HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկ ամուսինը բանտում է, ազատամարտիկ կինը՝ աղքատության մեջ

Նաիրա ու Գառնիկ Առաքելյանները Արցախյան պատերազմին մասնակցել են ամբողջ ընտանիքով, անգամ նրանց 10 տարեկան որդին է հետախուզությամբ զբաղվել ու բեկորային վնասվածք ստացել: Այսօր, սակայն, ազատամարտիկ, 59-ամյա Գառնիկը բանտում է, իսկ ընտանիքը՝ ծայրահեղ անապահով վիճակում: 

Գառնիկ Առաքելյանի ճակատագրին «Հետքն» անդրադարձել էր՝ հանդիպելով նրան «Դատապարտյալների հիվանդանոցում»: Մենք խոստացել էինք Գառնիկին այցելել իր ընտանիքին, հիվանդ կնոջը՝ Նաիրային: Առաքելյան ընտանիքն արդեն 11 տարի ապրում է Երևանի Սիսակյան 2 հասցեում գտնվող հանրակացարանում՝ վճարելով ամսական 40.000 դրամ վարձ: Շուտով 4 տարին կլրանա, որ Ղարաբաղյան պատերազմին սկզբից մինչև զինադադարը մասնակցած ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանն ընտանիքի հետ չէ:

2010թ. նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով: Նախաքննական մարմինը հանգիստ կարող էր բավարարվել անհրաժեշտ ինքնապաշտպանության հոդվածով, ինչպես Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի դեպքում եղավ. «Դե՛, մեր երկրում ով փողատեր ա, մեջք ունի, դատարանները նրանց են պաշտպանում, իսկ մենք ո՛չ փող ունենք, ո՛չ մեջք»,-ասաց Գառնիկի կինը` Նաիրա Առաքելյանը: 

Նաիրա Առաքելյանը պատմեց դեպքի օրը ամուսնու հետ պատահածի մասին. «Ամբողջ մազերիս կեսը թափվեց վախից: Մարմինս ուռեց: Առանց էդ էլ իմ առողջական վիճակը վատ էր: Վախենում էի, որ մեր հանրակացարանի մոտ գիշերվա 4-ին հավաքված հարբած տղերքը Գառնիկին կսպանեն: Եկել էին գիշերով, քֆուր-քյաֆարով, անտանելի բառերով, պիվայի շշերը ձեռքներին: Մի բուդկա-Մասկվիչ ունեինք, դրանով ամուսինս տղուս հետ տներից պառեր էր կտրում, տանում հանձնում էր, յոլա էինք գնում: Էդ տղերքը բարձրացան մեր մեքենայի վրա: Էս հարկում տղամարդ չկար: Գառնիկն ասեց՝ տղե՛րք, կերած խմածներդ անուշ, բայց կինս հիվանդ ա, գնացեք մեր հայաթից: Տղերքից մեկը, թե՝ ա՛յ բիձա, գլուխդ կոխի բունդ, թե չէ վատ կլինի: Դե՛, մնացածը Գառնիկը ձեզ արդեն պատմել է… Ամուսինս շատ բարի, բոլորի հետ հաց կիսող մարդ է: Կյանքում մի մրջյուն կոխած չկար, ոնց որ սատանայական բան լիներ էդ դեպքը»: 

Հիմա ընտանիքը գոյատեւում է Գառնիկի թոշակով: Տիկին Նաիրան ասում է, որ դրանով մի քիչ ուտելիք են կարողանում ուղարկել բանտ, մնացածով էլ սննունդ ու դեղեր են գնում: 

«Մի ամբողջ ընտանիք իր կյանքի, առողջության գնով հայրենիք պահի, հող պահի, ու էսօր ազատամարտիկի ընտանիքը էս օրով ապրի՝ մի օր սոված, մի օր կուշտ յոլա գնա»,- ասում է Նաիրա Առաքելյանը:

Գառնիկ Առաքելյանը դեռ 4 տարի էլ պիտի կրի պատիժը: Իսկ պայմանական վաղաժամկետ ազատման համար անհրաժեշտ պայման է, որպեսզի վճարվի քաղաքացիական հայցը, որը ներկայացրել է տուժող կողմը: Սկզբում նրանք դատարանին են ներկայացվել 3 միլիոն դրամի չափով հայց՝ որպես թաղման արարողության ծախս: Հետո դատարանն այն դարձրել է 1 միլիոն 950.000 դրամ: Գառնիկ Առաքելյանը ազատազրկված է և հնարավորություն չունի աշխատելու, որպեսզի հավաքի այդ գումարը, ինչպես շատ այլ ազատազրկվածներ, ովքեր ունեն քաղաքացիական հայցեր: Ստիպված Գառնիկի տղան մեկնել է Ռուսաստան, որպեսզի և՛ աշխատի ու ընտանիքը պահի, և՛ գումար հավաքի քաղաքացիական հայցի համար:      

Նաիրա Առաքելյանը մեզ հետ զրույցի ողջ ընթացքում արտասվում էր, արցունքները մաքրում այտերից ու շարունակում պատմել կռվի, անցած ու ներկա դժվարությունների մասին: «Աղջիկս դեռ սայլակի մեջ էր: Ափսոս, որ Վոժդը (Մուշեղ Մխոյանը Նաիրայի եղբյարն է- հեղ.) չկա, չկա Վազգեն Սարգսյանը, կպատմեին մեր ընտանիքի մասին, թե ինչպես ենք մասնակցել պատերազմին, հավատացել, որ վաղվա օրը լավը կլինի մեր էրեխեքի համար: Մտածում էի՝ կմեռնենք, բոլորս միասին կմեռնենք: Ու միշտ միասին ենք եղել: Ապրում էինք Ասկերանի Բալուջա գյուղում: Կճողուտում ծնողներս էին ապրում, երբեմն, երբ շատ թեժ կռիվներ էին լինում, էրեխեքիս թողնում էի ծնողներիս մոտ ու գնում Գառնիկի հետ: Տղաս 9-10 տարեկան էր, վիրավորվեց ռումբի բեկորներից: Ամուսինս էլ վիրավորվեց մինի պայթյունից: Ասկոլկեքը մեջքի մեջ բերեցինք Երևան: Մանր-մունր բեկորները հանեցին մեջքից, բայց ամենախորը բեկորը ներսում է, բժիշկները հրաժարվեցին վիրահատել, կարող էր չքայլել»,-արցունքն աչքերին պատմում էր Նաիրան:

Աղջիկը՝ Ինեսան ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, Հայաստանի քառակի չեմպիոն է ձյուդո մարզաձևից: Մարտ ամսից չի աշխատում, քանի որ փակվել է աշխատավայրը, նոր աշխատանք է փնտրում, զուգահեռաբար խնամում հիվանդ մորը:   

Ինեսան պատմեց, որ իրենց բնակարան չեն տալիս որպես Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած ընտանիքի: Պատճառաբանում են, որ Հայաստանում 10 տարվա գրանցում չունեն: Հանրակացարանի սենյակի տերը համաձայնել է 2009թ. գրանցել Գառնիկին: «Ո՞վ կգրանցեր իր տան վրա մեկ ուրիշին: Էդպես էլ մենք բնակարան չստացանք»,-ասաց Իննեսան: 

Վերջում Գառնիկ Առաքելյանի կինը խնդրեց իր խոսքը հասցնել մարդկանց, առավելապես որոշում կայացնողներին. «Բայց գնալով համոզվում եմ, որ մեր երկրում ամեն ինչ Սերժ Սարգսյանի ձեռքին է: Դիմում եմ նրան՝ որպես պատերազմ տեսած, կռված մարդու, խնդրում եմ, որ մայիսի տոների համար ներում շնորհի ազատամարտիկներին, Գառնիկին, նա հանցագործ չի, նա հայապաշտպան է»:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (4)

Liana
էս ինչա կատարվում մեր երկրում, կարդում եմ հոդվածներն ու սիրտս կծկվումա, ես ընտանիքին համբերություն, կաղոթեմ Ձեզ համար
Զարուհի
Սկզբում տուժող կողմը դատարանին է ներկայացել երեք միլիոն դրամի չափով հայց՝ որպես թաղման արարողության ծախս: Հետո դատարանն այն դարձրել է միլիոն ինը հարյուր հիսուն հազար դրամ: Գառնիկ Առաքելյանը ազատազրկված է և հնարավորություն չունի աշխատելու, որպեսզի հավաքի այդ գումարը, ինչպես շատ այլ ազատազրկվածներ, ովքեր ունեն քաղաքացիական հայցեր: Կարծում եմ՝ օլիգարխներից մեկը կարող է այս գումարը վճարել Առաքելյաններին, այլապես Գառնիկը չի կարող պայմանական ազատվել: Թող կարդան նրանք ու հետևություններ անեն:
Մարիամ
Նմանատիպ հոդվածների փոխարեն կարելի է վերցնել ազատամարտիկներին հատկացված բնակարանների պաշտոնական ցուցակը, ստուգել, թե հիմա ովքեր են ապրում: Չի բացառվում, ու Ազգային բանակի մի պաշտոնյա այդ ընտանիքի անունով մի բնակարան ստացել և վաճառել է:
Զարուհի
Խոսքը բնակարանի մասին չէ, բնակարան հատկացվում է տասը տարի Երևանում գրանցում ունեցող հաշմանդամ ազատամարտիկներին: Խոսքը քաղաքացիական հայցի մասին է, որը Գառնիկին պարտավորեցրել է դատարանը վճարել որպես տուժողի թաղման ծախս: Այդ գումարը չվճարելը թույլ չի տա նրան մի քանի ամիս անց պայմանական ազատվել ու գա իր ընտանիքի գլխին լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter