HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հետ վերադարձած միգրանտները Վայոց ձորում ԵՄ օգնությամբ փորձում են փոքր բիզնես զարգացնել

Արտերկրում նույն աշխատանքի դիմաց երկու անգամ քիչ վարձատրությունը երբեմն կարող է խթան հանդիսանալ, որպեսզի միգրանտը աշխատանք որոնի սեփական երկրում:

Մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ, 54-ամյա վայքեցի Իշխան Զաքարյանը Նագինսկում(Ռուսաստանի Դաշնություն) մեծ շենքերի մոնտաժային աշխատանքներ էր կատարում: Մի քանի ամիս աշխատելուց հետո նկատել է, որ ռուս աշխատողներն ստանում են ամսական 60 հազար ռուբլի (700 հազար դրամ), իսկ ինքը 25 հազար՝ 300 հազար դրամ:

«Ես դրանից շատ հիասթափվեցի,- ասում է Իշխանը,- բացի այդ իրենք աշխատում էին 09.00-17.00 աշխատանքային գրաֆիկով, իսկ մենք՝ 08.00-20.00  ու անում էինք նույն աշխատանքը»:

Վայոց ձորի Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Ռուսաստանում աշխատանք փնտրողների մի մասը նույն հաջողությամբ կարող է իր ընտանիքի բարեկեցությունն ապահովել սեփական գյուղում, սակայն սոցիալական օգնությունները մարդկանց ծուլության մատնեցին:

«Մեր տարածքը գյուղատնտեսական մեծ հնարավորություններ ունի ու եթե 30 տոկոսն էլ զբաղվեն անասնապահությամբ՝ համոզված եմ, որ լավ են ապրելու,- ասում է նա,- բայց մարդիկ կան, որ գնում են 6-7 ամսով ու չեն էլ կարողանում ապրել, ամբողջ ձմեռ խանութից պարտքեր են կուտակում, որ գարնանը նորից գնան, մինչդեռ կարող են այստեղ 5 հատ կով պահել ու մարդավարի ապրել: Խոտ հնձելը մի քիչ դժվար կլինի, բայց մենք 20 տարի առաջ մայիսին հազարավոր տոննաներով խոտ էինք հնձում»:

Վայոց ձորը հանրապետության փոքր մարզերից է,  ունի երեք քաղաք: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Վայոց ձորում ապրում է մոտ 52 հազար մարդ, որից մոտ 70 տոկոսը՝ գյուղական վայրերում: Այս մարզում ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն  է:

Մարզպետ Էդգար Ղազարյանի խոսքով՝ գյուղատնտեսությունը մարզում դիվերսիֆիկացված է, և բոլոր ճյուղերն էլ համաչափորեն զարգացած են՝ անգամ համայնքներում:

«Մեր համայքների մեծ մասում գյուղատնտեսությունով զբաղվելով մարդիկ կարողանում են հոգալ իրենց ընտանիքների կարիքները, և առանձին դեպքերում նույնիսկ կարողանում են մեքենա գնել, վերանորոգել իրենց տունը, և դա կախված նրանցից, թե ոնց են վարում իրենց տնտեսությունը»,- ասում է նա:

Մարզպետի խոսքով, թեպետ մարզում արտագաղթ կա, սակայն արտագնա աշխատանքը հիմնականում բնորոշ է մեծ քաղաքներին, որտեղ խորհրդային տարիներին զարգացած արդյունաբերություն է եղել:

Հայաստանի բոլոր տասը մարզերից Վայոց ձորն ունի աղքատության ամենացածր ցուցանիշները. 2012թ. տվյալներով ծայրահեղ աղքատ են մարզի  0.5 տոկոսը, իսկ աղքատ են՝  20.7 տոկոսը՝ ընդհանուր բնակչության աղքատության թվում կազմելով 1.8 տոկոս համամասնություն:

Իշխան Զաքարյանը  Ռուսաստանից հետ վերադառնալուց հետո մասնակցում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կազմակերպած բիզնես-թրեյնինգին և ցանկանում է հիմնել իր բիզնեսը Վայքում:

«Նախկինում ունեցել եմ էլեկտրասարքերի սպասարկման կոոպերատիվ կենտրոն, որը հետո ուզում էի հիմնել Մոսկվայում, սակայն այնտեղ մեծ ներդրումներ էր անհրաժեշտ, ու ստիպված ուրիշների համար էի աշխատում,- պատմում է  նա,- հիմա այդ կենտրոնն ուզում եմ բացել Վայքում: Մարդիկ կարող են զանգահարել ու վերանորոգման բերել բոլոր տեսակի էլեկտրական սարքավորումներ. լվացքի մեքենա, սառնարան, ֆեն, փոշեկուլ թե այլ իր»:

Բիզնես թրեյնինգին մասնակցում են 22 հոգի՝ հիմնականում Վայք քաղաքից, նաև Եղեգնաձորից և հարակից գյուղերից:

«Տպավորություն է, որ մասնակիցներն ուզում են մնալ տանը, քանի որ մի մասն ընտանիք ունի և հոգնել է գնալ-գալուց, ու նաև կարծում են, որ եթե այստեղ կարողանան աշխատել այն գումարի կեսը, որ  աշխատում էին ՌԴ-ում՝ կմնան»,- ասում է թրեյնինգի դասընթացավար Լիլիթ Հակոբյանը:

Մեկ այլ վայքեցի՝ 49 ամյա Արմեն Ավագյանը, 6 տարի շարունակ Տյումեն գնալ-գալուց հետո որոշել է տեղում գյուղատնտեսությամբ զբաղվել, քանի որ տնտեսած գումարով գնել է 10 խոշոր եղջերավոր անասուն և ունի ֆերմա:

«Հյուսիսում ապրելը հեշտ չէ, ու ես չորս երեխա ունեմ, փոքր տղաս 8 տարեկան է ու շատ էր կարոտում, գալիս մեկ ամիս մնում ու գնում էի, - ասում է Ավագյանը,- հիմա ուզում եմ գործս ընդլայնել, խոտհնձիչ առնել, կթող սարքեր և լայնացնեմ իմ անասնապահական ծրագրերը, քանի որ մեր մոտ կաթի պահանջարկ կա, այլևս հոգնել ենք գնալուց»:

Բիզնես թրեյնինգներն իրականացվում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրված միգրացիոն ռեսուրս կենտրոններում, որոնք գործում են Զբաղվածության ծառայություններին կից: Դասընթացն ավարտից հետո մասնակիցները ներկայացնելու են իրենց բիզնեսը զարգացնելու ծրագիր, որը գնահատող հանձնաժողովի հավանությանն արժանալուց հետո կստանա 3000-5000 եվրո գումարի չափով աջակցություն: Աջակցությունը տրամադրվելու է ոչ թե զուտ գումարի, այլ անհրաժեշտ սարքավորումների տեսքով, որը բիզնեսը հաջող զարգացնելուց հետո կմնա շահառուին:

Լիլիթ Հակոբյանը նշում է, որ խմբում, այդուհանդերձ հուսահատ տրամադրություններ կան, որովհետև նրանց մեծը մասը հուսախաբված է, ունի դառը փորձ, և որոշ դեպքերում թերահավատորեն է վերաբերվում այս հնարավորությանը:

«Սակայն խմբից առնվազն 5-6 հոգու մոտ բիզնեսի նկատմամբ ձիրք կա, ու նրանք ամեն դեպքում և ամեն գնով շարունակելու են իրենց ստեղծած գործը»,- ասում է նա:

Ժողովրդագիր, միգրացիոն հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյանն ասում է, որ արտագնա աշխատանքը, որը միգրացիայի մեկ ճյուղերից է, այժմ միտում ունի վերաճելու անվերադարձ միգրացիայի:

Ռ.Եգանյանը փաստում է, որ միգրացիան պայմանավորված է տնտեսական-սոցիալական-բարոյահոգեբանական համալիր գործոններով և համակարգային հիվանդություն է:

«Իսկ հիվանդության բուժում նշանակում է հիվանդածին պատճառների վերացում: Եթե այդ ախտանիշները չվերականգնվեն՝ որևէ բուժում կլինի կոսմետիկ և կունենա մինիմալ ազդեցություն»,- ասում է Ռուբեն Եգանյանը:

Հետ վերադարձած միգրատների համար կազմակերպված բիզնես աջակցությունն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ»  և «Հայ օգնության միություն» կազմակերպությունների՝ ԵՄ կողմից 1 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորմամբ «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter