HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հայ-ճապոնական բարեկամություն, որ սկսվել է Խորհրդային Միությունից

Հիդեհարու Նակաջիման արդեն որերորդ անգամ Հայաստանում է, այս անգամ՝ հրավիրվելով մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաքին:

«1953թ. սովորում էի միջնակարգ դպրոցում: Աշխարհագրության դասին Խորհրդային Միության մասին պետք էր մի փոքրիկ ուսումնասիրություն անել, ու աշակերտները բաժանվել էին խմբերի,- «Հետքին» պատմում է Նակաջիման,- մեր խմբին բաժին էր ընկել կովկասյան երկրները: Մենք ուսումնասիրեցինք լեզուն, տարազը, մշակույթը, ու ես հասկացա, թե որքան հին մշակույթ ունի Հայաստանը»:

Նակաջիմային հատկապես հետաքրքրել է հայկական տառերն ու այբուբենը, սակայն, իր խոսքով, դեռևս չգիտեր, թե որքան մեծ երկիր է եղել Հայաստանն ու ինչպես է դարձել այսքան փոքր. Ցեղասպանության մասին նույնպես ոչինչ չգիտեր:

Ճապոնիայում կա Տամագավա կոչվող հանրագիտարան, որը հրատարակվել է Տամագավա համալսարանի կողմից և առկա է յուրաքանչյուր դպրոցում: Հենց այդ հանրագիտարանից էլ օգտվել են դպրոցականները՝ քաղելու տեղեկություններ Խորհրդային Միության և, մասնավորապես, Հայաստանի մասին: Ինչպես նաև ձեռքի տակ եղել է աշխարհագրական բառարան: Այդքանով Հայաստանի հետ ծանոթությունն ավարտվել է, որը, սակայն շարունակվել է ավագ դպրոցում, երբ անցնում էին Հռոմեական կայսրության պատմությունը:

«Այնտեղ բազմիցս Հայաստանի անունը շոշափվում էր, մասնավորապես Պարսկաստանի արշավանքների առնչությամբ,- ասում է Նակաջիման,- ես հասկացա, որ Միջագետքն ու Հայաստանն այն ժամանակ մեծ կարևորություն են ունեցել, ու նաև այդ ամենը եղել է Հայկական լեռնաշխարհում»:

Նակաջիման սուղ տեղեկություններից կարծիք է կազմել, որ կլիմայական և այլ տեսակետից Հայաստանի զբաղեցրած տարածքը դժվարանցանելի է եղել, մասնավորապես, տպավորվել է Լուկոլոսի արշավանքների ժամանակ զինվորների դժգոհություններն առ այն, որ լեռնային տեղանքի կամ հանկարծակի տեղացած ձյան պատճառով հնարավոր չէ առաջանալ:

«Ես հասկացա, որ պետք է մի օր գնամ Հայաստան,- ասում է Նակաջիման,- ու դա առաջին անգամ հաջողվեց 1980թ., երբ ղեկավարիս հետ գործուղման պիտի գնայինք Հռոմ»:

Նակաջիման այդ ժամանակ և դրանից հետո էլ ողջ կյանքում աշխատել է ճապոնական նավթային ընկերությունում, իսկ կոնկրետ այդ ճանապարհորդության ժամանակ, ինչպես ինքն է ժպտալով ասում, գնացել է որպես «ղեկավարի պայուսակը բռնող»: Ուղևորությունը դեպի Հռոմ պետք է կայանար Մոսկվայով, ու քանի որ մուտքը Խորհրդային Միություն ստացված էր, Նակաջիման ղեկավարին խնդրում է, որ հետ գալուց մի քանի օրով այցելի Հայաստան:

Նա Հայաստանում է լինում երկու օր: Այցելում է Էջմիածին, և չափազանց տպավորվում Հռիփսիմե եկեղեցու ճարտարապետությամբ:

«Տուֆը որպես ճարտարապետական նյութ Ճապոնիայում էլ է օգտագործվում, և մենք ունենք հրաբխային ծագում ունեցող կանաչ տուֆ,- ասում է նա,-իսկ Լենինի հրապարակը բոլորող տուֆե բոլոր շենքերը օրվա ժամից և լուսավորությունից կախված՝ տարբեր երանգներ էին ստանում, և դա շատ տպավորիչ ու գեղեցիկ էր»:

Նակաջիման նաև կարդացել էր, որ Հայաստանը  գետերի ու սարերի երկիր էր ու դրանք, իր խոսքով, շատ հոգեհարազատ են ճապոնացիների համար: 

 «Առաջին այցը առիթ դարձավ, որպեսզի ծագեն բազում մտադրություններ նորից հետ գալու և ոչ միայն հենց Հայաստան, այլ Հայկական լեռնաշխարհի տարածքում գտնվող քաղաքներ, և անպայման այդ ամենը ներկայացնել Ճապոնիայում,- ասում է նա,- և այդ երազանքնրի շարանը առաջացավ հենց առաջին այցից հետո»:

Հաջորդ տարիներին նա Թուրքիայով գալիս է Հայաստան՝ 1984-1987թթ.՝ անցկացնելով 5 օր Թուրքիայում և 7 օր Հայաստանում: Չափազանց տպավորիչ էր սահմանահատումը,  որտեղ անցել է երկարատև ու բարդ ստուգումներ, նաև Գյումրի մտնելու համար գնացել է Թիֆլիս, հետո այնտեղից եկել Գյումրի:

Արևմտյան Հայաստանում Նակաջիման եղել է Կարսում, Անիում, Իգդիրում, Բայազետում, Վանում, Բիթլիսում, Մուշում և Խարբերդում: Շատ տհաճ տպավորություններ ուներ Բիթլիսի հյուրանոցից, որտեղ չի եղել անգամ սանհանգույց, որ անմիջապես լքել ու գնացել է Մուշ:

1987թ. այցելության ժամանակ, երբ եկել էր Հայաստան, ակադեմիկոս Մելիք Օհանջանյանի խորհրդով Նակաջիման այցելում է Սարդարապատի հուշահամալիր և անմիջապես հետաքրքրվում, թե էքսկուրսավարներից ով գիտի անգլերեն: Այդպես նա ծանոթանում է Մելանյա Բաղդասարյանի հետ:

«Ես այն ժամանակ ուսումնասիրում էի ռուսական հեղափոխությունն ու այդ ենթատեքստով անդրադառնում էի նաև Հայաստանին,- ասում է Նակաջիման,- և Մելանյան ինձ օգնում էր, մենք նամակագրությամբ շփվում էինք, ու նա ինձ օգտակար նյութեր էր տրամադրում»:

1991թ. այցելության ժամանակ Նակաջիման ամուսնության առաջրկություն է անում Մելանյային, և նրանք 1992թ. ամուսնանում են: Իսկ հարսանիքի քավորն էլ լինում է հենց Մելիք Օհանջանյանը, ով էլ Նակաջիմային խորհուրդ էր տվել այցելել Սարդարապատ:

Նակաջիման հայերեն այդպես էլ չսովորեց: Ժպտալով ասում է, որ իր թույլ տեղն է: Թեպետ ժամանակին իր ձեռքով գրած հայերենով Մարտի 8-ի բացիկ է ուղարկել ապագա կնոջը:

«Իսկ երբ Մելանյան ճապոներեն սովորեց՝ հարցը փակվեց»,- ասում է նա: 

Ամուսինները մեկ երեխա ունեցան՝ Անահիտը, որը խիստ անսովոր անուն է Տոկիոյում և, ընդհանուր առմամբ, Ճապոնիայում:  Դուստրը հայերեն հասկանում է, սակայն վատ է խոսում: Արդեն 20 տարեկան է, ու երբ գալիս է Հայաստան՝ քիչ-քիչ խոսում է, սակայն հետ գնում ու նորից մոռանում է, քանի որ ընտանիքում ճապոներեն են խոսում, իսկ Տոկիոյում էլ հայեր գրեթե չկան:

Ճապոնիայում քիչ հայեր կան՝ ասում է Նակաջիման: Ըստ դեսպանատան տվյալների՝ ընդամենը 50 հոգի, որից Տոկիոյում են ընդամենը 15-ը: Զարմանալի փաստ, քանի որ հայերն ամենուր են, իր խոսքով Ինդոնեզիայում էլ շատ են, սակայն Ճապոնիայում չկան:

«Հավանաբար, պատճառն այն է, որ Ճապոնիան երկար ժամանակ՝ մինչև 19-րդ դարի վերջը, փակ երկիր է եղել, և միայն մեկ բաց նավահանգիստ ուներ,- ասում է նա,-միայն Մեյջի հեղափոխությունից հետո բացեց սահմանը աշխարհի հետ»:

«Ճապոնա-հայկական բարեկամության ասոցիացիան» հիմնվել է 1991թ., և այն օգնել է երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների ստեղծմանն ու կապերի ամրացմանը:   3-4 ամիսը մեկ անգամ հրապարակում են ճապոնալեզու «Արաքս» և «Արարատ» ամսագրեր:

Հիդեհարու Նակաջիման նաև երեք գիրք է հեղինակել Հայաստանի մասին.  «Ամեն ինչ Հայաստանի մասին 65 մասում». 2009թ., «Հայաստան`հույսի ակնթարթ պատմությունում»՝ 1990թ. և «Հայկական ցեղասպանություն` հայ ժողովրդի պատմություն և մշակույթ»՝ 2007թ.:

«Մեր ընկերության գործունեության ընթացքում շատացել են ճապոնացիների քանակը, ովքեր հետաքրքրվում են Հայաստանով ու հայկական մշակույթով,- ասում է Նակաջիման,- ու մինչև Ճապոնիայում Հայաստանի դեսպանատուն հիմնվելը, մենք, փաստորեն, միակ կապող օղակն էինք Հայաստանի և Ճապոնիայի միջև»:

Այժմ Նակաջիման Ճապոնիայում Ցեղասպանության 100-ամյակին միջոցառումների տարածքային հանձնախմբի ղեկավարն է, ու այդ պատասխանատվությունը ստանձնել է որպես անհատ:

Հանձնախմբում ընդգրկված են յոթ հոգի և համագործակցում են Սփյուռքի նախարարության հետ, որն էլ կօգնի նրանց՝ տրամադրելով ֆիլմեր և աջակցելով միջոցառումների կայացմանը:

2015թ. ընթացքում Ճապոնիայում նախատեսվում է հրապարակել «Փաստերի գիրք» անունով գիրքը՝ հիմնված ԱՄՆ դեսպան Մորգենթաունի պատմությունների, Վոլֆգանգ Գուստի «Հայկական ցեղապանություն» գրքերի վրա:

Կլինեն ֆիլմերի ցուցադրում, ընդ որում ոչ միայն Հայոց ցեղասպանության թեմայով, ցուցահանդեսներ, նաև՝ դասախոսություններ տարբեր թեմաներով, որոնցից երկուսը նվիրված կլինեն Դայանա Աբգարին: Դայանա Աբգարը Առաջին Հանրապետության ժամանակ Հայաստանի դեսպանն է եղել Ճապոնիայում: Նա Իրանից գաղթած և Կալկաթայում մեծացած հայորդի է, որ ամուսնական ճանապարհորդության ժամանակ գնացել է Ճապոնիա՝ Կոբե և շատ է հավանել ճապոնական մշակույթը, իսկ ամուսնու մահից հետ տեղափոխվել է  Յոկոհամա և այնտեղից էլ Ցեղասպանության տարիներին աջակցություն է բերել հայերին:

Մեկնաբանություններ (4)

sam
Armenia since its early beginnings has been an ambassador of peace our culture and traditions are no different if we had peace minded neighbors our numbers with be equal to that of Japan
sam
I had wished they would have more children
ՀԱՅԱԳԵՏ
Ոչ թե Մորգենթաուն, այլ Մորգենթաու
sylva portoian
If you know Armenian...you can learn many Languages after... Because Armenian language has a soul ... you learn the other languages by absorbing other languages through your soul ... your love ... your talent...!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter