HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մշակույթի նախարարությունը չի հրաժարվել Գառնիի տաճարում սրճարան կառուցելու մտքից

Երկու ամիս  առաջ հասարակության ակտիվ նախաձեռնությունների եւ ճնշումների ներքո մշակույթի նախարարությունը հայտարարեց «Գառնի»  պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին: Սակայն այն, ըստ էության, խաբկանք էր հանրությանը լռեցնելու համար: Շինարարությունը նախաձեռնած «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դրանից հետո պարտավորված էր վերացնելու շինարարության հետքերը, վերականգնելու տաղավարներ տեղադրելու նպատակով քանդված հենապատը:

Արգելոց-թանգարանի տարածքում սրճարան կառուցելու ծրագրից հարկադրաբար հրաժարվելուց հետո ՊՈԱԿ-ը հայտարարեց շինհրապարակի վերածած տարածքը բարեկարգելու մասին: Սակայն, պազվում է, որ քանդած հենապատը վերականգնելու հետ մեկտեղ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բետոնապատել են տարածքը` այն հարմարացնելով տաղավարներ տեղադրելուն:

Մինչ այդ, Գառնիի տաճարում սրճարան կառուցելու հարցը քննարկվել էր  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ:

Քննարկմանը մասնակցել էին նաեւ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները եւ Գառնի համայնքի ղեկավարը, որոնք հիմնավորել էին, որ արգելոցի տարածքում անթույլատրելի է տնտեսական գործունեություն իրականացնելը, եւ ՊՈԱԿ-ը շինարարության թույլտվություն չի կարող ստանալ: Բացի այդ, ՊՈԱԿ-ի խնդիրը պատմամշակութային հուշարձանների պահպանումն է եւ ոչ թե տնտեսական գործունեություն ծավալելը:

Սակայն, մինչ օրս մշակույթի նախարարությունը ոչինչ չի ձեռնարկել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում առկա խնդիրները լուծելու համար: Մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք 3-րդ դարի Արքունի բաղնիքի խճանկարի քանդվելու մասին: Ավելի քան երեք տարի է ձմռան հալոցքներից ջուրը ներծծվելով քանդում է դիցաբանական բովանդակությամբ խճանկարը, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել վթարային վիճակը վերացնելու եւ խճանկարը փրկելու համար: Չբարեկարգվեց անգամ արգելոցի տարածքի սալիկապատ ճանապարհը:

Մեկնաբանություններ (4)

նազարապետ
Բոշի երեսներ, թքիր ինչքան ուզես: Իրենց ուզածին պիտի հասնեն ամեն գնով: Հին վրչապետ, նոր վարչափետ - էծի ցա՜վ: Պետության ու պետականության տնազ! Երկրի վրան կեղտոտել ան ու մեջը թավալ ան տալիս բախտախնդիր անպիտանները: Ամեն ինչ կտան, մենակ թե ԱԹՈՌԻՑ ՉՊՈԿՎԵՆ, թե չե որ պոկեցին կարող է հենց Գառնիի ձորն էլ գլորեն:
Արուսյակ
Պետական բարձր հովանու ներքո այս թուրքացած բարբարոսներից փրկություն չկա՞: Միայն տականքները կարող են պղծել հայ ազգի վեհագույն ամրոցը: Դրանց նողկալի որկրամոլ, պիղծ երախները հնարավոր չէ՞ այնպես զմռսել, որ հավիտյան մնան զմռսված: Բավական չէ՞, արդյոք, մեր ազգի առանց այն էլ ծայրաստիճան պրկված նյարդերը բզկտեն, հոշոտեն իրենց պիղծ թաթերով:
nune
mer azgi mech ayskan anamotner yerp haytnvecin .
Մանվել
առանց նեղանալու... յուրաքանչյուր անգամ անմխիթար, քանդված կամ անտարբերության մատնմված հուշարձան եմ տեսնում, միանգամից հիշում եմ համապատասխան կառույցների համապատասխան պաշտոնյաների ծնողներին՝ հանձինս էն բեղավորի, ով իրեն դրել է մեծ կղանքի տեղ ու փթած գրչի հարրվածներով ազգադավ որոշումներ կայացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter