HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանի որդին միակ ինքնապաշտպանվողն էր

Այս տարվա սեպտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում կարճվեց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քննչական մարմինը հաստատված էր համարել, որ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանել են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին և, որ նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Այսինքն` կիրառվել էր քրեական օրենսգրքի 42 հոդվածը, որի 2-րդ կետը սահմանում է. «Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում` մահ»: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվել էր Ավետիք Բուդաղյանը, ծանր վիրավորվել նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը:

«Հետքը» փորձեց պարզել, թե տարեկան միջին վիճակագրությամբ քանի անգամ է կիրառվում քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածը, և քանի անգամ է այդ հիմքով քրեական հետապնդում դադարեցվել: Խնդրել էինք նաև օրինակներ ներկայացնել: Հարցումներն ուղարկվեցին երեք մարմինների` ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատական դեպարտամենտ և ՀՀ ոստիկանություն: Պատասխանները կրկնեցին մեկը մյուսին. «Նման վիճակագրություն չի վարվում»:

 Իսկ ոստիկանությունից պատասխանել էին, որ 42 հոդվածի հիմքով կատարված գործողությունը հանցագործություն չի համարվում, դա է պատճառը, որ չի հաշվառվում:

 

ՀՀ-ում, ըստ գլխավոր դատախազության ներկայացրած վիճակագրության, 2012-ին գրանցվել է 156 առանձնապես ծանր հանցագործություն, թվով 50 սպանություն: Այդ 50-ից մեկի դեպքով արդյո՞ք հանգամանքները չեն համապատասխանել անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, այդպես էլ պարզել չհաջողվեց: Իսկ Ազգային վիճակագրական «Իրավական վիճակագրություն» բաժնում ներկայացված են սպանությունները` ըստ տեսակների:  

«Հետքի» հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը նշեց. «Միգուցե նման վիճակագրություն չի վարվում, բայց ի սկզբանե, երբ հարուցվում է քրեական գործ սպանության փաստի առթիվ, կասկածյալներ, մեղադրյալներ են ներգրավվում, պարտավոր են հաշվառում անել: Անհրաժեշտ աշտպանության հատկանիշները նախաքննությամբ են միայն պարզ դառնում: Եվ ցանկության դեպքում, պատկան մարմինները կարող էին ներկայացնել 42 հոդվածի հիմքերով քրեական հետապնդումների կարճման վիճակագրություն»: Իսկ առհասարակ, ըստ Հայկ Ալումյանի, «Սյունիքի գործով» անհրաժեշտ պաշտպանության հիմնավորումը իրավաբանության ու տրամաբանության հետ ոչ մի կապ չունի: Ավելին`փաստաբանը գտնում է, որ խեղաթյուրվել են հանգամանքները, և այդ որոշումները կայացվել են Խաչատրյանների ցուցմունքների հիման վրա: Որոշումներն այժմ վիճարկվում են դատարանում:

 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ըստ ՀՀ ՔՐ. Դատավարության օրենսգրքի Հոդված 24-3.-ի՝ Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է քրեական օրենքով: ԵՎ չնայաց ըստ այդ օրենսգրքի քննիչները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում՝ 1) քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի. , սակայն նրանք, իշխանությունների հովանավորչությամբ, ակնհայտորեն հանցակազմ պարունակող և դատարանով բացահայտվող քրեական գործերը առանց որևէ վախի անօրինաբար կարճում կամ կասեցնում են: Սերժիկ Սարգսյանը յուրացրել է մեր հանրապետության ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter