HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տղաների ընդվզումը համակարգային փոփոխության համար էր»

38-ամյա պահեստազորի մայոր, Հայոց բանակում 20 տարի ծառայած Արմեն Հովհաննիսյանը 6 ամիս է՝ բանտում է: Նա Շանթ Հարությունյանի հետ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ձրբակալված, այնուհետև կալանավորված 14 քաղաքացիներից մեկն է: Արմենի խնամքին գտնվող 3 անչափահաս երեխաները՝ 15, 14, 13 տարեկան Աննան, Միշան ու Վիկան 6 ամիս է՝ գոյատևում են առանց կերակրողի: Վերջերս էլ Արմենի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:    

Շողեր Հակոբյանն ամուսնուն՝ Արմեն Հովհաննիսյանին մոտ լինելու համար Կապանից տեղափոխվել է Երևան. «Ինձ շատ դժվար էր Կապանից Երևան գալ ու ետ դառնալ: Ես մեղավոր էի ինձ զգում, որ չէի կարողանում մասնակցել տարբեր ակցիաների, ամուսնուս հասցնել այն, ինչի կարիքն ունի «Նուբարաշենի» բանտում: Ստիպված տեղափոխվեցի Երևան: Տուն վարձեցի, բարի մարդիկ ինձ աշխատանք տվեցին, փառք Աստծո»,- ասում է  Շողեր Հակոբյանը: 

Արմենը ծնվել է Ռուսաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել Հայաստան, ապրել են Քաջարան քաղաքում: Դպրոցն ավարտելով՝ ապագա զինվորականը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ սովորելու տեղի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում: Ապա նա վերադարձել է հայրենիք, անցել ծառայության՝ մոտ 20 տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ Իջևանում, Սովետաշենում, Կապանում ու Վայքում: Վերադաս հրամանատարության կողմից բնութագրվել է որպես կարգապահ, բարձր պրոֆեսիոնալիզմով զինվորական: Բանակաշինության գործում ունեցած ներդրման համար Արմեն Հովհաննիսյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», արիության համար 1-ին, 2-րդ աստիճանի և ՀՀ ԶՈՒ 20 տարվա հոբելյանական մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Երբ զորացրվել է, ընտանիքով գնացել են Կապան: Դեռ թոշակի հարցերը չկարգավորած՝ նրան ձերբակալել են: Արմենը բանտից լիազորել է կնոջը ձևակերպել թոշակի հարցերը, որ ընտանիքը գոնե կարողանա այդ գումարով մեղմել սոցիալական վիճակը: 

Շողերն ասաց, որ ամուսինը, լինելով զինվորական, երբեք աչքի չի ընկել իր ընդգծված քաղաքական հայացքներով: Պատահաբար «Ֆեյսբուքով» է տեսել տղաների լուսանկարներն, ովքեր Ազատության հրապարակում նստացույց էին անում:

«Նրանց ճանաչում էր, գիտեր Շանթին, Վարդանին: Արմենն ինձ ասաց, որ ուզում է ինքն էլ գնալ, ասաց, որ այնտեղ այնպիսի տղաներ են, որ պարտավոր է նրանց կողքին լինել: Մտածեցինք խաղաղ երթ, բողոքի ակցիա է լինելու: Եկավ Երևան, հետո երեկոյան հեռուստատեսությունից  ու համացանցից իմացա, որ տղաներին ձերբակալել են: Նրանք սադրանքի զոհ էին դարձել»,-ասաց Շողերը, ով սկզբում ամուսնուց լուր չի ունեցել, իսկ  գտնվելու վայրը մի քանի օր անց է իմացել: 

Շողեր Հակոբյանը կալանավորված քաղաքացիների կանանց հետ պայքարել է տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելանքի վերացման համար, մասնակցել է ստորագրահավաքների կազմակերպմանը:

 «Հասանք նրան, որ հանվեց այդ արգելքը, մտածում էի, թե վերջապես կգնամ, կտեսնեմ Արմենին: Բայց դեռ չգիտեի, թե ինչ է սպասվում ինձ: Երբ առաջին անգամ գնացի «Նուբարաշենի» բանտ Արմենին տեսնելու, մեծ սթրես ապրեցի. կեղտոտ պլաստմասե երկու շերտերի հետևից Արմենը հազիվ էր երևում, շատ ճնշող էր, չէր կարելի նույնիսկ մոտենալ-գրկել: Սկսեցի լաց լինել, դուռն էի ծեծում, ուզում էի դուրս գալ, այնքան խփեցի դռանը, մինչև եկան ինձ դուրս տարան: Հիմա այլևս չեմ գնում տեսակցության: Պարզապես տանում եմ սնունդ ու գրքեր»,- պատմում է  Շողերը: 

«Հետքի» հետ զրույցում Շողերը նշեց, որ ուսումնասիրել է կալանավորված 14 տղաների գործունեությունն ու անցած ճանապարհը: Ասաց, որ նրանց մեծ մասը կռված տղաներ են, ովքեր չեն դրոշակահարել, որ մասնակցել են պատերազմին, անգամ մի վկայական չունեն, իսկ երբ իջել են սարերից, անգամ ֆիդայական հագուստն են հանել, որ ավելորդ անգամ չշեշտեն, թե ռազմի դաշտից են եկել: 

«Ազնիվ, հայրենասեր, նվիրվող, անբասիր կենսագրություն ունեցող տղաներ են, որոնց հերոսությունների մասին  թերթերում չեն գրվել: Շատ վիրավորական է, քանի որ տեսնում ենք, որ մարդասպաններ կան, ովքեր փողոցով հանգիստ քայլում են, նրանք մեկ օր էլ չեն պատժվել: Իսկ հայրենիք պահած տղաները այսօր բանտերում են: Տղաներին գերի են պահում»,-ասաց Շողերը՝ կարծիք հայտնելով, որ նրանց բանտեր տանելով, իշխանությունները ուզում են լռեցնել այդ տեսակի ձայնը:   

«Տղաների ընդվզումը համակարգային փոփոխության համար էր: Կարծում եմ՝ իշխանությունը չի կարող հավերժ անել այն, ինչ ուզում է...Ես անընդհատ սպասում եմ, որ Արմենը պիտի դատարանի դահլիճից ազատվի: Կարող է ինքնախաբեություն է, կարող է շատ եմ ուզում, որ այդպես լինի, դա է պատճառը, որ մտածում եմ, թե տուն է գալու դատարանից: Նման ելք ուզում եմ նաև մյուս տղաների համար: Նրանք արժանի են ազատության»,-ասաց Շողեր Հակոբյանը:

Մեկնաբանություններ (4)

Գևորգ
Խորհրդային բռնապետությունը փառք էր սրանց դեմ !!!
Հոդվածագրին շնորհակալություն!
Ուր է, հետ բերեք այդ խորհրդային բռնապետությունը, երանի կտանք! Ինչի՜ց փախանք - ինչի՜ մեջ ընկանք: Երեւեւում է լրիվ ջահել ես Կարո ջան: Շատ եմ խնդրում չնեղանաս, այլ գնաս պապի, տատի հետ զրուցես մի քիչ: Սխալ բաներ շատ կար անշուշտ, բայց նման աշկարա «բեսպրեդել» ու անամոթություն հաստատ չկար:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանին ո՛չ խորհրդային, և ո՛չ էլ հայաստանյան բռնապետություն է պետք: Իսկ ես համոզվա՛ծ եմ,որ՝ «իշխանությունը չի կարող հավերժ անել այն, ինչ ուզում է...»: Դրսից փչող քամիները փլելու են հայաստանյան օլիգարխային բուրգը. սոսկ ժամանակի հարց է: Աշխարհի միակ գերուժ ԱՄՆ-ն որոշել է կիսել ԼՂՀ-ն 2 մասի ( հայկական ու ադրբեջանական),որից հետո հայաստանյան օլիգարխային կլանի ոսկե ձկնիկ Ղարաբաղը դուրս կցատկի: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև (տաք ու սառը) պատերազմն արդեն անխուսափելի է և ՏԱՐԻՆԵՐ է տևելու: ................................ՀԳ.-1. Մայիսի 10-ին Կապանում ռազմահայրենասիրական միջոցառումներ էր կազմակերպված՝ Շուշիի ազատագրման ու 1994 թվի մայիսի 12-ին կնքված զինադադարի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Կապանում այս միջոցառումը կազմակերպվել էր ՕՏԱՐ հանքային-մասնավոր ԲԻԶՆԵՍ «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ընկերության տնօրինության կողմից: Մասնավոր ԲԻԶՆԵՍ «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ընկերության ՕՏԱՐԱԶԳԻ տնօրենը օր ու գիշեր այցելում է ՀՀ բանակի զորամասեր: ..................................ՀԳ. -2. «Նժդեհական» ՀՀԿ-ին ԿԵՆԴԱՆԻ ազատամարտիկներ պետք չեն:
Կարո
Տպավորությունն այնպիսին է,որ մենք դեռ խորհրդային բռնապետությունում ենք ապրում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter