HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վահե Ղուկասյանի համար 22 տարվա ազատազրկման միջնորդություն ներկայացվեց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտին է մոտենում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատաքննությունը: Վերջինս մեղադրվում է հրազենային զենքի գործադրմամբ Արտյոմ Կարապետյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքներից Վահե Ղուկասյանը դատարանում ընդունել է միայն ապօրինի զենք, զինամթերք պահելու վերաբերյալ մեղադրանքը, թեպետ դեպքից մեկ օր անց, 2013թ. ապրիլի 24-ին տվել էր ինքնախոստովանական ցուցմունք: Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանն եւս համարում է, որ իր վստահորդն ինքնապաշտպանվել է:

Հիշեցնենք, որ 2013 թ.-ի ապրիլի 23-ին, ժամը 13-ի սահմաններում, Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող «Ցածր գներ» խանութի մերձակայքում, Շիրակացի 54բ շենքի դիմաց հրաձգություն էր տեղի ունեցել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահայրը եւ Արտյոմ Կարապետյանը՝ «Շեկո» մականվամբ: Նույն օրը, ոստիկանության Գյումրու բաժին էին բերման ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը եւ եւս 7 հոգի:

Ավելի ուշ ոստիկանները Բավրայի անցակետից բերման էին ենթարկել նաեւ սահմանն հատելու փորձ անող Նիկոլայ Ղուկասյանին՝ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի որդուն: Վերջինս ձերբակալվել էր հանցագործություն կատարելու կասկածանքով: Հետագայում նրան ազատ էին արձակել: Ազատ էր արձակվել նաեւ ոստիկանություն բերման ենթարկված Սպարտակ Ղուկասյանը: Հետագայում բերման էր ենթարկվել նաեւ դեպքից հետո փախուստի մեջ գտնվող Վահե Ղուկասյանը:

Հիվանդանոցում ստացած հրազենային վնասվածքներից մահացել էր Արտյոմ Կարապետյանը: «Քավոր Հարութն», ում ստացած վնասվածքներն եւս համարվում էին ծանր, երկարատեւ բուժումից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից:

Ոստիկանություն բերման ենթարկվածներից մեղադրանք առաջադրվել էր միայն հրազենային վնասվածք ստացած Վահե Ղուկասյանին, թեպետ ականատեսները պատմում էին, որ նա մենակ չի եղել: Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգությունն, ըստ շրջանառվող լուրերի, պատասխանն է եղել երկու ամիս առաջ «Սլոբոդկա» թաղամասում տեղի ունեցած վիճաբանության:

Ըստ շրջանառվող լուրերի, 2013թ. փետրվարի 11-ին վիճաբանություն էր տեղի ունեցել 31-ամյա Կոլյա Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» 18-ամյա որդու՝ Գեւորգ Խաչատրյանի միջեւ: Վերջինս, ի պատասխան Կոլյայի հայհոյանքների՝ ծանր իրով հարվածել էր նրա գլխին ու ձեռքերին: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել, թեպետ բուժօգնության դիմաց Կոլյա Ղուկասյանը պնդել էր, թե գլխին սառույց է ընկել, նույն բացատրությունն էր նա տվել նաեւ ոստիկաններին: 

Դատաքննության վիճաբանության փուլում դատարանը նախ լսեց մեղադրող կողմին: Մեղադրանքը պաշտպանող դատախազներ Արմեն Շիրոյանը եւ Կարեն Գաբրիելյանը պաշտպանեցին մեղադրանքը՝ նշելով, որ գործում առկա նախաքննական եւ դատավարության ընթացքում տված ցուցմունքները, իրեղեն ապացույցները լրիվությամբ կամ մասնակիորեն ապացուցում են Վահե Ղուկասյանի մեղքը:

Դատախազ Արմեն Շիրոյանը դատարանի ուշադրությունը հատկապես հրավիրեց տուժող Հարություն Խաչատրյանի ցուցմունքի այն հատվածի վրա, որտեղ նշված էր, թե անչափահաս դստեր ներկայությամբ ինքը կամ «Շեկոն» չէին կարող նախահարձակ լինել եւ կրակել Վահե Ղուկասյանի վրա, ինչպես պնդում է ամբաստանյալը: Բացի այդ, Վահե Ղուկասյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա են հակասություններն, որոնք եւս փաստում են ամբաստանյալի մեղավորությունը: Վահե Ղուկասյանը դատարանում, ըստ մեղադրող կողմի, չկարողացավ հիմնավորել ցուցմունքների միջեւ եղած հակասությունները:

Մեղադրողները դատարանին միջնորդեցին 22 տարվա ազատազրկման դատապարտել Վահե Ղուկասյանին: Պաշտպանական կողմը ճառով հանդես կգա հուլիսի 11-ին:

 

Առաջին լուսանկարում մեղադրող դատախազներն են:

Երկրորդ լուսանկարում՝ ձախից՝ ամբաստանյալ Վահե Ղուկասյանը եւ նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter