HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձորի-Քիմպրոմ». գործարքներ օֆշորում և անհայտ բաժնետերերով ընկերություններ

«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ն դարձել է օֆշորային գործարքների հերթական զոհը: 2007թ.-ից «Վանաձորի-Քիմպրոմի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են օֆշորային «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» (Roding Commercial Ltd) ընկերությանը:

Պատահական չէ, որ «Վանաձորի-Քիմպրոմի» և «Նաիրիտ գործարանի» պատմությունները նման են: Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը գրանցված է «Նաիրիտ գործարանի» 90 տոկոս բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» («Rhinoville Property Limited») ընկերության հասցեում՝ ԼՈՆԴՈՆ,EC4NGPJP 60 Քենոն Սթրիթ: Այս երկու ընկերությունների հիմնադիրը և Roding Commercial Ltd-ի բաժնետերը նույն՝ օֆշորային «Imex Executive Ltd»-ն է: Ակնհայտ է, որ երկու քիմիական գործարանների համար նույն սցենարն ու սխեման է աշխատել: 

Ինչո՞ւ է ստում Արմեն Մովսիսյանը

Իշխանությունները «Վանաձորի-Քիմպրոմ»-ի բաժնետերերին քողարկում են: ՀՀ նախագահի խորհրդական, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, սակայն, քաջատեղյակ է, թե ով է այս ընկերության իրական բաժնետերը, և ինչու է սնանկանում Վանաձորի նախկինում հսկա քիմիական գործարանը, որն ավելի քան 700 աշխատող ունի: Արմեն Մովսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ սեփականատերը ռուսական մի ընկերություն է, սակայն անունը իբրև չի կարողացել հիշել:

«Վանաձորի-Քիմպրոմը» պարտքերի մեջ «թաղված է» 

Շուրջ մեկ տարի է՝ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են: Նրանք չեն ստացել իրենց մեկ տարվա աշխատավարձը: Պարբերական բնույթ կրող բողոքի ցույցերը արդյունք չեն տալիս, որովհետև արդեն պարզ է, որ հայ պաշտոնյաները այս գործարանը ևս «հանձնել են» օֆշորին, և գործարանից գումարները հոսել են անհայտ ուղղություններով:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասել է, որ «Քիմպրոմի» աշխատավարձի ընդհանուր պարտքը 100 մլն դրամ է: Բացի այդ՝ ընկերությունը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պարտք է  շուրջ 1 միլիարդ դրամ,  մեկ  միլիարդ դրամ է կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը: Ընկերությունը հողի և գույքահարկի մեծ պարտքեր ունի նաև Վանաձորի քաղաքապետարանին:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ի դեմ կա սնանկության 9 հայց: 2012թ. «Էլեկտրասեվկավմոնտաժ» ՍՊԸ-ի առաջին դիմումը դատարանը վերադարձրել է, իսկ երկրորդ հայցը՝ բավարարել, և ընկերությունը սնանկ է ճանաչվել: Սակայն Վերաքննիչ դատարանը «Վանաձորի-Քիմպրոմի» բողոքը բավարարել է և փոփոխել ստորադաս ատյանի վճիռը՝ հաշվի առնելով նախկինում եղած քաղհայցն և վճիռը, որն ավարտվել է կողմերի համաձայնությամբ, և կազմվել է 70 մլն դրամ պարտքի մարման ժամանակացույց: 

Հայցվորներից մեկն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է: Նրա ներկայացրած սնանկության հայցը դեռևս քննման փուլում է:

Ավելի քան 149 մլն դրամի պարտավորության համար «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն ու «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել, սակայն վերջինս չի կարողացել մարել պարտավորությունները, ինչից հետո «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյը» բռնագանձման հայցով դիմել է  դատարան և մասնակիորեն շահել դատը: Դատարանը լուծել է պարտքի մարման համաձայնագիրը և «Վանաձորի-Քիմպրոմին» պարտավորեցրել վճարել 112 մլն դրամի պարտքը: «Վանաձորի-Քիմպրոմը» նորից չի կատարել իր պարտավորությունները, և «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ընկերությունն արդեն գործարանը սնանկ ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է հայցը: «Վանաձորի-Քիմպրոմը» սնանկ է ճանաչվել:

ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը նույնպես սնանկության պահանջ է ներկայացրել շուրջ 2.2 մլրդ դրամ պարտավորության համար: 2013թ.  նոյեմբերին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Խաչատուր Խաչատրյանի նախագահությամբ սնանկ է ճանաչել «Վանաձորի-Քիմպրոմը»: Վերջինս բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարան, որը և բեկանել ու նոր քննության է ուղարկել այն: 

2011-ին խոշոր 1000 հարկատուների ցանկում «Վանաձորի-Քիմպրոմը» զբաղեցրել է 127-րդ հորիզոնականը` վճարելով է 672 մլն դրամ հարկ: 2012-ին ընկերությունը ցանկում 282-րդն էր` վճարելով շուրջ 330 մլն դրամ: «Վանաձորի-Քիմպրոմը» 2013թ. խոշոր հարկատուների ցանկում այլևս չկա:

Համաձայն պետռեգիստրի ծանուցման՝ ընկերության վրա արգելանք է դրված այս տարվա հունիսի 2-ից՝ 93 մլն դրամ բռնագանձման պահանջի կատարման համար: Նշենք, որ «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 9 մլրդ դրամ է:

  • 1929 թվականին հիմնադրված Վանաձորի քիմիական գործարանը կիր է արտադրել, այնուհետև ընդլայնել է իր արտադրատեսակները՝ ամոնիակ-մելամին, սինթետիկ կորունդներ, տարաբնույթ բյուրեղներ և վերջին շրջանում՝ պարարտանյութեր:  1999թ. «Վանաձորի քիմիական գործարան» և «Վանաձորի քիմմանրաթելերի գործարան» ՓԲԸ-ների հիմքի վրա ստեղծվել է «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ընկերությունը, որն արտադրել է կարբիդ, կորունդ, ամոնիակ, ացետատային ժապավեն, ացետատային թելեր, մելամին և այլն։

Օֆշորային «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ»-ի հիմնադիրը

«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ն 1999-ից սկսած տարբեր բաժնետերեր է ունեցել՝ «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ, «Վանաձորի քիմիական գործարան», «Պոլիկրիստալ ինվեստ»՝ 2005-2006թթ, «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ»՝ 2006-2007թթ.:

2007թ. հունիսին  գործարանի 100 տոկոս բաժնետերը դարձել է օֆշորային «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը: Տնօրեն է նշանակվել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Սնեգիրյովը: Սակայն «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը լուծարվել է 2010թ. փետրվարին: Թե ինչպես է տնօրինվում գործարանը այս ընկերության լուծարումից հետո, կիմանա Ա. Սնեգիրյովը, ով շարունակում է պաշտոնավարել մինչ օրս: 

«Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ»-ի հիմնադիր «Imex Executive Ltd»-ն ստեղծվել է «G.S.L. Low Consulting» իրավաբանական ընկերության ռուսական մասնաճյուղի կողմից: Բաժնետեր-տնօրեն ներկայացող Բրենդա Քոքսիջը ձևական ֆիգուր է: Նրա անվանը կարելի է հանդիպել տասնյակ այլ ընկերություններում (տես՝ լուսանկարում): Նա որոշ ժամանակ նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդի» տնօրենն է եղել:

Անցյալ տարի լրագրողների գաղտնազերծած օֆշորային ընկերությունների ցանկում կա նաեւ «Imex Executive Ltd»-ն, որի արմատները, ըստ «Գարդիան» թերթի հրապարակման, տանում են Ռուսաստանի Դաշնություն. ընկերության հետևում ոմն Իվան Կովալչուկ է:

«Imex Executive Ltd»-ն երևում է նաև բելառուսական CredexBank-ի բաժնետերերի մեջ: ԱՄՆ-ն այս բանկը մտցրել է «սև ցուցակում», քանզի վերջինս չի փայլում թափանցիկությամբ և դեպի օֆշոր փողերի լվացման, ինչպես նաև այլ ֆինանսական հանցագործությունների ռիսկային գործիք է դարձել: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արգելել է որևէ գործարք այս բանկի հետ:

«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ի գործարքներով անմիջականորեն զբաղվել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: Նա անձամբ է ծանոթ օֆշորում գրանցված ընկերության բաժնետերերին, նրա մասնակցությամբ են կնքվել զանազան պայմանագրեր, կատարվել տարատեսակ գործարքներ: Նա պետք է պատմի, թե ինչպես եւ ինչու է «Վանաձորի-Քիմպրոմը»  եւ «Նաիրիտ գործարանը» «գործուղել» օֆշոր: 

Մեկնաբանություններ (2)

Gaidzag Magdassian
Kudos for Hetq's investigative article
առաքել
Կարճ ասած, ինչ հարմար են գտել հարամել-թալանել են: Տա աստված ժողովրդի դատի առաջ կանգնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter