեղ կռիվներ Ղարաբաղի հարավային և արևելյան սահմանի ամբողջ երկարությամբ` Դիզակից մինչև Գյուլիստան: Առանձնապես կատաղի էին մարտերը Ասկերանի ճակատում: Աղդամում նախապես կուտակված ադրբեջանական կանոնավոր և բազմաթիվ անկանոն ուժերը, այսպես կոչված «կամավորական» ջոկատները, ձեռնարկեցին մոլեգին գրոհների 15 կիլոմետր ճակատով, սկսած Վարազաբույնից մինչև Քարագլուխ: Սակայն, ամեն անգամ ջախջախիչ հարված կրելով, թշնամին ետ էր շպրտվում մեծ կորուստներով[3]:

Մարտի 25-ին և 26-ին կռիվները Ասկերանի ճակատում շարունակվեցին նույն լարվածությամբ: Թշնամին ապարդյուն ճիգեր էր գործ դնում ճեղքելու Ասկերանի  ճակատը և արշավելու դեպի Շուշի ու Խանքենդ: Բայց դրա համար հակառակորդի կենդանի ուժերը դեռևս անբավարար էին: Առաջին մի քանի օրերը նա չկամեցավ բավականաչափ ուժեր կենտրոնացնել և օգտագործել իր տեխնիկական գերակշռությունը: Միայն մարտի 27-ին թշնամին ճակատ նետեց նոր համալրումներ և երկու հրետանային մարտկոցներ 8 ծանր հրանոթներով:

Ասկերանի պաշտպանների դիրքերը և թիկունքը կատաղի ռմբակոծության ենթարկելուց հետո հակառակորդի ուժերը մեծ աղմուկով անցան գրոհի: Գրոհում էին կենտրոնից, խճուղու ուղղությամբ, կանոնավոր զորքի ջոկատները, իսկ թևերից «կամավորների» բազմաթիվ խուժանը: Հայ մարտիկները, որ հիանալի փորձ ունեին խրամատային պաշտպանության, հաջողությամբ ետ մղեցին թշնամու բոլոր կատաղի գրոհները և, երեկոյան դեմ հակահարձակման անցնելով, ստիպեցին հակառակորդին անկանոն կերպով նահանջել: Այդ կռվում Ադրբեջանի զինված ուժերը տվեցին 60 և սպանված և 200-ից ավելի վիրավորներ: Իրենց դիրքերը վերադառնալիս հայ կռվողները հավաքեցին ասկերների փախուստի ուղիներից մեծ քանակությամբ ռուսական եռագծյան հրացանի փամփուշտներ, որոնց կարիքը նրանք զգում էին դեռևս կռիվը սկսվելու վայրկյանից:

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը Ասկերանի պաշտպանության պահանջով Քյաթուկ գյուղը բերվեց 1918 թվին Վարանդայում օսմանցիներից խլված «Շնեյդեր» սիստեմի լեռնային հրանոթը, որ ուներ ընդամենը 60 արկ: Ճանապարհի դժվարության պատճառով հրանոթը բերվել էր առանց լաֆետի, մի քանի արկերի հետ, փորձված հրետանավոր Գասպարի ղեկավարությամբ: Գասպարը գյուղում նույն գիշերվա մեջ տեղական վարպետների օգնությամբ պատրաստեց լաֆետի փոխարեն մի տախտակյա պրիմիտիվ պատվանդան, և երբ լուսաբացին թշնամին սկսեց մեծ թափով պատրաստվել գրոհի, հրետանային նախապատրաստության համար անփութորեն դասավորելով կողք-կողքի հրանոթների մարտկոցները Աղդամի մոտակա բաց դաշտում, Գասպարը, հրանոթի այդ առասպելական նշանառուն, իր ձեռակերտ «լաֆետի» վրա ամրացրած հրանոթից արձակած երրորդ դիպուկ արկով, որ պայթեց ավերիչ ուժով հակառակորդի մարտկոցնորի ուղիղ շարքերի մեջ, ստիպեց թշնամու հրետանավորներին խուճապահար փախցնել մարտկոցները:

Այդ հարվածը հակառակորդի համար անակնկալ էր և շշմեցուցիչ: Ադրբեջանի հրամանատարությունը երևի մտածեց, որ գործ ունի Լեռնային Ղարաբաղի լուրջ կազմակերպված և հրետանիով զինված ապստամբական ուժերի հետ: Դրությունը հավանորեն համարվեց անչափ տագնապալի, որովհետև Ադրբեջանը սկսեց մեծ լարվածությամբ նոր ուժեր փոխադրել ճակատ Բաքվից, Գանձակից և այլ վայրերից: Նույն օրվա գիշերը դատարկվեց բնակիչներից Աղդամը, թյուրք կալվածատերերի այդ արյունոտ որջը, և հայկական Ղարաբաղի սահմանամերձ մի շարք այլ մուսուլմանական խոշոր բնակավայրեր:

1920 թ. մարտի 30-ին Ադրբեջանի հրամանատարությունը Ղարաբաղի ճակատում արդեն կենտրոնացրել էր իր կանոնավոր ուժերի գրեթե 70-80 տոկոսը և բազմահազար «կամավորական» խաժամուժ:

Ադրբեջանական գնդերի սովորաբար սակավամարդ կազմը Ղարաբաղի կռիվների ժամանակ զգալի չափերով մեծացվեց օսմանցի ասկերներով, Դաղստանի լեռնեցիներով և տեղական մուսուլմաններից հավաքագրված մարդկանցով:

Աղդամ էին բերվել Ադրբեջանի կանոնավոր ուժերից 1-ին Ջիվանշիրյան հետևակային գունդը, Գանձակի 3-րդ գունդը, 1-ին թաթարական, 2-րդ ղարաբաղյան և 3-րդ շեքեյան հեծյալ գնդերը, ռոտմիստր Սելիմ-բեկ Սուլթանովի 600 սուսերից բաղկացած քրդական հեծելազորը, մեծաքանակ ծանր ու թեթև հրետանի, գնդացիրներ և անսպառ զինամթերք: Կռիվների վերջին օրերում Ղարաբաղի դեմ հանված ադրբեջանական զինված ուժերի, կանոնավոր և անկանոն ընդհանուր թիվը, առանց չափազանցության, կազմում էր ոչ պակաս, քան 80 հազար մարդ:

 ***

Կռիվների արդեն 9-րդ օրն էր, բայց Հայաստանից խոստացված օգնություն չկար ու չկար, մինդեռ Ադրբեջանը ժողովում էր իր վերջին ուժերը հայկական Ղարաբաղը քարտեզից ընդմիշտ ջնջելու համար:

7. 1920 թ. մարտի 23-ի գիշերը, բացի Ասկերանից, ինչպես ասացինք, հարձակումների կատարվեցին Խանքենդու և Շուշու կայազորների վրա: Բայց երկու դեպքերում էլ հարձակումը ձախողվեց և պատճառ դարձավ մեծամեծ աղետների: Խանքենդու 500-ի մոտ ասկերներից բաղկացած կայազորի վրա հարձակումը կատարելու նպատակով ղեկավար էր նշանակվել մի հին պարտիզան, որը թեև կռիվների մեջ քաջ էր և համարձակ, բայց անհուսալի մեկն էր նման ռազմական լուրջ խնդիր ինքնուրույնաբար գլուխ բերելու համար: Խաչենցիների զգալի ուժերով նա շրջապատեց զորանոցները և սկսեց գնդակոծել: Երբ ադրբեջանական կայազորի հրամանատարը համոզվեց, որ դիմադրությունը շարունակել անօգուտ է, որովհետև չորս կողմից հայերի ստվար ջոկատներով պաշարված կայազորը չէր կարող հույս դնել դրսի օգնության վրա, ստիպված է լինում հրամայել` անձնատուր լինելու նշան տալ զորանոցներից «թասի~լմ», «թասի~լմ» բացականչություններով: Ապստամբների խև ղեկավարը, փոխանակ անմիջապես արձագանքելու և համապատասխան միջոցառումներով արագորեն զինաթափելու ու գերի վերցնելու անձնատուր եղած կայազորը, կարգադրում է ոչ ոքի գերի չվերցնել, այլ անխնա ոչնչացնել բոլորին:

Ասկերները հասկանալով պաշարողների մտադրությունը, սկսում են հուսահատական կատաղությամբ դիմադրել զորանոցների պատուհաններից և դռներից: Հարձակվողները տալիս են մեծ թվով սպանվածներ և վիրավորներ: Սպանվում է նաև նրանց «քյալլագյոզ» զեկավարը, որից հետո, անհուսալի համարելով դրությունը, հայ կռվողները ետ են քաշվում: Այդ ժամանակ ասկերները հաղթական բացականչություններով դուրս են թափվում զորանոցներից և բաժանվելով փոքր խմբերի, ցրվում են ավանում և սկսում ավերածություներ կատարել, սպանել ու թալանել Խանքենդում մնացած հայ բնակիչներին, որոնք ժամանակ չէին գտել փախչելու հարևան գյուղերը:

Ավելի սարսափելի ու կործանարար հետեւանքներ ունեցավ Շուշու հայկական մասին համար քաղաքի ադրբեջանական կայազորի վրա կատարված անհաջող հարձակումը: Այդ հարձակման ղեկավար էր նշանակվել մի բոլորովին անկարող մարդ` Մավաս գյուղացի Աղապարոն Դանիելբեկյանը, որը հիանալի սիրող էր գյուղական բեմերի վրա, բայց մարտական գործերում ապիկար և անհուսալի մարդ էր: Արսեն Միքայելյանը թեթևամտորեն կարգադրել էր նրանք հավաքել Վարանդայից 50 զինված մարդ և գիշերը հարձակվել քաղաքի ադրբեջանական կայազորի վրա, որը բաղկացած էր լավ սպառազինված 400-500 ասկերներից:

Չնայելով գիտակ մարդիկ խորհուրդ էին տվել Աղապարոնին հրաժարվել կտրականապես Շուշում առհասարակ որևէ հարձակում կատարելու մտադրությունից և հանգիստ թողնել քաղաքը, նրա հայկական մասի ավերածության պատճառ չդառնալու համար, այնուամենայնիվ Աղապարոնը տեղի էր տվել և ի վերջո համաձայնվել կատարել Միքայելյանի պահանջը: Նա առանց լուրջ նախապատրաստության, առանց նախազգուշացնելու քաղաքի հայկական մասի ժողովրդական զինված ուժերին, մարտի 23-ի գիշերը մի քանի տասնյակ զինված մարդկանց հետ մտնում է քաղաք և մոտենալով հայկական մասում տեղավորված զորանոցների շարքին, մի քանի կետերից սկսում է անկանոն հրացանաձգություն: Ասկերները սկզբում սկսում են դիմադրել ներսից, բայց քիչ հետո քաջալերվելով հարձակվողների անվճռականությունից և սակավաթիվ լինելուց, նրանց մեծ մասը դուրս է գալիս զորանոցներից և դիրքեր գրավում շրջապատում ու սկսում կռվել: Հարձակվողները մատնվում են խուճապի և քաշվելով զորանողների մոտից, գնում բռնում են քաղաքի հայկական մասից դեպի Քարին Տակ գյուղը տանող լեռնային ճանապարհը:

Քաղաքի հայկական մասի բնակիչները հրացանի պայթյունների ձայներից քնաթաթախ վեր թռչելով անկողիններից, սկզբում տարակուսանի մեջ, չգիտեին, թե ինչ է կատարվում, բայց երբ լուր է տարածվում, որ ասկերները սպաների ղեկավարությամբ հարձակվում են հայերի տների վրա, սպանում բնակիչներին և նավթ լցնելով հրդեհում տները, սկսվում է հայկական մասի բոլոր թաղերում մի աննկարագրելի խուճապ: Զենք ունեցողներից շատերը նույնիսկ ժամանակ չեն գտնում զինվելու և պաշտպանելու իրենց տուն ու տեղը, այլ տագնապահար մտածում են միայն` քանի ուշ չէ, փախցնել ընտանիքները քաղաքից, թողնելով ամեն ինչ ...

Քաղաքի հայկական մասում սկսվում է համատարած հրդեհ ու կոտորած: Հաջորդ օրերում նույն վայրագությամբ շարունակվում է Շուշու հայկական մասի կործանումը: Քաղաքի մուսուլմանական մասի տականքները խուժելով հայկական մասը, սկսում են անպատիժ սպանել, թալանել և հրդեհել տները: Այդ խժդժությունները տևում են երկար: Քաղաքացիներից սպանվում են մինչև 500 տղամարդ, կին և երեխա: Կողոպտվում է հայերի միլիարդների հասնող հարստությունը:

Այդ ժամանակ Թիֆլիսում լույս տեսնող ռուսերեն «Слово» թերթի 1920 թ. ապրիլի 16-ի համարում զետեղված է սեփական թղթակցի նույն ամսվա 11-ին «Ուղևոր» ստորագրությամբ գրած հետեւյալ թղթակցությունը Եվլախից, «Շուշու ավերածությունը» վերնագրով:

«Շուշուց եկողների պատմելով, քաղաքի հայկական մասում չի մնացել քարը քարի վրա: Մուսուլմանական խուժանը մարտի 24-ին ներս է խուժել այդ մասը և սկսել սպանել և թալանել հայ բնակիչներին: Մտնում էին տները, սպանում տան տերերին, հափշտակում բոլոր արժեքավոր իրերը և ապա տունը հրդեհում: Քաղաքի հայկական մասը մարտի 24-ի երեկոյան ներկայացնում էր իրենից կրակի մի ծով: Ամենուրեք լսվում էին ճիչեր, հառաչանքներ ու լաց: Յուրաքանչյուր քայլափոխում հանդիպում էին սարսափ ազդող պատկերներ: Մարդկային զոհերը շատ էին: Հրդեհի զոհ է գնացել ոստիկանական մասի պետ Տեր-Ղուկասյանը, սպանվել է բժիշկ Յարամիշյանը ... Հայկական մասից ոչինչ չի մնացել, ամենուրեք լիակատար ավերածություն է, երևում են միայն հրդեհված տների ցցված պատերը: Ճանապարհներին փռված են սպանվածների դիակներ: Շատ դիակներ կան տների ավերակներում: Երբ խուժանի հանցավոր կրքերը մեղմացան, նա սկսեց կողոպտել տների տանիքները, պատուհանների շրջանակները, դռները և կրակից զերծ մնացած այլ մասերը ...»:

«Слово» թերթի նույն օրվա համարում հայերեն «Նոր աշխատավոր» թերթից թարգմանաբար բերված է.

«Մի վստահելի անձ, որը դուրս է եկել Շուշուց ապրիլի 6-ին և ականատես է եղել այնտեղ կատարված կոտորածին, պատմում է, որ Շուշու հայկական մասը բոլորովին ավերված է ... Շուշում սպանված են մոտ 500 հայեր: Նույն անձն ականատես է եղել, թե ինչպես եղբայրական գերեզմանում թաղել են 378 հայերի դիակներ: Սպանվածների թվում է Վահան եպիսկոպոսը: Ինչպես սպանվածները, այնպես էլ կենդանի մնացածները, մեծ մասամբ կանայք են, երեխաներ և ծերունիներ»[4]:

Հետաքրքրական է Ադրբեջանի զինվոր Իսմայիլ Ալմարդանբեկովի նամակի հետևյալ տողերը, որ նա գրել է Շուշուց Բաքվում գտնվող իր եղբորը.

«Տեսածդ Էրմենիստանը (խոսքը վերաբերում է Շուշու հայկական մասին: Հ. Թ.) այրված է: Հինգ կամ տասը տուն պահեցին: Հազարից ավելի հայեր գերի բռնվեցին: Տղամարդկանց բոլորին կոտորեցին, մինչև անգամ խալիֆին (եպիսկոպոսին - Հ. Թ.), բոլոր մեծամեծ մարդկանց ... նշանավոր հայերին սպանելուց հետո գլուխները կտրած բազարներում պտտեցնել էին տալիս ... Այս կողմերում (քաղաքում) այլևս ոչ մի հայ չեք գտնի և ոչ էլ այնպիսի թյուրքի կարող եք հանդիպել, որը հարյուր հազարից պակաս թալան բերած լինի: Այնպիսի մարդ կա, որ մեկ միլիոնից ավելի ապրանք է բերել: Բոլորը եղան մեկ դասակարգի, էլ ոչ հարուստ կա, ոչ չունևոր, բոլորը հավասարվեցին ... Հայերի ողջ հարստությունը քաղաքի բնակիչ մուսուլմանները թալանեցին: 18 ռաջաբ»[5] (1920 թ. 7 ապրիլի):

Պատմում են, որ երբ պատմաբան Լեոն Թիֆլիսում լսում է Շուշում կատարված ավերածությունների մասին, ասում է. «Մի քաղաք, որի հիմքը դրվեց դավաճանությամբ և մոտ օրերում դավաճանությամբ էլ կործանվեց ...»:

Շուշում կատարված անկուր եղեռնագործությունների և ավերածության խրախուսողն ու ոգեշնչողն իր հայակեր քաղաքականությամբ մեզ արդեն հայտնի «Ղարաբաղի նահանգապետ» Խոսրով-բեկ Սուլթանովն էր, օսմանյան այդ գործակալը և կատաղի մուսավաթականը: Դա, իհարկե, բնական էր և հասկանալի: Բայց ինչպես չնշավակել այդ չարագործությունների ականատես քաղաքի մուսուլմանական մասի առաջավոր ինտելիգենցիայի և այլ խաղաղասեր տարրերին նրանց անգործության և անտարբերության համար: Նրանք որևէ փորձ չարին զսպելու կամ գեթ մեղմելու մուսուլմանական խուժանի հանցավոր բնազդները: Ամբողջ օրերով նրանց աչքերի առաջ կողոպտվում և կրակի էին մատնվում հայկական մասի հազարավոր բարեշեն տները, խողխողվում նրանց բնակիչները, և ոչ մի փորձ այդ տարրերի կողմից որևէ կերպ հակազդելու սանձարձակ խուժանի վայրագ գործողություններին ... Չմոռանանք, որ այդպիսի ավերածության սպառնալիք 1918 թվին երկու անգամ կախված է եղել Շուշու մուսուլմանական մասի վրա, և այն կարող էր հեշտությամբ գրավվել և սոսկալի նախճիրների ասպարեզ դառնալ, եթե Ղարաբաղի հայ գործիչները և քաղաքի հայ բնակչության խաղաղասեր մասը չլարեին իրենց բովանդակ ուժերը կանխելու վերահաս դժբախտությունը:

Բայց մարդասիրական ամենատարրական վերաբերմունքի չհանդիպեց քաղաքի հայ բնակչությունը թյուրք կրթված մասի կողմից, երբ մուսուլման բաշիբոզուկները սկսել էին անպատիժ ավերել, հրդեհել, կոտորածի ու թալանի մատնել հայկական մասը:

Դժբախտությունը, սակայն, միայն Շուշու հայկական մասի ոչնչացումով չվերջացավ: Մենք դեռ կտեսնենք, թե հայերով բնակեցված վայրերում ուրիշ ինչպիսի բարբարոսական ավերածություններ, համատարծ թալաններ և կոտորածներ սարքեց Ադրբեջանի մուսաֆաթական ղեկավարությունը Ղարաբաղի 1920 թվականի դեպքերի ժամանակ: 

8. Ադրբեջանի հրամանատարությունը դեռևս 1920 թ. մարտ ամսի կեսերից սկսել էր զորքեր փոխադրել նաև դեպի Զաբուղ և «Քուրդիստան», Ղարաբաղի ուղղությամբ հայերի ենթադրյալ հարձակումը Զանգեզուրի կողմից կասեցնելու համար: Այդ նպատակով ադրբեջանական զինված ուժերը Ագարա գետի հովտի մուսուլման բնակչության գործուն աջակցությամ մարտի 25-ին, Ղարաբաղի կռիվների երրորդ օրը, անցան ակտիվ գործողությունների Զանգեզուրի դեմ` Մինքենդի կողմից Գորիսի, իսկ Ջեբրայիլի կողմից Ղափանի ուղղությամբ: Հետ մղելով բոլոր հարձակումները, մարտի 26-ին զանգեզուրցիներն անցան հակահարձակման և գրավեցին Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած մուսուլմանական տարածության մեծ մասը, որի շնորհիվ վերականգնվեց կապը Զանգեզուրի և Ղարաբաղի Խծաբերդ գյուղի միջև[6]: Անտարակույս, եթե այդ հաջողությունը զանգեզուրցիներն ուզենային զարգացնել, նրանք կկարողանային միանալ Ղարաբաղի կողմից Մուսուլմանլարի ուղղությամբ գործող Խծաբերդի հայկական թիկունքային պաշտպանողական ուժերին և գրավելով Զաբուղը, այդ ռազմագիտական կարևոր կետը, օգնության հասնել Շուշուն և գավառին: Բայց հակառակ Զանգեզուրի գեներալ-կոմիսար Մելիք Յոլչյանի կոչերին` շուտափույթ օգնության ձեռք մեկնել Ղարաբաղին` զանգեզուրցիները և հատկապես Գորիսի շրջանի զինված ուժերը չշարժվեցին տեղից և չհրաժարվեցին մինչև վերջ իրենց եսամոլ, գավառասիրական նեղմիտ ընթացքից:

(Շարունակություն)


[1] Տե´ս 2-րդ մաս, էջ 80-89:

[2] ՀՊՊԿԱ, ֆ. 45, գ. 33, թ. 20:

[3] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 100:

[4] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թ. 66:

[5] Նույն տեղում, թ. 135-141:

[6] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 563, թերթ 44:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter