HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատաքննությունը սկսված է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ այսօր սկսվելու է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատաքննությունը: Վերջինս մեղադրվում է հրազենային զենքի գործադրմամբ Արտյոմ Կարապետյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 235 հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին, ժամը 13-ի սահմաններում, Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող «Ցածր գներ» խանութի մերձակայքում` Շիրակացի 54բ շենքի դիմաց հրաձգություն էր տեղի ունեցել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահայրը, եւ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկո մականվամբ: Նույն օրը ոստիկանության Գյումրու բաժին էին բերման ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը եւ եւս 7 հոգի:

Ավելի ուշ ոստիկանները Բավրայի անցակետից բերման էին ենթարկել նաեւ սահմանը հատելու փորձ անող Նիկոլայ Ղուկասյանին՝ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի որդուն: Վերջինս ձերբակալվել էր հանցագործություն կատարելու կասկածանքով: Հետագայում նրան ազատ էին արձակել: Ազատ էր արձակվել նաեւ ոստիկանություն բերման ենթարկված Սպարտակ Ղուկասյանը: Հետագայում բերման էր ենթարկվել նաեւ դեպքից հետո փախուստի մեջ գտնվող Վահե Ղուկասյանը:

Հիվանդանոցում ստացած հրազենային վնասվածքներից մահացել էր Արտյոմ Կարապետյանը: «Քավոր Հարութը», որի ստացած վնասվածքները եւս ծանր  էին համարվում, երկարատեւ բուժումից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից:

Ոստիկանություն բերման ենթարկվածներից մեղադրանք առաջադրվել էր միայն հրազենային վնասվածք ստացած Վահե Ղուկասյանին, թեպետ ականատեսները պատմում էին, որ նա մենակ չի եղել: Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգությունը, ըստ շրջանառվող լուրերի, երկու ամիս առաջ «Սլոբոդկա» թաղամասում տեղի ունեցած վիճաբանության պատասխանն է եղել:

2013թ. փետրվարի 11-ին վիճաբանություն էր տեղի ունեցել 31-ամյա Կոլյա Ղուկասյանի եւ «քավոր Հարութի» 18-ամյա որդու՝ Գեւորգ Խաչատրյանի միջեւ: Վերջինս, ի պատասխան Կոլյայի հայհոյանքների, ծանր իրով հարվածել էր նրա գլխին ու ձեռքերին: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել, թեպետ բուժօգնության դիմած Կոլյա Ղուկասյանը պնդել էր, թե գլխին սառույց է ընկել, նույն բացատրությունն էր նա տվել նաեւ ոստիկաններին: 

Լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ քննությունն ընթացել է միակողմանի, եւ Վահե Ղուկասյանը պիտի տուժող ճանաչվեր, ոչ թե մեղադրյալ: Ի դեպ, Հայկ Ալումյանը ստանձնել է նաեւ Սպարտակ Ղուկասյանի պաշտպանությունը: Վերջինս մեղադրվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ կատարած խուլիգանական արարքի մեջ:

Վահե Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը դատարան էր մուտքագրվել փետրվար 11-ին: Երկու օր անց այն իր վարույթ էր ընդունել դատավոր Հարություն Մովսեսյանը: Վերջինս փետրվարի 14-ին հանդես էր եկել ինքնաբացարկով՝ պատճառաբանելով, թե տուժող Հարություն Խաչատրյանի՝ «քավոր Հարութի» ընտանիքի հետ ժամանակին հարեւաններ են եղել, ապրել են նույն թաղամասում եւ գտնվում են նորմալ հարաբերությունների մեջ: Դատավոր Հարություն Մովսեսյանը հայտարարել էր, որ դա կարող է կասկած առաջացնել մեղադրվող կողմի մոտ իր անկողմնակալության վերաբերյալ, այդ պատճառով էլ ինքնաբացարկ է հայտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter