HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերջապես ընթացք տվեցին իմ 7 տարվա պայքարին». ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Մասիս քաղաքի բնակչուհի, 19-ամյա աղջկան 7 տարի առաջ կորցրած Սաթենիկ Գևորգյանը, ով ամիսներ առաջ դստեր մահվան գաղտնիքը պարզելու ակնկալիքով դիմել էր «Հետքին», մեզ տեղեկացրեց, որ աղջկա մահվան հանգամանքների մասին բարձրաձայնումն արձագանք է գտել Հատուկ քննչական ծառայությունում:

«Վերջապես ընթացք տվեցին իմ 7 տարվա պայքարին, վերջապես իմ ձայնը լսելի դարձավ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց տիկին Սաթենիկը:

ՀՔԾ պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն`«քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման` դստեր` Սուսաննա Գ.-ի մահվան դեպքի առթիվ 2007 թվականին հարուցված քրեական գործով վարույթն իրականացրած պաշտոնատար անձինք խեղաթյուրելով իրական փաստերը թաքցրել են դստերը ֆիզիկական և սեռական բռնության ենթարկելու, այնուհետև սպանելու հանգամանքները` վերջինիս մահը ներկայացնելով որպես ավտովթարի հետևանք, որի արդյունքում հիշյալ հանցավոր արարքները կատարած անձը խուսափել է պատժից: Կատարվում է նախաքննություն»:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը: Իսկ 2-րդ մասի հատկանիշները հետևյալն են՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ 7 տարի առաջ` մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է: Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը Արարատ Կաֆյանին մեղավոր էր ճանաչել Քր. օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ կետով՝ դատապարտելով 2 տարվա պայմանական պատժի: Աղջկա ստացած վնասվածքների նկարագրությանը ծանոթանալով՝ Սաթենիկ Գևորգյանի մոտ կասկած է առաջացել, որ ամենևին էլ վթարի հետևանքով չէ դուստրը զոհվել, որ վթարը պարզապես բեմադրվել է, որպեսզի բռնաբարության ու սպանության հոդվածներից խուսափի Արարատ Կաֆյանը: Բռնության կասկածը մեծացել է այն ժամանակ, երբ քննիչ Կ. Թադևոսյանը տուժողի իրավահաջորդին երկար ժամանակ չի հանձնել աղջկա հագին եղած շորերը, իսկ 1.5 տարի անց հանձնելիս էլ բացակայել են աղջկա ներքնաշորերը: Սաթենիկի համար կասկածելի է եղել այն, որ իրավապահները չափազանց բարեհաճ են գտնվել վարորդ Կաֆյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Պողոսյանն այս գործով երկու էջանոց դատավճռում թույլ էր տվել 2 գրասխալ: Նախ` 2 տեղում սխալ է գրված Սյուզիի՝ Սուսաննա Գևորգյանի ազգանունը (դատավճռում նշված է Գրիգորյան), երկրորդ՝ այլ քրեական գործից copy-paste է արված մեկ ուրիշ մեղադրյալի անուն՝ Արթուր Ռաֆիկի Պետրոսյան:

Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, որտեղ զետեղված է արխիվը, «Հետքը» ծանոթացավ 1 հատորանոց քրեական գործին: 107 էջանոց գործում քննիչը անգամ դիակի լուսանկարներ չի արել: Իսկ զարգացած տեխնոլոգիաներն արդեն հնարավորություն են տալիս լուսանկարների հիման վրա մոդելավորել դեպքի մանրամասները: 

Մեկնաբանություններ (3)

մնո
Դատը, դատարանը երբեք արդարության համար չեն եղել: Հիմա գործ են բացել ինչի՜ համար - որպիսզի մխիթարեն այդ վշտահար կնոջը? Ինչը պիտի փոխվի նրա համար այլեւս? Բացել են, որ լավ կթեն հանցավորին ու վերջում մի թեթեւ պատժով բաց թողնեն: Ինչ է եղել, էլի պատիժ է՝ ԴՐԱՄԱԿԱՆ!
ՀԱՅ
արդարադատություն չէ, ԱՆարդարադատություն
ՀԱՅՈՒՀԻ
Հավատա՞նք, որ այս անգամ չարագործները կպատժվե՞ն, թե՞ էլի մեր արդարադատությւոնը կամք չի դրսևորի ու հերթական ծածկադմփոցը կանեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter