HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի խառնված եվրասիական խաղաքարտերը եւ Լավրովի այցը Երեւան

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Բաքու կատարած այցելությունից հետո հունիսի 23-ին կայացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարված այցը Երեւան, որը ջրի երես հանեց հայ-ռուսական ներկայիս հարաբերութունների ողջ պերճանքն ու թշվառությունը, առաջին հերթին՝ հակասությունները եւ Մոսկվայի իրական մտադրությունները:

Հայաստանում ի սկզբանե ուշադրությունն այդ այցի հանդեպ մեծ էր, քանի որ սպասվում էր, թե հուլիսի 1-ի նախաշեմին, որն ամրագրվել է որպես ՄՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի նախապատրաստման ժամկետ, ՌԴ արտգործնախարարն իր հետ հստակեցնող պատասխաններ եւ լուրեր կբերի:

Մեկ այլ ակնկալություն վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը՝ Բաքվում Ս.Լավրովի հայտարարությունների ու ռուս-ադրբեջանական մեկնարկած սիրախաղի, Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման, հայ-ադրբեջանական  սահմանագծի երկայնքով եւ հատկապես Նախիջեւանի հատվածում լարվածության աճի խորապատկերին:

Շատերին թվում էր, թե հունվարի 17-ին Հանրային հեռուստաընկերությամբ Սերժ Սարգսյանի վստահ հայտարարություններն այլեւս կասկածի տեղ չեն թողնում առաջիկայում ԵՏՄ/ՄՄ-ին Հայաստանի մոտալուտ անդամակցության առնչությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը նախ հրապարակավ հայտարարեց, որ ընդունում է առանց ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջազգային սահմաններով ՄՄ մտնելու Աստանայի «տհաճ» առաջարկը:

Ապա բարձրաձայնվեց, որ ՄՄ գործընկերների հետ ձեռք են բերվել նաեւ հիմնարար պայմանավորվածություններ պայմանագրի առեւտրային բլոկի հարցերի վերաբերյալ, որն Աստանայի նիստի պահին առկա չէր՝ ԼՂՀ խնդրի հետ մեկտեղ եւս մեկ ձեւական  առիթ ծառայելով Հայաստանի անդամակցության որոշումը հետաձգելու համար:

ՀՀ նախագահը հավաստիացրեց, թե Եվրասիական եռյակը Հայաստանին տրամադրում է «մուտքի շղթաներ», որի համաձայն ՄՄ-ին միանալուց հետո ազատական տնտեսության չափանիշներ ունեցող Հայաստանում «զգայուն ապրանքատեսակների» մաքսադրույքները առնվազն 5 տարի չեն բարձրացվելու, իսկ բանակցային վերջին փուլում Երեւանն ուղղակի պայքարում է այդ ժամկետը 7 տարի դարձնելու եւ «ապրանքատեսակների» ցանկը ընդլայնելու ուղղությամբ:

Ամիսներով անլուծելի մնացած այդ հարցի «հանգուցալուծումից» հետո Սերժ Սարգսյանը մեկնել էր Թբիլիսի լուծելու Հայաստանի անդամակցության հեռանկարը առկախող մեկ այլ խնդիր՝ ՄՄ-ից Հայաստան եւ հակառակ ուղությամբ Վրաստանով տարանցիկ ապրանքափոխադրումների անմաքս ձեւակերպումների, նաեւ՝ «ակնկալվող մեծ ապրաքաշրջանառության» համար աբխազական երկաթուղու վերագործարկման խնդիրները:

Որքան էլ ՀՀ նախագահը երկու հարցով էլ Երեւան վերադարձավ ձեռնունայն, ադուհանդերձ, թվում էր, թե լավագույն դեպքում, օրինակ, տարանցիկ մաքսազերծման անորոշությունը կդառնա ՄՄ-ին Հայաստանի միանալու ճանապարհի վերջին խոչընդոտը: Սակայն, ի հակառակ բոլոր սպասումների, Երեւանին հիասթափություններ էին սպասում միանգամայն այլ տեղ:

Մոսկվան Սերժ Սարգսյանին դնում է տգեղ վիճակում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարն ընդամենը հայտարարեց. «Մենք քննարկել ենք եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի միանալու հարցերը, Ռուսաստանը դա ակտիվորեն պաշտպանում է»:

Ավելի ուշ հանդիպելով ՀՀ նախագահին, Լավրովը նրան տեղեկացրել էր , թե իր հայ գործընկերոջ հետ «քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները», եւ ինքը «հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»: Լավրովի այսպիսի հայտարարությունը նշանակում էր հետեւյալը. եվրասիական ինտեգրման հարցում Երեւանի թիկունքին կանգնած Կրեմլը այս պահին դեռ լավ լուր չունի, եւ վերջանական պատասխանը կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ եռյակից:

Եւ ահա, հենց նույն օրը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ով ՌԴ ներկայացուցիչն է կառավարության ղեկավարների մակարդակով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, հայտնեց սթափեցնող լուրը. «Եթե Հայաստանը հաջող կերպով միանա մեր ձեւաչափին, ստորագրի համաձայնագիրը եւ այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ»:

Շուվալովը մանրամասնեց, որ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամությունից ի վեր, Հայաստանը պարտավորվել է կիրառել եւ կիրառում է ցածր մաքսատուրքեր:

ՌԴ փոխվարչապետի այս բարձրաձայնումը ցնցող է առաջինն այն առումով, որ կատարյալ հակասության մեջ է Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե ապրաքանտեսակների մաքսադրույքները առնվազն 5 տարի չեն բարձրացվելու: Եթե չասենք, որ Շուվալովը Սերժ Սարգսյանին մեղադրում է ստախոսության մեջ, ապա հաստատապես կարելի է ասել, որ Մոսկվան ասում է, թե Ղազախստանն ու Բելառուսը Սոչիում չեն համաձայնել, որ Երեւանին տրամադրվեն Մոսկվայի խոստացած «մուտքի շղթաները»:

Սա կատարյալ սենսացիա է, որովհետեւ դժվար թե Սերժ Սարգսյանը մեծ վստահությամբ այնպիսի հայտարարություն աներ, որն իսպառ հերքվելու էր մեկ շաբաթ հետո: Քիչ հավանական եմ համարում, որ սա ընդգծված վերաբերմունք ու խաղ է կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ: Հակառակը՝ ավելի հավանական եմ համարում, որ սա ընդհանրապես քաղաքականություն է Հայաստանի հանդեպ, եւ տեղի ունեցողը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի մասով Մոսկվայի հեռահար նպատակների հետ, ինչը, անկախ Երեւանում նախագահի անձից, ցանկալի չի դարձնում Հայաստանի շուտափույթ անդամակցությունը ԵՏՄ-ին:

Սակայն Սոչիից ստացված տհաճ լուրը միայն Սերժ Սարգսյանին հերքելով չի սահմանափակվում: Ի.Շուվալովը հայտնեց, որ Հայաստանը ԵՏՄ-ին իր անդամակցության դիմաց պետք է վճարի ոչ ավել ոչ պակաս ԱՀԿ իր այն գործընկերներին, ում հետ առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատել է այլ իրավիճակում. «Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը Հայաստանն իր վրա վերցրել է ԱՀԿ-ի շրջանակներում: Քանզի Հայաստանի առեւտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ»,-հայտարարեց Շուվալովը:

Եւ սա այն դեպքում, երբ ամիսներով Երեւանն է սպասել, որ իրեն կտրամադրվի կա’մ արտոնություն մաքսադրույքները չբարձրացնելու տեսքով, կա’մ լրացուցիչ ֆինանսական աջակցությունը դրանք բարձրացնելու դեպքում սպառողներին ու տնտեսվարողներին պատճառվելիք վնասների դիմաց: Իսկ այժմ պարզվում է, որ ո’չ արտոնություններն են տրամադրվում, ո’չ ֆիանսական փոխհատուցումը, եւ ավելին՝ Երեւանն ինքն է խզում ԱՀԿ-ի ու իր առեւտրային գործընկերների հետ բոլոր կապերը:

Ակնհայտ է, որ Կրեմլի թիրախում հայտնվել են Արեւմուտքի հետ Երեւանի տնտեսական կապերը, եւ Մոսկվան պարտադրում է դրանք խզել: Իսկ սա արդեն եւս մեկ տհաճ նորություն է. եթե ԵՄ-ի ու Արեւմուտքի հետ քաղաքական կապերը խզելու պահանջ նա ավելի վաղ էր դրել, որի արդյունքը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալումն էր, ապա այժմ բացահայտ ու քողարկված դրվում է նաեւ նրա հետ տնտեսական համագործակցությունը բացառելու պահանջ: Կրեմլի կողմից ղարաբաղյան հակամարտության գործոնի խաղարկման հետ միասին այդպիսի Հայաստանը առավել վերահսկելի է դառնում, քանի որ հայտնվում է կատարյալ մեկուսացման եւ Մոսկվայից բացարձակ կախվածության վիճակում:

Ակնհայտորեն, Երեւանը որոշակիորեն տեղյակ էր այս նորահայտ խնդրի մասին, թեպետ կարող էր չսպասել նման շրջադարձային «լուծում»: Լավրովի այցի նախօրեին՝ հունիսի 22-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը հայտարարեց, թե ինչպես ԱՀԿ քարտուղարության հետ, այնպես էլ՝ բարձր մակարդակի հանդիպումներում, այդ թվում՝ անդամ երկրների հետ արդեն խորհրդատվություններ են իրականացրել, եւ հստակ գիտեն, թե ինչ քայլեր պետք է անեն, երբ Եվրասիական տնտեսական միությանն ու Մաքսային միությանն անդամակցության գործընթացը ավարտվի:

«Նախեւառաջ՝ ԵՏՄ անդամակցությունից հետո  նախատեսվող փոփոխությունների մասին պատշաճ ձեւով պետք է ծանուցենք ԱՀԿ քարտուղարությանը եւ անդամ երկրներին: Այնտեղ հստակ ընթացակարգեր կան, եւ հստակ ձեւաչափ է նախատեսված: Դրանից հետո  պետք է տեղեկացնենք արդեն բոլոր անդամ երկրներին: Անդամ երկրները առաջ են քաշում իրենց խնդիրները, եւ անհրաժեշտության դեպքում այն հարցերը, որոնք վերաբանակցելու ենթակա կլինեն, կվերաբանակցվեն», հայտարարերց Տ.Դավթյանը, տեղեկացնելով, որ «Հայաստանը ԱՀԿ-ին պետք է ծանուցի ՄՄ-ին անդամակցության ռեժիմի մեջ մտնելուց առաջ, այսինքն՝ եթե անդամակցի հունվարին, ապա պետք է ծանուցի դեկտեմբերին»:

Ինչպես որ Տիգրան Դավթյանն էր անուղղակի շրջանցել, թե դա հստակ երբ տեղի կունենա (սոսկ վկայակոչելով պատկերավոր ժամկետ), ՀՀ վարչապետը նույնպես հունիսի 20-ին մատնեց իր անտեղյակությունը: Ազատություն ռադիոկայանի հետ կարճ ճեպազրույցում նա հայտարարեց. «Հանդիպումները կլինեն, որոշում կկայացնեն: Հուլիսի 3-ին պետք է լինի»: Ասվածը ԶԼՄ-ներին հիմք տվեց եզրակացնելու, թե Հայաստանը մինչեւ հուլիսի 3-ը չի ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:

Սակայն, նկատելիորեն Երեւանում պատրաստ չէին իրադարձությունների նման ընթացքին, որ իր հետ բերեց Ս.Լավրովը: Դրանք ոչ միայն փակուղու, այլեւ զավեշտալի վիճակում դրեցին ՀՀ իշխանություններին:

Մոսկվան ու Երեւանը ակնարկում են պայմանավորվածությունների խախտում

Ի՞նչ սեւ կատու է անցել Կրեմլի ու Երեւանի միջեւ: Այս հարցի պատասխանին փոքր-ինչ մոտեցնում է Ս.Սարգսյան-Ս.Լավրով հանդիպման վերաբերյալ ՀՀ նախագահականի տարածած հաղորդագրության մեջ առկա մի հանգամանք: Մինչ Երեւան ժամանելը, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի փոխտնօրեն Մարիա Զախարովան մանրամասնել էր, որ «այցի շրջանակներում դաշնակից եւ ռազմավարական գործընկերների միջեւ փոխգործակցության զարգացմանն ուղղված երկխոսություն կլինի», եւ «կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն նախորդ տարի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման փաստին»:

Այս դրվագի կապակցությամբ նախագահականի տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի եւ անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը» եւ «անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչեւ հումանիտար ոլորտում համագործակցությունը»:

Ապա Սերժ Սարգսյանը ընդգծել է, թե «Հայաստանը տրամադրված է ակտիվ եւ լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջեւ պատմական ավանդույթներին եւ, իհարկե, ժամանակի ընթացքում ձեւավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին»: Ասել է թե՝ Երեւանը տեր է բոլոր պարտավորություններին, եւ դա է տեսնում որպես  ձեւակերպված օրակարգ:  Իսկ Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին «հավաստիացրել է, որ Նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի Նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաեւ Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ»:

Ընդգծենք, որ Սերժ Սարգսյանը չի խուսափում ասել, որ սեպտեմբերին Վ.Պուտինի հետ ձեռքբերված պայմանավորվածություններն ավելի լայն են եղել, որոնք երկու կողմերը վերահաստատել եւ/կամ հարստացրել են մայիսի 8-ին: Մինչդեռ Լավրովը երկու անգամն էլ շրջանցում է սեպտեմբերյան հանդիպումը, եւ ինչպես Հայաստան գալուց առաջ, այնպես էլ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսում է «դեկտեմբերի 2+մայիսի 8» հանդիպումների ու օրակարգի/պարտավորությունների մասին: Ո՞վ եւ ի՞նչ պարտավորություններ չի կատարել, որ կողմերն այսպես նրբանկատորեն միմյանց մեղադրում են պայմաններ խախտելու մեջ, դժվար է միարժեք ասել:

Վարկածներից մեկն այն կարող է լինել, որ Սերժ Սարգսյանը հիշեցնում է Հայաստանի բոլոր «զգայունությունները» հարգելու Վ.Պուտինի խոստումը: Եթե Սերժ Սարգսյանը խոսում է «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչեւ հումանիտար ոլորտում համագործակցությունը» ներառող ընդհանուր օրակարգի մասին, դա չի կարող շրջանցել անպիսի խնդիր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հարցն է: Պաշտոնական Երեւանը կատարել է իր խոստումը՝ ճանաչելով Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, ՄԱԿ-ում սատարել է նրա դիրքորոշումը, մինչդեռ Մոսկվան այն չի կատարել՝ միանալով ԼՂՀ-ը Հայաստանի տնտեսական տարածքից անջատելու եւ իր հետ ՄՄ չմտցնելու արտաքուստ միայն ադրբեջանա-ղազախական պահանջին:

Մեկ այլ բացատրություն, որ ոչ թե բացառում, այլեւ լրացնում է առաջին վարկածը, այն կարող է լինել, որ խախտվել են նաեւ առեւտրատնտեսական բնույթի պայմանավովածություններ ու պարտավորություններ: Առիթ ենք ունեցել հանգամանորեն վերլուծելու դեկտեմբերի 2-ին Վ.Պուտինի այն հայտարարությունը, թե ՄՄ մտնելու Երեւանի որոշման դիմաց հարգվել են Հայաստանի տնտեսության զգայունութուննները երկու ապրանքատեսակների՝ գազի եւ էլեկտրաէնեգիայի վերաբերյալ: Պուտինը նաեւ հավելել էր, որ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Երեւանի բարեհաջող միանալու դեպքում կհարգվեն նաեւ նրա զգայունությունները մյուս ապրաքանտեսակների գծով՝ տրամադելով «անվտանգության բարձիկ» եւ  «լրացուցիչ աջակցություն»:

Հունիսի սկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի գնի թանկացման ավետիսը արդարացիորեն կապել էինք ՄՄ-ին Հայաստանի միանալու գործընթացում ի հայտ եկած ռուս-հայկական խնդիրների հետ: Թերեւս այս լույսի ներքո այդ թեզը ավելի է ապացուցվում ու հաստատելու գալիս, որ կողմերը ինչ-որ պարավորություններ են խախտել, եւ այդ կերպ Մոսկվան Երեւանին նոր շանտաժի է ենթարկում:

Անդամակցություն կրկին հետաձգվո՞ւմ է

Վերադառնալով Պուտին-Սարգսյան պայմանավորվածությունների թեմային, թերեւս առանցքային է դառնում մայիսի 8-ի հանդիպումը: Այն հաջորդել է տրոյկայի ապրիլի 29-ի նիստին, որին նախ Սերժ Սարգսյանը հրավիրվեց, ապա խնդրեցին չմասնակցել դրան: Թերեւս այդ հանդիպման ընթացքում Պուտինը Սերժ Սարգսյանին մխիթարած լինի ապրիլի վերջին ՄՄ-ին չանդամակցելու կապակցությամբ, կամ մեղադրած լինի դրանից ետ կանգնելու մտադրության մեջ, հատկապես երբ մայիսի կեսերից կրեմլյան փորձեգտները դա բացահայտ արեցին: Բնական է, Երեւանը չէր հաստատի մեղադրանքները կամ կասկածները, իսկ Վ.Պուտինը, որքան էլ ատամներ սեղմեր, խոստացած պետք է լինի ոչ միայն օգնել անդամակցության խոչընդոտները լուծելուն, այլեւ այն իրականություն դարձնելուն:

Սակայն, Մոսկվան դա անելու համար նոր խոչընդոտ ստեղծեց Երեւանի համար: Մինչ ՀՀ իշխանություններին թվում էր, թե մի խոշոր խնդիր (մաքստուրքերի խնդիրը) արդեն լուծված է եւ անցում էին կատարել մյուս խնդրին (տարանցիկ մաքսազերծում), ապա ոչ միայն պարզվեց, որ նախորդ խնդիրը լուծված չէ (մաքսադրույքները բարձրանալու են), այլեւ բացարձակ այլ տեղից ծլեց նոր խնդիր՝ այս անգամ գրեթե անլուծելի, ինչպիսին ԱՀԿ անդամների փոխհատուցումն է իրադրության փոփոխության տեսքով: Դրան էլ հավելենք այն, որ մաքսադրույքները բարձրացնելու արդյունքում ՀՀ տնտեսությունը կանգնելու է նոր անկման, հասարակութունը եւ գործարար աշխարը՝ սոցիալ-տնտեսական ցնցումների , իսկ կառավարությունն էլ՝ հրաժարականի շեմին, պատկերն ամբողջական է դառնում:

Եթե նախկինում կարելի էր մտածել, թե այդուհանդերձ հուլիսի 1-ին ձեւական առումով կպատրաստվի ՄՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը, սակայն ստորագրումը կասկածի տակ կլինի, ապա այժմ անգամ պայմանագրի պատրաստումն է կասկածի տակ, քանզի դժվար թե Հայաստանը համաձայնի, որ դրանում ներառված չլինի միառժամանակ մաքսադրույքների չբարձրանալու մասին պահանջը:

Այս առումով ՌԴ փոխվարչապետ Ի.Շուվալովի այն միտքը, թե «մինչև այս շաբաթվա վերջը պետք է լուծվեն Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության բոլոր խնդիրները եւ միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է նախապատրաստվի մինչև հուլիս 1-ը», սոսկ դիվանագիտական-արարողակարգային հայտարարություն է: Ինչ էլ որ լինի, եթե անգամ պայմանագիրը պատրաստվի, միեւնույնն է, դրա ստորագրման ու ուժի մեջ մտելու դիմաց ենթադրվում վճարել չափազանց մեծ գին է, ինչը ոչ միայն ձեռնտու չէ Երեւանին, այլեւ նրա ուժերից վեր է:  

Վերջապես ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարը Երեւանում հայտարարեց. «Ռուսաստանը ինչպես երկկողմ կարգով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շահագրգռված է այդ հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում: Մենք ելնում ենք նրանից, որ լուծման հիմք կա: Ի նկատի ունեմ այն սկզբունքները, որոնք ամրագրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին 4-5 տարիների հայտարարություններում: Այժմ գլխավորն այդ սկզբունքների փաստացի կյանքի կոչման պարամետրերի եւ այն քայլերի հաջորդականության համաձայնեցումն է, որոնք պետք է ձեռնարկվեն: Հենց այդ ուղղությամբ է աշխատում համանախագահների եռյակը, եւ ռուսական կողմը, որպես այդ համանախագահներից մեկը, կձգտի նրան, որպեսզի անցած տարեվերջին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջեւ վերաթարմացված երկխոսությունը շարունակվի, կնպաստի այն հարցերի լուծումը գտնելուն, որոնք դեռեւս կարգավորված չեն»:  

Իսկ թե «Մադրիդյան առաջարկները», որոնք ակնարկում է Լավրովը, արդյո՞ք բխում  են Հայաստանի ու ԼՂՀ շահերից, անիմաստ է անգամ այդ մասին խոսելը: Թերեւս, դրանք ակնարկվում են, ոչ միայն ի  նկատի ունենալով այն, որ կողմերը վերապահումներով համաձայնել են բանակցությունների հիմք ընդունել: Այլեւ ՌԴ ԱԳ նախարարը Ադրբեջանին կրկին եւ Երեւանից լսեցնում է, թե հակամարտության կարգավորման քայլերի հաջորդականությունը կարող է բարենպաստ լինել իր համար, եթե նա լավ մտածի եվրասիական ինտեգրացիայի մասին, հատկապես երբ Երեւանի անդամակցության համար նոր խոչընդոտներ են ի հայտ եկել:

Ավելին, Լավրովի այցի օրը տեղի ունեցավ մեկ այլ հիշարժան իրադարձություն. ՌԴ նախագահը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացում, ինչպես Կրեմլի պաշտոնական կայքն է տեղեկացնում, «պետությունների ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական համագործակցության ձեռքբերված բարձր մակարդակը եւ արտահայտվել են դրա հետագա զարգացման օգտին: Տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում ռուսական կողմից վերահաստատվել է խնդրի խաղաղ լուծման որոնմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»: 

Իսկ Լավրովի կողմից հայ-թուրքական արձանագրությունների մասին Երեւանում հիշելը առանձին քննարկման խնդիր է, եւ թերեւս ճիշտ է դրան անդրադառնալ նրա Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցերի համալիր ամփոփման համատեքստում:    

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լավ վերլուծություն է: Բնության մեջ էլ սկզբից ընտրում են թույլ/փոքր կենդանուն,փորձում մեկուսացնե՛լ նրան հոտից,որ հաջող հարձակվեն ու հոշոտեն: Ռուս-թյուրքական ծուղակ ՄՄ/ԵՏՄ-ն դա հիենաների նույն խումբն է,որ փորձում է փոքր Հայաստանին (ու Արցախին) մեկուսացնել հոտից՝ ԱՄՆ/Արևմուտքից:Մնացածը հստակ գրված է հոդվածում: ՀԳ. Վերևից 4-րդ ալինեայում «հունրվարի 17-ի» փոխարեն «հունիսի 17» երևի պիտի լիներ:
Աշոտ
Երբ մարդ սեփական հենքը չունի, ինչպես նաև չի վստահում իր կադրերին հետևաբար այպես էլ պետք է լինի: Ես իսկապես խղճում է ողջ ՀՀկ-ին, որ ստիպված են ծառայեն նման վերնախավին
Մարատ
Պուտինը մեր երկիրի քաղաքական կյանք մտավ 1999թ հոկտեմբերից ,այս ընթացքում նա հասցրեց քանդել , մասնատել`մեկին մյուսի դեմ հանել : Ղեկավարության ոչ սթափ մտածելակերպից և ներքաղաքական կոկորդկրծումից օգտվելով տիրացավ ՀՀ գլխավոր կոմունիկացիաներին և ամենակարևորը ` օգնեց արտագաղթին , այլ կերպ ասած ` : Թուրքերը թող շատ չուրախանան Պուտինը բոլորի թույլ տեղն էլ գիտի:
Աշոտ
Շատ հետաքրքիր է, թե հոդվածի հեղինակը ինչ կարծիք ունի Հետքին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի տված պատասխանների մասին: Անձամբ իմ համար, նրա պատասխանները ավելի իրական էին քան այս հոդվածը: (Ասում են լավ վերլուծաբանը նա է, ով կարողանում է պատասխանել, թե ինչու նրա վերլուծությունները տեղի չունեցան )
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Աշոտ, ես թերեւս այն վերլուծաբանն եմ, որ ապրիլի 4-ից հիմնավորում է, որ Հայասանը չի անադմակցելու ոչ ապրիլի 29-ին, ոչ մայսիսի 29-ին, ոչ էլ հուլիսի 1-ին, եւ հարցը տեղափոխվում է աշուն: Ըստ որում չանդամակցելու որոշ շահագրգռություններ ունի նաեւ Երեւանը, քանի որ գիտակցում է դրա բոլոր հնարավոր հետեւանքները, մյւոս կողմից Մոսկվային ձեռնտու չէ շուտ անդամակցելը: Այս խնդիրը այնքան ենք վերլուծել Հետքում ու ամենատրաբեր տեսանկյուններից, որ նույնիսկ կարելի է ասել, ինս էլ եմ հոգնել: Եւ այդ առոմով իմ բոլոր կանխատեսումները իրականացել են: Մինչդեռ շատ հարգելի Արամ Կարապետյանը միշտ գտել է, որ շուտով անդամակցելու ենք, բայց դա տեղի չի ունեցել: Այնպես որ հագելով իրեն որպես ինտելեկտուալ գործիչ, այդուհանդերձ չեմ կիսում նրա վերլուծությունը: Ինքս դա կարդացել եմ եւ առարկություններ ունեմ շատ մասերում:
Ստեփան Սաֆարյան
Շնորհակալ եմ Վարազ ջան: Որպես շատ զարգացած ու ամեն ինչին հետեւող, նաեւ վերլուծություններով հանդես եկող մարդ Ձեր կարծիքը եւ գնահատականը թանկ է իմ համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter