HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ ցանկությունն է, որ սեւանցի անվանի բժիշկները Սեւանի հիվանդանոց վերադառնան»

Արփինե Մինասյան

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հուլիսի 3-ի կարգադրությամբ Սեւանի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ Հրաչյա Խալաֆյանը: Հիշեցնենք, որ հիվանդանոցի աշխատակիցները չընդունեցին մարզպետի նշանակած թեկնածուին եւ դրա հետ կապված մարզպետի եւ փոխմարզպետի հիվանդանոց այցերի ընթացքում բուժաշխատակիցները բարձրաձայնեցին հիվանդանոցի մի շարք խնդիրների մասին, որոնց մինչ այդ մարզպետարանում անտեղյակ էին: Մարզպետը ծանոթացել էր խնդիրներին` խոստանալով դրանց լուծում տալ:

Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Հրաչյա  Խալաֆյանը «Հետքին» ներկայացրեց հիվանդանոցի ջրամատակարարման համակարգի վիճակը: Ջրամատակարարման ներքին ցանցը հին է, խողովակները մաշված են: Պատահել է, որ հիվանդանոցում օրեր շարունակ ջուր չի եղել: Հիվանդների հարազատներն էլ ստիպված իրենց հետ ջուր են բերել հիվանդասենյակ: Այնինչ հիվանդանոցի բակում ջուր ամբարելու տարողություն կա: «Հուլիսի 7-ից` մարզպետի հիվանդանոց այցից հետո, շենքում արդեն ջուր ունենք: Հենց հաջորդ օրը «Հայջրմուղկոյուղու» Սեւանի տեղամասի մոտից 1կմ երկարությամբ խողովակները փոխեցին, որից հետո մենք տարբերություն զգացինք: Այդ խողովակաշարը միացրել են մեր ընդհանուր մագիստրալին: Խափանումների դեպքում դիմում ենք «Հայջրմուղկոյուղու» Սեւանի տեղամաս»,- հայտնեց պրն Խալաֆյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ մարզպետ Գրիգորյանը հիվանդանոցի ջրամատակարարման համակարգի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին եւ դիմել «Հայջրմուղկոյուղու» տնօրեն Պատրիկ Լորենին: Ընկերության օգնությամբ կլուծվի նաեւ ջուրն ամբարելու հարցը:

Կոյուղու համակարգը նույնպես վատթար վիճակում է:

Սեւանի հիվանդանոցն ունի մի քանի մասնաշենքեր, որոնցից երկուսը լիարժեք չեն գործում, մեկը` մասնակի: Այդտեղ են տեղակայված ռենգեն սենյակը եւ դիահերձարանը: Հին մասնաշենքերը շահագործման են հանձնվել 1970թ.-ին, իսկ նոր, հիմնական գործող մասնաշենքը` 1985թ.-ին: Հիվանդանոցն ամբողջությամբ վերանորոգման կարիք ունի: «Շենքի վերանորոգման հարցը դրված է, մեզանից պահանջեցին շենքի ընդհանուր հատակագիծը: Տանիքը նույնպես շարքից դուրս է եկել: Մարզպետարանը նաեւ դրանով է զբաղվում, քանի որ եկան տանիքի չափագրում կատարեցին: Տանիքի մի փոքր հատվածն է փոխված»,- ասաց Հրաչյա Խալաֆյանը` մեզ ցույց տալով վերջին քամիների ժամանակ վնասված տանիքի հատվածը: 

Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերով` բուժհաստատության սարքավորումները նույնպես հին են: Հիվանդանոցի վերանորոգումը ենթադրում է նաեւ վերազինում նոր սարքավորումներով: Հուլիսի 7-ին Սեւանի հիվանդանոցի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ մարզպետը տեղեկացրեց, որ Ֆրանսիայում հուշագիր է ստորագրել, որով հիվանդանոցը նոր սարքավորումներ է ստացել: «Դուք մինչ օրս սոնոգրաֆիայի ապարատ չունեիք: Դա նաեւ իմ պահանջով է եղել»,- հայտնել էր Ռ. Գրիգորյանը:

Բժիշկ Խալաֆյանը մեզ ցույց տվեց նաեւ ծննդատան համար նախատեսված սարքավորումները (պուլսօքսիմետր, երեխայի ծնունդից անմիջապես հետո ջերմաապահովման սարք եւ այլն), որոնք «ՎիվաՍել ՄՏՍ»-ի նվիրատվությունն են հիվանդանոցին:

60 մահճակալ ունեցող «Սեւանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում աշխատում է 114 բուժաշխատող: Գործում է շտապօգնության 3 մեքենա` սպասարկելով Սեւան քաղաքը եւ Սեւանի տարածաշրջանի գյուղական համայնքները: Առողջապահության նախարարի հրամանով ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին շտապօգնության մեքենաներն սպասարկում են նաեւ Գեղարքունիքի մարզն ազդարարող ցուցանակից (Գայի անցակետ) մինչեւ «Լաստչկա» կոչվող  հանգստյան տուն:

«Շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Կանչերը շատ են, մանավանդ հանգստյան օրերին, ինչը պայմանավորված է հովեկների թվի աճով: Դժվար է, բայց հասցնում ենք: Շտապօգնության մի բրիգադը կանգնում է Գայի մոտ եւ սպասարկում է ճանապարհը: Ես շաբաթ եւ կիրակի օրերին հիվանդանոցում եմ լինում, որպեսզի կանչերի ժամանակ բրիգադների աշխատանքը կարգավորեմ»,- նշում է բժիշկ Խալաֆյանը:

Ծննդատան վիճակի մասին խոսելիս բժիշկ Խալաֆյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ ծնունդների քանակն զգալի նվազել է, ինչն, ըստ նրա, պայմանավորված է հետեւյալ հանգամանքով: «Սեւանի ծննդատանը ծնված նորածինների թիվը, երբ համեմատում ենք ՔԿԱԳ-ի տվյալների հետ, տարբերությունը բավականին շատ է: Որպես ծննդատան բաժանմունքի վարիչ տեղեկություն ունեմ, որ շատ սեւանցիներ կանանց կոնսուլտացիան անցնում են Հրազդանի, Երեւանի եւ այլ քաղաքների հիվանդնոցներում, հետեւաբար այդ հիվանդանոցներում էլ ծննդաբերում են»,- ասաց նա: Բացի այդ, Սեւանում կանանց կոնսուլտացիան եւ ծննդատունն առանձին են գործում: Կոնսուլտացիան իրականացվում է Սեւանի պոլիկլինիկայում, այնինչ ծննդատան բաժանմունքի վարիչի խոսքերով` կանանց կոնսուլտացիան պիտի անմիջական կապ ունենա ծննդատան հետ` հղի կնոջ մոտ նախածննդաբերական եւ հետծննդաբերական բարդություններից խուսափելու համար: Այդ երկուսը, եթե միասին գործեն, արդյունավետությունն ավելի շատ կլինի: Խնդիրը վաղուց են բարձրացրել, բայց հարցին լուծում չի տրվել: Ծննդատանը գործող հետծննդաբերական սենյակները 4-ն են, որոնք չեն բավականացնում:

Մարզպետարանում եւ առողջապահության նախարարությունում հարցը բարձրացրել ենք, խոստացել են քննարկել: Դրա համար կառավարության որոշում է հարկավոր: Դրանք հանրապետության տարբեր բուժհիմնարկներում հիմնականում միասին են: Որքան գիտեմ, մեր մարզում միայն Սեւանն է այս վիճակում»,-համակարգի բացթողումներն է նկատում պրն Խալաֆյանը:

Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Խալաֆյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Պետրոս Մանուկյանի հետ 4 օր ուսումնասիրություններ են կատարել հիվանդանոցում, ընթացքում շատ առաջարկություններ են եղել, որոնք նա զեկուցելու է մարզպետ Գրիգորյանին:  

Անդրադառնալով բուժծառայողների վերապատրաստումներին, նա նշեց, որ վերջիններս 5 տարին մեկ անգամ վերապատրաստման դասընթացներ են անցնում: 

«Կադրերի խնդիր ունենք, մասնագետների պակաս կա: Ես, որպես սեւանցի, շատ եմ ցավում, որ տեղացի բժիշկներն աշխատում են այլ բժշկական հաստատություններում: Իմ ցանկությունն է, որպեսզի նրանք վերադառնան հիվանդանոց, մանավանդ երիտասարդ, անվանի բժիշկները: Նրանց ներուժը պիտի այստեղ օգտագործվի: Նախկինում Սեւանի հիվանդանոցը համբավ է ունեցել»,- ասաց Հրաչյա Խալաֆյանը:

Սեւանի հիվանդանոց տանող ճանապարհը, ինչպես Սեւան քաղաքի բոլոր փողոցները, անբարեկարգ ու փոսառատ է, ինչը վարորդներից ու հիվանդանոց շտապողներից համբերություն եւ ժամանակ է պահանջում:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ
«Իմ ցանկությունն է, ՈՐՊԵՍԶԻ նրանք վերադառնան հիվանդանոց...»: Յարգելի՛ խմբագրութիւն, կարելի չէ՛ այստեղ ՈՐՊԵՍԶԻ կիրարկել, պէտք է ըլլայ պարզապէս ՈՐ: Ուրեմն՝ «Իմ ցանկութիւնն է, ՈՐ նրանք վերադառնան դպրոց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter