Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Քիմպրոմում» նորից ցույց է. Արմեն Մովսիսյանը խոստումը չկատարեց



Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ում կրքերը չեն հանդարտվում: Այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ից, 300 աշխատողները ընկերության վարչական շենքի բակում սպասում էին ՀՀ  նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին:

«Որբաթ օրվա մեր ցույցին ԱԺ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը եկավ այստեղ, զանգահարեց և տեղեկացրեց Արմեն Մովսիսյանին, որ  աշխատողները սպասում են իրեն: Պայմանավորվեցին միմյանց հետ էսօր  այստեղ գալու համար: Պատգամավոր Մարուքյանն էլ այսօր մեզ տեղեկացրել է, որ Մովսիսյանի հեռախոսին չի պատասխանում, անհասանելի է»,- ասաց գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:  Ու մինչ ցուցարարներից ոմանք գնահատականներ էին տալիս Ա. Մովսիսյանի «տղամարդկային խոստումներին», Հրաչիկ Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ «Քիմպրոմի» աշխատողների  աշխատավարձի պարտքերը շատ ավելի մեծ  են, քան պաշտոնապես հրապարակում են  ղեկավարները: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հունիսի 23-ի ասել է, որ աշխատավարձերի պարտքը  կազմում է 100 մլն դրամ:

«Ընկերության աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը, իմ տեղեկություններով, 40-45 մլն դրամ է կազմում: Նախկին պարտքերի հետ աշխատավարձի ընդհանուր պարտքը  մոտ 315 մլն դրամի կարգի է, իսկ հայտարարում են 100 մլն դրամ»,- բացատրեց Հրաչիկ Մարտիրոսյանը: Վերջինս հիշեց, որ գործարանի տնօրեն Ալեքսանդր Սնիգիրյովը սկզբում  հայտարարել է, թե ընկերությունը աշխատողներին 4 ամսվա աշխատավարձի պարտքեր  ունի: Աշխատողները, սակայն, տնօրենին ապացուցել են, որ ընկերությունը իրենց չի վճարել 11 ամիս:

Աշխատողները այս պահին գործադուլի մեջ չեն, սակայն նրանց 70 տոկոսը հարկադիր պարապուրդի մեջ է: Հավաքվածներն ասում են, որ, իրենց տեղեկություններով, աշխատանքային պայմանագրերն ավարտվելու պատճառով ազատել են աշխատանքից: Կատարել են նաև վերջնահաշվարկ, սակայն վերջնահաշվարկի  վճարները նույնպես չեն վճարել: «Ադմինիստրացիան ազատվածներին 10 օր շուտ չի տեղեկացրել պայմանագիրը  ավարտվելու պատճառով աշխատանքից ազատվելու մասին»,- հայտնեց Հրաչիկ Մարտիրոսյանը:

Գործարանի աշխատակից Լեռնիկ Պողոսյանն ասաց, որ աշխատավարձի հույսով 800 հազար դրամ վարկ է վերցրել: «150 հազար դրամ տոկոս եմ տալու, մենք ինչ անենք, պոտենցիալ հանցագործ դառնանք: Դուրս է գալիս՝ պետությունը մեզ մղում է հանցագործության»,-ասում է Լեռնիկը:

«Ինչ ասենք, մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանը նախընտրական պահով  եկել էր այստեղ:  Բոլորին խոստացավ, որ էս գործարանը պետք է աշխատի: Ջահել կադրեր եկան, գործի մտան, սովորեցին, հիմա փաստորեն բոլորիս խաբեցին: Նրանից առաջ էլ Ռոբերտ Քոչարյանն էր եկել, նույն ձևով խոստացավ, կարմիր լենտն էլ կտրեց: Բոլորս էլ հիշում ենք էդ ամենը»,-հիշեց Վոլոդյա Հայրապետյանը:

Շուրջ երկու ժամ ոտքի վրա կանգնելուց հետո պատվիրակություն մեկնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ, կրկին պարզելու, թե վերջապես , երբ է նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն  Մովսիսյանը իր տված  տղամարդկային խոստումը կատարելու և ներկայանալու «Քիմպրոմ»-ի աշխատողների հետ հանդիպման: Մեկ ժամ հետ  բանախոսները վերադարձան և հայտնեցին, որ Արմեն Մովսիսյանը Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանին հեռախոսով հայտնել է, թե վաղը հանդիպելու է «Քիմպրոմի» նոր  սեփականատերերի հետ: Հանդիպումից հետո «Քիմպրոմի» աշխատողների հետ իր հանդիպմանը օրը կհայտնի մարզպետին, վերջինս է կտեղեկացնի աշխատողներին:  Ցուցարարները այս անգամ էլ ցրվեցին Արմեն Մովսիսյանի հետ հանդիպելու ակնկալիքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ