HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստանա. ծուղակ եւ խայտառակություն-1

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Ապրիլի 29-ին Աստանայում տեղի ունեցավ երկար սպասված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տրոյկայի նիստը, որի գլխավոր իրադարձությունը 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Եվրասիական տնտեսական միության մասին հիմնադիր պայմանագրի ստորագրումն էր:

Եթե տրոյկայի պետությունները կարող են ցնծալ անցած ամիսներին այդ պայմանագրի շուրջ դժվարին բանակցություններում իրենց պետությունների շահերի մասնակի կամ ամբողջական բավարարմանը հասնելու համար, ապա Հայաստանի համար Աստանայի նիստը հիշարժան կմնա երկու տհաճ անակնկալի պատճառով. 1. տրոյկայի երկրների նախագահներին ուղղված Իլհամ Ալիեւի նամակի հրապարակումը, որը Սերժ Սարգսյանի գնահատմամբ «տհաճ» էր, եւ 2. Հայաստանի «եվրասիական ինտեգրացիայի» գործընթացի՝ խնամքով կազմակերպված ու իրականացված տորպեդահարումը: 

Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ո՞վ էր Աստանայի այդ ներկայացման կազմակերպիչը: Այս երկու օրերին փորձագիտական ու լայն հանրությունը գերազանցապես կենտրոնացած է տրոյկայի նիստում Ալիեւ-Նազարբաեւ դուետի կողմից հայոց ազգային-պետական արժանապատվությանը հասցված վիրավորանքի, հենց տեղում Սերժ Սարգսյանի կողմից դրան չարձագանքելու, իսկ մայիսի 31-ին էլ՝ ոչ միայն ուշացած, այլեւ, մեղմ ասած, տարակուսելի արձագանքի վրա:

Սակայն հիշյալ դուետի բեմադրած սկանդալից անդին կան խնդիրներ, որոնք ամենեւին ուշադրության չեն արժանացել եւ ոչ պակաս կարեւոր են ընթացող «խաղի» նրբերանգները հասկանալու առումով:

Հայաստանի նոր անորոշությունը. Մաքսային միությունը մեռավ, կեցցե Եվրասիական տնտեսական միությունը

Դեռեւս ապրիլի 29-ին Մինսկում տրոյկան ընդունել էր «Բելառուսի հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («Ճանապարհային քարտեզ») իրականացման աշխատանքների ընթացքի մասին» N65 որոշումը:

Դրա 2-րդ կետով Եվրասիական հանձնաժողովին հանձնարարվել էր Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների հետ միասին «մինչեւ 2014թ. հունիսի 1-ը ապահովել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի նախագծի նախապատրաստումը՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման հաշվառումով եւ այն ներկայացնել Եվրասիական բարձագույն տնտեսական խորհրդի քննարկմանը»:

Բնական էր, որ ի տարբերություն տրոյկայի ապրիլ 29-ի նիստի (որին Սերժ Սարգսյանը չմասնակցեց), այս անգամ Հայաստանի նախագահն անպայման կհրավիրվի եւ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մայիսյան նիստին, քանի որ Հայաստանի դեպքում ժամկետ էր ամրագրված վերոնշյալ պայմանագրի նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու համար:  

Աներկբայորեն, հիշատակման արժանի է նաեւ մայիսի 26-ին Կրեմլի պաշտոնական կայքէջի հաղորդագրությունը, որի համաձայն երեք երկրների նախագահների կողմից Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրի ստորագրումից, Մաքսային միության ու միասնական տնտեսական տարածքի գործառնության գործնական ասպեկտները քննարկելուց բացի Աստանայում «քննության կառնվեն (будут рассмотрены) եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասնակիցների կազմի հետագա ընդլայնման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու եւ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ-իրավական բազային Ղրղզստանի օրենսդրության ադապտացիայի ճանապարհային քարտեզի մշակման հարցերը»:

Տրոյկայի ապրիլի 29-ի որոշումը, այլ որոշումներն ու Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունն ընթերցող ցանկացած մեկը միանշանակ կարող էր սպասել, որ 1. Եվրասիական տնտեսական միության մասին հիմնադիր պայմանագիրը ստորագրվելու է միայն երեք պետությունների կողմից, եւ Հայաստանը նրանց շարքում չկա, 2. Հայաստանին առնչվելու է միայն նախապատրաստված պայմանագրի նախագծի դիտարկումը եւ առավելագույնը կարող է տրոյկայի մակարդակով որոշում ընդունվել այն ստորագրելու ժամկետի մասին:

Սակայն, մի էական մանրունք աչքի է զարնում վերը մեջբերված պաշտոնական տեքստերում: Վերստին ուշադրություն դարձնենք, որ տրոյկայի ապրիլի 29-որոշման մեջ (նաեւ նախկին փաստաթղթերում) խոսք է գնում Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի նախագծի մասին: Մինչդեռ Կրեմլը մայիսի 26-ին խոսում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու մասին: Սրանք տարբեր բաներ են: Նկատենք, որ նույն օրվա հաղորդագրության մեջ Ղազախստանի պարագայում Կրեմլը խոսում է Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ-իրավական բազային այդ երկրի օրենսդրության ադապտացիայի մասին:

Պատահական չէ, որ երբ տրոյկայի նիստի նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին լրագրողները Սարդարապատում հարց ուղղեցին, թե արդյո՞ք մայիսի 29-ին Աստանայում Հայաստանը ստորագրելո՞ւ է Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը, նա հայտարարեց. «Եթե որեւէ բան ստորագրելու լինեինք, մենք կհայտարարեինք այդ մասին. Աստանան կկայանա, կտեսնեք»:

Ասել է, թե՝ ԱԳ նախարարը չէր կարող ասել, որ փաստաթուղթն այլեւս չի կոչվում «Պայմանագիր Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին» ինչպես այն անվանվում է «ճանապարհային քարտեզում», եւ որ դա այլեւս անցած ու ձախողված էտապ է: Նա նաեւ չէր կարող ասել, որ որքան էլ խոսք է գնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին, դեռես կան բանակցելու ենթակա ու չհամաձայնեցված լուրջ հարցեր, հետեւաբար Աստանայում ընդամենը դիտարկվելու է նորաստեղծ միությանը Հայաստանի միանալու հնարավորություններն ու ժամկետը, ինչի կապակցութամբ ընդամենը առաջարկ կա հայկական կողմից: Հավանաբար, ՌԴ նախագահը պաշտոնական Երեւանին ասել էր՝ «եկեք Աստանա, տեսնենք, թե ի՞նչ ենք անում»...

Աստանայում Սերժ Սարգսյանի ելույթը ավելի քան հաստատելու եկավ վերն ասվածը, երբ նա հայտարարեց. «Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը»:

Շնորհակալություն հայտնելով Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին եւ Եվրասիական հանձնաժողովին՝ պայմանագրի նախապատրաստման գործում «խրթին հարցերի մասնագիտական մշակման համար», նա խնդրեց «հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը»:  

Սակայն Տրոյկան չբավարարեց Հայաստանի նախագահի առաջարկը ոչ ժամկետի, ոչ էլ բովանդակության առումով: «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2014թ. ապրիլի 29-ի որոշման կատարման աշխատանքների ընթացքի մասին» N 71 որոշումով հանձնարարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի կառավարությունների հետ միասին «սահմանված կարգով ապահովել Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը ստորագրման ներկայացնելը մինչեւ 2014թ. հուլիսի 1-ը»:  Այսինքն, հաստատվեց ոչ թե ստորագրելու, այլեւ ստորագրման ներկայացնելու ժամկետ:

Միաժաանակ, ի հակառակ տրոյկայի ապրիլի 29-ի ու նախկին որոշումներում օգտագործված պաշտոնական ձեւակերպումների, թե’ Սերժ Սարգսյանը, թե’ Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովը խոսեցին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի մասին:

Դա նշանակում է, որ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու էտապն արդեն իսկ անցյալ են: Անցյալում է նաեւ Հայաստանի անդամակցության հին դրաման, որը բազմիցս տորպեդահարվեց մերթ Բելառուսի, մերթ Ղազախստանի կողմից` չնայած Երեւանի շտապողականությանն ու փութաջանությանը, որը ապրիլ-մայիս ամիսներին անգամ հանգեցրեց անշահագրգռության: Մինչդեռ, մի նոր դրամա առջեւում է՝ Աստանայի մեկնակետով. Աստանան չափազանց լավ լակմուսի թուղթ էր դա հասկանալու եւ տեսնելու համար:

Միանալու «պայմանագրի» առեղծվածը եւ Կրեմլի նոր ծուղակը. էությունը Մաքսային, անունը՝ Եվրասիական

Եվրասիականների կողմից սահուն անցումը մի եզրաբանությունից մյուսին բավական հասկանալի  բացատրություն ունի. 1. Մաքսային միությունը մայիսի 29-ին ընդունվելիք հիմնադիր պայմանագրով վերափոխվում էր Եվրասիական տնտեսական միության թե’ անվան, թե’ կառուցվածքային առումներով: 2. Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի նախկին նորմատիվ-իրավական բազան գործելու է մինչեւ 2014թ. հունվարի 1-ը, երբ ուժի մեջ կմտնեն հիմնադիր պայմանագիրը, նոր Մաքսային օրենսգիրքն ու նորմատիվ-իրավական բազան: 3. Այն բանից հետո, երբ մարտի 5-ին տրոյկան Մաքսային միության եռյակ չընդունեց «ճանապարհային քարտեզը» փութաջանորեն իրականացնող Հայաստանին, Վ.Պուտինը խոստացել էր, որ Հայաստանը կմիանա ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի:

Նշվածի պատճառով ոչինչ տարօրինակ չէր լինի եզրաբանության փոփոխության մեջ, եթե ապրիլին բոլորի համար պարզ չլիներ նշվածը: Մինչդեռ դա հստակ լինելով, ապրիլի 29-ին տրոյկայի որոշման մեջ օգտագործվում է անհեթեթ, մեկ ամսից վերանալու դատապարտված ձեւակերպումը՝ «Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագիր»: Իսկ սա, համաձայնեք, զավեշտ է:

Ընդունենք, որ Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի հիմնադիր լինելուն դեմ եռյակը այդ կերպ վերստին ընդգծում էր, որ նա մայիսի վերջին չի միանալու պայմանագրին կամ պարզապես հավատարիմ է մնում նախկին որոշումներում օգտագործված եզրաբանությանը: Բայց դա խոցելի հիմնավորում է, քանի որ, այսպես թե այնպես, մայիսի 29-ին եռյակը կտրուկ փոխեց պայմանագրի եզրաբանությունը:

Նաեւ ընդունենք, որ Հայաստանի ղեկավարությունը ամաչում է հրապարակավ խոստովանել, որ չի ստացվել մի բան, որը ամիսներով շատ էր ցանկանում ստորագրել, բայց նախկին նախաձեռությունների նման այս մեկն էլ ձախողվեց, իսկ «աջակցություն» խոստացած ՌԴ նախագահ Վ.Պուտինն էլ չկարողացավ կամ չցանկացավ դա իրականություն դարձնել: Հետեւաբար, ընդունենք նաեւ, որ ապրիլի 29-ին այդ եզրաբանության օգտագործմամբ խնամքով թաքցվում էր ձախողումն ու ռազմավարական գործընկերոջ անկարողությունը:

Սակայն, անհեթեթությունը նաեւ նրանում է, որ, դատելով տրոյկայի նիստում Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստիենկոյի ելույթից, պարզ է դառնում, որ չնայած Հայաստանի համար պատրաստված պայմանագիրն այլեւս Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին է, այն իր էությամբ նույնն է, ինչ Մաքսային միությանը միանալու պայմանագիրը պետք է լիներ:

Մասնավորապես, Վիկտոր Խրիստիենկոն զեկուցելով Հայաստանի «ճանապարհային քարտեզի» միջոցառումների կատարման ընթացքն ու միանալու պայմանագրի նախապատրաստման հարցը, հիշեցրեց. «126 փաստաթղթերից, որոնք պետք է ընդունված լինեն մինչեւ պայմանագրի ընդունումը, 190-ը արդեն ընդունված են, իսկ 7-ը մտնում են բուն պայմանագրի մեջ: Ըստ էության, պայմանագրի ստորագրման նախապատրաստման հետ կապված ողջ հարցը ավարտված է: Ինպես ասվեց, այդ պայմանագրի շրջանակներում մնացել են մի քանի բանակցային հարցեր առեւտրական բլոկում: Դրանք անհաղթահարելի չեն, եւ միանգամայն հնարավոր է փոխզիջումներ գտնել ամենասեղմ ժամկետներում, որոնց մասին Սերժ Սարգսյանն ասաց: Եւ եթե ձեր կողմից որոշում ընդունվի, ապա հունիսը կդառնա այն ամիսը, որը մենք կներառենք պայմանագիրը ստորագրման ներկայացնելու համար ձեր քննարկմանը ներկայացվելիք որոշման մեջ»:  Ի դեպ՝ Խրիստիենկոյի խոսքում բաց է մնում 126-ից մնացած 29 փաստաթղթերի «ընդունման»  հարցը:

Հարկ է նկատել, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն արդեն հրապարակվել է, չափազանց հստակ փաստաթուղթ է: Եթե անգամ Հայաստանը դրան հետագայում միանում է պայմանագրով, ապա կա’մ միանում է ամբողջին, կա’մ վերապահումներ է դնում որոշ դրույթների վրա: Այլ տարբերակ գոյություն չունի: Սակայն նկատելի է, որ չնայած իր նոր անվանմանը, բովանդակությամբ այն Մաքսային միությանը միանալու պայմանագիրն է հիշեցնում. տակավին խոսվում է դեռեւս չընդունված փաստաթղթերը/«ճանապարհային քարտեզի» չկատարված պարտավորությունները պայմանագի տեքստի մեջ մտցնելու մասին, այն էլ՝ առեւտրական բլոկում մնացած բանակցային հարցերը սեղմ ժամկետներում բանակցելուց ու փոխզիջումների հասնելուց հետո:

Այս պահին, դժվար է ասել, թե արդյո՞ք պաշտոնական Երեւանը գիտակցում է այս ամենը, թե՞ ոչ: Միգուցե գիտակցում է, եւ իրեն էլ ձեռնտու է, քանի որ այս ամենի հետ մեկտեղ սահուն «ջրվեց» Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու էտապը:

Սակայն, մյուս կողմից, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ գոնե տնտեսական առումներով Հայաստանի իշխանությունները ներդրումային, հումքի էժան ձեռքբերման եւ բազմամիլիոնանոց շուկա մուտքի թույլտվության ակնկալիքներ ունեն Մաքսային միությունից, պարտավոր են հասկանալ, որ Մաքսայինին միանալու դրաման Կրեմլը սահուն վեր է ածում Եվրասիական տնտեսական միությանը միանալու դրամայի, որը տորպեդահարվելու է այնպես, ինչպես տորպեդահարվեց առաջինը:

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հիշեցնում է չկատարված խոստումների մասին

Հիշեցնենք, որ մարտի վերջին ՀՀ նախագահը եւ նախկին վարչապետը հայտարարել էին, թե «ճանապարհային քարտեզի» միջոցառումների 70 տոկոսը արված է, եւ Հայաստանը թեւակոխել է «ավարտական»՝ պայմանագրի մշակման փուլ: Նրանք նաեւ չէին թաքցրել, թե ինչին է վերաբերում պարտավորությունների մյուս 30 տոկոսը.

1.) ՀՀ համար զգայուն որակված շուրջ 800 ապրանքատեսակների մաքսադրույքների բարձրացումը, որը չէին կարող անել տնտեսության վրա ակնհայտ կարճաժամկետ բացասական ազդեցության պատճառով. այս խնդրի լուծման համար Երեւանը վաղուցվանից ակնկալում էր կա’մ չկատարված պարտավորությունների ներառում պայմանագրում՝ դրանք հետագայում կատարելու  պայմանով, եւ/կամ դեկտեմբերի 2-ին Երեւանում Վ.Պուտինի խոստացած «անվտանգության բարձիկի» ու «լրացուցիչ աջակցության» անհապաղ տրամադրում՝ տնտեսության մեջ գնաճից, սպասելի տնտեսական անկումից, գործարարների դժգոհություններից ու սոցիալական ցնցումներից խուսափելու համար:

2.) Մաքսային միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով տարանցիկ մաքսազերծման սխեմաների մշակում, ինչը իմաստ կհաղորդեր այդ միությանը Հայաստանի միանալը եւ հիմք կծառայերի ՄՄ-ին ՀՀ անդամակցության տնտեսական օգուտների մասին խոսելու համար:

Սրանք խնդիրներ էին, որոնք լուծում չէին ստանում փետրվարից սկսած, ինչի պատճառով Հայաստանը չկարողացավ ՄՄ-ին անդամակցել ոչ միայն մարտի 5-ին, այլեւ ապրիլի 29-ին:

Մայիսի 29-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, թե Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ Հայաստանի շահագրգռվածությունը պայմանավորված է երկու գործոնով.  1. «միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձեւավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները», 2. «միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարեւոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս»: 

Արձանագրելով, որ «մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ», Սերժ Սարգսյանը առաջարկեց հունիսի 15-ը hաստատել, որպես Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի հաստատման ժամկետ, հըթնացս վստահություն հայտնելով, որ «2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ եւ մեր գործընկերներին»

Հայաստանի նախագահն այստեղ անշուշտ Վ.Պուտինին անուղղակի եւ լատենտ հիշեցնում է չկատարված խոստումների մասին, ինչը հաստատապես հաճելի չի կարող լինել Մոսկվայի համար: Ինչպես նաեւ նա ակնկալում է, որ 2-3 օրվա ընթացքում Երեւանը կստանա հստակ հավաստիացումներ բարձրացված խնդիրներով: Մինչդեռ դա Մոսկվային պետք չէ ոչ միայն ֆինանսական (Հայաստանին հավելյալ միլիրադներ տրամադրեու ո’չ ցանկություն, ո’չ էլ հնարավորություն ունի), այլեւ քաղաքական առումներով (Հայաստանի համար անորոշությունը նրան ավելի կառավարելի է դարձնում):

Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված ժամկետը՝ հունիսի 15-ը ցույց է տալիս նաեւ Երեւանի այն հաշվարկը, որ մնացած վեց ամիսը իրեն եւ եռյակի պետություններին հարկավոր են գոնե հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համար. «Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում»,-հավաստիացրեց նա:

Սակայն Հայաստանի իշխանություններին լրացուցիչ ինֆորմացիա պետք է ասեն երկու հանգամանք, որի մասին վերը խոսեցինք: Տրոյկան չբավարարեց Հայաստանի պայմանագրի ստորագրման Սերժ Սարգսյանի առաջարկած ժամկետը եւ հունիսի 15-ի փոխարեն ամրագրեց հուլիսի 1: Սակայն, դա ոչ թե Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման ժամկետն է, այլեւ ընդամենը այդ որոշման նախագծի ներկայացման ժամկետ:

Կարեւոր է նաեւ տրոյկայի ընդլայնված նիստում Վիկտոր Խրիստիենկոյի մեկ այլ առաջարկ ու դրա վերաբերյալ ընդունված որոշումը: Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության գործարկման համար որոշ առանցքային ու անհետաձգելի փաստաթղթերի արագ ընդունման համար նա երեք նախագահներին առաջարկեց իրենց օրացույցում նախատեսել տրոյկայի երկու նիստ՝ հոկտեմբերին Մինսկում եւ դեկտեմբերին՝ Մոսկվայում: Սա նշանակում է, որ Հայաստանի միանալու պայմանագիրը կարող է ստորագրվել այդ նիստերում (նախկինում էլ առիթ ունեցել էինք գրելու, որ Հայաստանի հարցը տեղափոխվելու է աշուն) եւ ոչ թե ամառվա ընթացքում, ինչպես կարող է ակնկալել Հայաստանը:

Եթե անգամ լավագույն դեպքում այդ պայմանագիրն ընդունվի հոկտեմբերին, իսկ Հայաստանի Ազգային ժողովն էլ արագացված կարգով վավերացնի այն, վստահաբար նույնը չեն անելու եռյակի մյուս պետությունները: Վերջիններս առաջիկա ամիսներին արագացված ընթացք կտան միայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման գործընթացին, որը պայմանավորվել են անել միեւնույն օրը:

Իսկ Հայաստանի պայմանագիրը դժվար է թե մինչ այդ ստորագրված լինի. ամռան ընթացքում տրոյկայի նիստ նախատեսված չէ:

Եւ վերջապես, այդպիսի դիպաշարի դեպքում դժվար թե Հայաստանի կառավարությունը հասցնի ընդունել «գրեթե 200 օրենսդրական ակտեր եւ ապահովել մի շարք կարեւոր համակարգային վերափոխումներ», որի համար հրակավոր է 6 ամիս: Եթե ասվածին  էլ հավելենք այն, թե արդյո՞ք անցած 2-3 օրերին համաձայնություններ են ձեռքբերվել ամիսներ շարունակ անլուծելի մնացած խնդիրներով, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ սահմանները հստակեցնելու առաջադրված նախապայմանը, ապա նոր դրամայի հարթությունները ամբողջական են դառնում:

Այսինքն, կասկածի տակ է նաեւ հունվարի 1-ից հետո Եվրասիական միության միանալու Հայաստանի հեռանկարը:  Ուստ բնական է, որ ոչ միայն Ալիեւի նամակի անակնկալ հրապարակումից տհաճություն ապրած, այլեւ այսքանը տեսած եւ հաշվարկած Սերժ Սարգսյանը չէր կարող Երեւան վերադառնալ լավ տրամադրությամբ:

Այդպիսով, Երեւանը պետք է հասկանա, որ Մոսկվան ու տրոյկան ոչ միայն փոխհամաձայնեցված տորպեդահարում են իր եվրասիական ինտեգրացիան, նրա համար հարուցում են «տեխնիկական», «ժամանակային» ու քաղաքական խոչընդոտներ, այլեւ նոր ծուղակ են լարել այս անգամ արդեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու առումով եւ նոր դրաման անխուսափելի է լինելու:

Իսկ դա Կրեմլին պետք է կարեւորագույն մի շարք խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կապված. Նազարբաեւի բեմադրությունը նրան չափազանց պետք էր: 

Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Anastas
ըհը՛ հինգը արդեն կան,մնացին մնացած տասը,էտ էլ ըստ լոգիկաի մինչև 2050 թիվ կթամամի(տենաս կգա մի օր,որ Պուտինի մեմուարները գաղտնազերծվեն ու մենք՝«նվաստներս» թեկուզև տասնամյակներ հետո կիմանանք՝ради чего,всё ето!
Arman
Shnorhakalutyun ashxataniqi hamar! Indz hodvac@ mi poqr dur chekav. Hetevyal keteri patcharov 1) Voch mi verlucutyun chka Nazarbayevi namaki masin, Xarabaxi het kapvac 2) Hodvac@ lav chi grvac, kareli er bajanel keteri, entagluxneri, punknteri ev ayln 3) Karcum em verlucutyan ardyunq@ petq e lini lucumner, nor ideaner, arajarkner. Da chkar, miayn verlucutyun. 4) Shat haykakan er, aysinqn chkar rusakan, amerikyan hodvacneri, ideaneri verlucutyunner amen depqum, hodvac@ mi qani karg aveli lavn e im karciqov, qan te goyutyun unecox bolor haykakan hodvacner@ ays temayi masin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter